«Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագիրը կամ Ամեն չմորթված դեռ փրկված չէ

Հեղինակ:

20151505145151740

Որևէ երևույթ մեկուսի գնահատել հնարավոր չէ: Իհարկե, գնահատական տալ հնարավոր է, սակայն սխալվելու հավանականությունը վստահորեն շատ մեծ է: Եթե մեկը մարդ է սպանում, ապա դա հանցագործություն է: Այսուհանդերձ, երբ այդ նույն մարդը պատերազմի ժամանակ, արդեն որպես հայրենիքի պաշտպան, թշնամու զինվորականի է սպանում, ապա խրախուսվում է դրա համար: Նմանապես, այն, ինչ երբեմն ներկայացվում է մարդու կողմից մեկ այլ մարդու փրկություն, հաճախ էության մեջ բնավ էլ փրկություն չէ, այլ որոշակի շահադիտական նպատակների հետապնդում: Ըստ իս` ցանկացած երևույթ ճիշտ գնահատելու համար կարևոր է ոչ այնքան ինքնին արարքը, որքան դրա ներքին շարժառիթն ու արտաքին դրդապատճառը:

Վերջերս մեծ աղմուկ է հանել «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի բացահայտելու այն թուրքերին, որոնք փրկել են հայերի: Իհարկե, երախտագիտությունը մարդկային լավագույն հատկանիշներից է: Սակայն նման զգայուն  հարցում պետք է ավելի նրբանկատ լինել և չընկնել չափազանցությունների մեջ: Փորձ է արվում թուրքի, քրդի, արաբի օգնությամբ ամեն մի հայ վերապրողի ներկայացնել որպես փրկվածի: Դա սկզբունքային սխալ է: Խոսենք փաստերով:

Եթե այդ մոտեցումով գնահատենք, ապա հայոց համար մեծագույն հերոսներից մեկը պիտի լինի Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից Ջեմալ փաշան: Երևի քչերը գիտեն, որ նա բազմաթիվ հայ որբեր է «փրկել»: Թվում է, թե լավ գործ է արել, և  հայերը նրան պիտի երախտապարտ լինեին ու արժանացնեին փառք ու պատվի: Բայց չգիտես ինչու հայերն «ապերախտաբար» 1922-ին սպանեցին նրան:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ:

Պատասխանը շատ պարզ է՝ այդ երեխաները չէին փրկվում որպես հայ, այլ փրկվում էին թուրքացվելու համար: Նրանք պարզապես շինանյութ էին ծառայելու նոր կերտվող թուրք ազգի համար:

Կարելի՞ է նման «փրկությունը» համարել փրկություն: Հարցն ունի շատ հստակ պատասխան՝ ոչ: Եվ այդ պատասխանը հուզական չէ, այլ իրավական:

Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին (International Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 9 December 1948) միջազգայնագրի 2-րդ հոդվածը տալիս է «ցեղասպանություն» հասկացության իրավական բնորոշումը: Հոդվածը, թվարկելով արարքները, որոնք ըստ միջազգային իրավունքի համարվում են ցեղասպանություն, 5-րդ (e) կետով ամրագրում է. «Մի խմբի երեխաների հարկադիր փոխանցումը մեկ այլ խմբի» (Forcibly transferring children of the group to another group): Ակնհայտ է, որ Ջեմալ փաշայի և նրա հայրենակիցներից շատերի արածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն: Բազմաթիվ վկայություններ կան, որ թուրքական որբանոցներում և տներում հավաքած հայ մանուկների անուններն էին փոխում առաջին հերթին, իսլամացնում էին, ապա խիստ պատիժների միջոցով արգելում հայերեն խոսել: Հայ մանուկներին զրկում էին իրենց ինքնության բոլոր բաղադրիչներից: Ես բավական ուսումնասիրել եմ Հայոց ցեղասպանության պատմությունը ու չգիտեմ և ոչ մի դեպք (իմացողներին կխնդրեմ տալ համապատասխան հղումը), երբ որևէ հայ մանուկ փրկվել է և շարունակել է մնալ որպես Հարություն, Շուշանիկ, Պողոս կամ Սրբուհի:

Թուրքերի կողմից «փրկված» Գառնիկ Փանյանի (1909-1989թթ.) վկայությամբ, որը եղել է Ջեմալ փաշայի կողմից թուրքական որբանոցի վերածված Կաթոլիկ դպրոցի (College Saint Joseph) 1200 հայ որբերից մեկը, վկայում է, որ առաջին բանը, որ նրա հետ արեցին, զրկեցին իր անունից և տվեցին #551 համարը: Այնպես որ, մարդկանց անունների փոխարեն համարներով ցուցակավորելը գերմանացի նացիստները չեն սկսել, այլ հայ որբերիմ «փրկող» թուրքերը: Անվանափոխություն կատարելիս թուրքերը կիրառում էին շատ հետաքրքիր մեթոդ՝ պահպանում էին անուն-ազգանունների առաջին տառերը: Հարցն ուսումնասիրողներից Էմիլ Յոպին (Emile Joppin) գրում է. «Այսպիով, Հարություն Նաջարյանը դարձավ Համեդ Նազիհ, Պողոս (Բողոս) Մերդանյանը՝ Բեքիր Մոհամեդ, Սարգիս Սաֆարյանին տրվեց Սաֆուադ Սուլեյման անունը»: (Thus Haroutioun Nadjarian was given the name Hamed Nazih, Boghos Merdanian became Bekir Mohamed, to Sarkis Safarian was given the name Safouad Sulieman.) Ուրիշ հարց, որ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց, և, թուրքերի կամքից անկախ պատճառներով, այդ որբերի մի  մասը հետագայում վերագտավ իր հայկական էությունը: Այսուհանդերձ նրանց մի զգալի մասը մնաց թուրքերի, քրդերի, արաբների և այլոց մեջ, և մեծացան որպես այդպիսիք:

Այո, նրանք որպես անհատ փրկվեցին, սակայն համաձայն միջազգային իրավունքի նրանք շարունակում են մնալ որպես ցեղասպանության զոհեր:

Մեծ եղեռնի տարիներին այնքան մեծ էր բռնի իսլամացած հայերի թիվը, այսօրվա որոշ ծրագրերի որակմամբ և բառամթերքով՝ «փրկվածների», որ Սևրի պայմանագիրն առանձին՝ 142-րդ հոդվածով անդրադարձել է բռնի հավատափոխ արված հայերին և հռչակել, որ 1914թ. նոյեմբերի 1-ից հետո կատարված հավատափոխությունները պիտի դիտարկել անվավեր և անօրինական: Ավելին, Ազգերի լիգան «փրկվածներին» փրկելու համար ստեղծել էր հատուկ հանձնաժողով դոկ. Քեննեդու և օրդ. Քուշմանի գլխավորությամբ (Dr. Kennedy and Miss. Cushman), որը ձեռնամուխ է լինում թուրք, քուրդ և արաբ ընտանիքների կողմից սեփականաշնորհված հայերին այդ ընտանիքներից ազատելու, հաճախ փողով գնելու աշխատանքը: Ըստ վերոհիշյալ հանձնաժողովի՝ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարին հղված 1921, հուլիս 16 թվակիր նամակի՝ հանձնաժողովին հաջողվել է հայությանը վերադարձնել 90819 հայ երեխայի: Քանի հայ երեխա ու կին է շարունակել մնալ իրենց՝ «փրկողների» ընտանիքում՝ դժվար է ասել: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ նրանք մեծաթիվ էին, քանի որ ընտանիքները կորցրած, իրենց ինքնությունից բռնի զրկված, հաճախ այդ ժամանակ արդեն քրդից ու թուրքից երեխա ունեցող դեռատի հայ կնոջ համար գրեթե անհնար էր լքել իրեն «փրկողի» ընտանիքը:

Ի դեպ, շատ հաճախ այդ փրկիչները հենց այդ երեխաների ու կանանց ընտանիքների ոչնչացնողներն ու գույքը հափշտակողներն են եղել: 1920-ականների սկզբին շատ հայեր դեռևս «քաղաքականապես հասուն» չէին և նման քուրդ և թուրք ընտանիքներին «փրկիչներ» չէին համարում:

Մի քանի փշուր ընտանեկան հուշ այդ դեպքերից: Թող ընթերցողն ինքն անի իր հետևությունները:

1915թ. սբ. Զատկի օրը թուրքական բանակը և քրդական հրոսակները նենգաբար կոտորում են Վանի վիլայեթի Արճեշ գավառի Բերդաղ գյուղի հայ տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին՝ մեջումեջ անում: Ոմանց այսօրվա եզրաբանությամբ՝ «փրկում»:  Կոտորվողների մեջ է լինում կնոջս պապը՝ Ղազար Հարությունյանը, որը շատ քուրդ կոտորելու շնորհիվ (հենց «շնորհիվ» բառն եմ գործածում) պատմության մեջ ավելի շատ հայտնի է Քուրդ Ղազո անունով: Չնայած ստացած ծանր վերքերին՝ Ղազոն վերապրում է: Հետագայում նա լուր է առնում, որ «փրկվածների» մեջ է եղել իր եղբայր Վարդանի գեղեցկուհի կինը՝ Հայկանուշը: Ղազոն որոշում է փրկել նրան: 1919 թ. կամ 1920 թ. նա 16 ձիավորով անցնում է Արաքսը, հասնում իրենց գյուղ, հարձակվում հայ երեխաներին և կանանց «փրկած» քրդական աշիրեթի վրա, «երեխտամոռաբար» կոտորում քրդերի մի մասին, ազատում հայ կանանց ու երեխաներին, ըստ ավանդական պատումի՝ շուրջ 40 հոգու, և բերում Արևելյան Հայաստան: Այդ խումբը հետագայում հաստատվում է ներկայի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում: Իհարկե, 1937 թ. Ղազոյին գնդակահարեցին «քուրդ աշխատավոր գյուղացիների սպանած լինելու համար»:

Մեկ այլ «փրկված» հայի պատմություն: Տարիներ առաջ Կանադայի Քիչընըր (Kitchener) քաղաքում հանդիպեցի մի մարդու՝ Գառնիկ Մանն (Karnig Mann) անունով: Նա զբաղվում էր կաշվե ձեռակերտ պայուսակների և իրերի արտադրությամբ ու վաճառքով: Սկզբում ինձ թվաց, որ Karnig անունը պատահականորեն նմանություն ունի հայկական Գառնիկ անվան հետ: Սակայն նա պատմեց իր ընտանիքի պատմությունը: Նա անվանակոչվել էր իր մեծ հոր՝ հայազգի Գառնիկի անունով: Գառնիկի պապը ևս «փրկվածներից» էր: Երբ թուրքերը կոտորում են Գառնիկի ընտանիքը, նրան չեն սպանում, այլ պահում են որպես ստրուկ աշխատեցնելու, ինչպես հետագայում համակենտրոնացման ճամբարներում աշխատեցնում էին հրեաներին: Գառնիկին և նրա նմաններին «փրկվածներ» համարելը նույնն է, ինչ համակենտրոնացման ճամբարում վերապրածներին փրկվածներ համարել և նրանց ստիպել երախտապարտ լինել ճամբարի պահակազորին՝ նրանց սպանած չլինելու համար: Գառնիկ Մաննը պատմում էր, թե ինչպես է նա հայտնաբերել իր հայ լինելը: Ասում էր՝ մեծ հայրս լռակյաց և բարի մարդ էր, ոչինչ չէր պատմում իր անցյալից: Կանադական միջավայրում մեծացող Գառնիկ Մաննի համար տարօրինակ է հնչել իր անունը, սակայն մինչև 1970-ականներն ըստ էության չի էլ ըմբռնել իր հայկականությունը: Ասում էր՝ մեծ հայրս զբաղվում էր գորգավաճառությամբ, և ես մանկության տարիներին շատ էի սիրում լինել նրա խանութում: Նա շատ բարեհամբույր էր հաճախորդների նկատմամբ, սակայն մի օր, երբ խանութ է մտնում մի զույգ, ինձ համար անծանոթ լեզվով լեզակռվի է բռնվում նրանց հետ և վերջում թքում վրաները:

Պարզվում է, որ այս զույգը թուրք էր: Մաննը պատմում էր, թե որքան անսովոր էր այդ ամենը մեծ հոր վարքում:

Այդ ժամանակ է, որ մեծ հայրը պատմում է իր «փրկության» պատմությունը: Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը կոտորում են երկրում ապրող Գառնիկի ընտանիքը, իսկ կանանց ու երեխաներին որպես ավար բաժանում են իրար մեջ: Ուզում եմ շեշտել՝ Գառնիկ Մաննը պատմելիս գործածեց հենց «ավար», «ռազմավար»՝ booty բառը:  Նա ճիշտ էր հասկացել, գուցե մեծ հայրն էր բացատրել նրան բանի էությունը: Կոտորածից հետո փոքրիկ Գառնիկը բաժին է ընկնում մի թուրք ընտանիքի, որը նրան, բառիս բուն իմաստով, շան օրի է պահում, նրա վզին ամրացնում են օղակ, պահում շղթայակապ ու աշխատեցնում օրնիբուն: (Ի դեպ, հայ «փրկվածների» վզներին ամրացվող նման օղակներ ես տեսել եմ Բոսթոնի Ուաթերթաունի հայկական թանգարանում): Գառնիկ Մաննը պատմում էր, որ մեծ հոր համար ամենավիրավորականը պատժի մի յուրօրինակ ձևն էր, որ կիրառում էր այդ թուրք ընտանիքը, եթե ինչ-ինչ պատճառներով գոհ չէին լինում: Նրանք կապում էին պատանի Գառնիկին, միզում վրան, հաճախ ստիպում էին օրերով կանգնել կղանքով լի փոսում: Սա էլ է «փրկության» պատմություն, սա էլ է պետք հիշել և գրի առնել: Ցավոք, հիմա չեմ հիշում Գառնիկ Մաննի մեծ հոր ազգանունը: Մի քանի ամիս առաջ նորից Կանադայում էի, փորձեցի հանդիպել Գառնիկ Մաննի հետ՝ ճշտելու այդ պատմության մանրամասները: Ցավոք, պարզվեց, որ մահացել է քաղցկեղից:

Ես նրբազգաց մարդ չեմ, ի վերջո պատերազմի միջով եմ անցել, շատ բան եմ տեսել: Հայոց ցեղասպանության դաժան պատմություններն ավելի շուտ ըմբռնում եմ մտքով, քան հոգով: Ու ամենից ազդեցիկ պատմությունը Հայոց ցեղասպանության մասին, որը մինչև հոգուս խորքը ցնցել է ինձ, մի պարզ, ես կասեի՝ ժլատ ֆինանսական հաշվետվություն է՝ գրված ամերիկացի միսիոներուհու ձեռքով: Դա մի փոքրիկ փաստաթուղթ է, որի մեջ միսիոներուհին իր տվյալ օրվա ծախսերն է գրի առել, մոտավորապես այսպես՝ թեյ 100 գրամ — 10 ֆրանկ, խնձոր երկու կիլո — 5 ֆրանկ, երկու հայ աղջիկ՝ 14-15 տարեկան — 10 ֆրանկ, և այլն: Ամենասարսափելին առօրեական այս ոճն է: Ես հստակորեն հասկացա, որ շուկայից հայ աղջիկներ գնելը եղել է շատ սովորական բան: Ըստ ոմանց՝ երևի կարելի է աղջիկներին վաճառողի՞ն էլ հային փրկող թուրք համարել: Ի վերջո, չեն սպանել:

Հիմա ես չեմ կարողանում խնձոր ուտել: Խնձորն ինձ հիշեցնում է երկու կիլոյի գնով վաճառվող հայ աղջիկներին:

Նրանք, ովքեր փող պիտի ստանան «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի իրականացման համար, թվում է՝ խնձոր շատ են սիրում: Նրանք հեքիաթներ էլ են սիրում, որ մշտապես վերջանում են այսպես. Երկնքից երեք խնձոր ընկավ…

 

Անդին 1, 2015

Կարծիքներ

կարծիք