Եվրածառի ապականված պտուղներ

20142210172838547

Նրանց համար է թանձրացված պահվում արտաքին խավարը.

դուք՝ լուսազարմներդ , ինչո՞ւ  նրանց հետ դեպի  նույն խավարը ուղևորվեցիք:

Եղիշե

 

Ահա՛, մի բարձր բեմահարթակի թե կամրջակի վրա կանգնած է երջանիկ զույգը. սրանց շուրջը ու ներքևում կա նույնքան երջանիկ մի մեծ հասարակություն՝ քաղաքական, հասարակական գործիչներ, բարձր խավի ներկայացուցիչներ, հարազատներ, ծնողներ, բարեկամներ, լրագրողներ: Հասարակությունը մի շատ արտասովոր ցնծության ու հրճվանքի մեջ է. ծափահարում են, ժպտում, ողջագուրվում, անզուսպ ցնծության մեջ են հայտնվում հատկապես այն պահերին, երբ հարսանեկան զույգը գրկախառնվում ու կարոտագին համբուրվում է: Եվ երբ դրանք էլի են միախառնվում, մեկի մայրը հուզմունքից մի կողմ թեքվում ու շշնջում է. «Իմ որդին արժանի էր այս երջանկությանը»: Լսողները հենց տեղում հալվում ու մաշվում են: Ծափահարություններ, գինու բաժակների զնգոց, և ժպտացող, ժպտացող դեմքեր:

Եվ ո՛չ մի ամոթից կարմրած դեմք, ո՛չ մի տրտմություն, սարսափի, զարհուրանքի ո՛չ մի նշան, այն դեպքում… երբ նորապսակները, երկուսն էլ փողկապներ կապած, հաղթահասակ տղամարդ են:

Ի՞նչ է սա` զառանցա՞նք, հեքիա՞թ, գիշերվա չար երա՞զ, բեմական հնա՞րք, թե՞ սահմռկեցուցիչ իրողություն, որ կատարվում է օրը ցերեկով երկիր մոլորակի վրա:

Ի՞նչ անել, ո՞ւր գնալ. տեսնես արդեն կարո՞ղ ենք տիեզերանավ նստել ու Մարս գնալ: Մերօրյա գիտնականներից կան, որ ասում են, թե այնտեղ մի ժամանակ կյանք է եղել, անգամ ապացուցել են ուզում, որ եգիպտացիները փարավոնով, բանով, իրենց ողջ հանդերձանքով, իրենց արք ու սարքով եկել ու երկրի վրա մի հզոր ու արտառոց պետություն են հիմնել: Ասում են՝ հետո փոշմանել, շատ են ուզեցել ետ գնալ, բայց չեն կարողացել, էդ անտեր երկնանավերը, երկար ժամանակ անգործ մնալով, ժանգոտվել, շարքից դուրս են եկել: Կարծում եք` կատա՞կ եմ անում, սա աստղագետների բացահայտումներից ամենաարտառոցը չէ. այնպիսի՜ արտասովոր վարկածներ են առաջ քաշում տիեզերքի, ժամանակի, մոլորակների մասին, որ ուզում ես իսկապես գլուխ-արև առնել ու գնալ Մարս:

Բայց մինչև իմ Մարս մեկնելը ես ուզում եմ շատ հասկանալի մարդկային լեզվով պարզել, թե ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում երկրի վրա ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Այդ ովքե՞ր են անընդունելին ընդունելի դարձնում, անբնականը՝ բնական, անիրականը՝ իրական: Ովքե՞ր ծրագրել սկսեցին և անհավատալի հետևողականությամբ առաջանալով՝ նախ գաղտնորեն, հետո քողածածկ, ապա արդեն բացահայտ իրականացնել սկսեցին մարդկային ընտիր արժեքները մարդու մեջ սպանելու չարահնար գործընթացը: Եվ ի՜նչ ջանադրությամբ, ի՜նչ համբերատարությամբ ներմուծում, տարածում և, արդ, պարտադրում են երկրի չորս կողմերի բոլոր ազգերին: Աստծո պատկերով ստեղծված Մարդը ինչքա՞ն ցած պետք է իջնի, ինչքա՞ն փոքրանա, որ անբնականը բնական համարի, տգեղը՝ գեղեցիկ, մերժելին՝ ընդունելի: Դրախտի պարտեզում Աստված կանչեց՝ ո՞ւր ես Ադամ. Ադամը Եվայի հետ թաքնվել էր թփուտներում. նրանք ոչ միայն մեղքի, այլև ամոթի զգացում էին ապրում:

Իսկ հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչ խորը լռություն է. չկա Հարցը՝ չկա Պատասխան, մարդու, Անհատի, մտածող մտքի ամայությունը ձգվել, տարածվել ու բռնել է ողջ մոլորակը: Հասկանալի լռություն է, չտեսնված փոխըմբռնում. ի՜նչ քաղաքակիրթ, ի՜նչ բարեկիրթ դարձան Երկիր մոլորակի բնակիչները: Ոչինչ, որ լռության ու ամայության սառույց է կապվել երկրի ու երկնքի միջև, և մարդը ոտքով-գլխով հայտնվել է այդ սառցադաշտի մեջ: Եվ եթե մարդը նման կացության մեջ է հայտնվել, ուրեմն նա գրեթե չկա: Եթե Նա լիներ, մի՞թե Նա թույլ կտար, որ խավարը լույսից, վատը՝ լավից, աղմուկը՝ լռությունից, անառակությունը՝ առաքինությունից և, վերջապես, ստորը վեհից բարձր դասվեր: Ենթադրենք՝ մարդկության մի մասը իրերի բերումով խելքը թռցրել է. անհեթեթությունը օրինաչափ համարելով՝ ամեն ինչ գլխիվայր շուռ տալ է կամենում: Ի՞նչ պիտի անի մարդկության այն մասը, որ իր խելքը դեռ չի թռցրել: Տեսնո՞ւմ եք՝ պատասխան չկա…

Մինչդեռ հիվանդին հիվանդանոց տանել է պետք, խելագարին՝ հոգեբուժարան, հարբեցողին՝ սթափարան, հանցագործին՝ բանտ, իսկ ձիուն՝ ախոռ:

Որովհետև եթե հիվանդին չբժշկես, ախտը նրան կսպանի, ոճրագործը նորանոր ոճիրներ կգործի, ժանտախտը կամ վարակիչ այլ հիվանդություններ, տարածվելով, կվարակեն շուրջն ու հեռուն, պատնեշը քանդած ջուրը կհեղեղի շրջակա տարածքները, չզսպված կրակը հրո ճարակ կդարձնի ամեն ինչ: Ի՞նչ կարող ես անել, երբ այսպիսին է տարերքի բնույթը: Երբ խաթարվում է բնականոնը, դրան հաջորդում է պատուհասը:

Արև ծագեց երկրի վրա, և  Ղովտը մտավ Սեգոր: Տերը երկնքից ծծումբ  և կրակ  թափեց Սոդոմի և Գոմորի վրա: Ծննդոց 19. 23

 

 

Երբ խաթարվում է բնականոնը, դրան հաջորդում է պատուհասը

 

Աբրահամը վաղ առավոտյան գնաց այնտեղ, Ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ,  նայեց Սոդոմացիների ու Գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը և տեսավ, թե ինչպես երկրի բոցը բարձրանում է հնոցի բոցի պես: Ծննդոց 19.27-28.

 

Այո՛, Մարդը ազատ է, բայց ահա՛ մեղքն ու հանցանքը մարդուց խլում են այդ ազատությունը, և մեղսագործն ու հանցագործը դատաստանի առաջ են կանգնում. գողը՝ գողության համար, բռնացողը՝ բռնության, դավաճանը՝ մատնության: Իսկ հիմա տեսնենք, թե ինչով են զբաղված միասեռականները. անշուշտ, դա իրենց գործն է, իրենց ընտրած կյանքի կերպը, եթե դրանք լուռ, աննկատ մնային, եթե ամայի եզերք կամ անմարդաբնակ ափ գնային, ո՞ւմ ինչ գործն է. իրենք իրենց վիճակի տերն են:

Բայց մարդկանց միջավայրում ախտը տարածվում է մոլախոտի պես. մեկը երկրորդին է փնտրում, երկրորդը երրորդին է իր ցանցը գցում, երրորդը չորրորդին է խաբում կամ բռնանում, և այդպես փոխանցվելով տարածվում, բազմանում է մի բան, որ ախտի պես վարակիչ է ու մահացու: Մարդու իրավունքի այսօրինակ չափանիշները պաշտպանողներին շատ անգամ հարց տված կլինեն, բայց մի անգամ էլ հարցնենք՝ իբրև Հայ Մարդ՝ դուք կուզենայի՞ք, որ ձեր տղան հարս բերեր ձեր տուն մի ուրիշ տղայի, կամ կուզենայի՞ք, որ ձեր աղջիկն ամուսնանար աղջկա հետ: Մեղա՜  Աստծո: Ով կմտածեր, որ կգա մի օր, որ Հայաստանում էլ սրանք իբրև օրախնդիր հարցեր կդրվեն քննարկման:

 

Նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բաներ   գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները,

այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս /Հռոմեացիների, 1-32/:

Այո՛, մենք խնդիրներ իսկապես շատ ունենք, բայց դրանք բացառապես այն խնդիրներն են, որ մենք ինքներս պիտի լուծենք: Իբրև Իսկական հայեր՝ մենք շատ ենք սիրել Եվրոպան. սրանց բարքերը, գրականությունը, գաղափարները, կենսաձևը և այն ամենը, ինչ եվրոպական է: Այսպես եղել է ոչ միայն այն պատճառով, որ եվրոպական ժողովուրդները քրիստոնյա են: Մենք Հին ու Բարի Եվրոպայից շատ շնորհակալ ենք: Եթե նրանք այսօր օգտակար ու ընտիր արժեքներ ունենային, դարձյալ առանց իրենց օգնության էլ կվերցնեինք. մենք ինչ-ինչ, բայց լավն ու վատը ճանաչում ու գնահատում ենք: Բայց այն ցածր արժեքները, ստորակարգ բաները, որ ուսապարկերը լցրած Բոշի նման երկրեերկիր են թափառում ու առաջարկում բոլորին, շատ ամոթալի ու խայտառակ մի բան է: Եթե մենք նրանց մեր բարեկամներն ենք համարում, ապա պիտի հրաժարվենք իրենց բերած «նվերներից» և խորհուրդ տանք իրենց տանը նստել, ու եթե կարողանան վերադառնալ իրենց հին ու բարի ժամանակներին՝ նորից իրենց ձեռքը վերցնեն Աստվածաշունչը: Այն Աստվածաշունչը, որով կրթվեցին, սնվեցին ու լուսավորվեցին, որի արժեքներով կառուցեցին իրենց հոգևոր և մշակութային կյանքը, իրենց սահմանադրությունը, իրենց բարքն ու կենցաղը:

Բայց ինչպես առաջադիմությանը և բարգավաճումին հաջորդում է ինքնագոհ հպարտությունը, այդպես էլ հպարտ ինքնաբավությանը հետևում է աղետը:

Քանի որ հարկ է մեր եվրոպացի բարեկամներին մի քիչ իրենց տեղը դնել, էլի մի քանի բան ասենք:

Ուրեմն սրանք, շատ լուսավորվելով, ոչ միայն ուրացան Աստծո շնորհած աննման պարգևները, այլև փքվելով մոռացան հին ու իմաստուն Արևելքի Դպրոցը, ուր մտան իբրև իմացության ծարավ աշակերտներ ու դուրս եկան իբրև երախտամոռներ:

Այստեղ հիշենք մեր հանճարեղ լոռեցու՝ Թումանյանի այս քառյակը.

«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու/Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու/Իրենց հոգու անապատից խուսափում են խառներամ/Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու»…

Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների /Բ. Պետրոս,  2.6/:

 

 

Ազատությունը մարդու համար մարդկայինը լավագույնս իրագործելու պայման է

 

Ովքեր են, որ փոխում ու շարունակում են փոփոխել օրեր, ժամեր, ժամանակներ. տեսնենք այս մասին ինչ է ասում Մարգարեն սրանից երկու հազար ու ավելի տարի առաջ:

Բարձրյալի դեմ խոսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի բարձրյալի սրբերին, պիտի փոփոխել կամենա ժամանակներն-օրենքները, և դա պիտի հաջողվի իրեն մինչև որոշ ժամանակ… /Դանիել, 7-25/:

 

Եթե մենք չենք կորցրել առողջ բանականությունը, ապա պարտավոր ենք հասկանալ, որ միասեռականությունը և այլ սեռաշեղումներ, ինչպես նաև շիզոֆրենիան, խելագարությունը և այլ հոգեկան հիվանդագին շեղումները, չեն կարող բնական լինել. դրանք ծանր հիվանդություններ են՝ արագ տարածվող ու այլասերող հատկանիշներով:

Այս մահացու հիվանդությունները ոչ թե պիտի բուծել, բազմացնել, տարածել, գովազդել, օրենքի հովանավորության տակ առնել, այլ պիտի կանխել՝ հիվանդներին բժշկելով, վարակածին ախտի տարածումը ամեն կերպ կասեցնելով:

Ազատությունը մարդու համար մարդկայինը լավագույնս իրագործելու պայման է: Ընտիր հատկությունները, որ կան Մարդու մեջ, արժեքներ են, որով չափվում է մարդը, որոնցով կա, գոյություն ունի և որոնցով ապրում է Մարդը:

Կարիք չկա գայլին կոտոշներ հագցնել, իսկ եզանը՝ ժանիքներ. թույլ տվեք, որ Աստծո ստեղծած յուրաքանչյուր արարած մնա իր կերպի մեջ և իր առաքելությունը իրականացնի:

Ո՞ւր են, Եվրո՛պա, քո այն գեղեցիկ զգեստները, որով ճանաչվում էիր և որոնք  քո պարծանքն էին համարվում: Ո՞ւր է քո վայելչությունը՝ բարձր, պարզ, գեղեցիկ ու ազնվական այն նվիրական հատկանիշները, որոնք քեզ դիտարժան էին դարձնում: Աստված մարդուն Կամքի Ազատություն տվեց և, այս սքանչելի պարգևին համազոր, դրեց մարդու մեջ խղճի և պատասխանատվության վեհ կոչումը:

 

 

Զգուշացեք գառան մորթի հագած գայլերից

 

Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ,

ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ  իրենց ցանկությունների /Բ. Պետրոս 3.3/:

:

Մի՞թե իսկապես խավարն այնքան է թանձրացել, որ այս պարզ բաներն իրարից զանազանել այլևս չենք կարողանում: Մեզ իսկապես պարտադրում են, որ սևին սպիտակ ասենք:

Մեր շուրջը իսկապե՞ս թակարդներ են լարված, և մենք իսկապե՞ս արդեն հայտվել ենք ծուղակում:

Քավ լիցի: Մի հին ճշմարտություն կա՝ ինչ որ ճանաչում ես, դադարում է վտանգավոր լինելուց. այդ պատճառով է, որ ես ջանում եմ խոսել պարզ և հասկանալի լեզվով: Ուշ թե շուտ Հայ Մարդը կճանաչի ու կմերժի անընդունելին, ինչպես Հայկ նահապետը մերժեց աստվածուրաց Բելին: Ինչպես մերժեցինք Կարմիր Խորհուրդը, այնպես էլ կմերժենք Նարնջագույն Խորհուրդը: Իսկ առհասարակ լավ կլիներ դրանք իրենց տանը վեր ընկնեին և իրենց տան խնդիրներով զբաղվեին: Եթե հիշում եք՝ դրանք տարիներ առաջ գալիս էին շատ թեթևասահ, լայն ու սիրազեղ ժպիտներով, բայց հիմա դրանք գալիս են շատ ծանրաքայլ, անժպիտ, լուրջ կերպարանքներով. այնպիսի տպավորություն կա, որ շատ մեծ պարտքի տակ ենք ընկել, թե չէ ի՞նչ իրավունք ունեին մտնել ուրիշի տուն պահանջատիրոջ պես:

Ես զարմացած եմ՝ տեսնելով, թե իմ հայ եղբայրներն ու քույրերը, ցածր դասարանի աշակերտների պես լուռ, ինչպես են հլու-հնազանդ աշակերտում. դրական ու բացասական գնահատականներ ստանում:

Արևմտյան երկրները ներկայացնող մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ իրենց զգում են ինչպես սեփական տանը. պոետիկ լեզվով ասած՝ Հայաստանը իրենց սեփական բոստանն է. ինչ ուզեն՝ կցանեն, ինչ ուզեն՝ կհնձեն: Փաստորեն, Հայաստանում սրանց գործունեության դաշտը անսահմանափակ է: Եթե այդպես չլիներ, սրանք ի՞նչ իրավունքով աղանդավորներին, այլասերներին, տարբեր եզերքներից եկած համախոհների հետ մեկտեղ հավաքված՝ կքննարկեին Հայ Եկեղեցու կարգավիճակը Հայաստանում:

Տեսնո՞ւմ եք՝  ի՛նչ ապշեցուցիչ իրադարձություններ են կատարվում անցանկապատ, անդուռ Հայաստանում:

Մեր Եկեղեցու Պարծանքը Մեր Պարծանքն է, Մեր Եկեղեցու Ցավը Մեր Ցավն է, Մեր Եկեղեցու Պակասությունները Մեր Պակասություններն են:

Մեծ ամոթ կլինի, եթե մենք թույլ տանք, որ մեր սրբությունները դրանք վարկաբեկեն: Ես իսկապես չէի պատկերացնում, որ այդքան անհեթեթ օրենքներ կդրվեն ու կքննարկվեն Հայոց խորհրդարանում: Ես մեր առանձնահատկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ Հայ Տեսակի, Հայի նկարագրի, Հայ Մարդու իմացական ու հոգևոր արժեքների մասին. այն նվիրական Տեսլականի մասին, որը, ինչպես Լույսը ափի մեջ, Հայը բերել ու հասցրել է մեր օրերը:

 

 

 

 

Ընտանիքը երկնային վիճակի երանությունը արտացոլող երկրային պատկերն է

 

Հեռվից անգամ երևում է, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհի դեմքը այլայլվում, այլափոխվում, թափանցիկ ու խոցելի է դառնում իր իսկ հորինած գաղափարներից ու չափանիշներից: Ոչ ոք չի ների մարդուն. եթե նա երկնքի տակ ամեն ինչ խեղաթյուրելով գլխիվայր շրջում է:

Երկրի վրա ընտանիքը սրբություն է, մի փոքրիկ նվիրական աշխարհ, դրախտի մի անկյուն, ուր հարաբերությունները հիմնված են սիրո, ըմբռնումի ու վստահության վրա:

Ընտանիքում է երեխան սկսում ճանաչել աշխարհը, ըմբռնել լավն ու վատը, ընկալել բարին ու չարը: Ավանդական ընտանիքի ջերմ մթնոլորտի մեջ է, որ կազմավորվում է երեխայի իմացական և հոգևոր աշխարհը: Ընտանիքն է երկրի, պետության ամրության հիմքը. չէ՞ որ սա բոլորս գիտենք, չէ՞ որ սա ենք տեղի-անտեղի թմբկահարում:

Բայց ինչպես է, որ թույլ ենք տալիս կամ համախոհ ենք դառնում, կամ հանգիստ դիտում ենք, թե ինչպես են Արևմուտքի գերզարգացածները գալիս ու խարխլում Հայ Ընտանիքը:

Եվ գիտե՞ք ինչն է ամենազավեշտականը, սրանք այնպես են անում, որ մենք մեր ձեռքով քանդենք մեր ընտանիքը: Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են խփում ազգային կառույցի սյուներին, ո՜նց են ջանում հասնել Կենաց ծառի արմատներին: Եթե կա Ոճիր, ապա կա նաև Պատիժ: Ահա անգամ բնությունն է ցնցվում մարդու սաստիկ մեղքից և հակադրվում պատուհասներով:

Անգամ կենդանիներն են սահմռկում մարդու մեղքից և ճարահատ ըմբոստանում:

Տեսե՞լ եք՝ ինչպես են Աստղերը լալիս, իսկ Լուսինն ամոթից ինչպես է շիկնում ու կարմրում… Արեգա՞կը. Արեգակի լռության մեջ սպառնալիք կա, ասես ուր որ է հուր կթափի: Ներողություն եմ խնդրում քնարական զեղումների համար. գիտեմ, որ հիմա դրա ժամանակը չէ, հիմա հարկավոր է քայլել Ցերեկվա Լույսի միջով, որ կարողանանք տեսնել ու չկորցնել կողմնորոշումը:

Մեծ զգոնություն և դիտողականություն է հարկավոր, որ նկատենք խայծերը, ծաղիկները, թակարդները, ցանցերը, որոգայթները և այն կախարդական շրջանը, որ սարդի անհավանական հմտությամբ և համբերատարությամբ գծում ու գծում են մեր շուրջը:

Մեզ արթուն մնալ է պետք, որ գառան մորթի հագած գայլերը շողոմ ժպիտներով, ծնծղուն խաղալիքներով, փայլփլուն նվերներով, դոլարի ու ոսկու գունախաղով չշլացնեն մեր աչքերը ու չզրկեն մեզ Տեսնելու Կարողությունից:

Ովքե՛ր են դրանք, որ այդպես անդադար գնում-գալիս են՝ մեկ բարերարի, մեկ ուսուցչի, մեկ դատավորի տեղ դրած իրենց:

Սրանք գալիս են Մեր Տունը իրենց տան նման դարձնելու:

Գալիս են տարբեր կազմակերպություններից, տարբեր երկրներից, տարբեր եզերքներից, բանկերից, խորհրդավոր, անհայտ տեղերից, Ժնևից, Լիսաբոնից, Տիզբոնից, խորհուրդներից, կոմիսիարատներից, ասպետական օթյակներից, մի խոսքով, ծովից-ցամաքից-երկնքից, այդպես անդադար գալիս ու գալիս են:

Տե՛ր Աստված, դրանք այդպես տեղատարափ անձրևի պես ամեն օր գալիս են, իսկ մենք մեր ազգային ու քաղաքական գործիչներից պահանջում ենք, որ աշխատեն, մեր երկիրը դուրս բերեն այս ծանր վիճակից: Հիմա տեսա՞ք, որ դա պարզապես անհնար է, խե՛ղճ գործիչներ, շունչ քաշելու ժամանակ չունեն, էլ ուր մնաց՝ կարողանան իրենց գործը անել:

Հիմա արդեն իսկապես կարելի է երանի տալ այն միամիտ ժամանակներին, երբ մի Մոսկվա կար. այնտեղից էին երբեմն-երբեմն գալիս ու գնում, ու վերջ, դրանով ավարտվում էր: Տեսնո՞ւմ եք, ինքան էլ զգույշ լինենք, մեր սիրտը ցավելու պատճառներ հաստատ ունի:

Իմ սիրտը որ ցավո՜ւմ է:

Ես չգիտեմ՝ ինչպես դրանց՝ այդ եկվորներին, հասկացնել, որ սա հնամենի Հայաստանն է, այստեղ ժամանակներն են կանգ առել հանգտանալու համար, այստեղ երկինքն է խոնարհվել ի տես երկրի ցավի. այստեղ Անհնարինն է Հնարավոր դարձել, և հոգու կանչը Բացարձակն է իրականացրել:

Եվ վերջապես, դրանք պիտի հասկանան, որ մեր մազերը այստեղ հենց այնպես չեն սպիտակում, մենք շատ հաճախ ենք իջնել մինչև խորացող ցավի խորքն ու այնտեղից դուրս եկել հաղթանակած:

Վերջապես դրանց հարկավոր է ցույց տալ Բիբլիական Արարատ լեռը:

Մենք այստեղ դժոխքը բաց ենք տեսել. մենք խորհրդային կարգերի «հմայքն» ենք ապրել ողջ խորությամբ. մենք խաբկանքի, կեղծիքի, պատրանքի, թևավոր դաժանության ծովն ենք անցել ծայրից ծայր:

Մենք Ճշմարտության Իրական Ափն ենք դուրս եկել, ինչպես բազմափորձ Ոդիսևսը դուրս եկավ Իթակեի ափը:

Խորհրդային կարմիր մարգերի աննման ծաղիկների գեղեցկության դեմ անգամ դժոխքի ծաղիկները կխամրեին:

Հիմա ի՛նչ է, ի՞նչ նորագույն ծաղիկներ է մեզ հրամցնում այս նոր խորհրդակարգը՝ Եվրախորհուրդը:

…Թույլ տվեք այստեղ կանգ առնել…

Այստեղ մտածելու բան կա, բայց չէ՞ որ սրանք կուսկոմիտեներ են, կուսաշխատողներ, կուսակցականներ. անդասակարգ կոմիսարներ, անհայրենիք ակտիվիստներ. արդեն ուզում էի ասել անտուն, անհայրենիք, Թափառական Բոշաներ, բայց հումորը լուրջ գործին կխանգարի:

Ախր սրանք իսկապե՛ս Նոր բոլշևիկներ են՝ ավելի՛ կատարյալ, ավելի՛ հմուտ, ավելի՛ բարեկիրթ — քանի որ փորձառություն ունեն, ավելի նրբամիտ — քանի որ քաղաքակրթությունն են ներկայացնում: Սրանց ձեռնոցները ճեփ-ճերմակ են՝ սպիտակ, ասես նոր կարած լինեն. սրանք արյուն չեն թափում, սրանք չափազանց հմտացել են նուրբ դիվանագիտական խաղեր խաղալու ասպարեզում:

Արևելքում ճակտորի են խաղում, իսկ Արևմուտքցիները միայն նուրբ խաղեր են խաղում:

Հին հունական մի ավանդապատում կա Եվրոպայի առևանգման մասին. այդ զարմանալի պատմության մեջ Գազանը առևանգում է չքնաղ Եվրոպային: Այս ողբերգական պատմությունը վարպետորեն պատկերել են բազմաթիվ նկարիչներ՝ Ռեմբրանդը, Բուշեն, Տիցիանը, Ռուբենսը, Սերովը, Խաչիկ Հարությունյանը և էլի ու էլի մեծ ու փոքր նկարիչներ: Գրեթե բոլորի մոտ էլ նույն պատկերն է պատկերված՝ գազանը՝ ահազդու վայրի ցուլի տեսքով, և հերարձակ ու դալկադեմ գեղեցիկ Եվրոպան: Անշուշտ, տխուր մի տեսարան է սա, բայց ամենատխուրն այն է՝ ահա մեր աչքի առջև այս արկածը ուր որ է կկատարվի:

Ազատ, գեղեցիկ, հոգու բոլոր գույներով ծիածանվող չքնա°ղ Եվրոպա, այս ո՞նց այսքան փոխվեցիր, ո՞նց այնքան պարզունակ ու հասարակ դարձար, ո՞նց աղտոտեցիր քո մաքուր զգեստները, ո՞նց թույլ տվեցիր, որ ցանկության ստվերը խավարի քո կիսադեմը ու դարձնի քեզ թափանցիկ, մատչելի ու ձեռնահաս. այնքան, որ ինչպես գայլն է կրնկակոխ հետևում արնաքամվող հեծյալին, այդպես գազանն է քեզ ուշիուշով հետևում, որ առևանգի:

Եթե մենք սիրում ենք մեր եվրոպացի բարեկամներին, ուրեմն պարտավոր ենք նրանց մի խրատ ու խորհուրդ տալ, որ տուն վերադառնալով՝ իրենց տանից չհեռանան այնքան ժամանակ, քանի դեռ չեն խափանել այն պատուհասը, որ իրենք են սարքել իրենց գլխին:

Իսկ երբ մեր այս բարեկամներին մենք տուն ուղարկենք, մենք էլ այստեղ, ուզենք թե չուզենք, ստիպված կլինենք մեր տան գործերով զբաղվել: Մենք այստեղ մի կերպ յոլա կգնանք մեր ռուսների հետ: Ինչ էլ որ լինի՝ մենք սովոր ենք իրար: Մենք միասին շատ անգամ ենք հաց ու պանիր կերել խրամատներում: Մեր ճանապարհները հատվում են ԱՆհրաժեշտության Խաչմերուկում: Մենք լրացնում ենք իրար և կարողանում նույն ճանապարհի տխուր կամ ուրախ ճամփորդը լինել: Մեր այս երկու ազգերը մի պարզ ու անմիջական նկարագիր ունեն, որ շատ մարդկային է՝ եղբայրական համաձայնությամբ և շատ գեղեցիկ Հիսուս Քրիստոսով:

Անդին 12, 2013

 

Share

Կարծիքներ

կարծիք