Անդրանիկ, աներկրորդ հերոս և զորավար

Հեղինակ:

20140809164345438

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

Ռուս ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. լույս ընծայեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները:

Գրքում տեղ են գտել մարդկությանը քաջ հայտնի 100 առավել երևելի անուններ, որոնց գործունեությունը բախտորոշ է եղել ոչ միայն իրենց ժողովուրդների, այլև համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունների վրա: Ընդգրկման ժամանակաշրջանն անսահմանափակ է՝ անտիկ դարերից մինչև 20-րդ դարի սկիզբը (նորագույն շրջանի անվանի ռազմական գործիչների իրական տեղն ու դերը գնահատելու համար պատմագրությանը դեռ տասնամյակներ են անհրաժեշտ):

Ցավոք, հայկական այլևայլ շրջանակներն այդպես էլ անհաղորդ մնացին այս ուշագրավ աշխատությանը, այնինչ պետք է առաջինն արձագանքողներից լինեինք, պատվավոր տեղ տայինք այս գրքին մեր գրադարաններում, գրախանութներում, մասնավորապես ռազմահայրենասիրական ուղղվածության կրթական հաստատություններում: Հենց միայն նրա համար, որ, թերթելով գրքի էջերը, մարդկության պատմությունը կերտած ամենահզորների՝ Աքիլլեսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Հաննիբալի, Հուլիոս Կեսարի, Սպարտակի, Աթիլլայի, Ուիլյամ Վոլոսի, Ժաննա դ’Արկի, Վաշինգթոնի, Նապոլեոն Բոնապարտի, Լակշմի Բայի, Կուտուզովի, Սուվորովի, Գարիբալդիի և այլոց կողքին տեսնում ենք բոլոր ժամանակների մեր մեծագգույն հերոսին՝ Զորավար Անդրանիկին:

Շիշովը հիմնականում ճշգրիտ է ներկայացնում Անդրանիկի 30-ամյա մարտական հագեցած ուղին՝ շեշտադրելով հատկապես Բուլղարական և Կովկասյան ճակատներում նրա ունեցած դերակատարությունը, օգտվելով Կովկասյան ճակատի պատասխանատու գեներալների (Յուդենիչ , Չերնոզուբով, Տրուխին, Նազարբեկով և այլն) և այլոց հիացական վկայություններից, հոդվածներից, զինվորական զեկուցագրերից, որոնցով, բարեբախտաբար, հագեցած է ժամանակի ռուս մամուլը:

Քանի որ հերոսները ներկայացված են ըստ ժամանակագրական կարգի, Շիշովի ցանկում Անդրանիկը 99-րդն է: Իսկ Անդրանիկին հաջորդում և ցանկը եզրափակում է… Մուստաֆա Քեմալը (Աթաթուրք):

Որ Քեմալն իր ցեղի հերոսն է, որը Առաջին աշխարհամարտի արդյունքում գլխովին ջախջախված և քարտեզից վերանալու դատապարտված իր երկրից կարողացավ ստեղծել ժամանակակից աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, վիճարկման ենթակա չէ: Սակայն դրա համար չէ, որ հիշատակում ենք նրան: Եվ ոչ էլ նրա համար, որ տեղ է գտել մեր դյուցազունի կողքին, բայց նրանից հետո: Այլ այն պատճառով, որ Անդրանիկին նվիրված հազարավոր մեծ ու փոքր գնահատականներից ամենադիպուկն ու իրատեսականը, թերևս, պատկանում է հենց Քեմալին:

Վկայողը անվանի լեզվաբան, թուրքագետ Հակոբ Մարթայանն է (Դիլաչար): Ահա Անդրանիկի մասին Քեմալի խոսքերը՝ Դիլաչարի վկայությամբ. «Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Անոր սուրէն հազարաւոր թուրքեր ինկան: Այդ տեսակ հերոս հայերը անցեալին չեն ունեցած, ներկայիս չկայ եւ ապագային ալ չի սպասուիր»:

Պետք է նկատենք, որ իր այս խոսքերով Քեմալն արտահայտում էր ողջ թուրք հանրության մտայնությունը: Թուրքը մեր շարքերում իրեն արժանի միայն մի թշնամի է ճանաչել՝  Զորավար Անդրանիկին կամ, ինչպես ինքն էր կոչում, Անդրանիկ փաշային: Մեր մյուս հերոսներին նա ճանաչել է մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի… այնքան ժամանակ, մինչև կարողացել է հաղթել նրանց, հալածել կամ սպանել, որից հետո մոռացության է մատնել: Անդրանիկը թուրքի համար այդպես էլ մնաց անպարտելի, մնաց որպես մշտնջենական մղձավանջ ու պատուհասող վրիժառու: Թերևս ոչ մի ազգային տոն թուրքին այնքան բերկրանք ու խանդավառություն չի պատճառել, որքան Անդրանիկի մահվան լուրը: Համենայն դեպս ժամանակի թուրք մամուլը շատ պերճախոս է այն երկարատև անասնական ցնծության մասին, որ Թուրքիայում ծայր առավ այդ լուրից: Բերենք մի հատված Ստամբուլի «Սոն Սաաթ» թերթի այդ օրերի մի հրապարակումից, որը թարգմանաբար լույս է ընծայել Ֆրեզնոյի «Մշակ» շաբաթաթերթը. «ԱՅՍ ՀՈՂԵՐՈւՆ ՎՐԱՅ ԱՅԼԵՒՍ ՈՉ ՄԷԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԻՏԻ ԾՆԻ. Այս խորագիրներուն տակ, երէկուան Սօն Սաաթ կը գրէ.- «Անդրանիկ մեռեր է. Մեր թերթը այս առթիւ «հոգին դժո՛խք» գրած էր երէկ. Իր մահէն յետոյ արտասանուած այս աղօթքն անգամ բաւական չէ բացատրելու համար այն գէշութիւնները, զորս թուրք ազգին հասցուցած է Անդրանիկ: …Այլեւս մայր հայրենիքը ոչ մէկ Անդրանիկի երազ պիտի սնուցանէ: Այլեւս այս հողերուն վրայ ոչ մէկ Անդրանիկ պիտի ծնի. Եթէ ծնի՝ չպիտի մեծնայ, եթէ մեծնայ՝ լեռը չպիտի ելլէ, եթէ լեռը ելլէ՝ չպիտի կրնայ սուրը քաշել, եթէ քաշէ՝ իր կուրծքը մխելով անձնասպան ըլլալու համար միայն պիտի քաշէ:

Այս հողերուն վրայ ապրող բոլոր հայրենակիցները միակ մեծ երազ մը պիտի ունենան.- Յաւիտենական Թուրքիա»:

Ինչ աստիճանի էր մեր դյուցազնը դաղել արյունռուշտ գազանին նման բարբարոս ատելության արժանանալու համար:

Թե թուրքերի և թաթար-ազերիների մեջ ինչպիսի զարհուրանք էր հարուցում Անդրանիկի սոսկ անունը, վկայված է նաև գեներալ Նիկոլայ Կորգանովի (Ղորղանյան) մի հուշում: 1918 թ. սկզբներին թաթարական հրոսակախումբը Ախթալա կայարանում գրավում է գնացքը, կոտորում բոլոր հայ ուղևորներին և գերի վերցնում Կորգանովին: Հրոսակախումբը ցնծության մեջ էր, գերու գեներալական ուսադիրների պատճառով ինքն իրեն ներշնչել էր, թե բռնել է Անդրանիկ փաշին: Իզուր են անցնում Կորգանովի բացատրությունները, թե ինքը չի կարող Անդրանիկը լինել, թե ինքը շեկ է, Անդրանիկը՝ թուխ, թե ինքը ռուսախոս է, իսկ Անդրանիկը ռուսերեն չի խոսում: Թաթարները որոշում են, որ դրանով թանկագին գերին փորձում է իր կաշին փրկել և… «Ամենայն լրջութեամբ» թաթարները անոր կը պատասխանեն թէ Անդրանիկ կրնայ երեւիլ ամէն կերպարանքով — ծեր, երիտասարդ, շէկ, թուխ. թէ Անդրանիկ կրնայ խօսիլ ուզած լեզուով, քանի որ ան դեւ է»:

Մի բանում թշնամին ճիշտ էր. մենք երկրորդ Անդրանիկ այլևս չունեցանք: Նրանից առաջ էլ այդպիսին չենք ունեցել:

Հազարամյակների մեր պատմության տարբեր հանգրվաններում ասպարեզ իջած մեր մեծանուն հերոսներից յուրաքանչյուրի անունը կապված է կամ հայոց որևէ տարածաշրջանի, կամ որևէ նշանավոր ճակատամարտի հետ: Մեկը Ավարայրի հերոսն է, մյուսը՝ Սյունիքի կամ Արցախի: Մեկը Սասունի հերոսն է, մյուսը՝ Տարոնի: Սարդարապատն իր հերոսներն ունի, Վանը, Շատախը, Սեբաստիան, Շիրակը, Լոռին՝ իրենցը… Եվ միայն Անդրանիկի հաղթական շնչառությունն է տարածվում բովանդակ հայոց աշխարհի վրա: Անդրանիկը Սասունի ու Տարոնի հերոսն է, Անդրանիկը Վանի, Բիթլիսի ու Էրզրումի հերոսն է, հերոսն է Կարսի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի ու Նախիջևանի, Ղարաբաղի ու Ավարայրի… Այո՛, այն նույն Ավարայրի, որտեղ Վարդանանք նահատակվեցին: 1918 թ. հունիսին այս պատմական դաշտում, նույն Տղմուտ գետի ափին Անդրանիկն իր հոգնաբեկ զինվորներով ջախջախեց թուրքական զորամիավորումները, շեշտակի գրոհով վերցրեց թուրքերի ձեռքին գտնվող Խոյ բերդաքաղաքը, այնուհետև դուրս եկավ քաղաքից և նետվեց իր վրա շտապող Ալի Իսհան փաշայի դիվիզիայի վրա: Ցավոք, Ջուլֆայի կամրջի վրա Զորավարի նշանակած կայազորը չկարողացավ կատարել նրա հրամանը, չկարողացավ արևմտահայ գաղթականների 35-հազարանոց բազմությանը պահել Ջուլֆայում: Իր բախտը Անդրանիկի հետ կապած և ամեն քայլափոխի նրան կուրորեն հետևող ժողովուրդը տապալեց կայազորը, հեղեղի պես լցվեց Ավարայրի դաշտ և, թշնամու հրետակոծությունից խուճապի մատնված, խառնվեց կռվող կողմերին՝ ստեղծելով մի աներևակայելի մղձավանջ ու քաոս և տալով բազմաթիվ զոհեր: Զորավարից գերմարդկային ջանքեր պահանջվեցին՝ ճեղքելու թվով տասնապատիկ ավելի թշնամու օղակը և ժողովրդին վերստին Ջուլֆա հասցնելու համար: Անդրանիկի վարած ճակատամարտերի ամենաճշմարտացի նկարագրություններից մեկի հեղինակը՝ Վահան Թոթովենցը, այսպես է գնահատել այս խելահեղ ճակատամարտը.

«Քրիստոսի 1918 թուականին Անդրանիկ միեւնոյն պատմական եւ մեր քաղաքական դէմքը պայծառացնող Աւարայրի դաշտին վրայ մղեց իր եւ մեր ժողովուրդին ամենէն խոշոր հերոսամարտերէն մեկը:

Վարդան Մամիկոնեան ինկաւ այդ դաշտին վրայ, փրկելով իր ժողովուրդի իտէալը, իսկ Անդրանիկ ապրեցաւ եւ յաղթեց, ապրեցաւ եւ մղեց ուրիշ ճակատամարտներ եւ տեսաւ Հայոց աշխարհի ազատութեան արշալոյսը, որուն համար նա ըրած է խոշորագոյնը» :

Մեր ժողովրդի հոգեկերտվածքին խորթ է կուրորեն մեկին հետևելը, իր ճակատագիրը անվերապահորեն մեկին վստահելը: Միակ բացառությունը Անդրանիկն է, ում հետևից ոտքով ու սայլերով անցավ ամենօրյա մարտերով ու այլևայլ աղետներով հագեցած մի դժոխային ճանապարհ՝ Կարսից, Ալեքսանդրապոլից Ջալալօղլի — Դսեղ — Դիլիջան — Սևան, Սելիմի լեռնանցքով՝ Վայոց ձոր — Նախիջևան — Ջուլֆա, հետևեց նրան անգամ հայրենի սահմաններից անդին՝ դեպի Խոյ, այնուհետև վերադարձավ Ջուլֆա — Նախիջևան — Զանգեզուր — Դարալագյազ — Երևան: Սակայն այս ամենի մասին ընթերցողը կկարդա այս գրքում՝ գրված օտար զորականի՝ սիբիրցի Ալեքսեյ Կոլմակովի ձեռքով: Օտար, որը պաշտեց Անդրանիկին, իր նվիրումով ու անձնազոհությամբ դարձավ մեր ժողովրդի ամենամեծ զավակներից մեկը և հանիրավի մոռացության մատնվեց: Երանի Ալեքսեյ Կոլմակովը այս դեպքերից երեք տարի առաջ՝ 1915-ին էլ եղած լիներ մեր աներկրորդ  հերոսի կողքին և նույնպիսի պատկերավորությամբ նկարագրեր Կովկասյան տարածաշրջանում երբևէ տեղի ունեցած ամենավճռորոշ ճակատամարտերից մեկը՝ Դիլմանի Ճակատամարտը: Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու, հյուսիսպարսկական Դիլման գյուղաքաղաքի մոտ 1915-ի ապրիլին ռուսական բանակը Անդրանիկի շնորհիվ ջախջախեց թուրքերին, ինչի արդյունքում ողջ Կովկասը փրկվեց անխուսափելի սպանդից: Դիլմանում հաղթելու պարագայում Էնվերին այլևս ոչինչ չէր խանգարելու կյանքի կոչել թուրքերի վաղեմի երազանքը՝ պանթուրքական հրեշավոր ծրագիրը: Դիլմանից հետո թուրքական զորաբանակը ծրագրել էր հասնել Բաքու, այնտեղից՝ Թիֆլիս և Կովկասը կտրել Ռուսաստանից: Իրադարձությունների նման զարգացման պարագայում թե ինչ էր սպասվելու նաև ողջ արևելահայությանը և նույնիսկ Վրաստանին՝ դժվար չէ կռահել: Ահա, մինչև Միջին Ասիա և Հեռավոր Արևելք ձգվող մեծ Թուրքիա ստեղծելու թուրքական զառանցանքը հօդս ցնդեցրեց մի Զորավար, որը երբեք բանակ չի ունեցել: Ահա թե ինչու էր ողջ թուրք ցեղը, շարքային ասկյարից, ենիչերիից, թալանչի բաշիբոզուկից մինչև տեսակ-տեսակ փաշաները, անեծքով ու զարհուրանքով էին տալիս Անդրանիկի անունը: Եվ ահա թե ինչու Անդրանիկի անունը մեկընդմիշտ ամրագրվեց ռուս պատմագրության հերոսական էջերում: Ամրագրվեց մեծարանքով ու հիացմունքով:

Ոչ մի հերոս, իրական թե երևակայական, համեմատելի չէ Անդրանիկի հետ: Իր հմայքով ու կատարելությամբ Անդրանիկին, թերևս, փոքր-ինչ մոտենում է միայն… Սասունցի Դավիթը: Այո՛, միայն էպոսը, առասպելը և այն էլ՝ փոքր-ինչ, քանի որ ժողովրդի կերտած այս իդեալ-հերոսն անգամ խոցելի է, նրան մեկ անգամ չէ, որ թշնամին խաբեց ու մոլորեցրեց, իսկ Անդրանիկին ոչ ոք չկարողացավ խաբել, ո՛չ թշնամին և ո՛չ էլ կույր «յուրայինը»: Ճիշտ է, եղավ, որ «յուրայինները» դավեցին ու խարդավեցին, նույնիսկ ուրացան, դառնացրին ու թունավորեցին նրա կյանքը, բայց խաբել ու մոլորեցնել չկարողացան:

Հետաքրքիր է, որ ուրացումն ու դավերը տեղ էին գտնում նաև թուրքերի հետ ունեցած առերես բանակցություններում կամ նրանց ուղարկված հեռագիր-հաղորդագրություններում: Գուցե սա ինչ-որ տեղ բացատրելի է. օրհասական վիճակի մեջ հայտնված նորանկախ Հայաստանի Հանրապետության պատասխանատուները փորձում էին ամեն կերպ սիրաշահել անողորմ թշնամուն՝ քաջ գիտակցելով, որ թուրքի գլխավոր մտահոգությունը Անդրանիկի ինքնիշխան ներկայությունն է տարածաշրջանում: Բայց արի ու տես, որ դրանով նրանք ոչ թե շահում էին թուրքի բարեհաճությունը, այլ ավելի էին սաստկացնում իրենց հանդեպ թշնամու արհամարհանքը: Ինչպես, օրինակ, նույն 1918-ին Թիֆլիսում օսմանյան զորահրամանատարներ Վեհիբ, Խալիլ և Նուրի փաշաների հետ մի հանդիպման ժամանակ: Երբ Վրաստանում ՀՀ դեսպան Արշակ Ջամալյանը փորձում է վերստին հավաստիացնել թուրքերին, թե Անդրանիկն օրենքից դուրս է հայտարարված, թե իրենք չեն ճանաչում նրան և ամեն ինչ պետք է անեն՝ պայմանագրով Հայաստանի մաս չկազմող Զանգեզուրից նրան հեռացնելու համար, Խալիլ փաշան այսպիսի խոսքեր է շպրտում նրա երեսին.

«Մենք ալ մի վայրկեան ենթադրենք թէ դուք անոր ըրած գործերը չէք գիտեր եւ անոր հետ կապ չունիք, բայց Կէներալ Անդրանիկ ինք շատ լաւ գիտէ թէ ինք ի՞նչ կընէ…

Յաճախ կը մտածեմ եւ ինքնիրենս կըսեմ թէ այս մարդը երեսուն տարի է որ մեր դէմ կը կռուի, արդեօք չի ձանձրացա՞ւ, չի յոգնեցա՞ւ կամ չի ծերացա՞ւ: Դուք ինչ կուզէք այն ըսէք կամ ջանք թափեցէք հաւատացնել մեզ, կամ ուրանալ զայն եւ իր գործերը, մենք կը ճանչնանք եւ գիտենք թէ ով է ան: Կը ցաւիմ որ Հայ ծներ է»:

Ի դեպ, սրանք այն փաշաներից են, որոնք տարբեր ճակատներում ջարդ էին կերել Անդրանիկից:

Դժվար է ասել՝ եթե Անդրանիկն ապրած ու գործած լիներ 1000 կամ 2000 տարի առաջ, արդյոք մեր ժողովուրդը կարիք կունենա՞ր Սասունցի Դավիթ ստեղծելու: Համենայն դեպս, Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ դիտարկումը մտորելու տեղիք է տալիս. «Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգային, վիպերգային, ինչքան Դավիթը՝ իրական. համաժողովրդական սիրո հրապարակը այդ երկու իրական և վիպերգային հերոսների երթն է դարձնում պսակյալ շքերթ, մարդու և զինվորի իր իդեալով իր Անդրանիկին է հանդերձավորում, և իր Անդրանիկը՝ ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարը իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում»:

Անցյալ դարի 60-70-ական թվականների հայաստանյան սերունդը գիտեր, որ խորհրդային պատմագրությունը մի հաստաբեստ տապանաքար է՝ դրված իրական պատմության, պատմական եղելության ու իսկության վրա: Գոնե Պարույր Սևակն այդպես էր մտածում. «Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար՝ համարյա բան չգիտի: Սրա համար կարելի է ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության բացատրելի, բայց անքավելի մեղքը…»:

Եվ 90-ականներին, երբ սահմանները բացվեցին և Հայաստանը հեղեղվեց սփյուռքահայ պատմագրական-հուշագրական տասնյակ ու տասնյակ մեծ ու փոքր հատորներով, մենք այդ ամենն ընդունեցինք որպես կենարար թթվածին, որպես բացարձակ ճշմարտություն և մնացինք այդ «ճշմարտության» տակ:

Պատմությունը սիրում է անողոք կրկնություններ: Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկին ևս նախապես հայտնվեցին գրող-գրագետ-վարժապետներ: Թե նրանք ինչպիսի թշվառության ու չքավորության հասցրին ժողովրդին՝ բոլորին է հայտնի: Մնում է մխիթարվել գոնե, որ նրանցից մեկն իր սրտում Անդրանիկ ուներ և տասնամյակների հեռուներից ճշմարիտ մեծարանքով է գնահատել Զորավարի վերջին արշավանքի ազգափրկիչ առաքելությունը.

«…հեռվում ձգվող լեռնաշղթաների վրա շաղվող հայացքիս դեմ հածում էր Զորավարի առաջնորդած գաղթականության խմբակային ուրվականը…

…Ի՜նչ հեղինակության տեր պիտի լիներ մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու վերահաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տանել այդ տանջանքի աղեղով, որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, և ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին, ապա ևս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան և Զանգեզուրը պահեր մեզ համար: Եվ ի՜նչ ապաբախտ պիտի լինի զորավարը, որ այդքան կաշկանդված լինի իրեն ապավինած ժողովրդի ապահովության հոգսով ու չկարողանա իրեն վայել թափով շուռ գա, իր ծանր ձեռքը բարձրացնի ատելի թշնամու վրա… Թուրք ավարառուի ամեն անգամ բերող բախտից էր, որ տասնութ թվականի մայիսից հետո զորավարի ձեռքերը կապված էին գաղթականության բախտով»:

Հերոսները ծնվում են ժամանակի պահանջով, այն պատմական իրավիճակի պահանջով, որում հայտնվում է տվյալ երկիրն ու ժողովուրդը: Մեզանում ևս այդպես է եղել, սակայն հերոսի ու հերոսականության մատուցումը հաճախ աններելիորեն խեղաթյուրվել է: Մեր հերոսներին հաճախ «ստեղծել» են պատմիչը, եկեղեցին, կուսակցությունը, պետությունը, ազգային անվտանգությունը… Սրանց հերթագայությունը բերում է հերոսների հերթագայություն: Սրանց հերթագայությունը հերոսների աստղաբույլից առանձնացնում է մեկ-երկուսինգ «հարմարեցնելով» նրանց օրվա քաղաքական տարուբերումներին:

…Երեկ մեր հերոսը Արամ Մանուկյանն էր, առաջի օրը՝ Դրոն, դրանից առաջ բոլշևիկ գործիչներն էին, ավելի վաղ հերոս էինք ստեղծում պատմության ուրվականներից (Տիգրան, Վարդան…), հետո վիճարկում նրանց արածն ու չարածը:

Այսօրվա մեր հերոսը ավելի արժանավոր է՝ Գարեգին Նժդեհ: Վաղը թերևս կհիշենք մյուս նվիրյալ-արժանավորներին՝ Մախլուտոյին (Սմբատ Բորոյան), Սեբաստացի Մուրադին (Խրիմյան), Քեռուն (Արշակ Գավաֆյան)… Այս բոլորը մի-մի պղնձակուռ աստիճաններ են, որոնցով ոչ թե պիտի անվերջ շրջապտույտ գործենք ու խարխափենք, այլ երբևէ բարձրանանք վեր, դեպի գագաթը՝ դեպի Անդրանիկը:

*     *     *

Ալեքսեյ Կոլմակով: Նա գրչի մարդ չէր: Նա զորական էր, Արևմտյան ճակատում ու սիբիրյան մարտերում թրծված ռազմիկ, որ իր երեք ընկերների՝ կապիտան Յակով Բորտի, Բորիս Վենգերցովի և բանաստեղծ Պյոտր Սիբիրցևի հետ Սիբիր տարագրված արևմտահայ ռազմագերիներից բաղկացած վաշտը հեռավոր Իրկուտսկից ուղեկցեց մինչև Ալեքսանդրապոլ, մտավ Զորավար Անդրանիկի հրամանի տակ և նրա հետ անցավ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող դժոխային մի ճանապարհ: Շատ բան տեսավ Ալեքսեյ Կոլմակովը: Տեսավ այնպիսի զրկանք ու թշվառություն, որպիսին երբևէ չէր տեսել: Տեսավ այնպիսի հերոսականություն, որպիսին չէր տեսել Արևմտյան ճակատում ու Սիբիրում: Ճանաչեց Զորավարի, որի նմանը չէր տեսել ռազմարվեստում փառաբանված իր ժողովրդի զորավարների մեջ: Նրա հրամանի տակ մասնակցեց այնպիսի խելահեղ ռազմական գործողությունների, որպիսիք հակացուցված էին իր երկրի ռազմական ակադեմիաներում ուսուցանվող կանոններով: Տեսավ Զորավարի հայրական գուրգուրանքը բզկտված ժողովրդի բեկորների հանդեպ: Եվ իր մեծ հոգու բոլոր լարերով, որդիական սիրով ու մեծարանքով կապվեց  Զորավարին:

Հրաշքով ողջ մնաց Կոլմակովը: Ողջ մնաց, որպեսզի մեզ համար գրի առնի մեր և իր Զորավարի վերջին արշավանքի պատմությունը:

Հ.Գ.

Տարեց ուջանցիները պատմում են, որ Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման (1968 թ.) խանդավառ օրերին գյուղում մի ծերունի ռուս է հայտնվել, երկյուղածությամբ մոտեցել է արձանին և կարոտալի արցունքներով փարվել քարերին:

Ո՞վ էր նա: Ալեքսեյ Կոլմակո՞վը, կապիտան Բո՞րտը, թե՞ Զորավարի 30-ամյա մարտական ճանապարհին հանդիպած և նրա հմայքով տարված մեկ այլ ռուս…

Այսօր այլևս անհնար է պարզել:

/ամսագրային տարբերակ/

Ծանոթագրություններ

 

_________________

А.Шишов, 100 великих героев, Москва, 2005

Ի դեպ, Կովկասյան ճակատի զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Յուդենիչը, ով Անդրանիկին որակում էր «խենթի պես քաջ», Ա. Շիշովի նախասիրություններից է: Նա ծավալուն աշխատություն է նվիրել Յուդենիչի գործունեությանը: /А.Шишов, ՛՛Юденич. Генерал суворовской школы՛՛, Москва, 2005/

. ՀԲԸՄ Կահիրեի պաշտոնաթերթ ՛՛Տեղեկատու՛՛ հունվար, 2013, թիվ 66, էջ 5

«Մշակ», Ֆրեզնո, 04, հոկտեմբեր, 1927

«Զարթօնք», Բեյրութ, 01, սեպտեմբեր, 1977 և Ծատուր Աղայան, «Անդրանիկ», Երևան, 1994, էջ 635-636
Զօր Անդրանիկ եւ իր պատերազմները, Կ.Պօլիս, 1920, էջ 401. /Վ.Թոթովենցն իր այս գիրքը լույս է ընծայել «Արսէն Մարմարեան» ստորագրությամբ/
Անդրանիկին տրված «աներկրորդ» որակումը պատկանում է եղեռնամահ գրող Ռուբեն Զարդարյանի որդուն՝ արձակագիր Հրաչ Զարդարյանին. «Ա՜հ, ե՞րբ, ո՞վ օր մը պիտի յաջողի այս աներկրորդ, այս հայ Աքիլլէսին կեանքը տալ, յոյն հերոսէն այլապէս իմաստուն, այլապէս մեծ ռազմավար: Նորայայտ Սողոմոն, ռազմիկին, ռազմավարին, դատախազին, դատաւորին, իշխանին բոլոր ստորոգելիները: Եւ այս բոլոր շքեղութեան վրայ՝ ոչ մէկ բիծ: Ոչ մէկ դոյզն ընկրկում կարելի է արձանանրել: Ան կը մնայ հայ ժողովուրդի պատմութեան մեծակառոյց կոթողը, իբր խորհրդանիշ անոր յաւերժական հպարտութեան»: /Ա.Չելեպյան, «Զորավար Անդրանիկ», Երևան, 1990, էջ 676-677/
Զօրավար Անդրանիկի Կովկասեան ճակատի պատմական օրագրութիւնը՝ /օրագրուած Զօրավարին թիկնապահ զինուորեն/, Պոսթոն, 1924, էջ 147
Հ. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, Հայագիտակ, 2004, էջ 332
Ա.Չելեպյան, Զորավար Անդրանիկ, Երևան, 1990, էջ 663
Վանո Սիրադեղյան, Ծանր լույս, Երևան, 1987, էջ 173
Չի կարելի ասել, թե Անդրանիկի վերջին զորամասի բաղկացուցիչը կազմող Սիբիրյան կամ Սիբիրական վաշտը դուրս է մնացել մեր պատմագրության ուշադրությունից: Նրա մասին առաջին հիշատակություններից մեկին հանդիպում ենք Անդրանիկի թիկնապահ և քարտուղար Վահան Թոթովենցի մոտ. «Այս վաշտը կը կոչուէր Սիպերիական, որովհետեւ եկած էին Սիպիրէն ռուս սպաներու ղեկավարութեամբ յատկապէս կռուելու Անդրանիկի հրամանատարութեան տակ: Զինուած էին անոնք, լաւ մարզուած, եռանդուն, անկեղծ եւ կռուի ընդունակութիւններով օժտուած»: Կցկտուր հիշատակություններ կան Զորավարի թիկնապահ-գրագիրներ Եղիշե Քաջունու, Երվանդ Փափազյանի և այլոց հուշագրություններում:
Նոր ժամանակներում հատուկ գնահատանքի են արժանի Վ. Միքայելյանի և Ա. Զաքարյանի հրապարակած ուսումնասիրությունները: Այս հեղինակային զույգից գրականագետ Անուշավան Զաքարյանը 2009 թ. առանձին գրքով լույս ընծայեց Կոլմակովի ռուսերեն հուշագրությունը, որից էլ և կատարել ենք ներկայացվող թարգմանությունը: Կոլմակովի հուշերով իրենց արժեքավոր աշխատություններն են համեմել ակադեմիկոսներ Գ. Ղարիբջանյանն ու Հ. Սիմոնյանը: Պորուչիկի անունը տեղ-տեղ հանդիպում է նաև Սերո Խանզադյանի «Անդրանիկ» վեպում և այլն: Վերջապես, Սիբիրական վաշտին մի ամբողջ ուշագրավ աշխատություն է նվիրել Անդրանիկապաշտ լրագրող Ռուբեն Սիմոնյանը, ով Կոլմակովի հուշագրությունից առանձին հատվածներ թարգմանաբար լույս էր ընծայել «Հրազդան» թերթի 1989 թ. նոյեմբերի համարներում: Ռ. Սիմոնյանը նաև հետևողական ջանքեր է գործադրել Ալեքսեյ Կոլմակովի հետագա ճակատագիրը պարզելու համար: Ցավոք՝ ապարդյուն:
Ինչևէ: Ալեքսեյ Կոլմակովը մոռացության տալու անուն չէ: Մենք մեծ պարտք ունենք այս քաջարի ռազմիկի հանդեպ, ով անշահախնդիր նվիրումով մեր ժողովրդին ծառայեցրեց իր զենքն ու գրիչը:
Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք