Ապրիլի 25. Գանգրահեր տղա

Հեղինակ:

20151711132531645

Ապրիլի 24

Մեր ցեղաջնջման փորձի դաջվածք-խորհրդանիշ: Հռոմի պապի անկեղծ ապրումակցում մեզ՝ որպես անքննելի Նարեկացու անիմանալի ժառանգների:

Ածխաթույր Օբամա անվանյալ աշխարհի նորաթուխ կիսապետի թե միապետի հմայական շուրթերից շնչակտուր ակնկալվող ցեղասպանություն բառն անպայման արտասանված տեսնելու համազգային երազանք և հերթական երազախաբություն:

Խստաժպիտ և շեկերջանիկ Պուտին հյուսիսային ցարի բաղձալի հայտնություն  հայոց քարակերտ երկնքում անիմաստ թևածող հայոց երբեմնի պայծառ Ծիծեռնակների Բերդի այլևս մահընծա հուշակոթողում:

Վիլսոնի Իրավարար վճռի հուշերով տաքանալու մասին իրավացի, բայց անիրավունք մնացող հոխորտանք ուսյալ հայորդիների կողմից:

Ռուբենի, Ատոմի, Դանիելի ու Գրիգորի և նրանց ընկերների նահատակման ափսոսանք, ճակատագրով հայ ծնված պարմանիների ամառային վերադարձեր անճանաչ ու միայնակ Հայաստան՝ որպես թե հայրենի տուն՝ այստեղ ոչինչ չանելու, այսինքն թե՝ նորից հարյուրամյա ցավի շուրջ կամ այդ ցավի վրա մասիսաշունչ փառերգերով ու ճամբարային վրանների մոտ եռագույն խարույկներով զորանալու ցուցք-խանդավառություն:

«Մտավորական» հորջորջվածներիս համընդհանուր հոգևոր պարապուրդ ու մտքի ծուլություն՝ իբրև դառը հիշողության բեռ թոթափելու թուլակամ փաստարկ:

Մաշտոցյան տառերով վատ գրած գրքերի, անմեղսունակ երգերի ու ոչնչի մասին պատմող ֆիլմերի մեջ վաղուց սնամիջված ազգային նշանների պեղում՝ քառակուսի բաժակաճառեր ներբողելով ապիկար արվեստասպաններին:

Տնավարի զրույցներում միմյանց ակնհայտ թերիները որպես հույժ բացառիկության հռչակում՝ դրանցով նաև հրճվելով ու դրանցով առաջնորդվելով:

Բաղրամյան փողոցում առաքինի ինքնության դրոշ պարզած երիտասարդների պոռթկման մեջ հերթապահ համաշխարհային դավերի փնտրտուք՝ հանց մութ սենյակում սև կատու որոնելու կրավորական սովորույթ:

Հանրային փառքի դափնիները ջահելներից հետ նվաճելու ողորմելի ճիգեր և իշխանավորին ու հաջողակին գահընկեց տեսնելու մարմաջ նաև քաղաքական այրերի՝ իրականության գնացքից ուշացած ճամփորդների կողմից:

Հոգևոր այրերի մշուշապատ աղոթքներ՝չգիտես ուղղված Աստծո՞ւն, թե՞ նրան ամեն օր սպանող Ոսկե հորթին:

Հրավեր օտարներին Ցեղասպանության թանգարան այնպես, ասես հայրենի օջախում սպասված հյուրերին, և անթաքույց հորդոր նրանց՝ մասնակցելու տիեզերքի հոգեհանգստին, իսկ իրականում՝ մեզանից յուրաքանչյուրի հուղարկավորությանը… և դրանից չգիտես երբվանից և չգիտես ինչու հպարտություն ապրելու խենեշ երջանկություն:

Սա չէ՞ Ապրիլի 24-ը:

 

 

Ապրիլի 25

Մեր ժողովրդի մահվան ու կյանքի սահմանագիծ, որից անդին երկու ելք կա՝ կամ շարունակել մատաղացու գառան մայունով ավելացնել մերու աշխարհի ցավը, կամ վերադառնալ ապագա, այն ապագան, որն ընդհատվեց անցյալում և աղերսում է մեր՝ այսօրվա՛ ջահակիրներիս աջակցությունը:

Անցյալում կիսատ մնացած գալիքը տեսնում էր Չարենցը՝ Գանգրահեր տղայի բնազանցական կերպարով: Արևակերպ էր Գանգրահեր տղան… Մեկը, որ չէր եղել, չկար, բայց պիտի հառներ այդ նույն չգոյությունների անշոշափելի խորքերից:

Իսկ արդ որտե՞ղ է նա, ազգային ենթաինքնության ո՞ր ծալքի տակ:

Պատասխան:

Ո՛չ մի տեղ էլ մի փնտրեք նրան: Նա հենց մե՛նք ենք, որ կանք, հենց այսօր, հենց այս պահին անվերջ սխալվող ու անդադար երազող հայերս: Հարկ է միայն սոսկ բացել մեր հոգու դռները մեր իսկ առջև և տեսնել մեզ: Ոչ թե օրավուր և ամենուր բարձրացող տաճարներում դեղին մոմերը ձեռքներիս ապաշավենք ու ապաշխարենք՝ ակնկալելով հանկարծահաս փրկություն Բարձրյալից, այլ որոշենք նախ ինքներս բարձրացնենք մեզ մեզանից:

Իսկ կարո՞ղ ենք…

Պատասխան:

Եթե կարողանում ենք որևէ կամայական վայրում որևէ չնչին դուքան մեկ-երկու ամսից օտար տարածքի օազիսը դարձնել, եթե կարողանում ենք անելանելի իրավիճակներում օրվա հացը տարիների ապրուստ դարձնել, եթե կարողանում ենք աշխարհի խելացիների հետ մրցել անխտիր բոլոր ասպարեզներում և հաճախ հաղթել նաև, ինչո՞ւ չպետք է կարողանանք Գանգրահեր տղային փրկել ու բազմեցնել հենցնույն աշխարհի գահին:

Խնդիրը, սակայն, այն է, որ այս անգամ մեր առջև կանգնած է անհամեմատ զորեղ, անհամեմատ դաժան թշնամի՝ ՄԵ՛ՆՔ:

Եկեք առաջին անգամ ձեռք բարձրացնենք մեզ վրա. դիմենք փրկարար ինքնասպանության և կատարենք երբևէ մեր իսկձեռքով ոչնչացրած մեհենագրերում ածխացած, բայց տիեզերական համացանցում ծրագրավորված, հետևաբար՝ պահպանված պատգամը:

Այդ փրկարար պատգամի միայն ծածկագիրն է հայտնի՝ Գանգրահեր տղա:

Իսկ տեքստը պետք է վերծանենք բոլորս՝ բոլորիցս յուրաքանչյուրը և ամենակարևորը՝ յուրաքանչյուրս որպես բոլոր:

Հենց նոր տիեզերական համացանցից մի հուշող ուղերձ եկավ՝ Գանգրահեր տղան ծնվել է Ապրիլի 25-ին:

 

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք