Արձագանք Ազգային ծրագիր խորագրին

20143009164741751

Ընտրանք

 

Յուրաքանչյուրը կարող է ընտրել ու ստանալ Ford-T,

ցանկացած գույնի,

պայմանով, որ դա լինի սև:

Հենրի Ֆորդ

 

Գաղափարի մեխանիկան

 

Սկզբում ի հայտ են գալիս գաղափարները: Հետո դրանք սկսում են ընկալվել, գիտակցվել և ընդունվել՝ ելնելով արդեն ձևավորված դիրքորոշումներից: Գաղափարներն ընդունողները կազմում են խումբ: Այդ խումբը չի համընկնում ամբողջի հետ: Եթե համընկնում է, ապա գաղափարը կամ ակնհայտ տափակաբանություն է, կամ էլ հանրահայտ իրողություն:

Հնարավոր է աշխատել /վերլուծել, գնահատել, որոշում կայացնել/ միայն այն գաղափարների հետ, որոնք բավարարում են առնվազն երկու պայմանի՝

1. Հստակ հայտնի է այն խումբը, որն ընդունում է գաղափարը,

2. Այն չափելի է:

Ընդ որում, չափելի ասելով մենք նկատի ունենք ոչ թե գաղափարի ռացիոնալության աստիճանը, այլ տվյալ խմբի կողմից դրա ընդունման, հասկանալիության, գիտակցվածության, նվիրվածության չափելիությունը:

Մարդկությանը հայտնի ամենանշանակալից գաղափարը՝ Քրիստոսի ուսմունքը, նույնպես այս կերպ է նվաճել աշխարհը:

Սա է գաղափարի մեխանիկան, և, ինչպես նկատում ենք, բավական պարզ է հանճարեղին մոտ լինելու համար:

 

Ամենամեծ խումբը

Գաղափարի հասարակական ազդեցության բարձրագույն աստիճանը կարող է ձևավորվել ողջ հասարակության կողմից այդ գաղափարի ընդունման պարագայում, որը գործնականում հնարավոր չէ: Սակայն, բարեբախտաբար, գոյություն ունի գաղափարի ընդունման ներքին սահման, որն ապահովում է բարձրագույն ազդեցության նույն աստիճանը: Դա ազգային էլիտան է՝ վերնախավը: Ֆրանսիացի նշանավոր հոգեբան Ֆոյեն պնդում է, որ նույնիսկ ազգային բնավորությունը որոշողը վերնախավն է: Սա էապես դյուրացնում է խնդիրը: Ամենակարևորը ազգային վերնախավի քանակական ու հատկապես որակական պարամետրերը՝ բնութագրական չափորոշիչները, իմանալն ու գնահատելն է: Հասարակության լայն շերտերը ոչ կարող են, ոչ էլ նույնիսկ անհրաժեշտ է, որ հասկանան ազգային գաղափարը: Վերնախավը վերաձևակերպում է գաղափարը՝ ներկայացնելով այն որպես Գլխավոր խնդիր: Այս տեսքով ու այսպիսի ձևակերպմամբ այն կարող է հասկանալի ու ընկալելի լինել ողջ հասարակությանը: Այսպիսի հստակությունն անհրաժեշտ է՝ հասկանալու Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին այլընտրանքը:

Ազգային գաղափարին վերաբերող խնդիրը վերնախավի պարտավորությունն է, իսկ պետության գլխավոր խնդիրն ու մյուս խնդիրները՝ ողջ հասարակության:

 

-Ի՞նչ ենք մենք ուզում:

-Աստված գիտի:

 

Եթե կա գաղափար, անհրաժեշտ են գործիքներ: Երբեմն, ճակատագրորեն, շփոթում ենք դրանք:

1779 թ., երբ ֆրանսիացիներն ընդունում էին «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», արդեն ունեին իրենց փիլիսոփայությունն ու պատմությունը, մշակույթն ու գիտությունը, ավանդույթներն ու ազգային ընդհանրությունը: Հռչակագիրն այդ ամենի դրսևորումն էր: 200 տարի հետո՝ 1990 թ. ընդունելով «Անկախության հռչակագիրը», մենք ևս քիչ բան չունեինք, ավելին՝ ունեինք հենց նույն ֆրանսիացիների ու մյուս ժողովուրդների փորձը: Թվում էր՝ այդ ժամանակ մենք համաձայնության էինք եկել, որ ժամանակակից քաղաքակրթության հիմնարար արժեքները ֆրանսիական հեղափոխության գաղափարներն են: Թվում էր, որ նախագիծն արժեքավոր է, ու մենք այդ փաստաթղթով սկսեցինք նոր պետական շինարարությունը, ընդ որում, սկսեցինք բավարար հուզական վերելքով: Եվ ահա քառորդ դար հետո մենք հայտնվել ենք այստեղ: Այստեղն ինձ դուր չի գալիս, բայց սա ոչինչ: Վատն այն է, որ այստեղը Ձե՛զ դուր չի գալիս: Բանն ի՞նչ է, կարծես ամեն ինչ արել ենք լավագույնների օրինակով:

 

Դիտարկենք աշխարհի ճակատագրում զգալի դերակատարություն ունեցող մի քանի պետությունների օրինակներ:

Գերմանիա — Deutschland, Deutschland uber alles, uber alles in der Welt՝ Գերմանիան վեր է ամեն ինչից, վեր ամեն ինչից աշխարհում: Սա «Գերմանացիների երգի» առաջին տողն է, որը գրվել է 1841 թ.: Հետագայում այն դարձել է գերմանական գրեթե բոլոր պետությունների հիմնը: Համեմատեք Մեր հայրենիք, ազատ անկախ տողի, նույնիսկ ողջ տեքստի հետ: Մի՞թե ահռելի չի զգայական ազդեցության դինամիկական տարբերությունը: Եթե ավելացնենք նաև երաժշտության ուժը, պատկերը կատարյալ հստակ կլինի:

Չինաստան — Այս երկնքի տակ միայն Չինաստանն է:

Ճապոնիա — Չկա ավելի վեհ բան, քան Ճապոնիան ու ճապոնացիները: Այն պահպանելու համար մենք կաշխատենք ժրաջանորեն:

Բրիտանիա — Առաջվա պես աշխարհը պտտվում է մեր շուրջը:

ԱՄՆ — Հաշվի առնելով այս երկրի յուրօրինակությունը՝ այնտեղ ծնված յուրաքանչյուր ամերիկացի այնուամենայնիվ համարում է, որ ԱՄՆ նշանակում է ազատություն, իսկ վերնախավը գիտի, թե ինչու գոյություն ունի ԱՄՆ-ը՝ լինել առաջինն ամեն ինչում:

Ի դեպ, համացանցում կան պետական հիմների top 10-երի բազմաթիվ վարկանիշային ցուցակներ: Վերը նշված երկրները ընդգրկված են բոլոր ցուցակներում: Այդ ցուցակներում են նաև Ֆրանսիան, Իտալիան, Հարավային Կորեան, Բրազիլիան: Առաջին տեղում համարյա միշտ Ռուսաստանի կամ ԽՍՀՄ հիմնն է:

Համապատասխան պահին երկրների վերնախավը վերը նշված գաղափարները դարձրեցին իրենց ազգի Գլխավոր խնդիրը: Մնացածը հեշտ էր իրականացնել:

Այս օրինակներն արտահայտում են վերաբերմունք. հենց պետության հանդեպ և ոչ բուն ազգայինի կամ ազգի: Դրանց կրողներն արդեն անցել էին այդ փուլը՝ գաղափարները կարող են ազգին համախմբել ուժեղ ու արդյունավետ պետություն կառուցելու համար: Նրանք՝ վերնախավն ու ազգը, համատեղ ցանկանում էին կառուցել հենց այդպիսի պետություն: Վստահորեն կարող ենք պնդել, որ այդ երկրների վերնախավերը չեն սխալվել Գլխավոր խնդրի հարցում: Նրանք ընտրել են այն:

Հասկանալի է, որ գնահատականները սուբյեկտիվ են: Հավակնություն չունենք այլ ազգերի փոխարեն ձևակերպելու նրանց Գլխավոր խնդիրը, մանավանդ որ դրանք պաշտոնապես չեն հռչակվում: Բերված օրինակների կոռեկտության չափանիշը Գլխավոր խնդրի գոյությունն է, իսկ գնահատման հարցում մենք իրավունք ունենք նաև սխալվելու:

Այժմ արդեն կարելի է հասկանալ մեր երկրի այստեղ-ի պարադոքսը՝ մեր երկրում ձևակերպված չէ Գլխավոր խնդիրը՝ ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում ունենալ ապագայում: Իսկ ձևակերպված չէ, որովհետև վերնախավը չի գիտակցել ազգային գաղափարը:

«Լիբերալների» վարկածները հետաքրքիր չեն, պարզունակ են ու ոչ արդյունավետ: Ավելի հաճախ դրանք  վնասակար են: Ասենք, ի՞նչ արժե սեփական ժողովրդին կոչ անել մի քսան տարում կառուցել Շվեյցարիա: Այն խելացի մարդու համար, որին գաղափարը դուր է գալիս, այս ու այս տիպի կոչերի հետևանքը կարող է միայն մեկը լինել. ինչո՞ւ սպասել քսան տարի, առաջին իսկ հնարավորության դեպքում հարկավոր է մեկնել այնտեղ: Մի՞թե այժմ դա չի տեղի ունենում: Էլ չենք խոսում այն մասին, որ նույնիսկ հաջողելու դեպքում 20 տարի հետո մեր Շվեյցարիան նույնքան հեռու կլինի իսկականից:

 

Գնահատականների ողջ սուբյեկտիվությամբ հանդերձ, ակնհայտ է, որ ազգային գաղափարը ազգայնական տիրույթում է:

Այն, ինչ մենք ձեռք ենք բերել այս քառորդ դարում, լավագույն դեպքում գործիքներ են: Գործիքներից շատերը լավագույններից են, բայց միայն այդքանը: Մենք դարձել ենք այդ գործիքների գերին: Մենք նմանվում ենք այն լեռնցուն, որն իմանալով միլիոն արժեցող սուզանավի՝ հարյուրով վաճառվելու մասին՝ գնում է այն ու տուն բերում: Պարզ չէ՞, որ կինը կխոսի վրան, իսկ համերկրացիները կարող են և ծաղրել, եթե նա չկարողանա խելքը գլխին բացատրություն գտնել:

 

Ընտրանքի գինը

 

Քիչ է այն, ինչ տրվում է մարդուն ի վերուստ, մեր կամքից անկախ՝ Հայրենիք, ծնողներ, սեռ, ազգային պատկանելիություն, մանկապարտեզ, գուցե դպրոց և այլն: /Սեռի և ազգային պատկանելիության ընդգծումը գիտակցված է: Ինչևէ/:

Մնացածը մարդն է ընտրում: Ողջ կյանքի ընթացքում մենք մշտապես կանգնած ենք ընտրության առջև: Մենք ընտրում ենք կոշիկ ու մասնագիտություն, ամուսին ու կրոն, պատգամավոր ու գուլպաներ, ապրելու վայր ու հեռախոս… Որքան էլ կանոնակարգենք մեր կեցությունը, մեկ է, չենք կարող խուսափել մշտապես ընտրություն կատարելու պարտադրանքից: Երևի հենց ընտրությունն է ուղեղի գոյության ձևը:

Մեր բազմադարյա պատմության ընթացքում մենք բազմաթիվ ընտրություններ ենք կատարել այս կամ այն բանի, սրանց կամ դրանց միջև: Այդ ընտրությունների համար որպես դրդապատճառ ու հիմնավորում են հանդիսանում կամ սեփական, գիտակցված նպատակներին հասնելու անհրաժեշտությունը, կամ էլ այս կամ այն վտանգից խուսափելու ձգտումը: Այդպես վարվում են բոլորը, և այստեղ մենք բացառիկ չենք: Այլ բան է, որ մեր դեպքում որակական ու քանակական գերակշռություն ունի ընտրության երկրորդ դրդապատճառը: Զգալի գերակշռություն: Հասկանալով և նույնիսկ ընդունելով ընտրանքի անհրաժեշտությունը՝ մենք չենք կարողանում խուսափել հոգին կրծող այն զգացողությունից, որ այս անգամ ևս դա լավագույն լուծումը չէր: Կարելի էր վարվել այսպես, այսպես և այսպես: Ամեն անգամ կանգնելով պարտադրված ընտրության առջև՝ մենք ստիպված ենք լինում որոշումն ընդունելուց հետո միայն հիմնավորումներ գտնել: Բայց մեր անձնական փորձից գիտենք, չէ՞, որ ինքնախաբեության հավանականությունն այստեղ մոտ է ամբողջին: Արդարանալու պահանջը կենսական է:

 

Այսօր մեր հասարակական-քաղաքական գիտակցության մեջ արմատական նշանակություն ունի Ղարաբաղի խնդիրը: Հասարակական ընկալման տեսակետից վերաբերմունքը թվում է բնական: Առկա են հետևյալ հիմնական մոտեցումները.

ա) Խաղաղությունը լավ բան է, մենք ամեն ինչ կանենք պատերազմ թույլ չտալու համար: Մինչև չլուծվի այս հարցը /կարևոր չէ ինչպես/, մոռացեք լավ ապրելու մասին,

բ) Խաղաղությունը լավ բան է, սակայն Ղարաբաղը չենք զիջի: Հանուն խաղաղ կարգավորման կարող ենք գնալ զիջումների, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պատերազմի,

գ) Այդ հարցը լուծված է վերջնականապես: Արյունով նվաճված հողը առևտրի ենթակա չէ:

Կապելով այս հարցը կեցության հետ, անկախ նրանից՝ հնչում է այն որպես օբյեկտիվ բացատրություն, թե սուբյեկտիվ արդարացում, հասարակական գիտակցության մեջ այն կարող է ընկալվել որպես «բալաստ»:

Մինչդեռ իրականում Ղարաբաղի խնդիրն Աստծո պարգև է:

Ուրիշ հարց է, թե ինչպես կարելի է օգտվել այդ պարգևից: Թվում է՝ որպես պետության գլխավոր խնդիր N /1, 2, 3…./, կարելի է դիտարկել հետևյալ ձևակերպումը՝ Ղարաբաղի խնդիրը պարգև է մեզ համար:

Մի՞թե Ղարաբաղի շնորհիվ չի ստեղծվել մեր բանակը, որին հարգում են ողջ աշխարհում, մի՞թե այն էապես չի լուծել պետության ճանաչելիության խնդիրը, մի՞թե դրա շնորհիվ չի ձևավորվել մեր ազգային հպարտության նոր մակարդակը, մի՞թե այն չի նպաստել ազգային ինքնության հստակեցմանն ու չի արթնացրել մեր և օտարների կողմից վաղուց կորսված հայի՝ որպես արժանապատիվ ու հպարտ ազգի ընկալման զգացողությունը: Մի՞թե այլ պարագայում մեր հարևանները կդադարեին մեզ դիտարկել որպես… հավանական զոհ: Որոշիչն այն է, որ Ղարաբաղի խնդրի՝ որպես պարգևի ընկալումը ոչ թե քարոզչություն է, ինչը նույնպես ընդունելի և օգտակար կարող էր լինել, այլ ճշմարտության բացահայտում: Այսպիսի մոտեցումը լիովին տեղավորվում է իրերի բնական դասավորության շրջանակներում՝ պատերազմ-հաղթանակ-պտուղներ:

Մինչդեռ ա, բ, գ մոտեցումներից և ոչ մեկը չի պարունակում դինամիկա ու հնարավորություն չի տալիս անցում կատարել դեպի պտուղները: Պատերազմ-հաղթանակ՝ և մենք կանգ ենք առել:

 

Երբ հասարակական գիտակցության մեջ արմատավորվի այս գաղափարը, մենք զգալիորեն կբարելավենք ճիշտ ընտրություն կատարելու մեր հնարավորությունները: Մեր ազգային վերնախավը, որն այսօր հասարակական գիտակցության մեջ, ցավոք, ասոցացվում է այդ գրողի տարած  արտահայտության հետ, ձեռք կբերի ձևի ու բովանդակության բնական ներդաշնություն: Այն ունակ կլինի հասկանալու գլոբալ աշխարհն ու արժանապատվորեն կիրականցնի իր գործառույթը՝ պատասխանատվություն ամեն ինչում՝ ազգային գաղափարից մինչև իմ ու ձեր երեխաների երջանկություն: Սա է ընտրանքի գինը:

 

 

 

Անդին 5, 2014

Share

Կարծիքներ

կարծիք