Ադրբեջանն այսօր. խճանկարի բեկորներ

20141909141625821

Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար փորձենք տարբեր տեսանկյուններից  ի մի բերել այդ երկրի ներքին կյանքի խճանկարի բեկորները և դրանք դիտարկել փաստերի լույսի ներքո:

Ադրբեջանում քաղաքական ընդդիմադիր դաշտի փաստացի բացակայությունը, սովորական երևույթ դարձած իրավական և վարչական չարաշահումները, անձի տարրական իրավունքների ոտնահարումը ունեն իրենց սկզբնապատճառները: Անկախացումից հետո Ադրբեջանը ոչ միայն պահպանեց այլախոհության և քաղաքական ընդդիմության ճնշմանխորհրդային ավանդույթը, այլև 1993թ. Հեյդար Ալիևի «գահակալմամբ՚ձեռք բերեց մի նոր բացասական հատկանիշ. երկրում հաստատվեց մեկ ազգակցական-կլանային խմբի տոտալիտար իշխանություն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն 1995-1997թթ. Հ. Ալիևին ընդդիմադիր 683 քաղաքական գործիչ է դատապարտվել՝ ելնելով «ազգային անվտանգության նկատառումներից»: Չնայած այն փաստին, որ 2005-2012թթ. քաղբանտարկյալների պաշտոնական թիվը 716-ից զգալիորեն նվազել է՝ հասնելով 85-ի, այս խնդիրը Ադրբեջանի համար դեռևս մնում է հրատապ ու չլուծված: Քաղաքական այլախոհների, հակակառավարական պայքարը սոցիալական ցանցերի հարթակ տեղափոխած բլոգերների, լրագրողների հետապնդումները և ձերբակալությունները շարունակվում են՝ թմրանյութերի, իսլամիստների, օտարերկրյա գործակալների դեմ պայքարի անվամբ քողարկված: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 179 երկրների շարքում Ադրբեջանին դասել է 156-րդ տեղում, իսկ նախագահ Իլհամ Ալիևն իր «պատվավոր» տեղն ունի մամուլի ազատության «գիշատիչների» ցուցակում:

Ադրբեջանի տնտեսական զարգացման մասին խոսելիս պետք է իրավացիորեն նշել, որ, իսկապես, 1996 թ. սկսած այն բավական առաջընթաց է գրանցել: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ 2005-2010 թթ. Ադրբեջանը իր ՀՆԱ ցուցանիշով 180 երկրների շարքում զբաղեցնում էր 71-րդ տեղը, իսկ Միջազգային արժույթի հիմնադրամի 2011 թ. տվյալների համաձայն՝ 183 երկրների շարքում 73-րդն էր: Սակայն տնտեսական ձեռքբերումների իրական գնահատականը տրվում է այն ցուցանիշների հիման վրա, թե ինչքանով է տնտեսական աճը զուգակցվում պետության գոյության անվտանգ պայմանների ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման հետ: Իշխող վերնախավը իր ձեռքում է կենտրոնացրել տնտեսության զարգացման հիմնական խթան հանդիսացող բնական էներգետիկ ռեսուրսների՝ մասնավորապես նավթի և գազի արտահանումը, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում եկամուտի ծայրահեղ անհավասարաչափ բաշխմանը: Նավթարդյունաբերությունից ստացված եկամուտների հաշվին 2008 թ.-ից Ադրբեջանի կառավարության ձեռնարկած՝ Բաքվի «գեղեցկացման»  լայնամասշտաբ  ծրագրերըհնարավորություններ են ընձեռումիրականացնելունոր շինարարական նախագծեր, որոնք, սակայն, պետք է կյանքի կոչվեն հարյուր հազարավոր բնակիչներից բռնագրավված բնակարանների, տների տարածքների հաշվին: Այսօր Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ եվրոպական չափանիշներին համապատասխան «արտաքին տեսքով»: Խաբուսիկ պատկերացում է ստեղծվում երկրի զարգացածութան, բնակչության տնտեսական, սոցիալական պայմանների բարձր մակարդակի մասին, սակայն այլ է իրական պատկերը Բաքվի շքեղ վարագույրից այն կողմ: Ովքե՞ր են բնակվելու նորակառույց երկնաքերերում՝ մինչ օրս վրանաշեն ճամբարներում բնակվող փախստականնե՞րը, թե՞ Ադրբեջանի օրեցօր աղքատացող ժողովուրդը. . .

Ղարաբաղյան հակամարտությունը Բաքվի ռեժիմի համար կենսական քարոզչամիջոց է՝ ներքաղաքական դաշտում առկա բազմաթիվ խնդիրները հիմնավորելու, հասարակության ուշադրությունը և վրդովմունքը դեպի արտաքին թշնամին ուղղորդելու համար: Եթե հպանցիկ հայացք նետենք Ադրբեջանի Հանրապետության կարճաժամկետ պատմության վրա, ապա պարզորոշ կտեսնենք, որ Ղարաբաղյան խնդիրը միշտ էլ շահարկվել է քաղաքական  տարբեր ուժերի կողմից՝ կառավարության ղեկը ձեռք գցելու և սեփական իշխանությունը օրինականացնելու համար: Հակահայ գաղափարախոսությունը ևհռետորաբանությունը Ադրբեջանի պետական քաղաքականության սյուներից մեկն են, ինչի արդյունք են հասարակության բանական հատվածի համար անջնջելի ամոթի խարան հանդիսացող ռամիլսաֆարովները…

Հասարակության գաղափարական ճնշման մեկ այլ քաղաքականություն է Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը, ինչը  նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը անվանել է «ադրբեջանական ժողովրդավարություն»: Երկրում կան նրա անունը կրող 60-ից ավելի թանգարաններ և մշակութային կենտրոններ, դպրոցներ, փողոցներ, ակտիվ քաղաքականություն է տարվում նաև Հեյդար Ալիևի պաշտամունքի միջազգայնացման ուղղությամբ. վերջին 10 տարիներին Ադրբեջանը նախկին նախագահի նվազագույնը 14 արձան է տեղադրել աշխարհի տարբեր երկրներում: Սակայն այդ նույն երկրների քաղաքացիների բողոքի հետևանքով Ադրբեջանի «ազգային հերոսի» արձանը 2012թ. սեպտեմբերին Կանադայում, իսկ 2013թ. հունվարին Մեխիկոյում ամոթալի կերպով ապամոնտաժվել է: Նախկին նախագահի պաշտամունքը այնքան խոր արմատներ է գցել Ադրբեջանում, որ նույնիսկ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում այս տարի բացվել է «ալիևագիտության» բաժին, որի ստեղծման ներշնչանք է հանդիսացել «հանրապետության հիմնադրի» կյանքն ու գործունեությունը:

Բանակը, որը Ադրբեջանի ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունն ապահովող մարմինն է, սկսել է իր խնդիրները քողարկել անփութորեն: Սույն թվականի մարտի 10-ին ընդդիմադիր ակտիվիստների կողմից Բաքվի կենտրոնում կազմակերպված բողոքի ցույցը, որը ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվեց,  անցկացվում էր  «Վե՛րջ դնել զինվորների մահվանը» կարգախոսով: Հակակառավարական այս գործողությունների համար առիթ հանդիսացավ փետրվարի 28-ին շարքային Սեյմուր Ալլահվերդիևի մահը, ինչը տարվա սկզբից ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան 19-րդ գրանցված դեպքն էր: Ադրբեջանի կառավարությունն այս ակցիան որակեց իբրև գալիք նախագահական ընտրություններից առաջ  դրսի ուժերի միջամտությամբ երկրի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու հերթական փորձ: Հատկանշական է նաև այն փաստը, որ զոհված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, որպես կանոն, զինվորական ծառայության են ուղարկվում սահմանային առավել վտանգավոր շրջաններ: Ադրբեջանում բնակվող 20-ից ավելի  ազգային փոքրամասնությունները (լեզգիներ, թալիշներ, քրդեր, լեռնային հրեաներ, ավարներ, թաթեր, ցախուրներ և այլն), որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 20-25 տոկոսը, միշտ էլ եղել են ճնշման ու ձուլման  քաղաքականության զոհ: Հետևաբար զարմանալի չէ, որ դրսից ներթափանցող կրոնական քարոզչությունը լայն արձագանք է գտնում ոչ միայն փախստականների, գյուղերի անապահով բնակչության, այլ նաև ազգային փոքրամասնությունների մեծմասի մոտ: Իրանի կրոնական ազդեցությունը հատկապես ուժեղ է հարավային շրջանում՝ թալիշների, Ապշերոնյան թերակղզում՝ թաթերի, իսկ իսլամիստական վահաբական գաղափարները՝ Ռուսաստանին սահմանակից հյուսիսային շրջաններում բնակվող լեզգինների, ավարների, ցախուրների և այլ ազգային փոքրամասնությունների շրջանում: Երկրում քաղաքական կամ այլ խնդիրների հետ կապված յուրաքանչյուր ցույցի, հավաքի արգելման պայմաններում մզկիթները սկսել են խաղալ այսպես կոչված քաղաքական  ակումբների դեր՝ ապագա սպառնալիք հանդիսանալով աշխարհիկ իշխանություններին: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ երկրի առջև ծառացած խնդիրներին իշխանությունների կողմից հրատապ լուծում չտալու դեպքում  իրավիճակը Ադրբեջանում կարող է դառնալ անվերահսկելի:

 

Անդին 3, 2013

Կարծիքներ

կարծիք