Ազգային ծրագիր

20151407172859893

Հեղինակը ազգային ծրագիրը ներկայացնում է իբրև յուրահատուկ բաղադրիչներ ունեցող համակարգ, որի կենսագործումը կապված է դրանցից յուրաքանչյուրի անհրաժեշտության գիտակցումից, ճանաչումից և համադրության մեջ կյանքի կոչելուց: Ցավոք, ամսագրային ձևաչափը հնարավորություն չի տալիս այդ ամենը ներկայացնել ամենայն մանրամասնությամբ, ուստի մի կողմ թողնելով ընդհանուր դրույթներն ու կենտրոնանալով առաջ քաշված տեսակետի հայկական որոշակիացումների վրա՝ հրապարակում ենք հոդվածի փոքր-ինչ համառոտ տարբերակը, որը սակայն, արտացոլում է հեղինակի նաև ընդհանուր գաղափարներն ու մտահոգությունները և ասելիքի բուն էությունը:

Միևնույն ժամանակ բանավեճի ենք հրավիրում շահագրգիռ անձանց, առաջարկելով արտահայտել իրենց տեսակետը այս հույժ կարևոր խնդրի վերաբերյալ: Ի վերջո պիտի պատկերացում կազմե՞նք, թե որն է Հայոց ազգային ծրագիրը և ինչպես է այն կյանքի կոչվելու:

Անդին 

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

…Այժմ տեսնենք, թե ինչ որոշակիություն կստանան վերը բերված ընդհանուր դատողություններն ու ձևակերպումները հայոց պատմական իրողությունների պարագայում: Այստեղ մեր ջանքերի արդյունավետությունը էապես կախված է մեր դատողությունների հիմքում դրված պատմագիտական հայեցակարգից, ավելի ստույգ` հայ ժողովրդի պատմության ներկայացման մի շատ վճռորոշ հարցից` հայերը բնի՞կ են, թե՞ եկվոր: Մինչև XIX դարի կեսերը այսպիսի հարցադրում ընդհանրապես չկար, քանի որ և հայերի, և եվրոպական հասարակական գիտակցության մեջ ամրագրված էր դարերից և հազարամյակներից եկող մի անառարկելի համոզմունք. հայերն արարչական օրերից են ապրում հայկական լեռնաշհարհում և նրանց երկիրը մարդկության ծննդի և փրկության վայրն է:

Սակայն XIX դարի երկրորդ կեսին մինչ այդ անտարակուսելի համարվող այս հայեցակարգը սկսեց կտրուկ վերաքննության ենթարկվել, և դա իր համառ ու հետևողական շարունակությունն ունեցավ ողջ XX դարի ընթացքում: Այս երևույթի հիմնական պատճառները մի քանիսն էին, և դրանց մի մասը դեռ շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ արդի համաշխարհային պատմագիտության վրա:

Ինչպես կտեսնենք, դրանք մեծ անդրադարձ ունեցան և ունեն հայկականության երևույթի և հայ ազգի ճակատագրի համար:

Այսպես կոչված եվրոպական լուսավորչական շարժման «հաղթական» ալիքի վրա և լիբերալ-աթեիստական մտայնության հետևանքով XIX դարում գիտությունից, մասնավորապես պատմագիտությունից արդեն արտաքսվել էր գոյակարգի աստվածային մոդելը: Դա բերեց պատմագիտության ծայրահեղ աշխարհիկացման, այն վերածելով հիմնականում քաղաքական և, որոշ չափով սոցիալական պատմության: Հնագույն ժամանակներից հասած դիցաբանական, բանահյուսական, էպիկական, ավանդութային և դավանական նյութերը լավագույն դեպքում սկսեցին դիտարկվել որպես զուտ մշակութային շերտ և կասկածելի աղբյուր` հավաստիության առումով:

XIX դարում հնագիտական հայտնագործությունների կտրուկ աճը, նորահայտ հնագիտական նյութերի առատությունը և դրանց կամայական մշակումը նպաստում էին հապճեպ կառուցվող մակերեսային պատմական մոդելների արագ տարածմանը` ի հաշիվ հասարակական մեծ հետաքրքրության: Հնագիտական նոր նյութի ավելացող ծավալի և եվրոպական պատմաբաններին միակ հասանելի ընկալելի հունահռոմեական և, որոշ չափով, աստվածաշնչյան աղբյուրների ընդգրկման ակնհայտ անհամաչափելիությունը բնավ չէին նպաստում օբյեկտիվ պատմական մոդելի ձևավորմանը: Եվրոսնապարծության և շտապողականության մթնոլորտում ստեղծված նորաթուխ վարկածները հետևողականորեն ներդրվեցին եվրոպական կրթական և գիտական համակարգի հիմքում, այդպիսով վերածվելով պատմագիտական քարացածկ մոդելների: Եվ այսօր առկա է արդեն կարծրացած գիտակրթական մի համակարգ, որը թշնամաբար և արհամարհանքով է վերաբերվում ինչպես ավանդական պատմագիտական մոդելի վրա խարսխված ցանկացած մտածողության, այնպես էլ գիտական այլախոհության որևէ դրսևորմանը: Դրությունը չեն փոխում նաև հետագա բազմաթիվ արժեքավոր հնագիտական և այլ հայտնագործությունները, որոնք կասկածելի համառությամբ փորձ է արվում տեղավորել արդեն իսկ քարացած շրջանակներում, անտեսելով դրանից բազմացող հակասությունները:

Այստեղ էական դեր են խաղում նաև որոշակի քաղաքական շահագրգռություններ, ինչն ավելի է խճճում այդ մոդելով ներկայացվող հնագույն աշխարհի` առանց այդ էլ խիստ աղճատված պատկերը: Կարծես թե ամեն ինչ արվում է, որ մարդկային քաղաքակրթության օրրանը չունենա կենդանի ժառանգորդ: Հին աշխարհի՝ խառնաշփոթի մատնված այդ պատկերի մեջ բացակայում են հայերը (ժողովուրդ, որի լեզուն ութ հազար տարեկան է) ու հայկական պետականությունը, և, ըստ այդ վարկածի, նրանք պատմական թատերաբեմում հանկարծակի հայտնվում են Ք.ա. VI դարում` անհայտ տեղից և անհասկանալի ձևով: Այս վարկածը ոչ միայն ամբողջովին հակասում է ողջ հայ պատմագրությանը, ավանդությանը և օտար բազմաթիվ աղբյուրների տվյալներին, այլև անլուծելի հակասությունների գիրկն է նետում ողջ հայեցակարգը` մեծ խառնաշփոթ առաջացնելով նաև համեմատական լեզվաբանության, լեզվի պատմության, հնագիտության, պատմական աշխարհագրության, դիցաբանական և մշակութաբանական ուսումնասիրությունների և այլ ոլորտներում: Արդյունքում, այդ մոդելով հայությունը արտաքսվեց իր բնօրրանից և սեփական պատմությունից: Դա, ըստ էության, քաղաքակրթական եղեռն էր հայության և հայկականության հանդեպ, և հետագայում իրագործված ֆիզիկական եղեռնի գաղափարական նախապատրաստումը:

     Ցավոք, հետագայում այդ արատավոր նորամուծության ներդրումը ավանդական պատմագրությամբ ձևավորված հայ ազգային գիտակցության մեջ կատարվեց նաև եվրոպական և սովետական կրթություն ստացած որոշ հայ գիտնականների ջանքերով, կայուն տեղ գրավեց նաև հայ կրթական և գիտական համակարգում, ստեղծվեց  »պաշտոնական» կարգավիճակով պատմագրական մի դպրոց, որի հետևորդների համար այժմ հոգեբանական, մտածողական, բյուրոկրատական և գիտական առաջախաղացման հետ կապված ահռելի դժվարություններ կան` վերադառնալու ազգային գիտական ավանդույթի շրջանակները: Այդ է պատճառը, որ այդ շերտը, ունենալով զգալի վարչական ներուժ, բավական ագրեսիվ է հակազդում նույնիսկ օտար գիտնականների այն աշխատանքներին, որոնք բացահայտում են «պաշտոնական» տեսության աղաղակող հակասությունները, հաստատելով ավանդական պատմագիտության անբասիր հավաստիությունը: Այստեղ ոչ երկրորդական դեր են խաղում նաև որոշակի օտար, նաև քաղաքական շրջանակների կողմից ցուցաբերվող աջակցության այլազան մեթոդները` ուղղված  «պաշտոնական» դիրքորոշում ունեցող գիտնականների նյութական և վարչական դիրքերի ամրապնդմանը ժամանակակից հայագիտության մեջ:

 

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ

 

 Ազգային գաղափարը

աստվածային առանձնահատուկ, ազգային

տեսակը տարբերակող շնորհ (կամ շնորհների

համակարգ) է, աստվածային ծրագիր:

 

Երբ ծանոթանում ենք մեզ հասած պատմական աղբյուրներում առկա հայկական ներկայության ծավալներին, ակնհայտ է դառնում այն մեծ դերակատարությունը, որ հնագույն ժամանակներից ունեցել են հայերն ու Հայքը: Ասելով հայեր և Հայաստան, մենք հաշվի ենք առնում նաև այն, հաճախ արհեստածին, բարդությունները, որոնք կապված են այդ հեռավոր ժամանակների դերակատար ազգերի ու պետությունների նույնադրման (իդենտիֆիկացիա) հետ: Դիտարկելով նույնիսկ միայն այն հիշատակումները, որոնք ընդունվում են անգամ  «պաշտոնական» պատմագիտության կողմից, ակնհայտ է դառնում հայկականության վիթխարի դերը հնագույն աշխարհում, մանավանդ նոր հայտնագործությունների և հետազոտությունների լույսի ներքո: Ինչ արժեն թեկուզ այն նշանակությունն ու որակումները, որ տրված են հայերին և հայկական լեռնաշխարհին հարևանների կողմից. դրախտի երկիր, արևելքի ազգ, արարչության վայր, սուրբ օրենքների և սուրբ ծեսերի պահապան երկիր ու ժողովուրդ, աստվածների ժողովի վայր, մարդկության փրկության երկիր, անմահության երկիր և այլն: Համաձայնենք, որ միայն համատարած և անառարկելի իրողությունը կարող էր ստիպել մեր հարևաններին` մարդկության համար այդ կարևորագույն և պատվաբեր արժեքներն ու հատկությունները վերագրել ոչ թե իրենց, այլ մի ուրիշ ժողովրդի ու երկրի, այն էլ այդպես միաձայն և անվերապահ: Ի տարբերություն հայտնի մի քանի ազգերի, որոնք իրենք են իրենց համարում ընտրյալ ազգ, իսկ իրենց երկիրը` սրբազան հող, մեր դեպքում դա պնդում են հաճախ ոչ բարեկամաբար տրամադրված օտարները: Եվ սա շատ կարևոր առանձնահատկություն է:

Հատկանշական է, որ համաշխարհային քրիստոնեությունը ևս նույնությամբ պահպանեց մեր երկրի աստվածային և համամարդկային նշանակության ընդգծումը` մարդկության գոյության երկու սկզբնավորումն էլ (դրախտ և Նոյյան տապան) կապելով հայկական տարածքի հետ: Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` սկսած Եղիշեից մինչև սբ. Գրիգոր Տաթևացի, և մինչ օրս, հպարտությամբ և արժանապատվությամբ է մատնանշում մեզ բաժին հասած այդ աստվածային շնորհը: Եվ ընդհանրապես, հայ նախաքրիստոնեական և քրիստոնեական մշակույթն ու քաղաքակրթությունը ծայրից ծայր ներծծված է հայկականության արարչական և համամարդկային դերի սթափ, պատասխանատու, արժանապատիվ զգացողությամբ, գիտակցությամբ և ոգով:

Այսպիսով, ազգային գաղափարի մեր սահմանման համաձայն, որպես պատասխան«ովքե՞ր ենք մենք…» հարցի, կարող ենք ասել հետևյալը. հայերը` որպես բնիկներ, վաղնջական ժամանակներից, հազարամյակներ շարունակ ապրել են հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում, որտեղ, ըստ հնագույն աղբյուրների և ավանդությունների, Աստված արարել և բնակեցրել է մարդուն` որպես նրա բնօրրան, որտեղից էլ սկիզբ է առել մարդկության պատմությունը: Այդ տարածքը Աստված տվել է հայերին ի պահպանություն` որպես Հայրենիք: Այստեղ են պահ տրվել նաև սուրբ օրենքներն ու սուրբ ծեսերը, այստեղից է ծագել աստվածային Լույսը (Արևելք), այստեղ է պահվել իմաստության և անմահության գաղտնիքը, այստեղ է իր փրկությունը գտել մարդկությունը` ի դեմս Նոյի, այստեղ է Աստծո և մարդու միջև հաստատվել հավերժական Ուխտը: 

Ցանկացած արժեքավոր, մանավանդ հոգևոր լիցք կրող գաղափար, ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր խորհրդանիշը: Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեն իրենց ինքնության խորհրդանիշները: Մեր պարագայում առկա են կարևոր առանձնահատկություններ: Հետևաբար, անդրադարձ կատարենք մեր ազգային գաղափարի երեք մեծագույն խորհրդանիշներին` Մասիս լեռանը, խաչին, լեզվին ու այբուբենին և նրանց առանձնահատուկ բնույթին:

 

ՄԱՍԻՍ ԿԱՄ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ

 

Հայոց պարագայում այս խորհրդանիշը այնքան անառարկելի է, այնքան հզոր ոգեղեն ու անվրեպ ազդեցություն ունի յուրաքանչյուր հայորդու և, նույնիսկ, ոչ հայի վրա, այնքան հնուց է կրում այդ գործառույթը, որ դժվար է նման երկրորդ երևույթ գտնել: Մասիսը աստվածային, հավերժական ու շարունակական ուղերձ է հայերին ու ողջ մարդկությանը` փրկության ու հավերժական ճշմարտությունների մասին: Սա այն աննախադեպ իրողությունն է, երբ ազգային սրբազան խորհրդանիշը այդպիսին է նաև համայն մարդկության համար: Այսպիսի համամարդկային մի ուրիշ խորհրդանիշ իրոք չկա: Այն կարծես իր տեսքով ու դիրքով կոչված է անընդհատ հիշեցնել հայերին ու մարդկությանը, թե ովքեր ենք մենք և որն է մեր ազգային գաղափարը: Նաև խորհրդանշական է, որ մեր ճշմարիտ պատմության առևանգման փորձի հետ միաժամանակ կատարվեց մեր ազգայինգաղափարի այդ խորհրդանիշի ֆիզիկական գերեվարումը: Եվ մենք կվերադարձնենք մեր սրբազան լեռը, երբ լիովին տեր կկանգնենք մեր սկզբնական պատմությանը և աստվածատուր ազգային գաղափարին:

 

ԽԱՉԸ

 

Մեր առանձնահատկությունն այն է, որ ունենք ազգային գաղափարի ևս մեկ համարժեք խորհրդանիշ` Աստծո և աստվածային լույսի նշան խաչը:

Խաչի համաքրիստոնեական խորհրդանշան դառնալու փաստը չպետք է մեզ խանգարի նշելու այն կարևոր իրողությունը, որ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը ծայրեծայր լեցուն է վաղնջական սրբազան նշանի` խաչի պատկերներով` դեռ քրիստոնեական դարձից շատ ավելի առաջ: Եվ եթե մյուս քրիստոնյաների համար խաչը Հիսուս Քրիստոսի երկրային մահվան գործիքի սրբագործված նշանն է միայն, ապա խաչապաշտ հայոց համար այն ի սկզբանե եղել է Աստծո և նրա ճշմարտույթան լույսի խորհրդանիշը: Սա երկրորդ ազգային խորհրդանիշն է, որ լինելով մեր ազգային գաղափարի խորհրդանիշը, դարձել է նաև համամարդկային: Նկատի ունենալով ամենահնագույն ժայռապատկերներից մինչև մեր օրերը ստեղծված խաչի պատկերների առկայության ծավալները մեր պատմական տարածքում, հարկ է փաստել, որ աշխարհի մնացած ողջ տարածքում չկա խաչի այնքան պատկեր, որքան միայն Հայկական լեռնշխարհում:

Ազգային գաղափարի երրորդ խորհրդանիշը հայոց լեզուն և աստվածապարգև, մաշտոցյան կատարյալ այբուբենն է:

Եվ հայը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տոգորված է ազգային գաղափարով և իր սրտում կրում է խաչը, մտքում` Մասիսը և շուրթերին մեսրոպատառ խոսքը:

Այժմ պարզենք, թե ինչ է նշանակում մեզ տրված աստվածային առանձնահատուկ շնորհը: Ամենից առաջ դա պարտականություն է և պարտավորություն: Եվ ի՛նչ առաքելության է կոչված մեր ազգն ու երկիրը, արժանանալով նման շնորհը կրելու պատվին:

 

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Ազգային առաքելությունը

աստվածային շնորհից և ծրագրից բխող

պարտականություն և պարտավորություն

է, ստանձնված Աստծո, մարդկության և

սեփական ապագայի առջև:

 

Վերցրեք մարդկային քաղաքակրթության շրջանակներում տեղավորվող որևէ հին կամ նոր ազգի, պետության պատմությունը և այնտեղ անպայման կգտնեք հայերի և հայկականության որոշակի հիշատակում, մեծ մասամբ ակնածանքով և համակրանքով` իրենց երկրին հայերի բերած նպաստի և վաստակի համար:

Աղբյուրները վկայում են, որ հազարամյակներ շարունակ հայկական լեռնաշխարհից բոլոր ուղղություններով մարդկային, հոգևոր և մշակութային հզոր ալիքներ են պարբերաբար տարածվել, հասնելով երկրագնդի ամենահեռավոր անկյունները:

Նախ փաստենք, որ հնագիտական նորագույն հետազոտությունները աներկբա ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհում` սկսած առնվազն Ք.ա. XI հազարամյակից, առկա է և անընդհատ շարունակվել է տվյալ ժամանակաշրջանի համար ամենաբարձր և զարգացած քաղաքակրթություն: Նշենք միայն Պորտասարի, Մոխրաբլուրի, Մեծամորի, Շենգավիթի, Ագարակի, Սյունիքի հնավայրերում վերջին տարիներին կատարված պեղումների դեռ նախնական, Քարահունջի աստղագիտական համալիրի հետազոտման տպավորիչ արդյունքները: Անկասկած է, որ հնում հայերը միշտ էլ տիրապետել են տվյալ ժամանակաշրջանի ամենախորը գիտելիքներին և ամենաբարձր տեխնոլոգիաներին: Արդյունքում պարզորոշ ուրվագծվում է կեցության որոշակի մոդելի տարածում բոլոր ուղղություններով, և այդ կենտրոնը ներառելով ողջ հայկական լեռնաշխարհը, հաստատում է միակենտրոն քաղաքակրթության տեսության իրավացիությունը:

Սկզբնական ժամանակներում, երբ մեր ժողովուրդը անվերապահորեն նվիրված և հավատարիմ էր իր առաքելությանն ու պարտականություններին, լեռնաշխարհից կատարվող արտահոսքերը գիտակցված և նպատակամղված բնույթ ունեին:

Բայց հենց որ ազգային գաղափարի ընկալման ինչ-ինչ աղավաղումների հետևանքով առաքելական գիտակցությունը թուլանում էր, նվազում էր նաև պարտականության զգացումը:

Իսկ այդ պարտականություններն են.

անձնվիրաբար պաշտպանել հայրենի աստվածատուր տարածքը հոգևոր և ֆիզիկական ոտնձգություններից. 

հետևել աստվածային օրենքներին` որպես կենսակերպ.

և ապա, այդ գիտակցությունն ու հմտությունները տարածել մյուսների մեջ: 

 

Ազգային առաքելության գիտակցման թուլանալը նշանակում է թերանալ այս երեք հիմնական պարտավորություններից մեկի կամ մի քանիսի մեջ: Քննարկենք այդ դեպքերը:

Աստվածային նախախնամությամբ և ծրագրով մեզ տրված սրբազան տարածքի հոգևոր և ֆիզիկական պաշտպանության հարցում հայերի նախանձախնդրությունը գործնականում անթերի կարելի է համարել համարյա ողջ պատմության ընթացքում: Եվ եթե ինչ-ինչ ժամանակներում, արտաքին բիրտ ուժերի չդադարող հարձակումների արդյունքում տարածքային ժամանակավոր ընկրկումներ են եղել, ինչի հետևանքով սրբազան տարածք են թափանցել ու հաստատվել օտար ցեղեր, միևնույնն է, մինչև XIX դարի վերջերը հայերը շարունակում էին բնակվել ողջ Հայկական լեռնաշխարհում:

Ինչ մնում է հոգևոր տարածքի պաշտպանությանը, ապա այստեղ մեր ժողովրդի պայքարը իր հոգևոր նախահիմքերի և արժեքային համակարգի համար գործնականում անընդմեջ է եղել ողջ պատմության ընթացքում: Այլ բան է, որ չդադարող արտաքին էքսպանսիայի պատճառով ստեղծվող անբնական կացությանն ինչ-որ կերպ հարմարվելու ձգտումն այնուամենայնիվ իր հետ բերում էր զգալի խաթարումներ և կեցության աստվածային օրենքներից հեռանալու վտանգավոր միտվածություն:

Չնայած պատմության այսպիսի ընթացքը բերում էր առաքելական ներուժի զգալի նվազման, առաքելական երրորդ, ինչ-որ իմաստով մեխանիկական բաղադրիչը` արտահոսքը պահապնվել է մի զարմանալի, հիրավի միստիկական հետևողականությամբ /ինչպես աղբյուր անսպառ, որ իր ջրերը տարածում է անդաստաններն ի վար/:

Կարծես թե անկախ այն բանից, թե հայությունը տվյալ պահին որքանով է ներքնապես պատրաստ հոգևոր-իմացական արժեքներ տարածողի իր դերակատարմանը, լեռնաշխարհից պարբերաբար տարածվում են զանգվածային արտագնա ալիքներ: Նման դեպքերում երկրից տեղի է ունենում ոչ թե գիտակցված, ներքին հզորությունը չթուլացնող արտահոսք, այլ` պարզագույն արտագաղթ, ինչն անընդհատ նվազեցնում է ազգի ընդհանուր ներուժը: Նախանձախնդիր ընթերցողն ինքը կարող է նշել մեր պատմության մեջ արձանագրված նման բազմաթիվ փաստեր` ընդհուպ մեր օրերում, մեր աչքի առջև կատարված մեծ արտագաղթը:

Որոշակի պահերի այսպիսի ընթացքն իր հետ բերում էր հայրենիքում մնացող հայության շարունակական թուլացման, ընդհուպ պետականության կորուստ: Բայց ամենամեծ և դաժան հարվածը հայությունը ստացավ XIX դարի վերջերից սկսված և մինչև XX դարի 20-ական թվականները շարունակվող Եղեռնի հետևանքով, երբ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասում հետևողականորեն բնաջնջվեց հազարամյակների ընթացքում ձևավորված ինքնատիպ հոգևոր-էթնիկական միջավայրը և հայությունն արտաքսվեց իր սրբազան տարածքի մեծագույն մասից: Չնայած այս հրեշավոր իրողությունն արդեն ոչ մի կապ չուներ ազգային առաքելության գիտակցված դրսևորման հազարամյակների ավանդույթի հետ, այնուամենայնիվ, աշխարհով մեկ ցրված հայության բեկորները հնարավորինս շարունակում են կատարել քաղաքակրթական իրենց դերակատարությունը, զգալի ավանդ բերելով իրենց ապաստան տված երկրների ընդհանուր զարգացմանը` կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Ինչ մնում է արդի Հայաստանի Հանրապետությանը, ապա չնայած ազգային բնականոն գոյության համար անհրաժեշտ կենսատարածքի և հոգևոր-էթնիկական միջավայրի ամբողջականության կտրուկ նվազմանը, միևնույն է, այժմ քան երբևէ անհրաժեշտ է գիտակցված կամքի և կազմակերպվածության արտակարգ բարձր մակարդակ, աշխարհով մեկ ցրված հայության ներուժի համախմբում և առաքելական խնդրի արդյունավետ լուծման ընդունակ հայկական ընդհանրական կերպարի և կենսակերպի ձևավորմանն ու դաստիարարակությանն ուղղված համազգային ջանք: Ահա այս, կենսականորեն երկընտրանք չունեցող նպատակի իրագործման ճանապարհն անցնում է ազգային գաղափարախոսության միջով:

 

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

 

 Ազգային գաղափարախոսությունը

ազգային տեսակի հարատևման ձգտումից և

առաքելական պարտականություններից բխող

հատկանիշների ու կենսակերպի արժեքային,

գաղափարական համակարգ է:

 

Որևէ երկարաժամկետ առաքելություն` կապված սերունդների շարունակական գործունեության հետ, ենթադրում է այդ առաքելության գիտակցման պահպանում և անաղարտ փոխանցում: Հակառակ պարագայում առաքելությունն ընդհատվում է և խափանվում: Իսկ պահպանել և փոխանցել` նշանակում է սերնդեսերունդ համակողմանի իրազեկել նախորդ ճշմարիտ պատմությանը, դաստիարակել և ուսուցանել այնպես, որ յուրաքանչյուր սերունդ օրգանապես զգա մի ընդհանուր պատմական շղթայի մեջ իր` որպես հերթական օղակի, անելիքն ու պատասխանատվությունը: Որովհետև միայն մեկ մարդկային կյանքի տևողությամբ առաջնորդվող անհատը կամ հավաքականությունը լիովին անպետ է ոչ միայն որևէ առաքելություն կրելու, այլև պարզ մարդկային սերնդափոխություն բնական, բարոյական և արդյունավետ ձևով իրագործելու համար:

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա արդեն իսկ մեր ազգային գաղափարի և առաքելության հիմքում ներդրված են աստվածային, համամարդկային և ազգային այնպիսի հզոր և վերժամանակային ազդակներ, որ աշխարհընկալման հոգևոր-դավանական համակարգը արդեն հայկականության գոյության անհրաժեշտ անօտարելի բաղադրիչն է:

Ուշադիր և համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ հազարամյակների ընթացքում հայկական լեռնաշխարհի   հավատքային համակարգը անխափան գործել է, պահպանելով արարչական և աշխարհընկալման նույն մոդելը:

Թերևս որոշ աղճատումներ եղել են Արարատյան թագավորության անկումից հետո միասնական պետականության ամրապնդման ժամանակ` հելլենիզմի բուռն ներխուժման և արմատավորման ժամանակներում: Այդ շրջանը ավարտվեց հայոց քրիստոնեական դարձով, ինչը նշանակում էր վերադարձ սկզբնական հավատքին, նրա պարունակած արժեքային համակարգին և սեփական ինքնությանը: Իսկ այդ հավատքը, որն ըստ էության կարելի է կոչել խաչապաշտություն կամ լուսապաշտություն, այսինքն՝ միաստվածություն, հազարամյակների ընթացքում ձևավորել էր առաքինությունների վրա հիմնված մի հզոր կենսակարգ, որը հնարավորություն էր տվել հայությանը և Հայքին ակնառու և կարևորագույն դերակատարություն ունենալ աշխարհում:

Հետագայում երբ օտար և անծանոթ գաղափարներն ու բարքերը լեռնաշխարհ էին մտնում արդեն հարևանների ռազմական ներթափանցումների հետ և հաճախ ունենում էին ուժային աջակցություն, հայկական կենսական համակարգը շարունակում էր գործնականում անխաթար պահել հոգևոր-բարոյական միջավայրը շնորհիվ ներքին ամրության և կայունության, քայքայիչ ներթափանցումների դեմ ցուցաբերելով առողջ օրգանիզմին հատուկ պաշտպանական մեծ ներուժ: Հայության բնատուր հակումը նոր գաղափարների ու երևույթների հանդեպ առաջին հերթին խարսխված է այն բանի վրա, որ ազգային գիտակցության մեջ խորը արմատներ նետած արժեքային համակարգը` իր հզոր ֆիլտրող կարողությամբ, զերծ է պահում ազգային ինքնությունը խեղումների վտանգից:

Եթե կարողանանք առանձնացնել այն արժեքային համակարգի կորիզը և մարդկային հիմնական հատկանիշները, որոնց շնորհիվ, հազարամյակներ շարունակ, հնարավոր է եղել պահպանել հավատարմությունը ազգային գաղափարին և առաքելությանը, ապա դրանով, ըստ էության, ազգային գաղափարախոսության էվոլյուցիոն պատկերի ուրվագիծը կունենանք.

հավատքի, արդարության և ներքին պատասխանատվության վրա խարսխված ռեաբիլիտիվ (ոչ ռեպրեսիվ) իրավական համակարգ; հասարակական, դասային, սոցիալական շերտերի հարգալից վերաբերմունք չգրված օրենքների ու վարքականոնների հանդեպ; հասարակական կառուցվածքի հիմքում ընտանիքի սրբության, անհատական կամքի ազատության և ազգային առաջնահերթությունների արդյունավետ համադրում` ուղղված ազգի հարատևմանը և այլն, և այլն….

Այժմ փորձենք նկարագրել պատմականորեն ձևավորված առաքինի հայի կերպարը` առաձնացնելով որոշ առաքինություններ, որոնց բազում օրինակները նախանձախնդիր ընթերցողը ինքնուրույն կգտնի հայոց պատմության յուրաքանչյուր էջում: Ինչպիսի բնորոշ հատկություններ են ընկած այդ առաքինությունների հիմքում: Անսահման նվիրվածություն հավատքին, հայրենիքին, պարտքին, ընտանիքին; բարեպաշտություն; մտքի ազատություն` հիմնված սեփական արժեքային համակարգի խորը գիտակցության վրա; արիության, ազնվության, վեհանձնության, կարեկցանքի, աշխատասիրության, հավատարմության բարձր գնահատանք; արժանապատվության և ամոթի զգացման խիստ չափանիշներ; բնատուր հակում մշակույթի, կրթության, իմացության նկատմամբ; ստեղծագործական ջիղ; ընտանիքում տղամարդու և կնոջ հարաբերությունների ներդաշնակ մոդել; ընտանիքի սրբություն, դրա ներսում տարբեր սերունդների (առնվազն երեք սերունդ) փոխհարաբերությունների ուսանելի ավանդույթ; կնամեծար վարք; բնատուր նախաձեռնող խառնվածք; բնության հետ ներդաշնակ կյանք; ժուժկալ և համեստ կենցաղ; ուղղամտություն; խոնարհ խառնվածքի և ըմբոստության զարմանալի համատեղում; ակնածանք գիտելիքների և գիտուն մարդկանց նկատմամբ; հարգանք աշխատանքի և մշակույթի մարդու և նրա գործի հանդեպ; հարգանք օտարների ավանդական արժեքների հանդեպ; օտար քաղաքակրթությունների, մշակույթների և մարդկանց հետ հարաբերվելու բնատուր ընդունակություն; հարգանք պետական կարգուկանոնի հանդեպ; հանդուրժողականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և այլն, և այլն…

Պարզ է, որ վերը նշված սկզբունքային արժեքներն ու հատկանիշները, և ոչ միայն նշվածները, ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել, կատարվել են առաջնահերթությունների վերադասավորումներ: Մանավանդ վերջին մի քանի դարերում` պետականության կորստի և օտար գերիշխանության պայմաններում: Բայց հույժ կարևոր է այն հանգամանքը, որ ազգային և հասարակական կյանքը միշտ էլ ընթացել է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտում, որ անպայմանորեն խրախուսվել են ավանդական արժեքները և մերժվել ու պախարակվել են հակառակ հատկանիշների ու մոտեցումների ցանկացած դրսևորումներ: Դա պետք է վերագրել այն բանին, որ ազգային գաղափարը և առաքելությունը հազարամյակների ընթացքում այնքան խորն են արմատավորվել ազգային հոգեմտակերպի մեջ, այնպես են հղկել ազգային գաղափարախոսությունը որպես կեցության համակարգ, որ նույնիսկ XIX դարից սկսված պատմական նենգափոխումները, Մեծ Եղեռնի բերած մարդկային, նյութական և տարածքային հրեշավոր կորուստները, 70 տարիների պետական աթեիզմի և ազգերի համահարթեցման ագրեսիվ նկրտումները ի զորու չեղան հայությանը անվերադարձ զրկել իր պատմության ճշմարիտ տրամաբանությունից: Ինչ խոսք, սթափ հայացք նետելով մեր օրերի իրողություններին, դժվար չէ փաստել, որ վերը նշված առաքինությունների զգալի մասը ոչ միայն դուրս են մղված անհատական և հասարակական կյանքից, այլև դրանց մի մասը սկսել է միամիտ, ծիծաղելի և հնացած համարվել հասարակական որոշ շերտերի գիտակցության մեջ:

Բավական է ազգային առաքելության գիտակցության դիրքերից դիտարկել այսօրվա բոլոր մեծ ու փոքր խնդիրներն ու դժվարությունները, որպեսզի պարզ դառնա, որ դրանք այնքան էլ ծանր ու անհաղթահարելի չեն, որ մենք դատապարտված չենք միայն գոյատևման ստորացնող խնդիրներով զբաղվելու, այլ ընդունակ ենք անհամեմատ մեծ կենսագործումների:

Եվ, որքան էլ պարզամիտ թվա, բոլոր իրական հիմնախնդիրների լուծման բանալին աստվածային նախախնամությամբ մեզ տրված առաքելությանն է պահ տրված:

Կվերականգնե՞նք մեր գիտակցված հավատարմությունը մեր առաքելությանը, շատ հարցեր կգնտնեն իրենց բնական լուծումը: Հակառակ պարագայում մենք անպաշտպան ենք մնալու եղած ու գալիք մարտահրավերների հանդեպ:

Սթափվելու, բարդույթներից ազատվելու, լրջորեն մտորելու և համապատասխան հետևությունների անհրաժեշտությունը այժմ ծառացած է յուաքանչյուր հայի, հասարակական կառույցների, պետական մեքենայի և ողջ ազգի առջև: Եվ եթե յուրաքանչյուրս իր տեղում, և բոլորս համատեղ, այս տխուր իրավիճակի անէացնող թմբիրից դուրս գալու, մեր պատմությանը և ապագային տեր կանգնելու կամք ցուցաբերենք, ապա  «ինչպե՞ս» հարցին կպատասխանի ազգային ծրագիրը: Եվ այս հարցում է առաջին հերթին անհրաժեշտ այնքան տարփողվող ազգային միասնությունը:

 

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 Ազգային ծրագիրը

Ազգային գաղափարի, առաքելության և

գաղափարախոսության կենսագործման

գիտակցված և հետևողական գործողություն-

համակարգ է, տրված ներկա և հաջորդ

սերունդներին` որպես շարունակական և

նպատակամղված ուղենիշ:

 

Վերն արդեն նշել ենք, որ ազգային ծրագիրը և պետականությունը սերտորեն փոխկապակցված են և իդեալում ենթադրում են պետական կառույցի և հասարակության առավելագույն փոխըմբռնում և փոխադարձ վստահության մեծ պաշար: Տվյալ պարագայում փոխըմբռնումը նշանակում է, որ հասարակության մեջ գերիշխող են ազգային ինքնությունն ապահովող հոգևոր-կենսական արժեքային համակարգի վերականգնման ձգտումներն ու կամքը, իսկ պետական կառույցը պատրաստակամ է իր ողջ կազմակերպական կարողությունները ուղղել այդ գլխավոր խնդրի իրագործմանը: Սա է ազգային պետականության գլխավոր հատկանիշը: Ակնհայտ է, որ ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պետական և հասարակական ջանքերի համակողմանի և նպատակամղված համադրում: Այն (ծրագիրը) պետք է դառնա խորը և համակողմանի քննարկումների առարկա և դրա գլխավոր ձևակերպողներն ու նախաձեռնողը պետք է դառնան բոլոր շահագրգիռ անհատներն ու, անպայման, պետությունը: Ակնհայտ է, որ այս աշխատանքի շրջանակները թույլ չեն տալիս ազգային ծրագրի մեր տարբերակը ներկայացնել անհրաժեշտ մանրամասնությամբ: Դա առանձին  ծավալուն գործ է, որը հստակ գծագրություն կստանա միայն ընդհանուր և համակողմանի քննարկումների արդյունքում: Սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ ցանկացած ազգային ծրագրի ակունքում և հիմքում պետք է լինի ազգային գաղափարի, առաքելության և գաղափարախաոսության բացահայտման և ներդրման խնդիրը մեր ազգային, պետական, հասարակական կյանքի բոլոր, և, առաջին հերթին, կրթական, մշակութային և քարոզչական ոլորտներում: Առանց այդ հասկացությունների բովանդակության մեջ խորամուխ լինելու և ընկալելու, մենք կմնանք ռեֆլեկտիվ ընթացքի պատանդը, ինչը լրջորեն վտանգում է մեր` որպես ազգ և քաղաքակրթություն պահպանվելու և աստվածային ծրագրում մեր առաքելությունը մինչև վերջ իրագործելու հազարամյակների պատգամը:

Ակնհայտ է, որ պարտականությունը կարող է կատարվել կամ չկատարվել: Բայց բարոյական արարածը չի կարող ազատվել աստվածային ծրագրի իշխանությունից: Մենք այն կարող ենք կրել մեր ճակատագրում կամ որպես օրհնություն, կամ որպես անեծք: Եվ մենք ենք կատարելու այդ ընտրությունը:

 

 

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք