Ադրբեջան. երբ վերջանա նավթը…

20141909115418219

Եթե դիտարկենք ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքագիտական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ Ադրբեջանն իրենից ներկայացնում է ոչ թե կովկասյան, այլ կենտրոնաասիական երկիր: Հավանաբար, այդ երկիրը Թուրքմենստանի հետ համեմատելն այնքան էլ ճիշտ չի լինի, սակայն Տաջիկստանի և, առավել ևս, Ղազախստանի հետ Ադրբեջանը կարելի է համեմատել լիովին: Դա վարչակարգի թե՛ խստությունն է ու միահեծանությունը, թե՛ իշխանության ժառանգականությունը, թե՛ քաղաքական որոշումները խստագույն գաղտնիության պայմաններում և ծածուկ կայացնելը, թե՛ ընտրական ինստիտուտների բացակայությունը գործնականում, թե՛ պառլամենտի, քաղաքական կուսակցությունների հարանման բացակայությունն իրականում և այլն:

Իհարկե, հարավկովկասյան մյուս երկրները ևս ունեն իշխանության ռոտացիայի և քաղաքական մրցակցության հիմնախնդիրներ, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսն այս երկրներում տեղի են ունենում: Ճիշտ է՝ ոչ միշտ սահուն, երբեմն՝ չափազանց անկիրթ, սակայն, այդուհանդերձ, տեղի են ունենում:

Որոշ վերլուծաբաններ հակված են Ադրբեջանում գոյություն ունեցող քաղաքական կառուցաձևի պատճառները բացատրել իսլամով և ավելի ընդգրկուն՝ քաղաքական մշակույթի ինչ-ինչ կանխորշվածությամբ: Անշուշտ, մշակութային ավանդույթները ազդեցություն գործում են քաղաքական կառուցվածքի վրա, սակայն տվյալ դեպքում կա առավել հիմնավոր բացատրություն. առանձնահատկություն, որի գոյությամբ Ադրբեջանը տարբերվում  է իր արևմտյան հարևաններից. Ադրբեջանում կա նավթ: Վաղուց հայտնի է, որ մեծ պահանջարկ վայելող բնական հարստություններ ունեցող երկրները զարգանում են նույն կերպ: Ընդ որում, նույնանման զարգանում են դրանց ոչ միայն տնտեսությունները, այլև քաղաքական համակարգերը:

Եթե դրամական միջոցները, ընդ որում՝ շատ խոշոր, երկիր մտնում են փաստորեն ոչ թե տնտեսության միջոցով, այլ ընդերքից, ապա իշխանությունը բիզնեսի զարգացմանը նպաստելու կարիք բնավ չի զգում: Դա չի պահանջվում գոյատևելու համար, քանի որ այդ տիպի երկրների գոյության տնտեսական հիմքը ընդհանրապես կախված չէ ոչ մանր, ոչ էլ խոշոր բիզնեսից: Ավելին, խոշոր բիզնեսի զարգացումը նույնիսկ վտանգավոր է վարչակարգի համար: Պատահական չէ, որ Հայաստանին և Վրաստանին բնորոշ «օլիգարխական առճակատումներին» նմանվող որևէ բան Ադրբեջանում տեղի չի ունենում: Այնտեղ պարզապես չկան բառիս սովորական իմաստով օլիգարխներ: Կան խոշոր բիզնեսի փաստացի տերեր, որոնք այդ գործին դրվել են երկրի ղեկավարության կողմից: Սովորաբար նրանք իշխող արյունակից կլանների անդամներ են, որոնք փաստորեն կատարում են խոշոր պաշտոնյաների և ոչ թե օլիգարխների դեր: Այդ իմաստով ակնառու օրինակ է Ռուսաստանը, որը համաշխարհային շուկայում նավթի ցածր գների ժամանակ հանդիսանում էր մրցակցող վերնախավ ունեցող օլիգարխական երկրի տիպիկ օրինակ: Իսկ նավթի գների բարձրացման հետ այդ երկիրը վերածվեց իշխանությունից հավասարապես օտարված տնտեսական խաղացողներով միահեծան երկրի: Այդպես էլ Ադրբեջանում նավթային և դա սպասարկող ոլորտներից բացի տնտեսությունը փաստորեն չի զարգանում, քանի որ իշխող խավը դրա համար չունի բավարար դրդապատճառ: Իսկապես, ինչո՞ւ պահել հավ, թեկուզ ոսկե ձու ածող (էլ չենք խոսում սովորական ձու ածող հավերի մասին), եթե ունես ադամանդե ձու ածող ջայլամ:

Այդ տեսակ համակարգերում բնական կերպով կարևորություն է ձեռք բերում ոչ թե աշխատավարձը, այլ վերահսկողությունը «խողովակի» վրա, որն անպայման մնում է պետության ձեռքին: Նավթի վաճառքի վիթխարի եկամուտները սովորաբար մսխվում են չափազանց անարդյունավետ, բարձրագոչ «իմիջային» ծրագրերի վրա, ինչպիսիք են, օրինակ, Եվրատեսիլը, հսկայական դրոշ կանգնեցնելը և երկրնաքերներ կառուցելը: Մայրաքաղաքը «գիրանում» է ի վնաս մնացյալ երկրի: Ամրապնդվում են ուժային կառույցները, որոնք նախատեսված են երկրի վրա վերահսկողությունը պահպանելու համար, այսինքն՝ ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Քանի դեռ պահպանվում են էներգակիրների բարձր գները, կա և ինֆրակառույցները զարգացնելու հնարավորություն, սակայն դա սովորաբար կատարվում է չափազանց անարդյունավետ, հենց նավթի բերած փողերի իրացման մեխանիզմի պատճառով: Քաղաքագիտության մեջ այդպիսի երկրները կոչվում են պետրոսթեյթներ, սրանք լավ ուսումնասիրված են և գործնականում երբեք չեն դառնում զարգացած և ուժեղ պետություններ:

Քաղաքական ընդդիմությունը Ադրբեջանում վտանգազերծված է: Քիչ թե շատ լուրջ, նույնիսկ պոտենցիալ քաղաքական առաջնորդները կամ ոչնչացվել են ֆիզիկապես, կամ վտարվել երկրից: Ադրբեջանում քաղաքական դաշտը վնասազերծվել է դեռ հայր Ալիևի կողմից: Իհարկե, հասարակության մեջ ալեկոծվում է սոցիալական խուլ դժգոհությունը. ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում սովյալների խռովություններ, ինչպես, օրինակ, Գուբայում: Սակայն սոցիալական ընդվզումները բնավ չեն ներթափանցում քաղաքական կյանք, որովհետև իշխանությունը զգոն հետևում է քաղաքական մրցակցության մեջ ի հայտ եկող ամենաչնչին վտանգի սաղմերին իսկ և ոչնչացնում հենց սաղմնային վիճակում:

Ընդդիմադիր տրամադրությունները Ադրբեջանում գայթում են իսլամական ընդվզման ոլորտ, ինչը նույնպես բնորոշ է այդ տիպի երկրներին: Վերջին շրջանում նույնիսկ նկատվում է աշխարհիկ մարդկանց հոսք մզկիթներ, քանզի մզկիթը մնացել է միակ վայրը, ուր մարդիկ կարող են հավաքվել: Մյուս կողմից՝ իշխանությունը դեռ կարող է երկար ժամանակ վերահսկել այս ոլորտը նույնպես՝ թույլ չտալով իսլամի քաղաքական ուղղությունների ձևավորումը:

Այս պայմաններում, իհարկե, Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ այդ երկրի քաղաքական վերնախավի համար Ղարաբաղի գործոնը հույժ կարևոր գործիք է: Այն հնարավորություն է տալիս համախմբել ժողովրդին իշխանության շուրջ, համախմբել բուն իշխանությունը և հընթացս ստեղծել առկա իրավիճակի գաղափարական հիմնավորում, այդ թվում՝ ռեսուրսների բաշխման բնագավառում: Հակահայկական հռետորաբանությունը գիտակցաբար շահարկվում է իշխանության կողմից, ծառայում հենց այդ իշխանության անփոխարինելիության արդարացմանը: Հայրենասիրական տրամադրությունները շահարկելու և տարածելու համար իշխանությունը չի խնայում ոչ փող, ոչ ջանք, և այդպիսի իրավիճակը կարող է շարունակվել տասնամյակներով, քանզի այն բարեհարմար է իշխանությանը: Այս դասավորության դեպքում իշխանությանը սպառնացող ներքին վտանգները չեզոքանում են, իսկ արտաքին վտանգ գոյություն չունի: Այս հարաբերակցության համար իրական վտանգ կարող է ներկայացնել միայն մի բան՝ պատերազմը: Այդ պատճառով էլ պատերազմը չի սկսվում: Որքան ձեռնտու է պատերազմի մասին խոսելն ու պատերազմով սպառնալը, նույնքան էլ վտանգավոր է պատերազմ սկսելը: Ուժերի ներկա հարաբերակցությամբ պատերազմը հաղթանակի չի հանգեցնի, սակայն մեծ է հավանականությունը, որ կհանգեցնի նավթային ոլորտի կոլլապսի, հետևաբար՝ իշխող վարչակարգի անկման: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակելու է սպառնալ պատերազմով, բայց պատերազմ չի սկսելու: Եվ մնալու է այնպիսին, ինչպիսին է: Քանի դեռ, ինչպես ասվում է ռուսական մի երգում, չի վերջանա նավթը:

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք