Թուրքիա. Էթնիկ ինքնության ճգնաժամի երկիր

20141709153124234

«Եթե մի օր Թուրքիան քանդվի,

 ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով,

 այլ՝ ինքնության խնդրի»:

Հրանտ Դինք

 

Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում դարերով կիրառվել է բռնի ձուլման, թուրքացման քաղաքականություն, որի հետևանքով ձևավորվել է «թուրքի» պարտադրված ինքնությամբ խառնածին բնակչություն: 1923 թ. հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը  նույնպես որդեգրեց ձուլման ազգայնամոլական քաղաքականություն, որի նպատակն էր միատարր, այն է՝ թուրքական պետության ձևավորումը: Պաշտոնական քարոզչությունը Թուրքիայի տարածքում բնակվող գրեթե 40 ժողովուրդների և էթնիկ խմբերի ներկայացնում էր որպես թուրքեր և անտեսում նրանց բոլոր (լեզվական, մշակութային և այլ) իրավունքները: Սակայն արդեն տևական ժամանակ է՝ Թուրքիայում սկսվել է մի գործընթաց, որը վկայում է ձուլման պետական քաղաքականության ըստ էության ձախողման մասին: Թուրքիայում էթնիկ ինքնության շուրջ տեղի ունեցող գործընթացները կարելի է բաժանել պայմանական երկու խմբի.

Առաջին՝ տարբեր ժողովուրդներ, ինչպիսիք են քրդերը, չերքեզները, առավելապես բացահայտ պայքարում են իրենց իրավունքների համար, վերարժևորում իրենց ազգային մշակույթը, լեզուն, սովորույթները և դրանով փորձում թոթափել պարտադրված  «թուրքի» ինքնությունը: Տարբեր ազգերի էթնիկ ինքնությունը անտեսելուն է միտված Թուրքիայի դպրոցներում պարտադրվող, այսպես կոչված, «Աշակերտի երդումը»: Այդ երդմամբ են ամեն օր Թուրքիայի դպրոցներում միլիոնավոր աշակերտներ սկսում իրենց ուսումնական գործընթացը. երդման առաջին բառերն են՝ «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ»: Ահա հենց սա պատճառ է դարձել, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ դիմեն դատարաններ, այդ թվում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջելով վերացնել այդ երդումը և չստիպել, որ քուրդ, չերքեզ, հայ, հույն և այլ ազգերի երեխաներ ամեն օր երդվեն, որ իրենք թուրք են:

Երկրորդ՝ տարբեր ժամանակաշրջաններում բռնի ձուլման ենթարկված մարդկանց շրջանում սկսվում է էթնիկ ինքնագիտակցության վերաբերյալ «լուռ, գործընթաց, որը հետագայում նույնպես ստանում է բացահայտ բնույթ: Բռնի ձուլման ենթարկված մադկանց մի մասը նախ սկսում է կասկածի ենթարկել իր «թուրքական» ինքնությունը, ինչին հաջորդում է իրական ինքնության փնտրտուքը: Ահա հենց այս երևույթի արդյունքում Թուրքիայի բնակչության որոշակի հատվածում սկսվել է, այսպես կոչված, էթնիկ ինքնության ճգնաժամ:

Այսօր Թուրքիայում գիտական, հասարակական և քաղաքական մակարդակներում ամենատարածված հարցերից է՝ Ո՞վ ենք մենք: Թուրք որոշ սոցիոլոգներ, անդրադառնալով այս խնդրին, իրավացիորեն երևույթը դասում են թուրքական հասարակության շրջանում տարածված հիվանդությունների շարքին: Այս առումով բավական հետաքրքիր են անգլիացի և գերմանացի մասնագետների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց Թուրքիայի բնակչության 38-40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Թուրքիայում Էթնիկ ինքնության ճգնաժամի խորացմանը նպաստում են նաև ներկայիս տարաբնույթ գործընթացները, օրինակ՝ տասնամյակներով արգելված թեմաների քննարկումները, մի շարք տաբուների ճեղքումը, որոնք իրենց հերթին բազմաթիվ հարցականներ են առաջացնում հասարակության համար:

Թուրքիայի հասարակության համար շոկային ազդեցություն ունեցավ 2006 թ. «Ակօս» ում Հրանտ Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի հրատարակած մի հոդված, որտեղ փաստերի հիման վրա ներկայացվում էր, որ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր աղջիկը` Սաբիհա Գյոքչենը, որն այդ երկրի առաջին կին օդաչուն է, Թուրքիայի խորհրդանիշներից մեկը, իրականում հայ է՝ Խաթուն Սիբիլջյան անունով: Այս հոդվածը, բառիս բուն իմաստով, դարձավ թուրքական քաղաքական և հասարակական օրակարգի ամենաառաջին հարցը. բավական է նշել, որ այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Դինքի բացահայտումները որակելով ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը: Սակայն իրականում խնդիրն այն էր, որ այդ հոդվածը շեշտակի հարված էր պետության կողմից արհեստականորեն ստեղծված

«թուրքական ինքնությանը» և իրոք թուլացնում էր այդ երկրի կեղծ գաղափարախոսական հիմքերը:

Էթնիկ ինքնության թեմայով վերջերս ուշագրավ մի հոդվածով է հանդես եկել Թուրքիայում հայտնի հրապարակախոսներից մեկը՝ Ահմեթ Ալթանը, որը կիսահռետորական հարց է բարձրացնում՝ ասելով. Ովքե՞ր են մեր նախնիները: Արդյոք այսօրվա 75-միլիոնանոց Թուրքիայի բնակչությունը 11-րդ դարում Փոքր Ասիա եկած թյուրքերի հարազատ սերունդներն են, թե մենք այդ թյուրքերի և այն ժամանակ այս տարածքներում ապրող բյուզանդացիների, հայերի, հույների ընդհանուր երեխաներն ենք: Ալթանը նաև առաջ է քաշել այն հայտնի ճշմարտությունը, որ թուրքական սուլթաններից գրեթե ոչ մեկի մայրը թուրք չի եղել, ավելին՝ նրանց գերակշիռ մեծամասնությունը եղել են քրիստոնյա տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ: Նույնիսկ կան սուլթաններ, որոնց մայրական պապերը եղել են քրիստոնյա հոգևորականներ:

Հետաքրքիր է և միևնույն ժամանակ բնական, որ Թուրքիայում էթնիկ ինքնության խնդիրն առավել լայն տարածում ունի տարբեր դարերում բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների շրջանում: Այս ամենը ևս Հայոց ցեղասպանության ուղղակի հետևանքն է, քանի որ հայերի վերջին առավել լայնածավալ իսլամացումը տեղի է ունեցել հենց 1915-ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիայում ակտիվորեն քննարկվում են բռնի իսլամացված հայերի խնդիրները, մամուլում տպագրվում են նրանց մասին պատմություններ, հրատարակվում են գրքեր, և, որ ամենակարևորն է, հենց այդ մարդիկ են բարձրաձայնում իրենց մասին, փնտրում իրենց արմատները, կորցրած ազգականներին: Վերոնշյալ երևույթին անդրադառնալով՝ Հրանտ Դինքը նկատել էր. Ժամանակի ոգին է. այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում:

Ինքնության ճգնաժամը և արմատների փնտրտուքն ունեն զարգացման և հանգուցալուծման տարբեր ուղիներ, որոնք հաճախ կապված են ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ նրան շրջապատող միջավայրի և հանգամանքների հետ: Այս երևույթը երբեմն չի շրջանցում նաև թուրքական հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող անձանց: Օրինակ՝ Թուրքիայի ռոք երաժշտության թերևս ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ ճանաչված «թուրք» երգիչ Յաշար Քուրթը, մի քանի տարի առաջ անսպասելիորեն խոստովանեց, որ երկար տարիներ կասկածներ է ունեցել  իր «թուրքական» ինքնության վերաբերյալ, եղել է ինքնության փնտրտուքի մեջ և ի վերջո պարզել է, որ ինքն իրականում հայկական ծագում ունի: Իր հարցազրույցներից մեկում նա համարձակություն ունեցավ և խոստովանեց. Քառասուն տարի է՝ ինքս ինձ հարցնում էի՝ «Ո՞վ եմ ես»: Այժմ արդեն գիտեմ՝ հավանաբար ես հայ եմ: Այս հայտարարությունը նրա ինքնության փնտրտուքի մի հանգրվանն էր, որին հետևեցին այլ զարգացումներ, և այսօր Յաշար Քուրթը պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել և անգամ հանրագիտարաններում ներկայացվում է որպես հայ:

Թուրքիայում ինքնության ճգնաժամի երևույթները լայնորեն տարածված են նաև հայկական ծագում ունեցող խառնածինների շրջանում: Այդպիսի անձանց մոտ ճգնաժամի որոշակի փուլում կարիք է առաջանում ինքնախոստովանության, և այդ պարագայում արգելք չեն հանդիսանում Թուրքիայում հալածվելու և հասարակությունից մեկուսացվելու իրական հեռանկարները: Օրինակ՝ հետաքրքիր դեպք էր տեղի ունեցել Ուրֆայում. տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը միայն մոր մահից հետո է իմացել, որ ամբողջ կյանքը թուրքի ինքնությամբ ապրած այդ կինը՝ իր մայրը, իրականում էթնիկ հայ է եղել: Դրանից հետո որդին բախվել է ծանր հոգեբանական խնդիրների հետ, ճգնաժամ է ապրել, սկսել է փնտրել իր արմատները և ի վերջո հրապարակավ հայտարարել է. Փնտրում եմ էությունս, ինքնությունս և եթե գտնեմ, մորս Աստվածը վկա, թողնելու եմ պետական պաշտոնս:

Թուրքիայում էթնիկ ծագման հարցը չի շրջանցում նաև քաղաքական կյանքը՝ հաճախ դառնալով քաղաքական գործիչների, վերլուծաբանների, մամուլի ուշադրության առարկա: Այդ խնդիրն ավելի ցայտուն և նույնիսկ հիվանդագին է արտացոլվում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ՝ դառնալով թուրքական քաղաքական տեխնոլոգիաների կարևոր և բաղկացուցիչ մասը: Արդեն սովորական երևույթ է, երբ Թուրքիայի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի «մեղադրում» են այլ էթնիկ ծագում ունենալու համար, իսկ թուրքական «ազգային» պետությունում բնական է, որ այլ էթնիկ, այն է՝ ոչ թուրք լինելը պետք է ընկալվի որպես վիրավորանք: Բավական է նշել, որ վերջին տարիներին ոչ թուրքական ծագում ունենալու «մեղադրանք» է ներկայացվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, բազմաթիվ գեներալների, մտավորականների և այլն: Օրինակ՝ նախագահ Գյուլն ի պատասխան իրեն հայկական ծագում վերագրած ընդդիմադիր պատգամավոր Ջանան Արըթմանի «մեղադրանքների»՝ նրան դատի տվեց և դատարանով «ապացուցեց» իր «թուրքական էթնիկ պատկանելությունը»:

Ուշագրավ է, որ Թուրքիայում անգամ բարձրաստիճան հոգևոր ղեկավարներից մի քանիսի անունները նույնպես շրջանառվում են հայկական ծագման համատեքստում՝ դառնալով համաթուրքական քննարկման առարկա: Այսպես՝ մի քանի տարի առաջ Թուրքիայում սկսեցին ակտիվորեն քննարկել Պոլսո Հայոց 82-րդ պատրիարք Շնորհք Գալուստյանի և Թուրքիայի կրոնական հարցերի վարչության նախագահ Լյութֆի Դողանի՝ խորթ եղբայրներ լինելը: Նշվում էր, որ ապագա Շնորհք պատրիարքի մորը՝ Շուշան Գյուլթանեին, 1915 թ. ցեղասպանության ժամանակ առևանգում է մի մահմեդական թուրք, որից ունեցած երեխաներից մեկն էլ իբրև թե 1970-ականներին դառնում է Թուրքիայի կրոնական հարցերի վարչության նախագահ: Հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մի հարցազրույցում ասաց հետևյալը. Շնորհք պատրիարքը ինձ պատմել է, որ մորը (1915-ին) փախցրել են, իսկ ինքն ընկել է որբանոց: Մայրն այնուհետև ամուսնացել է իրեն փախցրած մահմեդականի հետ, որից երկու թե երեք երեխա է ունեցել, որոնցից մեկն էլ կրոնական հարցերի վարչության նախագահ Լյութֆի Դողանն է: Բեքչյանը հավելել էր նաև, որ պատրիարքի մոր հուղարկավորության արարողությանը մասնակցել են նաև նրա մահմեդական երեխաները, այդ թվում և Լյութֆի Դողանը: Այդ ժամանակ շատերն ասել են. Ինչ սուրբ կին է եղել, երկու տղա ունի. մեկը քրիստոնյաների պատրիարքն է, մյուսը՝ մահմեդականների:

Ի վերջո, այս բոլոր զարգացումները ստիպում են, որ թուրքական իշխանությունները էթնիկ ինքնության հարցում առնվազն փոխեն իրենց հռետորաբանությունը, ինչպես նաև կատարեն որոշ մակերեսային, իմիտացիոն բնույթի քայլեր: Սակայն ուշագրավ է այն, որ Թուրքիայի վարչապետը հրապարակավ  խոստովանեց, որ իր երկրում գոյություն ունի էթնիկ ինքնության խնդիր, և անգամ առաջարկեց «լուծում»: Այսպես, Էրդողանը կարծում է, որ Թուրքիայի քաղաքացիները կարող են ունենալ երկու ինքնություն՝ վերին և ներքին. վերին ինքնությամբ նրանք բոլորը թուրք են, այսինքն՝ Թուրքիայի քաղաքացի, իսկ ներքին ինքնությամբ կարող են լինել հայ, հույն, քուրդ, չերքեզ և այլն: Սրանով, ըստ Էրդողանի, կլուծվի նաև «ինքնությունների բախման» խնդիրը: Սակայն առկա իրողություններն ու գործընթացները ցույց են տալիս, որ Էրդողանի առաջարկը իրատեսական լուծում չի կարող լինել, և Թուրքիայում էթնիկ ինքնության խնդիրը տարբեր ինտենսիվությամբ, սակայն մշտապես գտնվում է հասարակական-քաղաքական օրակարգում: Այն ժամանակ առ ժամանակ բոցավառվում է և ունի ծավալման ու նոր դրսևորումներ ստանալու միտում:

 

 

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք