Ազգային ոգի և մտածելակերպ

20152001142542819

Ազգային ոգի.- Նախորդ հոդվածներում (Անդին, 2013 թ., հ. 8 -11) ընթերցողը ծանոթացավ էթնիկական հոգեկերտվածքի և ինքնության մասին ժամանակակից գիտական պատկերացումներին: Նույնքան կարևոր է իմանալ նաև, թե այդ էթնոհոգեբանական կազմավորումներն ինչպիսի դինամիկա և մտահուզական դրսևորումներ ունեն ինչպես առանձին էթնոկիրների, այնպես էլ էթնոսի մեծ ենթախմբերի և ողջ էթնոսի մակարդակներում: Այս հարցերի պատասխանները էթնոհոգեբանները սկսել են որոնել ժամանակակից էթնոհոգեբանության զարգացման հենց սկզբից:

Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից՝ դեռ նոր սկզբնավորվող գիտական էթնոհոգեբանության մարզում առաջադրվեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ազգային ոգի», «ժողովրդի ոգի», «ազգային մտածելակերպ», «ազգային մենտալիտետ» և այլն, որոնք, կոնկրետացվելով առանձին ազգերի վերաբերյալ, ընդունում էին «գերմանական ոգի», «ռուսական ոգի», «հույների ազգային մտածելակերպ» և նման այլ ձևակերպումներ: Հրապարակ իջած առաջին մտածողները, ովքեր իրենց էթնոհոգեբաններ էին համարում, փորձում էին պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է հասկանալ «ազգային ոգի» և «ազգային մտածելակերպ» ասելով:

Առաջիններից մեկը, ով փորձեց գիտականորեն հիմնավորված պատասխան տալ այդ հարցերին, ռուսաստանյան փիլիսոփա Գ. Շպետն էր: Վերլուծելով «ազգային ոգի» հասկացության արդեն իսկ առաջադրված տարբեր ըմբռնումներ, մասնավորապես հոգեբանության հիմնադիրներից մեկի՝ Վիլհելմ Վունդտի հայացքները, Գ. Շպետը հանգեց այն տեսակետին, որ այդպես պետք է անվանել որևէ ժողովրդի վարքի բոլոր բնորոշ ձևերի ամբողջությունը: Դա էթնոսի սուբյեկտիվ բնավորությունն է, որն օբյեկտիվացվում և դառնում է աշխարհի երևույթներին նրա կողմից տրվող պատասխաններ: (Տե՛ս Шпет Г.Г., Введение в этническую психологию. Сочинения. Москва, 1989):

Ազգային ոգու նման ըմբռնումը մոտ է ազգային բնավորության ժամանակակից ըմբռնմանը, իսկ դա նշանակում է, որ այն օրերին, երբ Շպետը ստեղծում էր իր աշխատությունները (19-րդ դարի վերջեր և 20-րդ դարի առաջին տասնամյակներ), ազգային հոգեկերտվածքի բաղադրիչների մասին պատկերացումները դեռևս շատ աղոտ էին: Ըստ ժամանակակից պատկերացումների՝ «ազգային ոգի» և «ազգային բնավորություն» հասկացությունները չի կարելի շփոթել և նույնացնել, այսպիսի պատկերացումը հնացած է: (Այս և հարակից բազմաթիվ հարցեր ես մանրամասնորեն քննարկել եմ  դեռևս 2001 թ. լույս ընծայված «Էթնիկական հոգեբանություն» հայերեն աշխատության մեջ:

Իրականությունն ավելի ճիշտ է արտացոլում հետևյալ բնորոշումը. էթնոսի, մասնավորապես ազգի ոգին նրա հոգեկերտվածքի մտահուզական դրսևորումն է՝ կայուն հոգեվիճակի, զգացման, տրամադրության ձևով: Դա էթնոսի ընդհանրական ոգին է, որը համակում է նրա էթնոկիրների մեծամասնությանը, հատկապես նրանց, ովքեր կուռ համայնքի ձևով ապրում են իրենց հայրենիքում՝ էթնոգենետիկ տարածքի վրա: Իսկ այն դեպքում, երբ մենք խոսւմ ենք, օրինակ, որևէ ժողովրդի հայրենասիրական ոգու, արդարամիտ ոգու, առևտրական ոգու և նման այլ երևույթների մասին, որոնք նույնպես միանգամայն իրական են, ապա դա պետք է հասկանալ հետևյալ կերպ. ինչ-որ ժամանակահատվածում էթնոսի հոգեկերտվածքի մեջ մտնող հատկությունների, արժեքային կողմնորոշումների և այլ գծերի մի խումբ տիրապետող, մյուսների նկատմամբ գերակշռող է դառնում՝ դրսևորվելով նրա վարքում և որոշակի հուզական երանգ հաղորդելով նրա կենսագործունեությանը: Այսպես, երբ երկիրն ու ազգը պատերազմական հարաբերությունների մեջ են գտնվում մեկ այլ ազգի հետ, ապա ուժեղանում է  տվյալ ազգի էթնոկիրների հայրենասիրական և մարտական ոգին, քանի որ նրա վարքի վրա վճռական ազդեցություն են գործում բնավորության կառուցվածքի մեջ մտնող այնպիսի գծեր, որոնք «հայրենասիրություն» կոչվող հոգեբանական կազմավորման, բարդույթի մաս են կազմում:

Որպես ազգային ոգու դրսևորումներ էթնոհոգեբանները կոչված են ուսումնասիրելու այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ազգային լավատեսությունը կամ հոռետեսությունը, ժողովրդի հավաքական մտահուզային պատասխանն այնպիսի ճակատագրական երևույթների, ինչպիսիք են հաղթանակն ու պարտությունը, մասնավորապես ցեղասպանությունը՝ լինի դա կատարողի (հանցագործի), թե զոհի դերում, և բազմաթիվ այլ համադրական և ընդհանրական հոգեկան վիճակներ: Առավել հստակորեն և քիչ աղավաղված ձևով ժողովրդի ոգին դրսևորվում է ճգնաժամային իրադրություններում, մեծ, ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակների և պարտությունների տպավորության տակ, ինչպես նաև լուրջ սպառնալիքներ ակնկալելիս՝ էթնոկիրների հոգեկանում առաջ եկող տագնապի ազդեցության տակ:

Քանի որ յուրաքանչյուր էթնոս կազմված է բազմաթիվ փոքր և մեծ մարդկային խմբերից, ապա, ամենայն հավանականությամբ, կարելի է ենթադրել, որ կան ազգային ոգու մասնավոր՝ ենթաէթնիկական, դաս

ակարգային, պրոֆեսիոնալ և այլ ենթատեսակներ:

Ազգային ոգին դրսևորվում է նաև ազգի մշակույթի մեջ՝ առասպելներում, էպոսում, գեղարվեստական գրականության մեջ (հատկապես պատմավեպերում), էթնիկական սիմվոլներում, քաղաքական գաղափարախոսություններում և այլն:

 

Ազգային մտածելակերպ  (մենտալիտետ).- Էթնիկական հանրույթներին և ազգերին վերաբերող խնդիրներ քննարկելիս օգտագործվում է նաև «ազգային մենտալիտետ» հասկացությունը, սակայն առանց նրա բովանդակությունը բացահայտելու: «Մենտալիտետ» հասկացության տարբեր, ոչ միայն գիտական, այլև մերձգիտական բնորոշումներ են առաջադրվում, քանի որ այդ խնդիրը հետաքրքրում է ոչ միայն մասնագետներին, այլև բազմաթիվ այլ մարդկանց՝ քաղաքագետներին, լրագրողներին և այլոց: Ուսումնասիրելով այդ խնդիրը՝ տողերիս հեղինակը հանգել է մենտալիտետի կամ, ավելի ճիշտ, մտածելակերպի այսպիսի ըմբռնման, որը և առաջարկում եմ հետաքրքրվողներին. ժողովրդի (էթնոսի կամ նրա բարձրագույն տեսակի՝ ազգի) մտածելակերպը այնպիսի ընդհանրացված դիրքորոշում է, որի միջոցով դրսևորվում են նրա իմացական գործընթացների, հատկապես մտածողության բնորոշ ու կայուն եղանակները, նրանում գերակշռող հոգետրամաբանական կառուցվածքներն ու արժեքային կողմնորոշումները: Էթնիկական մտածելակերպը իմացական գործունեության ոճն է:

Ահա թե ինչու «մենտալիտետ» բառը մենք նպատակահարմար ենք համարում ներկայացնել «մտածելակերպ» (mentalite’, образ мышления или образ познания) եզրույթով: Այն դեպքում, երբ ազգային ոգին ազգի բնավորության և խառնվածքի գերակշռող տիպի հուզական դրսևորումն է, մտածելակերպը նրա իմացական գործունեության գերակշռող ոճն է: Այսպիսով, այդ երկու երևույթները՝ ազգային ոգին և ազգային մտածելակերպը, էթնիկական հոգեկերտվածքի տարբեր ենթակառուցվածքների (ՙբլոքների՚) կոնկրետ դրսևորումներ են՝ ապրումների ձևով, բայց առաջին դեպքում՝ առավելապես հուզական վիճակների (ոգի), իսկ երկրորդ դեպքում՝ իմացական գործընթացների ոճի ձևով (մտածելակերպ):

Կասկած չկա, որ էթնոսի ամենօրյա կենսագործունեության ընթացքում դրսևորվում են այդ երկուսն էլ, այդ երկու համադրական որակական երևույթները, որոնք, միավորվելով, առաջ են բերում մեկ ամբողջական և բարդ հոգեվիճակ՝ «ոգի և մտածելակերպ» մտահուզական շարժուն (դինամիկ) բարդույթ: Բայց այդ բարդույթը սովորական օրերին կարող է հստակորեն չզգացվել և չգիտակցվել, մինչդեռ առանձնահատուկ իրադրություններում, ինչպիսիք են պատերազմները, հաղթանակներն ու պարտությունները, անկախության հասնելը, հեղափոխական զանգվածային շարժումները, տարերային աղետները, միջէթնիկական սուր բախումները, դրսևորվում են առավելագույն հստակությամբ և ուժով, քանի որ հագեցված են լինում հոգեկան եռանդի մեծ պաշարներով: Ազգային ոգին և մտածելակերպն իրենց բնորոշ հատկանիշներով դրսևորվում են ամբոխների վարքում և հուզական վիճակներում:

Այսպիսով, իրականության մեջ էթնոսի ոգին և մտածելակերպը նրա անդամների ապրումներում տրված են լինում զուգորդված, որպես միաժամանակ մտավոր և բնավորության ապրում, որպես նրա ինքնության և հոգեկերտվածքի իրադրական, հուզականությամբ հագեցված ապրումների հոսք:

Ինչպե

Միջէթնիկական մշակութային և քաղաքական կապեր հաստատելիս, բանակցություններ վարելիս և պայմանագրեր կնքելիս ինչպես սեփական, այնպես էլ գործընկերոջ և մրցակցի ազգային ոգու և մտածելակերպի առանձնահատկությունները հաշվի առնելն անհրաժեշտ է սխալներից խուսափելու, չխաբվելու և զոհի դիրքում չհայտնվելու համար: ս և ազգային ոգին, մտածելակերպը նույնպես դրսևորվում և ամրապնդվում է էթնոսի մշակույթի տարբեր ձևերում՝ լեզվում, գեղարվեստական, իմաստասիրական և հոգեբանական գրականության, ժողովրդական բանահյուսության մեջ և ֆոլկլորի այլ ժանրերում:

Անդին 12, 2013

Share

Կարծիքներ

կարծիք