Երիտթուրքերի դատավարությունը. Մաս 1

10463998_705283036197258_3598801082440872019_n

1. Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունը

Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունն սկսվում է 1919 թ. ապրիլի 28-ին  և շարունակվում մինչև նույն տարվա մայիսի 17-ը: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրվում են 11, ներկա՝ 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատաքննվել են ներկա հետևյալ պաշտոնյաները՝ վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշեն և Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախարար Իբրահիմ Փիրիզադեն, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Քյուչյուք Թալեաթը, կկ և Հատուկ կազմակերպության անդամ Ռըզա բեյը, կկ գլխավոր քարտուղար Միդհադ Շյուքրյուն, կկ և Հատուկ կազմակերպության անդամ Զիյա Գյոքալփը, պարենավորման նախարար և կկ անդամ Քարա Քեմալը, հանրակրթական նախարար և Հատուկ կազմակերպության անդամ Շյուքրյու բեյը, Ստամբուլի կայազորի հրամանատար և Հատուկ կազմակերպության անդամ Ահմեդ Ջևադը և Անկարայի պատգամավոր ու Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը:

Հեռակա կարգով դատվողներն էին՝ ներքին գործերի նախարար և վարչապետ Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կկ անդամ, հանրակրթական նախարար և Հատուկ կազմակերպության ղեկավարներից դոկտոր Նազըմը, կկ անդամ և Հատուկ կազմակերպության Արևելյան վիլայեթների բաժանմունքի ղեկավար Բեհաեդդին Շաքիրը, կկ անդամ դոկտոր Ռյուսուհին և հասարակական անվտանգության նախարար ու Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը:

Դատարանի կազմը բաղկացած էր հետևյալ անձանցից՝ նախագահ՝ Ֆերիք Նազըմ փաշա, անդամներ՝ գեներալ-մայորներ Զեքի, Մուստաֆա և Ալի Նազըմ փաշաներ ու գնդապետ Ռեջեփ Ֆերդի բեյ: Դատախազն էր Մուստաֆա Նազմի բեյը:

Առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) դատարանի նախագահը նախ, ըստ ընդունված կարգի, հաստատում է մեղադրյալների ինքնությունը, ապա  քարտուղարն ընթերցում է դատարանի այն որոշումը, ըստ որի փախուստի մեջ գտնվող և հեռակա կարգով դատվող ամբաստանյալները մեղադրվում են երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, Հատուկ կազմակերպության հետ առնչություններ ունենալու և այլ ոճրագործություններ կատարելու համար: Որոշման մեջ նշվում էր նաև, որ դատարանի նախագահը վերոհիշյալ մեղադրյալներին դատարան ներկայանալու համար տվել էր 10 օր ժամանակ, բայց քանի որ չեն ներկայացել, համարվում են օրինազանցներ ու զրկվում քաղաքացիական իրավունքից, իսկ նրանց գույքը բռնագրավվում է: Սույն որոշման ընթերցումից հետո նախագահը ներկայացնում է նաև մեղադրյալների դատապաշտպաններին, այնուհետև դատական քարտուղար Շեֆիքի կողմից ընթերցվում է մեղադրական ակտը:

Հարկ է առանձնահատուկ անդրադառնալ 41 միավոր պաշտոնական և կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերի հիման վրա կազմված մեղադրական ակտին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարևոր վավերագրերից, ինչպիսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների վկայությունները: Բացի այդ՝ Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարության ամբաստանագրում արձանագրված փաստերն օգտագործվել են նաև այլ դատաքննությունների ժամանակ, հանգամանք, որը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայերի կոտորածները համակարգվել են երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու կառավարության կողմից: Գլխավոր ամբաստանագրում տեղ գտած վավերագրերի մեծ մասը բաղկացած էր կուսակցության կկ և կառավարության անդամների կողմից հղված գաղտնի հրահանգներից ու ծածկագիր հեռագրերից: Մեղադրական ակտում նշվում էր, որ դատական գործի հիմնական նպատակը հայերի տեղահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետաքննությունն է: Ընդգծվում էր, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության կկ քննարկումների արդյունքում: Այսպես՝ գրավոր վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը երրորդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ, որոնց ղեկավարել է անձամբ: Ամբաստանագրում շեշտվում էր, որ Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարների կողմից բանտերից ազատված հանցագործներից ստեղծված Հատուկ կազմակերպության բուն նպատակն է եղել ոճրային արարքներ կատարելը, և նշվում, թե տվյալ կազմակերպությունը սերտ կապերի մեջ է եղել Իթթիհաթ վե թերաքքիի հետ, և որ սույն կազմակերպության գլխավոր պաշտոնյաները հանդիսանում էին կուսակցության կկ անդամները, նաև ընդգծվում, թե Հատուկ կազմակերպության ավազակները հետագայում օգտագործվել են տեղահանման ենթարկված հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով: Մեղադրականը նաև անդրադառնում էր կենտրոնական կոմիտեի փաստաթղթերի վերացմանը: Ընդգծվում էր, թե հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում և վայրերում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությունը բացահայտել է, որ այդ ոճիրները ոչ թե տեղական բնույթ են կրել, այլ կանխամտածվել և իրականացվել են մեղադրյալներից կազմված ՙհատուկ կենտրոնի՚ բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, և որ լիովին ապացուցվել է, թե հայերի կոտորածները կատարվել են Թալեաթի, Էնվերի և Ջեմալի անմիջական հրամաններով ու գիտությամբ:

Մեղադրականում ընդգծվում էր, որ իթթիհադականներն օգտվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ իրենց գաղտնի ծրագրերը (իմա՝ Հայոց ցեղասպանությունը) իրականացնելու համար: Նաև հերքվում էր Մեծ եղեռնի հեղինակների և Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների այն «փաստարկը», թե տեղահանությունն իրականացվել է որպես ռազմական միջոցառում: Աներկբայորեն հավաստվում էր, որ հայերի բռնագաղթն ուղղված էր կուսակցության նպատակների և մտադրությունների իրականացմանը և չէր բխում ռազմական անհրաժեշտությունից: Դրանք ո՛չ պատժիչ գործողություններ էին, ո՛չ էլ կարգապահական:

Մեղադրականը հատուկ անդրադառնում էր նաև հայերի բնաջնջման մեթոդներին, հայերի ունեցվածքի յուրացմանը և կատարված չարաշահումներին: Շեշտվում էր, որ երիտթուրքերի կուսակցության անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական ունեցվածքի կողոպտման հաշվին:

Նշվում էր, որ կուսակցությունն ու կառավարությունը բացահայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար: Որպես ապացույց բերվում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգվում էր ոչնչացնել հեռացված հայերին: Ընդգծվում էր, որ հայերի կոտորածների գործում, կուսակցության կազմակերպության ցանցի հետ մեկտեղ, ներգրավված են եղել նաև քաղաքացիական և ռազմական իշխանությունները, և որ ջարդերն ուղղորդվել ու վերահսկվել են ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Թալեաթի կողմից: Շեշտվում էր նաև, որ հայերին պաշտպանել համարձակվող պաշտոնյաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտոնազրկմամբ և անգամ մահապատժով: Որպես օրինակ էր մատնանշվում երրորդ բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլի ստորագրությունը կրող հեռագիրը, ըստ որի՝ յուրաքանչյուր մահմեդական, ով կպաշտպանի որևէ հայի, կախաղան կբարձրացվի հենց իր տան դիմաց, իսկ նրա տունը հիմնովին կհրկիզվի: Եթե հային պաշտպանողը պաշտոնյա է, ապա կհեռացվի աշխատանքից ու կհանձնվի Ռազմական դատարանին:

Գլխավոր մեղադրական ակտում բերված էին նաև տեղահանված ու սպանված հայերի թվի մասին մի շարք վիճակագրական տվյալներ: Ըստ այդմ՝ Անկարայից տեղահանվել էր 61 հազար, իսկ Դիարբեքիրից՝ 120 հազար հայ:

Ըստ մեղադրականի՝ գլխավոր հանցագործներ էին համարվում Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Ջևադը, Բեհաեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, Աթիֆը, Ռըզա և Ազիզ բեյերը, իսկ մասնակիցներ՝ Միդհադ Շյուքրյուն, դոկտոր Ռյուսուհին, Քյուչյուք Թալեաթը, Զիյա Գյոքալփը, Քարա Քեմալը, Ահմեդ Նեսիմին, Շյուքրյուն, Հալիլը և Սայիդ Հալիմը:

Դատապաշտպանները դատավարության և՛ առաջին, և՛ երկրորդ նիստերի ընթացքում հարցականի տակ են դնում ռազմական արտակարգ ատյանների՝ նախարարների նկատմամբ դատաքննություն իրականացնելու իրավասությունը՝ այն վերապահելով Գերագույն դատարանին և իրենց առարկությունները փորձելով հիմնավորել օսմանյան Սահմանադրության մի շարք կետերով:

Ռազմական ատյանը գլխավոր դատավարության առաջին (1919 թ. ապրիլի 28) և երկրորդ (1919 թ. մայիսի 4) նիստերի ժամանակ հերքեց դատապաշտպանների փաստարկները Ռազմական ատյանի անիրավասության վերաբերյալ: Նախ մերժվում էր հանցագործությունների՝ պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված լինելու փաստարկը. ընդգծվում էր, որ մեղադրյալները դատվում են ոչ թե որպես նախարարներ, այլ գաղտնի ու դավադիր կազմակերպության անդամներ:

Կուսակցության անդամների դատավարության երկրորդ նիստում ևս (1919 թ. մայիսի 4) դատարանը հերքում է Ռազմական ատյանի իրավասության խնդիրը հարցականի տակ դնող փաստարկները՝ ընդգծելով, որ այդ որոշումն ընդունվել է  «առանց շեղվելու Ղուրանի փառապանծ օրենքներից և լի է Աստծո հանդեպ երկյուղածությամբ»:

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ դատապաշտպանների բերած այն փաստարկը, թե նախարարները հանցավոր էին ի պաշտոնե, համապատասխանում էր իրականությանը. թեև հայերի բնաջնջման որոշումն ընդունվել էր Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում, սակայն Հայոց ցեղասպանության պատասխանատվությունն ընկնում էր նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան կառավարության ամբողջ պետական ապարատի վրա, քանի որ «Տեղահանության մասին» որոշումը հաստատվել էր Նախարարների և Պետական խորհուրդների կողմից, իսկ հայերի տեղահանությունն ու ոչնչացումն իրականացվել էր պետական օղակների և իշխանության միջոցով:

Երկրորդ նիստում գլխավոր դատախազ Մուստաֆա Նազմին հայտարարում է, որ նախարարների հարցաքննությունը դեռևս ավարտված չէ, և պահանջում հետաձգել վերջիններիս դատաքննությունը: Դատարանի կազմն առանձնացնում է կառավարության անդամ մեղադրյալների դատական գործերը և հետ ուղարկում դատախազություն: Այս մեղադրյալները պետք է դատվեին այն նախարարների հետ, որոնց հարցաքննությունը դեռ չէր ավարտվել կամ ովքեր դեռ չէին ձերբակալվել: Այդպիսով մինչև մայիսի 17-ը ներկա կարգով քննվում են միայն Միդհադ Շյուքրյուի, Զիյա Գյոքալփի, Քյուչյուք Թալեաթի, Ռըզայի, Աթըֆի ու Ջևադի, իսկ հեռակա կարգով՝ բժիշկներ Նազըմի, Բեհաեդդին Շաքիրի, Ռյուսուհիի, ինչպես նաև Ազիզի գործերը:

Դատավարության ժամանակ մեղադրյալները դատարանի նախագահին տված հարցերին պատասխանելիս տալիս են միանման ցուցմունքներ: Այս առումով մեծ դեր էր խաղացել այն, որ ամբաստանյալներին բանտում հնարավորություն էր տրվել իրար հետ զրուցել ու քննարկել իրավիճակը և համադրել ապագայում իրենց կողմից տրվելիք ցուցմունքները: Հատկապես առաջին նիստերի ընթացքում ամբաստանյալները տալիս են խուսանավող պատասխաններ, միաբերան ասում, թե տեղյակ չեն եղել հայերի կոտորածների մասին, ձևացնում, թե չեն հասկանում նախագահի հարցերը, ասում, թե բոլորովին չեն հիշում այն ժամանակվա դեպքերը:

Սակայն դատավարության հետագա նիստերին ամբաստանյալները չեն կարողանում շարունակել այդ ռազմավարությունը: Ռազմական ատյանը, տարբեր մեթոդների դիմելով, կարողանում է կոտրել նրանց համառությունը: Վերջին նիստերում դատարանը կիրառում է խաչաձև հարցաքննության մեթոդը, իբրև փաստ անսպասելիորեն ընթերցել է տալիս մեղադրյալների ստորագրությունը կրող ծածկագիր հեռագրեր կամ բանավոր ու գրավոր վկայություններ: Այս բոլոր մեթոդներն արդյունավետ են լինում, և մեղադրյալները, հրաժարվելով կոշտ ժխտողական դիրքորոշումից, սկսում են հայտնել որոշ կարևոր տեղեկություններ:

Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների դատավճռով 1919 թ. ապրիլի 10-ին կախաղան բարձրացված Բողազլըյան գավառի կայմակամ Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո Թուրքիայում լարվում է ներքաղաքական մթնոլորտը: Մայիսի 15-ին, երբ Հունաստանը գրավում է Իզմիրը, արդեն իսկ լարված մթնոլորտն ավելի է շիկանում: Մայիսի 20-ից մինչև 23-ը զանգվածային ցույցեր են կազմակերպվում Ստամբուլում: Քաղաքում անգամ լուրեր էին տարածվել, թե այն կալանատունը, որում արգելափակված էին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած մեղարյալները, այսինքն՝ «Բեքիրաղա Բյոլյուղու» կոչված բանտը, զինված հարձակման է ենթարկվելու: Ի դեպ, 1919 թ. մայիսին այս բանտում արդեն կալանավորված էին առնվազն  250 հոգի: Մայիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունենում դատավարության դեմ ուղղված ամենազանգվածային ցույցը, որին, ըստ որոշ տվյալների, մասնակցում են 200 հազար հոգի. նրանց մեծ մասը իթթիհադական էր: Այս ցույցերը վկայում են, որ երիտթուրքերը դեռ շարունակում են մեծ ուժ ներկայացնել երկրում: Վարչապետ Դամադ Ֆերիդի կառավարությունը լարվածությունը մեղմելու նպատակով ազատ է արձակում վերոհիշյալ կալանավայրում արգելափակված 41 բանտարկյալների, ովքեր կասկածվում էին հատկապես հայերի կոտորածների հետ առնչություն ունենալու համար: Ֆերիդը նաև որոշում է առժամանակ դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը:

Այս իրադարձությունների ազդեցության տակ Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարի տեղակալ, ծովակալ Վեբը որոշում է  «Բեքիրաղա բյոլյուղյու» բանտում արգելափակված մյուս կալանավորներին տեղափոխել ավելի ապահով վայր, քանի որ Մեծ Բրիտանիան սկսել էր չվստահել թուրքական դատարաններին, բացի այդ մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական հանցագործներին: Վեբը շտապ պատրաստում է ամենավտանգավոր հանցագործների ցուցակը: 59 հոգուց բաղկացած այդ ցուցակում տեղ են գտնում Մալթա առաջինը աքսորվելիք անձանց անունները: Մայիսի 28-ին անգլիացիները 67 բանտարկյալի  «Բեքիրաղա բյոլյուղյու» բանտից նավով տեղափոխում են Մալթա կղզի: Վերջին պահին գեներալ Միլնը (Մեծ Բրիտանիա) նավ է նստեցնում ևս 11 հանցագործի: Աքսորյալների առաջին խումբը մեծ մասամբ բաղկացած էր իթթիհադական հանցագործներից: Մեծ Բրիտանիային հանձնված ամբաստանյալների մեջ էին նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, հանրային գործերի նախկին նախարար Աբբաս Հալիմ փաշան, նախկին շեյխուլիսլամ Հայրի էֆենդին, արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախկին նախարարներ Հալիլը և Իբրահիմը, ներքին գործերի նախկին նախարար Իսմայիլ Ջանփոլադը, հանրային գործերի նախկին նախարար Ալի Մյունիֆը, հանրակրթական նախկին նախարար Շյուքրյուն և պարենավորման նախկին նախարար Քարա Քեմալը:

Հարկ է նշել, որ Մալթա աքսորյալների մեջ էին նաև տվյալ պահին Ռազմական արտակարգ ատյանի կողմից դատաքննվող մի քանի մեղադրյալներ: Վերջիններիս անգլիացիներին հանձնվելու մասին դատարանին գրությամբ հայտնում է Ստամբուլի պահնորդ, գեներալ-մայոր Սեյիդ փաշան: Վերոնշյալ գրությունը դատարանում ընթերցվում է կառավարության անդամների դատաքննության առաջին նիստում՝ հունիսի 3-ին: Դատարանի նախագահը հարցնում է դատախազի կարծիքը: Վերջինս առաջարկում է առանձնացնել Մալթա աքսորված մեղադրյալների դատական գործերը:

Այդպիսով վերոհիշյալների թղթապանակներն առանձնացվում են՝ հետագայում քննվելու նպատակով, սակայն նրանք այդպես էլ մնում են անպատիժ: Թեև Մեծ Բրիտանիան սկզբում իրոք վճռականորեն մտադրված էր դատապարտել Մալթա աքսորված պատերազմական հանցագործներին, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, սակայն հետագայում նրա վճռականությունը հետզհետե թուլանում է, և Մեծ Բրիտանիան ցեղասպանության ոճրագործներին ի վերջո փոխանակում է անգլիացի ռազմագերիների հետ:

Թուրք ամբաստանյալների՝ Մալթա աքսորվելուն հաջորդած ամիսներին քաղաքական մթնոլորտը Թուրքիայում սկսում է փոխվել հօգուտ քեմալականների: Վերջիններս հետզհետե հզորանում են, Ստամբուլի կառավարությունը՝ թուլանում:

Քեմալական շարժումն իրականում առաջնահերթ ուղղված էր ոչ թե մեծ տերությունների, Օսմանյան կայսրությունը մասնատել և գրավել ցանկացող օտար ուժերի դեմ, այլ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների:

Ազգայնական շարժումը նախաձեռնվել է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից: Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության կենտրոնական կոմիտեն մանրամասն ծրագրեր է մշակել պատերազմը տանուլ տալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասին: Այդ ծրագրերից մեկն էլ նախատեսում էր, որ պարտության դեպքում զինված պայքարը շարունակվելու էր Թուրքիայի ներքին շրջաններում: Խոսքը երկարատև դիմադրության մասին էր: Թալեաթ փաշան 1918 թ. սեպտեմբերին Գերմանիա կատարած այցից վերադառնալիս սեփական աչքով է ականատես դառնում բուլղարական բանակի կործանմանը: Թալեաթը Ստամբուլ է վերադառնում՝ լիովին վստահ, որ պատերազմն արդեն տանուլ է տրված, և անցնում դեռևս պատերազմի սկզբին մշակված ծրագրի իրագործմանը: Մուդրոսի զինադադարի կնքումից մեկ օր անց՝ 1918 թ. հոկտեմբերի 31-ի գիշերը, Թալեաթն իր տուն է հրավիրում իթթիհադականներ Քարա Քեմալին ու Քարա Վասըֆին և ասում. «Տեսե՛ք, ձեզ ինձ մոտ կանչելու հիմնական պատճառը Մուստաֆա Քեմալն է: Պայմանները շատ ծանր են: Այս խիստ պայմանների դեմ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց ո՞վ է դա անելու: Պետք է մի ամուր ձեռք: Օրինակ՝ Մուստաֆա Քեմալ փաշան… Նա մաքուր անցյալ ունի: Ժողովուրդն էլ է սիրում նրան: Կարծում եմ, որ Մուստաֆա Քեմալ փաշան մի կարևոր գործ է ձեռնարկելու: Նրան պետք է օգնել»:

Այս հանդիպումից որոշ ժամանակ անց հիմնվում է ազգայնական շարժման մեջ կարևոր դերակատարում ունեցած «Քարաքոլ» գաղտնի կազմակերպությունը:

Նույն ժամանակաշրջանում փոխվում է նաև Հատուկ կազմակերպության անվանումը, և Թեշքիլյաթ-ը մահսուսան վերածվում է Ընդհանուր իսլամական աշխարհի հեղափոխական կոմիտեի, որի կազմավորման հիմնական նպատակն է դառնում Հայոց ցեղասպանության պատճառով հետաքննության մեջ գտնվող Հատուկ կազմակերպության անդամների պաշտպանությունը:

Քանի որ ազգայնական շարժման ձևավորման ժամանակ թուրքերը, ի դեմս իթթիհադականների, մեղադրվում են քրիստոնյա բնակչության նկատմամբ ցուցաբերած բռնությունների և հատկապես հայերի կոտորածների համար, քեմալականները սկզբնական փուլում ձգտում են դաշնակից պետություններին ամեն կերպ համոզել, թե իբր իրենք ոչ մի կապ չունեն Միություն և առաջադիմություն կուսակցության հետ: Դա նկատելի է նաև Մուստաֆա Քեմալի՝ այդ ժամանակներում տված հարցազրույցներից: Բացի այդ «իթթիհադական» բառը շատերի մոտ գրեթե վերածվել էր հայրենիքի դավաճանի հոմանիշի: Սակայն իրականում ազգայնական շարժումը նախաձեռնողների մեջ մեծ թիվ են կազմում Հայոց ցեղասպանության պատասխանատուները, իսկ այդ շարժման կորիզը Հատուկ կազմակերպության անդամներն են: Հետագայում քեմալականների շարքերն են անցնում նաև Մալթա աքսորվածները, որոնք հանրապետական շրջանում զբաղեցնում են կարևոր պետական պաշտոններ:

Երիտթուրքերի դատապարտումը քեմալական իշխանության կողմից ընկալվել է որպես Թուրքիայի մասնատման ծրագրի մի մաս: Երբ անգլիացի գործակալ Ֆրյուն Մուստաֆա Քեմալի ուշադրությունն է հրավիրում քեմալականների կողմից իթթիհադականների հանցագործությունները դատապարտելու անհրաժեշտության վրա՝ ասելով, թե «Նախ և առաջ պարտավոր եք ընդունել Իթթիհաթ վե թերաքքիի ոճրագործությունները», Քեմալը մերժում է երիտթուրքերի ոճիրները դատապարտելու առաջարկը.«Ես Միություն և առաջադիմություն կուսակցության ներկայացուցիչը չեմ… Սակայն Ձեր թույլտվությամբ պետք է ասեմ, որ Իթթիհաթ վե թերաքքին հայրենասեր կազմակերպություն էր»:

 

շարունակությունը՝ Անդին 5, 2014 համարում

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք