Դժոխքի ձորը

20141711135518293

(Կրոնափոխ համշենցիները՝ Մեծ եղեռնի ականատեսներ)

Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում բռնի մահմեդականացված հայերը այլևս հայ չէին համարվում: Բայց ոչ միայն նրանք, քրիստոնյա հայերից  շատերը ևս հայ չէին համարվում: Հայ էին միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, իսկ կաթոլիկ և բողոքական հայերը պետական վիճակագրական տարեգրքերում (սալնամե) գրանցվում էին այլազգի կաթոլիկների կամ բողոքականների հետ, առանց ազգության նշումի, համապատասխանաբար ՙքաթոլիք՚ և ՙփրոթեսթան՚ սյունակներում:

Այդ իսկ պատճառով շատ դժվար է որոշել Օսմանյան կայսրության  հայերի իրական թիվը: Ցավոք, հայությանը կրոնական ու դավանական տարբերություններով ջլատելու այդ քաղաքականությունը իր պաշտպաններն ուներ նաև հայերի շրջանում: Նույնիսկ 19-րդ դարի վերջին քառորդում «Մեղու Հայաստանի» (Թիֆլիս) թերթում քննարկվում էր այն հարցը, թե կաթոլիկ և բողոքական հայերին կարելի՞ է հայ համարել: Ի պատասխան, մեծանուն գրող Րաֆֆին 1880 թ. «Մշակում» գրում է. «Երկրագնդի վրա թե՛ քաղաքակիրթ և թե՛ վայրենի ազգերի մեջ չկա և չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ: …Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միևնույն ընտանիքի զավակներն ենք: …Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց…»1:

Ահա հայ ժողովրդի այդ մահմեդականացված, բայց հայախոս հատվածներից մեկը՝ իսլամ համշենցիները, դառը ճակատագրի բերումով սփռված են Միջին Ասիայում, Ռուսաստանում ու Թուրքիայում: Իմ մոտավոր հաշվումներով, 2013 թ. տվյալներով միայն Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի (Հոփա) գավառի 33724  բնակիչներից 20000-ից ավելին հայախոս համշենցիներ են: Նրանք բնակվում են Խոփա քաղաքում (բնակչ.՝ 18487), ինչպես նաև 22 գյուղերում և գյուղակներում: 3000-ից ավելի հայախոս համշենցիներ են բնակվում նաև հարևան Բորչկայի գավառի (բնակչ.՝ 24662) Բորչկա քաղաքում (բնակչ.՝ 11770) և 3 գյուղերում:

Թուրքիայի Սաքարյա նահանգի Քարասու և Քոջաալի, ինչպես նաև հարևան Դյուզջե նահանգի Աքչաքոջա գավառներում ևս կան մահմեդական հայախոս համշենցիների մի շարք գյուղեր:

Այսօր Թուրքիայում բնակվող շուրջ 35-40 հազար հայախոս համշենցիներից շատերը ցանկանում են տալ բոլորի համար ընդունելի մի պատասխան այն հարցին, թե ինչ ազգի են պատկանում: Իսկ առայժմ գտել են յուրօրինակ դիվանագիտական լուծում. քանի որ հայ են, բայց քրիստոնյա չեն, մահմեդական են, բայց թուրք չեն, ուստի իրենց չեն անվանում հայ կամ թուրք, այլ՝ համշէցի, հօմշէցի, այսինքն՝ համշենցի, ծագումով Ռիզեի նահանգի Համշեն գավառից:

Ինչպես նշեցինք, հատկապես մեծ է հայախոս համշենցիների թիվը Արդվինի նահանգի Խոփայի գավառում: 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին անցավ Խոփա քաղաքից  հյուսիս ընկած հատվածը, որում կային համշենցիների գյուղեր, որոնք մտան Բաթումի մարզի Բաթումի օկրուգի մեջ: Դրանք իրարից սահմանազատվեցին նաև 1921 թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, ըստ որի սահմանի հյուսիսային կողմում մնացին մի քանի գյուղեր՝ Սարփը, Գորիաթը (Կվարիաթի), Գոնիոն, Ավգյան, Ջառնալը, Գոնլի դաան (Աղունոդ քեդ), Գըզըլ-Թոփրակը և մյուսները, որոնք նույն թվականին մտան վերոհիշյալ պայմանագրով ստեղծված Աջարիստանի (Աջարիայի) ինքնավար հանրապետության կազմի մեջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1944 թ. հուլիսի 31-ին, ԽՍՀՄ Պաշտպանության կոմիտեի նախագահ Ստալինի ստորագրած թիվ 6279 խիստ գաղտնի որոշմամբ Աջարիայի 1385 ՙխեմշին՚-ները այնտեղ բնակվող թուրքերի և քրդերի հետ աքսորվում են Ղրղըզստան և Ղազախստան2: Ղրղըզստանում նրանք բնակեցվում են Օշի մարզում, իսկ Ղազախստանում՝ Չիմքենդի և Ջամբուլի մարզերում: 1953 թ. հունվարի 1-ի դրությամբ հատուկ բնակավայրերում կար 1397 համշենցի, այդ թվում Ղրղըզստանում՝ 973, Ղազախստանում՝ 422 և Ուզբեկստանում՝ 2  «խեմշիլ» 3:

ԽՍՀՄ-ում բնակվող այս կրոնափոխ համշենցիների պատմությունն ու ազգագրությունը, բարբառն ու բանահյուսությունն ուսումնասիրելու համար քանիցս եղել եմ Ղազախստանում, Ուզբեկստանում և Ղրղըզստանում, ինչպես նաև Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի և Ապշերոնսկի շրջաններում, որտեղ Միջին Ասիայից սկսել էին տեղափոխվել նրանք: Ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների՝ Կրասնոդարի երկրամասում բնակվում են 1414 խեմշիլներ4, որոնք գրանցված են որպես առանձին ազգ:

Մեր զրույցների ընթացքում մեծահասակ համշենցիները երբեմն հիշում էին Հայոց ցեղասպանության դժնդակ օրերը, պատմում էին իրենց տեսած սարսափելի ողբերգությունների մասին: Ղրղըզստանի Օշի մարզի Կզըլ-Կիյա քաղաքում բնակվող Դուրսուն Կարաբաջակօղլին (ծնվ. 1905 թ. Աջարիայի Գոնիո գյուղում) 1984 թ. ինձ պատմեց, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ընտանիքը տեղափոխվել է քեռիների մոտ՝ Չանչախանա գյուղ (այժմ՝ Արդվինի նահանգի Խոփայի գավառի Չամուռլու գյուղ): 1915 թ. իրենց ազգականներից Օսման Մուսլօղլին, ցանկանալով հեռու մնալ պատերազմի թատերաբեմից, որոշում է Չանչախանայից ընտանիքով մեկնել Կոստանդնուպոլիս, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը նրա ողջ ընտանիքը սպանում են և նետում ծովը: Թուրքերն ասում էին, որ հայերին կոտորելուց հետո մահմեդական համշենահայերի հերթն է գալու, որովհետև, միևնույն է, նրանք հայ են:

Համշենցիների հանդեպ թուրքական բանակի վատ վերաբերմունքի մասին է վկայում նաև 1915 թ. Թիֆլիսի  «Հորիզոն» թերթում տպագրված  «Դէպի Խոփէ» հոդվածի հեղինակ Հ. Ավճյանը, որը Խոփայի գյուղերում զրուցել է համշենցիների հետ. «Հարցրի, թե թիւրք զօրքը ձեզ նեղութիւն տւաւ, երիտասարդ մը պատասխանեց թէ՝ «Հապա ախպար, մեր ունեցածը սրբեց տարաւ, բոլորը կերան, ո՛չ հաւ մնաց, ո՛չ էծ, էս ալ,- ցոյց տւեց իր հագին ունեցած պատառոտուն վերարկուն,- էնոնք ձգեցին՝ իմ նորը իրենք առին»:

Այն գիւղերը, որոնք գտնւել են թիւրք բանակի գծից դուրս, ազատ են մնացել ալան-թալանից…»5,- պատմում է հոդվածագիրը:

Այնուհետև Կարաբաջակօղլիների ընտանիքը տեղափոխվում է Տրապիզոնի վիլայեթի Թերմեի գավառակի քրիստոնյա համշենցիների Կոճաման-բաշի գյուղ, որի բնակիչներին աքսորել էին և կոտորել: Մի գիշեր նրանց տուն են գալիս չորս հայեր և ասում, որ լեռներում փրկված հայեր կան և գյուղ են իջել նրանց համար ուտելիք տանելու: Դուրսունի հայրը՝ Աբդուլան, նրանց պատմությունները լսելով, արտասվում է և նրանց է տալիս մի կով, ուտելիք, անհրաժեշտ պարագաներ: Հաջորդ օրը այդ մարդիկ վերադառնում են, իրենց հետ բերում են մի կնոջ՝ երկու երեխաներով, խնդրում, որ նրանք մնան այդ տանը, իսկ իրենք կրկին բարձրանում են լեռները: Որոշ ժամանակ միասին բնակվելուց հետո Կարաբաջակօղլիներն ասում են, որ անմեղ զոհված հայերի տանը չեն կարող ապրել և վերադառնում են Գոնիո, իսկ հետագայում իմանում են, որ գյուղում մնացած այդ կնոջն ու երեխաներին թուրքերը սպանել են:

Ղազախստանի Չիմքենդի մարզի Չիրկինո գյուղում 1984 թ. հանդիպեցի Իսխակ Կարաիբրահիմովին (տոհմական անունը՝ Ջէրմըգցի, այսինքն Ճերմակյան, ծնվ. 1888 թ. Աջարիայի Գոնիո գյուղում), որը եղել է մեծահարուստ և ճանաչված ընտանիքի զավակ: Նա ինձ պատմեց, որ Ցեղասպանության տարիներին ապաստան է տվել Արդվինից և այլ վայրերից փախած 18 հայի, որոնց այնուհետև անտառներով անցկացրել է ապահով վայրեր:

Չիրկինոյում հանդիպեցի նաև Խաուլա Կարաիբրահիմովային (օրիորդական ազգանունը՝ Շաբանօղլի, ծնվ. 1898 թ. Խոփայի գավառի Չավուշլու գյուղում ), որը տեսել էր, թե ինչպես էին թուրքերը Արտանուջի հայերին բարբարոսաբար սպանում: Նա պատմում էր և ձեռքերը ծնկներին տալով արտասվում, զգացվում էր, որ տասնամյակներ առաջ տեղի ունեցած ողբերգությունը խորապես ցնցել էր նրան, և նա անընդհատ կրկնում էր.

-Էրօնդ-էրօնդ ախչըգէնին կուլանի (Սիրուն-սիրուն աղջիկներն արտասվում էին):

Նա պատմեց, որ տեսել է, թե ինչպես էին թուրք զինվորները տեղափոխում հայերից թալանած հարստություններն ու սննդամթերքը, թե ինչպես էին արտանուջցիներին, որոնք որպես քաղաքաբնակներ գեղեցիկ և թանկարժեք շորեր էին հագել, զինված թուրքերը խումբ-խումբ տանում Արտանուջի  Ջեհեննեմ դերե (Դժոխքի ձոր) կոչվող կիրճի ժայռից ցած նետում: Նա ասաց, որ շատ հայերի էլ տանում էին Ճորոխ գետը գցում: Նա պատմեց, որ երբեմն կրոնափոխ համշենցիների էլ էին տանում, բայց հետո իմանալով, որ իսլամ են, բաց էին թողնում, և նրանք վերադառնում էին: Ինքը երիտասարդ աղջիկ է եղել և մորը հարցրել է, թե ինչու են այդ հայերը արտասվում, մայրը պատասխանել է, որ նրանց տանում են խեղդելու:

Արդահանի  լեռներում գտնվող համշենցիների Բիլբիլան (պլպլան, փայլփլուն) կոչվող սարատեղից Արտանուջ քաղաք գնալու ճանապարհին 2010 թ. անցա Ջեհեննեմ դերեի կիրճով, որի երկու կողմերում վեր էին խոյանում ահասարսուռ ժայռեր: Երբ Ջեհեննեմ դերեում իմ համշենցի ընկեր՝ ստամբուլաբնակ երգիչ Հիքմեթ Աքչիչեքին (ծնվ. 1963 թ. Խոփայի գավառի Ուչքարդեշ գյուղում) պատմեցի Ղազախստանում Խաուլա Կարաիբրահիմովայից լսածս, ասաց, որ պատանի տարիներին ինքն էլ է նման պատմություններ լսել: Նա պատմեց, որ 1970-ական թվականներին սարատեղից գալիս իր հեռավոր ազգականը՝ Հաջի Գադիրը, որն ապրում էր Յոլդերե (Զուրբիջի) գյուղում, իրեն պատմել է հետևյալը: 1921 թ. հետո, երբ համշենցիների գյուղերը Խորհրդային Միության և Թուրքիայի սահմանով բաժանվեցին, դեռևս մի քանի տարի տեղական իշխանությունների տված փաստաթղթով կարելի էր սահմանի մյուս կողմում մնացած ազգականներին այցելել: Երբ Գադիրի կինը հիվանդանում է, նրան տանում են Բաթումի հիվանդանոց: Բժշկուհին, լսելով Գադիրի և կնոջ խոսակցությունը, հարցնում է, թե համշենցի՞ են: Իմանալով, թե ովքեր են, ասում է, որ ինքն ու այդ հիվանդանոցում բժիշկ աշխատող ամուսինը Արտանուջի ջարդերի ժամանակ ձեղնահարկում թաքնվելով փրկվել են, մյուսներին սպանել են կամ Ջեհեննեմ դերեի ժայռից գցել: Նա բացատրել է իր տան տեղը և Գադիրին խնդրել է, որ սարատեղ գնալիս անպայման Արտանուջում կանգնի այդ տան մոտ ու տանտերերի կարոտած աչքերով նայի տանը, թե չէ Գադիրի կնոջն այդքան օգնելը հարամ կլինի ու ինքն էլ կանիծի նրանց: Վերադարձից հետո Գադիրը կատարել է բժշկուհու խնդրանքը, գնացել, երկար նայել է նրա որբացած տանը:

Արտանուջ քաղաքի հայերի կոտորածի մի արձագանք էլ գրառել եմ Խոփայի գավառի Քեմալփաշա ավանում: Շինանյութի խանութի աշխատակից Իսմեթ Աքչիչեքը (ծնվ. 1963թ.) 2011 թ. պատմեց, որ 1990-ական թվականներին վարորդ է աշխատել: Մի անգամ Թբիլիսիում ապակի է բարձել Արդվին տանելու համար: Բեռի տերը թբիլիսցի գործարար հայ կին է եղել: Երբ հասել են Թուրքիայի սահմանին, կինը հրաժարվել է Թուրքիա գալ, ասել է, որ թուրքերն իր արտանուջցի նախնիներին Ջեհեննեմ դերեից ցած են գցել, ինքը թուրքերին չի սիրում ու սահմանը չի անցնի: Այդտեղից վարորդն առանց նրա է բեռներն Արդվին տարել:

Ջեհեննեմ դերեի սարսափների մասին մեկ վկայություն էլ գրառել եմ 2013 թ. Խոփա քաղաքում: Պատմողը «Բիր յաշամ» ամսագրի խմբագիր Ջեմիլ Աքսուն էր, ծնված 1977 թ. Խոփայի գավառի Բաշոբա (նախկին Խիգո) գյուղում: Նա ասաց, որ երբ 14-15 տարեկան էր, մի օր պապը՝ Մեհմեթ Աքսուն (ծնվ. 1900 թ. Խիգո գյուղում), ասաց, որ երբ ինքը Ջեմիլի տարիքին էր, ականատեսել է եղել, թե ինչպես էին թուրքերը մի խումբ հայերի դաժանորեն ծեծելով, հայհոյելով, քարշ տալով տանում Ջեհեննեմ դերեի ժայռից ցած նետելու: Դիմադրողներին գնդակահարում էին, մյուսներին վայրագորեն ծեծում: Մարդիկ չէին հասկանում, թե իրենց հետ ինչու էին այդպես վարվում: Կարծես աշխարհի վերջը լիներ: Երեխաները լալիս էին, մայրերը կիսախելագար աղաչում էին: Եվ այն ժամանակ դեռ պատանի իր պապին ցնցել է մի պատկեր, որը նա  ամբողջ կյանքում չէր մոռանում: Մի հղի կին, որի փեշերից կառչել էին երկու երեխաները, ողբաձայն աղաչում էր, որ միայն իրեն գցեն ժայռից, բայց զինվորները կարծես հենց այդ աղաչանքին ի հեճուկս, մոր աչքերի առաջ ժայռից ցած են նետում երեխաներին, հետո էլ նրան:

Այդ ահավոր կոտորածից հետո դեռ մի քանի օր ժայռի ստորոտից լսվում էին ջարդուփշուր եղած մարդկանց աղիողորմ ձայները: Այդ պատճառով էլ ժայռը ստացավ Սեսլի քայա (Ձայն հանող ժայռ) անունը: Ջեմիլի պապն ասել է, որ Ջեհեննեմ դերեի և շրջակայքի բոլոր քարանձավներում հայերի շատ ոսկորներ կան: Պապն ասել է նաև, որ «մենք հայ ենք, սակայն վաղուց մահմեդականություն ընդունած լինելու պատճառով այլևս հայերի հետ կապ չենք ունեցել, և պետությունն այդ պատճառով մեզ չի կոտորել»:

Ջեմիլն ասաց, որ իր հայրը՝ Ֆահմի Աքսուն (ծնվ. 1934 թ. Խիգո գյուղում), նույնպես իր մեծերից շատ պատմություններ է լսել հայերի կոտորածների մասին: Ամեն տարի Բիլբիլան գնալիս-գալիս Ջեհեննեմ դերեի և Սեսլի քայայի մասին զրույցները կրկնվում են, նոր սերնդին փոխանցվում:

Այս պատմությունները լսելուց հետո որոշեցի ճշտել, թե Ջեհեննեմ դերեի ողբերգության մասին արդյոք չի՞ գրել ժամանակի հայկական մամուլը, և ինձ հաջողվեց գտնել մի քանի հրապարակում: Ներկայացնում եմ դրանցից մեկից՝ 1915 թ. «Հորիզոն» թերթում տպագրված Ս. Բռունեցու «Դժոխքի ձորը» հոդվածից մեկ քաղվածք, ինչը լիովին հաստատում է համշենցի հայերի պատմածը.«Կանգնած էինք այդ չարագուշակ ձորի այն բարձրութեան վրայ, որտեղից թիւրքերը անդունդն են գլորել 110 հայերի: …Ճիշտ այստեղից, ուր կանգնած էինք, 65 հոգի, թոկերով կապւած միմեանց, հրւել են անդունդի խորքը: Դեռ արեան հետքերը նկատելի են… Անցնում ենք հարաւային կողմը, նոյնպէս մի ահռելի բարձրութիւն, ուսկից գլորել են երկրորդ խումբը՝ թւով 30 հոգի, դարձեալ արեան հետքեր… Անտանելի զիգզագներով իջնում ենք դէպի ձորը… Քիչ անցած հանդիպում  ենք առաջին խմբի եղբայրական գերեզմանին»6:

 

1. Մելիքզադե, Մինչև երբ, Մշակ,  Թիֆլիս, 1880, N 121:

2. Николай Бугай, Аскарби Гонов, Кавказ: Народы в эшелонах (20–60–е годы), Москва, ИНСАН, 1998, с. 213–214.

3. Виктор Земсков, Спецпоселенцы в СССР, 1930–1960, Москва, Наука,  2005, с. 213–215.

4. Итоги Всероссийской переписи населения 2010 года. Население по национальности и владению русским языком по муниципальным образованиям, с. 21.

5. Յ. Աւճեան, Դեպի Խոփէ, Հորիզոն, Թիֆլիս, 1915, 19 մարտի, N 62:

6. Ս. Բռունեցի, Դժոխքի ձորը, Հորիզոն, 1915,  28 ապրիլի, N 91:

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք