Աշխարհի վե՞րջը, թե՞ վերջինների աշխարհը

20141011121926788

Մեր հարևանությամբ ապրող միջին քաղաքացին Արմագեդոն անունը լսելիս այսօր աշխարհակործան աստղակերպ է պատկերացնում: Այն աստղակերպը, որը տիեզերքի խորքերից բերում է մեր աշխարհի ոչնչացումը: Այդպիսի պատկերացում ձևավորվել է արվեստներից ամենակարևորի ազդեցության տակ: Թեև դժվար է ասել, թե հիմա որն է արվեստներից ամենակարևորը: Գուցե չկա այդպիսին: Ինչևէ, Մայքլ Բեյի հիշյալ ֆիլմից հետո Արմագեդոն արմատով նոր արտահայտություններ ի հայտ եկան, որոնցում Արմագեդոնը ոչ այլ ինչ էր, քան ջարդելու, փշրելու ձև, գրեթե կարատեի կամ մի այլ մարտաձևի տեսակ:

Իրականում այդ անվանումը շատ հին ծագում ունի և հիշատակվում է դեռևս Նոր Կտակարանում: Դա այն վայրի անունն է, որտեղ ժամանակների ավարտին պետք է տեղի ունենա գոյություն ունեցող աշխարհի ամենավերջին պատերազմը չարի և բարու միջև, որտեղ Մեսիան պետք է պարտության մատնի հակաքրիստոսին, և մեր աշխարհն այսօրվա տեսքով ու բովանդակությամբ պիտի դադարեցնի իր գոյությունը: Այդպես է պնդում Նոր Կտակարանը…

Տիեզերքի առաջացման ժամանակակից պատկերացումները պնդում են, որ այն ծնունդ  է առել Մեծ պայթյունի հետևանքով, որից առաջ չկար ոչ նյութ, ոչ տարածություն, ոչ էլ ժամանակ: Այսինքն՝ չկար ոչինչ, և ՙխավար էր ի վերա անդնդոց՚, թեև ի՞նչ ասել է խավար, եթե չկար ոչինչ: Բայց հարցն այլ է. եթե ժամանակը սկիզբ ունի, ապա պետք է նաև վերջ ունենա: Սա, այսպես ասած, տիեզերաբանական մոտեցում կարելի է համարել, եթե իրոք ճիշտ է այն, ինչ պնդում են Տիեզերքի արարումը Մեծ պայթյունով բացատրող գիտական այրերը:

Իրականում մարդ արարածն աշխարհի հնարավոր կործանման մասին վաղուց է մտածում: Շատ ավելի վաղուց, քան Ֆրեդ Հոյլը մի օր կատակով կհորիներ «Մեծ պայթյուն» գիտական եզրը: Երևի մտածել է այն պահից ի վեր, երբ գիտակցել է, որ կյանքը ժամանակավոր է ու կարող է ընդհատվել ամեն դատարկ բանի հետևանքով: Դա դեռ այն ժամանակներում էր, երբ մարդու աշխարհը հորիզոնի գծից այն կողմ չէր անցնում: Իսկ մարդկային մտածողության մյուս այլափոխումները, որոնք ի վերջո հանգեցնում են աշխարհի կործանման մտքին, կարող են ընթանալ ամենատարբեր ճանապարհներով: Մարդը կարող է մտածել, օրինակ, որ եթե կյանքն այս աշխարհում այդքան խոցելի է և կարող է ընդհատվել նույնիսկ ծիծաղելի պատճառներով, ապա ավելի նախընտրելի կլիներ, որ այդ ավարտը տեղի ունենար մեծ շուքով, մի համաշխարհային միջոցառման, ասենք, հենց աշխարհի կործանման հետևանքով:

Դժվար է համոզմունք հայտնել կիսատ-պռատ իմացածի մասին, բայց կռահելի է, որ բոլոր հին կրոնները որոշակիորեն անդրադարձել են աշխարհի վերջին: Հավատքն ամեն ինչին է վերաբերում՝ և արարմանը, և վախճանին: Այն, որ  Աբրահամական կրոններում չարի և բարու վերջնական կռիվը տեղի է ունենում հենց ժամանակների ավարտին, պարզապես այդ ընդհանուր միտումի մասնավոր արտահայտումն է: Սակայն Ավետարանում, որ վերագրվում է Հովհաննես Մարկոսին, խոսքը վերաբերում է ժամանակների գալիք ավարտի միայն: Այնտեղ աշխարհի վերջի ճշգրիտ ժամանակի մասին ոչինչ չկա: Միայն ասվում է, որ. «Այդ օրվա և այդ ժամի  մասին ոչ ոք չգիտե, ոչ երկնային Հրեշտակները, ոչ Որդին, այլ միայն Հայրը»:

Ուրեմն, ընդհանուր առմամբ, համոզված լինելով, որ մի օր գալու է աշխարհի վերջը, նույնիսկ Ավետարանը դրա ժամանակի մասին որոշակի ոչինչ չի ասում: Բայց դա էլ ոչինչ չի նշանակում, բացարձակապես ոչինչ: Աշխարհի վերջը բոլոր մարդիկ ընկալում են որպես ընկերովի մահվան տարատեսակ: Իսկ ընկերովի մահը, որքան էլ անցանկալի լինի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, հարսանիքի է նման: Եվ ահա, այդ ընկերովի հարսանիքը մարդկային առավել հաճախ քննարկվող հարցերի շարքին է դասվել մարդկության պատմության հիշելի բոլոր ժամանակներում: Եվ միշտ էլ գտնվել են մարդիկ, որոնք իրենց սեփական կյանքի ավարտը փորձել են միացնել համընդհանուր իրադարձությանը…

<<>>

2012 թ. դեկտեմբերին մարդկության զգալի մասը հերթական ալեկոծումն ապրեց: Հետո շատերը թեթևացած շունչ քաշեցին ու սկսեցին ուշացած կատակներ անել աշխարհի վերջի ու դրան հավատացողների մասին: Չնայած բազմաթիվ չարագույժ կանխատեսումներին, աշխարհը ևս մեկ անգամ չկործանվեց: Չգիտեմ՝ խոր հիասթափություն ապրողներ նույնպե՞ ս եղան, թե՞ոչ: Արդյոք որևէ մեկը մինչև հոգու խորքն այնպե՞ս էր հավատացել աշխարհի վերջին, որ հիասթափությունը ճակատագրական էր նրա համար: Չգիտեմ, կարծես նման բան չեմ լսել: Մի բան ակնհայտ է՝ այն ժամանակ վախը շատերին էր տիրել: Նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք արտաքուստ ծիծաղում էին աշխարհի վերջին սպասողների վրա: Իսկ հոգու խորքում այնուամենայնիվ կասկածի որդ էր շարժվում՝ իսկ եթե այդ ամենը ճիշտ է…

Հոգևոր էքստրիմի սիրահարները այս անգամ բավականին երկար ու հիմնավոր էին պատրաստվել մեր ծերացած աշխարհի վախճանի դրվագները դիտելու եզակի հնարավորությանը: Նույնիսկ խաղադրույքներ էին ընդունվում աշխարհի վերջի լինել-չլինելու կապակցությամբ: Բայց տոկոսադրույքները խիստ բևեռացված էին, և շահումներ կարող էին ստանալ միայն նրանք, ովքեր գումար էին դրել աշխարհի կործանման վրա: Նրանք, ովքեր պատրաստ էին խաղագումար դնել գրազի հակառակ նժարին, պարզապես մերժում էին ստանում: Երևի համարվում էր, որ եթե աշխարհը չկործանվի, ապա ամեն ոք արդեն մեծ շահումով դուրս եկած կլինի: Իսկ թե ինչպես էին ստանալու իրենց շահումները նրանք, ովքեր աշխարհի կործանման կողմն էին բռնել, ոչ ոք չգիտեր: Սպասումները հերթական անգամ չարդարացան, և այդ խնդիրն ինքն իրեն լուծվեց:

Այս արևի տակ ոչինչ նոր չէ: Ամեն ինչ եղել է բազմիցս ու շարունակում է կրկնվել: Դեռևս երկու հազար տարի առաջ Պաղեստինի Կումրանական համայնքը օր օրի սպասում էր, թե ուր որ է աշխարհի վերջն է գալու: Թերևս կրքերը պակաս բորբոքված չէին, քան մեր օրերում: Պարզապես չունեին տեղեկատվություն առաքելու և ստանալու այսօրվա հնարավորությունները: Դրանք չուներ նաև վաղ միջնադարի ֆրանսիական Թուր քաղաքի եպիսկոպոս Մարտին Ողորմածը, որը հետագայում սուրբ հռչակվեց և դարձավ Ֆրանսիայի կաթոլիկ հինգ հովանավորներից մեկը: Նա էլ, անհայտ պատճառներով, համոզված էր, որ 400 թվականին է գալու աշխարհի վերջը:  «Ոչ մի կասկած չկա, որ Հակաքրիստոսն արդեն ծնվել է»,- պնդում էր նա: Երբ եկավ նախանշած տարեթիվը, նա արդեն չկար: Նա իր մահկանացուն կնքել էր դրանից երեք տարի առաջ, երբ արդեն բոլորել էր ութսունը: Մահանալիս նա մտածո՞ւմ էր, որ շուտով ամբողջ աշխարհն է հետևելու իրեն, և այդ միտքն արդյոք խաղաղությո՞ւն էր բերում նրա հանգչող հոգուն…

Դրանից հետո մինչև քսաներորդ դարի սկիզբը առնվազն երկու տասնյակ անգամ մարդկությունը պատրաստվել է աշխարհի վերջին: Յուրաքանչյուր տարեթիվ, որը գուշակվել կամ հաշվարկվել էր այս կամ այն անհատի կողմից, միշտ էլ լրջորեն մեկնաբանվել է, ներկայացվել են այն պատճառներն ու նախանշանները, որոնք վկայում են աշխարհի գալիք կործանման մասին: Եվ մարդիկ կամ նրանց մի մասը հավատացել է, որ իրենք այս աշխարհի վերջին բնակիչներն են:

1000 թ. հունվարի 1-ը դրանցից մեկն էր, որը կապված էր նոր հազարամյակի սկզբի հետ, չնայած նոր հազարամյակն իրականում սկսվելու էր մեկ տարի անց միայն: Դժվար թե այն ժամանակ մարդիկ կարողանային գուշակել, որ նույն սցենարը տեղեկատվական բոլորովին այլ դաշտում կրկնվելու է ուղիղ հազար տարի անց:

1492 թվականին ևս աշխարհի վերջ էր սպասվում, որովհետև համարվում էր, թե մեր աշխարհն ստեղծված է 7000 տարով, իսկ այն լրանում էր հենց այդ թվականին, եթե հաշվում էին Ք.Ա. 5509 թվականից, որը, այսպես կոչված, Բյուզանդական թվագրության սկիզբ էր համարվում: Այսինքն՝ 1492 թվականին թվագրություն կամ օրացույց էր ավարտվում: Իսկապես այս արևի տակ նոր բան չկա: Մարդկությունը, եթե հավաքական անհատի ինքնություն ունենար, ավելի քան 500 տարի անց, 2012-ի դեկտեմբերին սպասելիս պետք է որ deja vu զգացած լիներ, անցյալից եկող զգայական պատկերների տեսքով: Չէ՞ որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին էլ ավարտվում էր մայաների օրացույցը, որը նույնպես աշխարհի վերջը գուժելու ծանրակշիռ փաստարկ էր համարվում մեր լուսավոր դարում:

Գուցե որոշ մեկնաբաններ կարող են 1492 թվականին հայտարարված աշխարհի վերջը իրականացած համարել: Չէ՞ որ հենց  այդ տարում հայտնագործվեց Նոր աշխարհը, որն Ամերիկա անունն ստացավ: Կամ ո՞վ ասաց, որ արդեն ինչ-որ մեկի գլխում միտք չի հղացել կամ չի հղանում աշխարհի արդեն որերորդ չհաջողված կործանումը մեկնաբանել կործանումների դեռևս չգիտակցված շարքի գոյությամբ: Թե դա ինչ բան է՝ ես չգիտեմ, բայց կգտնվի մեկը, որ այդպիսի մեկնաբանություն կտա, որպեսզի մեր կյանքն ավելի բազմազան ու խորհրդավոր դարձնի:

Դեռ շատ ժամանակ չի անցել աշխարհի վերջի հերթական տարեթվից, և մեր բոլորիս հիշողության մեջ, կամա թե ակամա, հառնում են այն ավերիչ հանգամանքները, որոնք պետք է կործանեին աշխարհը: Դրանց թվում էր նաև, այսպես ասած, մոլորակների շքերթը: Մարդկանց մեծ մասի պատկերացման մեջ շքերթը զինվորական տողանն է: Նրանք այն կարծիքին են, որ այդ դեպքում էլ մոլորակներն են Արեգակի հետ միասին շարվում մի ուղիղ գծի վրա: Իրականում դա այնքան էլ այդպես չէ: Այդ պատկերավոր ու նույնիսկ տոնական անունը տալիս են մոլորակների այն դասավորությանը, երբ վերջիններիս գոնե մի մասը դասավորվում է Արեգակի նկատմամբ միևնույն կողմում, ըստ որում՝ հնարավորինս փոքր անկյան մեջ: Շքերթին  «կարող է մասնակցել»  նույնիսկ ընդամենը երեք կամ չորս մոլորակ: Հասկանալի է, որ փոքր թվով մոլորակների շքերթն ավելի հավանական է և այդ պատճառով ավելի քիչ ուշադրություն գրավող: Բայց այստեղ կարևորն արդեն երևույթը չէ, այլ երևույթի վերաբերյալ ստեղծված կարծրատիպը:

Այս ամենի մասին գրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ հայտնագործեմ, որ պատմությունը կրկնվում է նորից ու նորից: 1774 թ. մայիսի 8-ը որպես աշխարհի վերջ էր գուշակել գերապատիվ հայր Էլկո Ալթան: Նա աշխարհի վերջը կապում էր չորս մոլորակների՝ Յուպիտերի, Մարսի, Վեներայի և Մերկուրիի, նաև Լուսնի շքերթի հետ: Սակայն աշխարհի վերջի նախորդ գուշակությունների նման, շքերթային ավարտը նույնպես հետաձգվեց, որպեսզի ավելի քան երկու հարյուր տարի անց ավելի մեծ շուքով մուտք գործի քսանմեկերորդ դարի մարդկանց մտքերն ու ապա հիասթափեցի նրանց: Առավել ևս, որ շքերթի հետք անգամ չկար 2012-ին:

1980-2012 թթ. աշխարհի ավելի քան հինգ տասնյակ վերջ է գուշակվել, որոնցից տասներեքը միայն 1999 թվականին: Չնայած դրանցից շատերը մեր աչքի առաջ են եղել, բայց գրեթե ոչինչ չենք հիշում դրանց մասին: Չենք հիշում, որպեսզի վաղը նորից հավատանք առասպելին: Եվ դեռ ասում են, թե կրկնությունը գիտության մայրն է: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե իրականում քանի անգամ է գուշակվել աշխարհի կործանումը, քանի անգամ են մարդիկ ահուդողով սպասել դրան: Մենք կարող ենք եզրակացություններ անել միայն մեզ հասած տեղեկությունների հիման վրա: Գուցե Հին աշխարհից ու միջնադարից մեզ հասածը գուշակությունների իրական քանակից միայն փշրանքներ են: Բայց մեկ տարվա ընթացքում տասներեք  անգամ աշխարհի վերջին սպասելը մի քիչ շատ է:

<<>>

Մեր ժամանակների նորահայտ կուռքը բիզնեսն է: Մենք կռապաշտ ենք, իսկ այս աշխարհում ամեն ինչ կամ գոնե գրեթե ամեն ինչ արվում է այս կամ այն բիզնես նախագիծը կյանքի կոչելու համար: Իսկ այսպիսի համակարգում  «աշխարհի վերջն»  ի՞նչ վատ բիզնես նախագիծ է: Միայն մի բան դեռևս լավ հայտնի չէ, թե ով է աշխարհի վերջի վերաբերյալ հիստերիաներ ձևավորղ նախագծերի տերը: Կամ էլ՝ տերերը, զի շահավետ բիզնեսի տեր դառնալու համար շատերն են հերթ կանգնում: Տեսեք, թե ում է ձեռնտու այս կամ այն արարքը,- կասեին քրեագետներն առաջին հերթին:

Ո՞վ է հիշում 1999 թվականի լրատվական աղմուկը հազարամյակի ավարտի մասին: Դրանից հազար տարի առաջ՝ Քրիստոսի ծննդից հետո առաջին հազարամյակի ավարտի պատմության շահարկումը երևի մանկական խաղ կարող էր թվալ մերօրյա աղմուկի համեմատ: Երկիր մոլորակի բոլոր ծայրերում, լրատվական բոլոր միջոցներն աշխարհի բոլոր լեզուներով միաձայն ազդարարում էին հազարամյակի ավարտը՝ համարելով, որ 2000 թվականի հունվարի 1-ից սկսվելու էր երրորդ հազարամյակը: Դրա հետ կապված նաև կիրառական լուրջ խնդիրներ էին քննարկվում՝ կապված համակարգիչների ՙխենթացման՚ հետ, քանի որ դրանք երբեք հարյուրամյակ չէին փոխել և չգիտեին, թե ինչ է տարեթվի նման փոփոխությունը: Արդեն հիշատակեցի՝ գրանցված տասներեք գուշակություն:

Այդ աղմուկի մեջ ոչ ոքի չէր հետաքրքրում, որ այնուամենայնիվ օրացույցն իր սկզբնակետով, ինչպես նաև մեր թվային համակարգը որոշակի պայմանականություն են պարունակում: Բոլորը լավ գիտեն, որ հաշվանքի տասնական համակարգը հնարվել է, քանզի այն հարմար է կիրառման համար: Ոչ այն պատճառով, որ Արարիչն է ի սկզբանե այդպես սահմանել, կամ որ դա միակն է: Այլ այն պատճառով, որ մեր ձեռքերը տասը մատ ունեն: Համակարգիչներն, օրինակ, աշխատում են երկուական համակարգի օգտագործմամբ, և այդպես էլ արվել է: Այդ համակարգում 21.12.2012-ը այս տեսքը կունենար՝ 10101.1100.11111011100: Չգիտեմ՝ նիշերի այս շարքն ունի՞ արդյոք այն նույն խորհրդավորությունը, բայց որ նույն բանն է գրված, կասկած չկա:

Ուրեմն, ժամանակի մեր համակարգը մենք ենք տասնամյակների, հարյուրամյակների ու հազարամյակների բաժանել, քանի որ ընտրել ենք հաշվանքի տասնական համակարգը: Մենք ենք որոշել, որ հաշվարկի սկիզբ պետք է համարել Քրիստոսի ծննդյան տարին, մենք ենք տարվա սկիզբը համարում հունվարի 1-ը: Այն ժամանակ, չգիտես ինչու, չէին հիշում, որ մայաների, բյուզանդական, իսլամական կամ այլ օրացույցով այդ օրը որևէ խորհուրդ չունի: Թեև համընդհանուր աղմուկում նման մտքեր հնչում էին, բայց լսողն ով էր: Մարդն ստեղծել է պայմանականությունների մի համակարգ և դրա հիմքի վրա փորձում է աշխարհի ճակատագրի շրջադարձային կետերը տեսնել: Ջիվանին կասեր՝  «Խելքի աշեցեք»:

Ապշեցուցիչ էր, թե որքան մարդ, որոնց թվում նաև բավական կրթված ու գիտակ, հիպնոսվածի նման պնդում էին, թե դա իսկապես հազարամյակի վերջին տարին է: Իսկ հազարամյակի ավարտից, ինչպես նաև դրանից հազար տարի առաջ լավ հոտ չէր գալիս: Բոլոր գիտեին, որ հազարամյակը տևում է ճիշտ հազար տարի: Կարծես թե բոլորն էին համոզված, որ մեր թվագրությունն սկսվում է 1 թվականից և աշխարհում ընդունված է ասել Քրիստոսից հետո, ասել է թե՝ սկսած Քրիստոսի ծննդյան թվից, որը պայմանականորեն կոչվել է 1 թվական: Իսկ երբ սկսում էիր մատների վրա բացատրել, որ անցած տարիների քանակը 1999 թվականի վերջին կարող է լինել 1999՝ ոչ ավելի, ոչ էլ պակաս, սկսում էին կասկածել թվաբանական պարզ գործողությունների կիրառման իրավունքին: Իսկ որտեղի՞ց էր գալիս այդ կասկածը: Բոլորի, ամեն ինչի մասին տեղեկացված լինելու իրավունքից, երբ տեղեկատվական բոլոր խողովակներով համոզում էին, որ վստահ քայլերով գալիս է միլենիումը, որ հունվարի 1-ին մտնի բոլորիս տները: Այսօր բոլորը, ովքեր այն ժամանակ, չնայած պարզունակ հաշվարկի ակնհայտ արդյունքին, հազար տոկոսով վստահ էին, որ ուր որ է նոր հազարամյակ է սկսվելու, չեն էլ հիշում այդ մասին:

Ամեն ինչի մասին բոլորի տեղեկացված լինելու մերօրյա իրավունքը, իհարկե, վատ բան չէ, մեր օրերում մարդ կարող է կարդալ ու լսել ամեն ինչ՝ ամեն տեսակ մեկնաբանություններով: Դա նույն ժողովրդավարությունն է՝ տեղեկատվական տիրույթում: Ասում են՝ «Ժողովրդավարությունից ավելի սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն մարդկությունը դրանից լավ ոչինչ չի ստեղծել»: Բայց հնադարի մեծ մտածողներ Պլատոնն ու Արիստոտելը այդպես էլ չկարողացան ընդունել զուտ մեծամասությամբ ու բոլորի հավասար իրավունքով որոշումներ կայացնելու իրավական հիմքը: Ասում են՝ անցյալ դարի կեսերին քվեարկության միջոցով էին որոշում՝ Մարսի վրա կյանք կա, թե ոչ: Իսկ մեր ժողովուրդն ասում է՝ «Հացը թխելու տուր հացթուխին, մի հաց էլ ավել տուր»:

1999-ին ամեն ինչ ի՜նչ հրաշալի ստացվեց: Այդ տարի հաջողությամբ  «միլենիումի»  փորձ արվեց, և այդ առիթով վաճառվեցին հարյուր միլիոնավոր կամ գուցե միլիարդավոր դոլարների հուշանվերներ, զանազան միջոցառումների կազմակերպման վրա ոչ պակաս ծախսեր արվեցին: Ապա  «պարզվեց», որ դա միջոցառման գլխավոր փորձն էր միայն: Հաջորդ տարի այդ ամենը կրկնվեց ավելի մեծ շուքով, ավելի մեծ ծախսերով և, հետևապես, ավելի մեծ օգուտներով: Իսկ որոշ մարդիկ, նաև նվաստս, փորձում էին մարդկանց համոզել, թե հազարամյակը մյուս տարի է գալու: Հիմա եմ հասկանում, թե ինչ էր ուզում ասել մեծ գուսանը, հեգնելով՝  «Ջիվանն էլ կաղ էշով կարավան մտած բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք»:

<<>>

Վերադառնանք 21.12. 2012-ի բազմածալք խորհրդին: Առաջինը թվերի սիմետրիան է, որը, իհարկե, գեղեցիկ է, չնայած ավելի գեղեցիկ կարող է լինել հարյուր տարի անցը՝ 21.12. 2112: Բայց առաջինն ունի նաև ձմեռային արևադարձի խորհուրդը, իսկ հարյուր տարի անց այդ օրն այլևս ձմեռային արևադարձի օր չի լինի: Իսկ դա էապես թուլացնում է օրվա խորհրդավորությունը: Եվ ո՞ւմ է պետք բիզնես նախագիծը, որի թիրախը հարյուր տարի հետո է ի հայտ գալու: Սենսացիան հիմա էր կառուցվում, ո՞ւմ է պետք կասկածելի հիմքով սենսացիան մեկ դար անց, եթե ստեղծողներից ոչ մեկն արդեն չի լինի այս աշխարհում:

Այդ օրվա եզակիության և աշխարհվերջյան խորհուրդը հիմնավորելու համար ինչեր ասես, որ չեն կապել իրար հետ: Բազմաթիվ  «ապացույցների» առկայությունը մարդկանց մի զգալի մասին ավելի դյուրին է համոզում դրանցից յուրաքանչյուրի անհերքելիությունը: Բոլորը միասին ստեղծում են այն հիմքը, որ ստիպում է հավատալ աշխարհի վերջի գաղափարին: Թեև վաղուց է ասված, որ կգան սուտ մարգարեներ, բայց երբ նրանք գալիս են, մարդիկ հեշտությամբ են ընկնում նրանց ցանցը: Հիմա, երբ կարծես ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, մարդիկ, ովքեր հավատացել էին, որ աշխարհի վերջն է չոքել մեր շեմքին, նույնիսկ զարմանում են, թե ինչ միամիտ պիտի լինել զանգվածային խենթախտի ճանկն ընկնելու համար: Եվ զարմանալու են, քանի դեռ չի եկել փորձության հաջորդ պահը…

Այդ ամենը տեղի էր ունենում տեղեկատվական ահավոր ճնշման ներքո: Զանազան բլոգների ու ֆեյսբուքյան և այլ տարածություններում դիտվում էր վիրտուալ աշխարհին հատուկ «փաստական նյութի» այնպիսի առատություն, որ յուրաքանչյուր անհատ ինքը կարող էր ընտրել իր նախասիրություններին մոտ կործանման սցենար ու դրան սպասել տան նկուղում, բարձր լեռնային գյուղում կամ պայծառատեսների կողմից հատուկ նշված վայրերում:

Հավատալ, որ շումերները երեքուկես հազար տարի առաջ Երկրի հարևանությամբ այլ մոլորակ են տեսել, որ կանխագուշակել են դրա վերադարձը մեր օրերում, բավականին ռոմանտիկ գաղափար է: Հավատալ, որ ՆԱՍԱ-ն վաղուց արձանագրել է այդ մոլորակը, երբ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները հերքում են դա, խիզախ մտահղացում է: ՆԱՍԱ-ին մեղադրել, որ մարդկանցից թաքցնում է փաստերը, նույնպես կատակ բան չէ: Հավատալ, որ մայաների օրացույցի ավարտը աշխարհի վերջ է գուժում, երբ մեր սեփական օրացույցն ամեն տարի նույնպես ավարտվում է՝ ընդամենն ավետելով նոր տարվա գալուստը, նոր մտածողության ձև է: Իսկ այդ ամենը պարզապես բորբոքում են մարդկային անպաշտպան երևակայությունը:

Այստեղ անկասկած չափազանց մեծ է գույժի, բոթի ավելի մեծ արագությամբ տարածվելու հատկությունը: Մարդիկ ասում են՝ եթե մի վատ բան եղած լիներ, արդեն լսած կլինեինք: Նույնը լավ բանի մասին չեն ասում: Լավ լուրը մարդիկ այնպիսի արագությամբ չեն փոխանցում միմյանց: Կարծես առաջին դեպքում նրանք պարզապես իրավունք ունեն լուրը փոխանցելու, իսկ երկրորդ դեպքում իրենք պարտավորված են անել դա: Բայց դա ընդամենը տարածման մեխանիզմի խնդիրն է, իսկ մենք խոսում էինք այն մասին, թե ինչու է պարբերաբար բարձրանում աշխարհի վերջի հարցը:

Նույնիսկ ամենաանհիմն գաղափարները կարող են միլիոնավոր մարդկանց ուղեղների տիրակալ դառնալ: Դա նոր բան չէ, մարդկության պատմությունն այնքան է ապացուցել դա, որ այսօր այլ ապացույցի կարիք չկա: Ամենաառողջ դատողությամբ մարդիկ անգամ, որոնք այդպիսի գաղափարներին ի սկզբանե զգուշավոր կամ նույնիսկ ծիծաղով են վերաբերում, մյուսներից գոնե առերևույթ չտարբերվելու համար կամ էլ ուղեղի աստիճանական լվացման հետևանքով երբեմն այնպես են վարակվում դրանցով, որ այլևս ոչ մի բուժում չի օգնում: Հիշեք Պաուլո Կոելիոյի շատ կարևոր մի դիտարկումը. «Եթե ձեզ դուրս են գրում հոգեբուժարանից, դա չի նշանակում, որ դուք բուժվել եք: Ուղղակի դուք դարձել եք այնպիսին, ինչպիսին բոլորն են»: Եթե այնպիսին եք, ինչպիսին բոլորն են, ավելի հեշտ է լինում լողալ նույն հոսանքով: Նույնիսկ եթե այդ հոսանքը տանում է դեպի աշխարհի վերջը, և դուք վերջիններն եք այդ աշխարհում…

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք