20-րդ դարավերջի հայ պատմավեպի առանձնահատկությունները

Լուսանկար

Պատմավեպի ժանրը կարևոր է եղել հայ գրականության մեջ: Դեռևս 19-րդ դարում Ծերենց-Րաֆֆի-Մուրացանյան պատմավեպերը կոնկրետ նպատակ էին հետապնդում. անդրադարձ կատարելով հայոց պատմության էջերին՝ կերտել հայոց պետականության գաղափարախոսությունը: Կարելի է ասել՝ պատմավեպն ուներ ծրագրային բնույթ: Նույնը նաև 19-րդ դարի մյուս պատմավեպերի հեղինակների առիթով պետք է ասել. թե Մամուրյանի ու թե Պռոշյանի պատմավեպերը, անգամ Դուրյանի ու Պեշիկթաշլյանի պատմական դրամաներն իրենց պատմականությամբ փորձում էին քաղաքական-հասարակական ներկայի բարդ հանգույցների լուծումները գտնել պատմական ժամանակներում: Միտումնավոր գրականության ստեղծման այս տենդենցը գալիս է դեռևս Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից, որն հագեցած է նաև պատմավեպի ժանրային կառուցումներով:
Դրանից հետո` արդեն խորհրդային տարիներին, Դեմիրճյան-Զորյան պատմվիպասանությունը, պատվիրված համերգի նման, կոնկրետ նպատակների ու թիրախների է միտված: Խորհրդային իշխանության հրահանգը` պատմական հերոսական անցյալի միջոցով բարձրացնել պատերազմող ազգի մարտնչող ոգին, որոշակիորեն ձևախեղեց պատմավեպի նախընթաց ժամանակաշրջանի դասական նկարագիրը՝ այն ադապտացնելով ժողովրդականության ներկա պահանջներին: Կարելի է ասել՝ գրողի ստեղծաբանական ջիղը ենթարկվել է պահանջարկին: Անշուշտ, վերը նշված այս երկու գրողներն էլ փորձառության և գրանյութի շնորհիվ հաջողել են, սակայն եթե նայենք մեծ թռիչքներին, նորարարական միտումներին, կառուցվածքային գյուտերին, պետք է նկատենք, որ դրանք չիրացվեցին… Այսինքն՝ աշխարհն անցել էր նոր վեպի ստեղծմանը, իսկ հայ վեպը դեռևս մնացել էր առկախ դասական ավանդներից և ժողովրդի պահանջարկից:
1960-70-ականներից ինչպես հայ գրականությունը, այնպես էլ հայ պատմավեպը անցավ թարմացման` նոր գրաշերտերի յուրացման ճանապարհով: Դիպուկ է նկատել գրականագետ Սեյրան Գիրգորյանը, թե«… վերջին երեք տասնամյակում Հայաստանի գրականությունն առնվազն երեք անգամ տրոհել է դասական պատմավեպի կառույցը» : Սակայն տրոհելը միայն քանդման ճանապարհը չէ այս դեպքում, այլև նորի կառուցման ընթացք, որը, կարելի է ասել, անցավ, թերևս, Վիգեն Խեչումյան-Պերճ Զեյթունցյան-Վարդան Գրիգորյան, ապա շարունակվեց Զորայր Խալափյան-Լևոն Խեչոյան զարգացման ընթացքով: Այսօր կարելի է ասել՝ հայ պատմավեպի հանգրվանը հենց Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» և Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպերն են:
Պետք է նշել, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել պատմականությունն ու պատմությունը: Պատմականությունը ժանրայինի որոշակի պարտադրանքներ է ենթադրում, և այս դեպքում որքան էլ դիպուկ լինի գրականագետի այն դիրքորոշումը, թե «ընթերցման քիմքը գոհացնելու համար որքան է չարչրկվել 4-5-րդ դարերի մեր պատմության գոյութենության երփնագիրը, ինչքան են սևեռվել՝ նորույթն ապահովելու պահանջով, զարմանալիորեն զանցառելով, որ վեպի գենետիկ էույթի բաղկացյալ «նորաբանությունը» բոլորովին տարբեր է 20-րդ դարի ժանրի պոետիկայից ու գեղագիտությունից, որ անհրաժեշտ է փլուզել, քակել Րաֆֆու կառույցը…» , այնուամենայնիվ ամեն պատմականություն չէ, որ պատմավեպի, ավելի շուտ` ժանրի գեղարվեստական իրացման փաստ պետք է դիտարկել:
Պատմությունն իբրև երևույթ անընդհատական ընթացքի մեջ է, տարանջատելի չէ նրա այս կամ այն հատվածը, քանի որ այն շարունակվում է մինչև այսօր և նույնիսկ պայմանավորում է վաղվա օրվա նկարագիրը: Այս անքակտելի շղթայի մեջ պատմության այս կամ այն դրվագը ժամանակակից գրողի համար դառնում է ընթացակարգը ճանաչելու և ապագան գուշակելու խաղ-կառուցում: Այս դեպքում պատմականությունը կազմաքանդվում է, և մնում է պատմությունը, որը ժանրին նոր հնարավորություններ է տալիս: Այլ կերպ ասած` պատմավեպն իր ներքին կառուցվածքային առանձնահատկությունը կորցնում է և մոտենում վեպի ժանրին: Պատահական չէ, որ Վիգեն Խեչումյանի «Գիրք լինելությանը», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդը», Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձը», «Դար կորստյանը» և «Մանյա Այրքը», ինչպես նաև Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավորը» և «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինին» որքան պատմավեպ, նույնքան վեպ են ժանրի յուրօրինակ կերպով:
Սկսենք Զավեն Ավետիսյանի բնորոշումից. «Այսօր առանց տարակուսանքի կարելի է ասել, որ հայ ժամանակակից պատմավեպը, հենվելով անցյալի դասական ժառանգության և ժամանակակից գրականության նորագույն նվաճումների վրա, ստեղծել է իր յուրօրինակ կերպն ու կառուցվածքը» :
Վիգեն Խեչումյանի «Գիրք լինելության» վեպը պատմավեպի կազմաքանդման առաջին փորձն է: Այն կարելի է համարել վեպ-ասքապատում: Պատահական չէ, որ վեպի պատմական հենքը հեղհեղուկ է, և դպիր Ավետիքի միջնադարյան դեգերումներն ավելի շատ էկզոտիկ արկածային էքսկուրսիա են հիշեցնում, ուր գրողն, ազատագրված պատմականության սահմանափակումներից, պատմությունն է վերակենդանացնում վիպասանությամբ: Այսպես վեպն ու պատմությունը ներքին սինթեզով հիբրիդային կառույցով են առանձնանում: Այնուամենայնիվ պետք է նշել, որ Խեչումյանը որոշակիորեն պահպանել է դասական պատմավեպի ներժանրային ինչ-ինչ առանձնահատկություններ: Գրողը պատմական միջավայրի ստեղծման, խոսքարվեստի և ոճավորման պատմականացման և կերպարակերտման մակարդակներում առաջնորդվում է անցյալի դասական ժառանգության ձեռքբերումներով:
Թերևս Խեչումյանի վեպի ձեռքբերումներն առավել ընդգծված ու ամբողջական ի հայտ են գալիս Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ»վեպում: Վեպի վերնագրային պոետիկան արդեն իսկ մատնում է հեղինակի միտումը: Տեքստը դառնում է յուրօրինակ մազե կամուրջ, որով հեղինակը անցումներ է կատարում տարբեր տարածաժամանակային հարթություններ և նույնանալով իր հերոսի՝ Փալիկի հետ, նոր կենսագրություն է ապրում անցյալում՝ միջնադարում:
Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ»վեպը, կարելի է ասել, առաջին տաբուազերծումն է ժանրի սահմաններում: Պատմական ժամանակաշրջանի հանգուցումները չեն հետաքրքրում հեղինակին, և նա իր վիպական ցնորքներով կառուցում է ժամանակակից մարդու հոգեբանական դրաման` հենք ընտրելով ամենադրամատիկ արքաներից մեկին` Արշակին: Պատահական չէ, որ վեպի հիմնական պատումը հոգեբանական գրականությանը բնորոշ ներհայեցման կերպով է կառուցված: Այստեղ պատմությունը մղվում է երկրորդ պլան, և պատմության խորքից ի հայտ է գալիս անհատը: Պատահական չէ Զեյթունցյանի՝ պատմության նկատմամբ ունեցած պարականոն մոտեցումը: Գրողը, ներկայացնելով Սամվել Մամիկոնյանին, ներքին բանավեճ է մղում Րաֆֆու հետ և կազմաքանդում հերոսի կաղապարված ընկալումը: Զեյթունցյանական Սամվելը հայրենասիրություն է խաղում` ամեն գնով թագավորին հաճոյանալու համար: Նույնից դրդված էլ սպանում է իր ծնողներին՝ չդառնալով պատմություն: Իսկ Րաֆֆին Սամվելին տեղավորում է պատմության մեջ, սակայն ոճիրը, Զեյթունցյանի բարոյաբանական հայացքներով, պատմություն չի կարող դառնալ: Նույնով պայմանավորված, Զեյթունցյանը Արշակ-Փառանձեմյան միությունից հետո կենդանացնում է Գնելին, քանզի հայոց պատմությունը ոճիրազերծման ճանապարհով պետք է կառուցվի, իսկ ոճիրին պետք է փոխարինի պետականության ստեղծման ուղեղի մորմոքը: Այդով էլ Գնելը դառնում է Արշակի ամենահավատարիմ գաղափարակիցը, օտարվելով ես-ից, բարոյաբանական նոր որակ անդրադարձելով` հանուն պետականության հզորացման` ամենայն ինչ:
Փաստորեն ՙպատմավեպի ժանրի խնդիրն, այսպիսով, չի սահմանափակվում սոսկ անցյալի պատմության ընդգրկումով: Այն շարունակում է ժամանակը դիտել որպես մարդկային կյանքի զարգացման տարածություն՚ :
Մեկ քայլ առաջ է անցնում վաղամեռիկ Վարդան Գրիգորյանը: Նա սահմանեց նոր պատմավեպի կամ պատմականության կազմաքանդման ու պատմության կերտման փիլիսոփայական մակարդակ: Համաշխարհային վիպասանության նոր հոսանքներն ու ըմբռնումները նա հաստատուն կերպով ներձուլեց պատմավեպին: Նրա երեք պատմավեպերն էլ վիպական հյուսվածքում տեսանելի գիտակցության հոսքով են առարկայանում: Ժանրի մեջ ի հայտ եկող այս միտումը թերևս լավագույնս բնորոշել է Զավեն Ավետիսյանը.«Ժամանակակից պատմավեպի յուրահատկությունը նախ և առաջ պայմանավորվեց նրա ինտելեկտուալ հագեցվածությամբ` և դա ոչ միայն պոետիկական պլանով, զուտ գեղարվեստական ձևերի վերակառուցմամբ, այլև բովանդակային շարժումով»: Բովանդակային շարժման մեջ Վարդան Գրիգորյանը յուրացրեց նախորդների` Խեչումյանի և Զեյթունցյանի ձեռքբերումները և դեռ ավելին, դրանք հյուսելով միմյանց՝ զարգացրեց, ամբողջացրեց, լրեց նոր կառուցվածքային իրացումներով՝ ամբողջացնելով նոր պատմավեպի ժանրը: Վարդան Գրիգորյանը միտումնավոր ընտրում էր պատմության ամենաանցումային ժամանակաշրջանները. Քրիստոնեության ընդունում, Անիի կործանում, աղանդավորական շարժում. այստեղ ավարտվում է պատմականությունն, ու սկսվում ասքը, որը սերտաճում է՝ հանդգնելով պատմություն դառնալ: Խեչումյանական միջնադարյան էքսկուրսները Գրիգորյանի մոտ դառնում են հայեցակերպ, որը անցումային, բախտորոշ ժամանակաշրջանների միջև բացառելով մատենագրությունն ու տարեգրությունը՝ հաստատում է կենսափիլիսոփայական այն իրողություններն ու մակարդակները, որոնք անընդհատ շարունակվել են և նույնական են բոլոր ժամանակներում: Այստեղ արդեն գրողը ոչ թե պատմության տարընթերցում է կատարում, ինչպես Զեյթունցյանը, այլև նոր պատմության տարբերակ է առաջադրում ու պատմական ճշմարտության և ճշմարտության միջև բազմաթիվ հարցականներ է առաջ քաշում ու փորձում դրանց լուծման վրա կենտրոնանալ: «Մանյա Այրք»-ում քրիստոնեության ընդունման և Գրիգորի անձնական ողբերգության պատմությունները նույն հարթության վրա են հայտնվում: Տրդատ թագավորի արտաքին քաղաքականության և երկիր ու իշխանություն ձեռքից բաց թողնելու վտանգված իրողությունը հավասարազոր է դառնում եղեգնուտներում խելագար նոպաներով լուծման որոնման և ցեղի բնության օրենքներն ամրապնդելու ջանքին: Այստեղ երկու ճշմարտություններ են բախվում իրար` պատմության պարտադրանքն ու կենսական թելադրանքը: Եվ թագավորը պարտվում է՝ ընտրելով պատմության պարտադրանքը, քանզի այն Գրիգորի կենսական թելադրանքից էր ծնունդ առել: Եվ այս ամենը կառուցվում է գիտակցության հոսքի սկզբունքով, ուր հարցականների ամեն մի պատասխան նոր հարցականներով է ի հայտ գալիս: Այսպես պատմավեպը հառնում է իբրև հավերժական հարց ու պատասխան:
Նույնը «Դար կորստյան»-ում, ուր Գայլ Արշավիրի ջանքերը հիշեցնում են Սիզիփոսյան տառապանքը: Եթե ի սկզբանե ժամանակը տարերայնորեն տանում է կորստյան, ապա ամեն դիմադարձ ջանք սոսկ նպաստում է այդ կորստյանը, իսկ աբսուրդի գեղագիտության մեջ ամենատրամաբանվածը` գիտնալով ճակատագրի անխուսափելիությունը՝ նրան դեմ գնալն է: Հենց «Դար կորստյան»ում արդեն ի հայտ է գալիս անտիպատմավեպի հիմնական ժանրային առանձնահատկությունը: Պատմությունը քայքայման հարատև ընթացք է, և այդ համատարած քաոսում նորի կառուցումն է միայն նոր պատմություն ստեղծում, իսկ քայքայմանն ընդդեմ կան•նելը ոչ միայն նպաստում է այդ քայքայմանը, այլև բացառում է նոր պատմության ստեղծումը: Ստացվում է ժառանգականության ընդհատում, քանզի, քրիստոնեական սերմնացանի առակի նման, սերմը հողում չէր նետվել:
«Հավերժական վերադարձ»-ում արդեն իսկ նոր պատմավեպի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է տեսանելի: Պատմավեպի գլխավոր հերոս է դառնում ժամանակը, որն անընդհատական ընթացքով կրկնվում է, և այստեղ արդեն Վարդան Գրիգորյանը հանգում է պատմության կենսափիլիսոփայությանը. պատմությունը ժամանակն է, որն անընդհատ ընթանալով՝ իր հավերժական դարձն է կատարում: Դեպի ապագա ճանապարհը տանում է անցյալի ամենախորքերը` նախագոյության ժամանակաշրջանը, և պատմությունն անգամ դադարում է պատմական լինելուց:
Արդեն անկախության տարիների պատմավեպն աչքի է ընկնում նոր իրացումներով: Մեկ տարվա ընթացքում լույս են տեսնում Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» և Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր» վեպերը: Արդեն իսկ կարելի է ասել, որ դասական պատմավեպը քայքայված է և կառուցված է անտիպատմավեպը:
Այս ժամանակների պատմավեպն աչքի է ընկնում բազմազանությամբ: Գրականագետ Գրիգոր Հակոբյանը հենց Խեչոյանի վեպում է տեսնում պատմավեպի «ոչնչացումը».«…վեպի կառույցում նյութականանում է գեղեցիկ ընթացքի տարանջատումը սեփական կեղտից, ու հենց դա է հայկական պատմավիպասանության «ոչնչացումը»…»: Հակոբյանի հոդվածը որքան էլ ուրվագծային լինի, այնուամենայնիվ մի քանի նոր մեկնակետեր է տալիս վեպ-պատմավեպ ժամանակակից ընկալումների համայնապատկերում: Իսկ Լևոն Խեչոյանը վեպ-պատմավեպ տարանջատումը բացառում է՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գրքի վրա նշելով վեպ ժանրանվանումը: Խեչոյանական վեպի ընկալումը առթում է նոր վիպակառուցման տարաբնույթ մոտեցումներ.«Վեպը չպիտի վերապատմվի, պետք է դուրս գա սյուժետային միասնական գործողության օրենքներից` զգացական ներկայի խորքում որոնելով գոյին և նրա անիմաստին, ձևին և նրա անձևին, զգացականի իրադարձությունը…»: Այս մոտեցումը նույնությամբ կիրառված է «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպ-պատմավեպի թե հորիզոնական-բովանդակային և թե ուղղահայաց-գաղափարական հարցադրումներում: Վեպն անշուշտ մի շարք հարցադրումների շուրջ է կառուցված, որն ավելի քան ակնառու է, քան դրանց պատասխանելու հեղինակային ճիգը: Պատահական չէ, որ Սեյրան Գրիգորյանը այն դիտարկում է իբրև մտքերի վեպ: Չհամաձայնելով այս բնորոշմանը՝ պետք է նշեմ, որ Խեչոյանի հիմնական թիրախը եղել է մտքի բացասումը: Խեչոյանն այս երկում առաջնորդվել է պատմության միֆականացմամբ, ուստի այն, որ պատմական իրողությունները զուգահեռվում են երկխոսությամբ ու տրամախոսությամբ, փիլիսոփայությունից մինչև անգամ փողոցային բամբասանքով, ոչ թե մտքերի կառուցման հեղինակային ճիգ է, այլև առասպելածին պատում ստեղծելու, ժամանակակից էպոս կառուցելուն է միտված: Այսով էլ պայմանավորված են խեչոյանական բնագրում հաճախ հանդիպող մի շարք կրկնություններ ու միևնույն երևույթի հինգ-վեց տարբեր մեկնաբանություններ: Եվ ուշագրավ է, որ նույնը լինելով, կրկնությունները միշտ տարբեր են, քանզի ամբողջի տարակերպ մասնիկներ են և պայմանավորված են վեպի այդ հատվածում նախընթաց ու հաջորդող մասերով, իսկ միևնույն երևույթի իրարից տարբեր մեկնաբանությունները նույնական են, քանզի մեկ ամբողջի տարբեր մասերն (դետալ իմաստով) են, պատումային տարբերակները և մասնատումը (դետալների բաժանումը) ենթադրում է ճանաչողություն և ոչ թե մտքի կառուցում:
Այսպիսով, Խեչոյանի վեպն ավելի միտված է ներկային և ապագայի ճանաչմանը, քան թե պատմավեպ է, այսինքն՝ պատմության խորհուրդն է փորձում բացահայտել: Այստեղ տեղին է հիշատակել Վալերի Փիլոյանի բնութագրումը, որն, անշուշտ, բանավիճելու առիթ տալիս է, բայց միևնույն ժամանակ նոր պատմավեպի համար խիստ բնութագրական բանաձևում է ներառում իր մեջ. «Պատմավեպն ըստ էության պատմության ու մատենագրության վարիացիան է, որ, այդպիսին լինելով, դառնում է անցյալից սլացող և վաղվա օրվան ուղղորդվող նետ, ինչը պարզում է գոյության խորհրդի ընթացքը` բացահայտելով ներկան» : Վիճելին այս դեպքում Խեչոյանի պատմության ընկալումը միջնադարյան մատենագրության տարբերակ դիտարկելն է: Խեչոյանը պատմության տարընթերցում չի կատարում, այլ պատմություն է կերտում, ինչպես Վարդան Գրիգորյանը: Եվ այդ պատմության գրականությունն է դառնում անտիպատմավեպ,«…որովհետև֊ Արշակ արքայի ժամանակների վեպը, որ նաև Դրաստամատ ներքինու ժամանակների վեպ է, միաժամանակ առասպելականացրած, պատմության ապամիթոսականացում է, նույն այդ պատմության դիցականացում», որը դառնում է նաև մեր ժամանակների պատմության դիցականացում: Հենց միայն այսու են հանդիպում անցյալ-ներկա-ապագա, քանզի դիցականացման և առասպելականացման մեջ չկա ժամանակ, չկա միտք ու գաղափար, և գործում են միայն հավերժության օրենքները:
Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր» և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» վեպերը ևս ժանրի նոր ընկալումներով են առանձնանում: Ժենյա Քալանթարյանը Զորայր Խալափյանի «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր» վեպի ժանրի առիթով չի կարողանում կողմնորոշվել, քանի որ գրականագետը այն դիտարկում է դասական ժանրերի համապատկերում: Մոտեցման այս կերպը առիթ է տալիս վեպը դիտարկել իբրև տարեգրություն, միջին մասում պատմավեպ, ասել է թե՝ երկն ունի «ժանրային հեղհեղուկ նկարագիր»:
Սակայն դասական պատմավեպի ժանրի սահմաններում չպետք է դիտարկել Խալափյանի վեպը, այս դեպքում վեպ-պատմությունը, որտեղ պատմական ժամանակաշրջանն ու փաստական նյութը խիստ պայմանական են և գրողը այն օգտագործել է իբրև այլաբանություն և իշխանության համար անընդհատ իրար կոկորդ կրծելը, այս ճանապարհին արկածախնդրությունը, արկածային վեպին բնորոշ կառուցումները նոր պատմավեպի կամ անտիպատմավեպի ստեղծման ճանապարհ են ցուցանում:
Վեպի գաղափարական իմաստը ևս անտի բնույթի է: Հայ պատմավեպն առաջին հերթին աչքի է ընկել նախ և առաջ հայկական հերոսականության պատկերումով: Այստեղ Խալափյանը պատկերում է հայի ապահերոսականությունը:     Չունենալով պետականություն՝ իրեն հայ Արշակունի համարող Վասիլը դառնում է օտար պետականության կրողն ու կերտողը: Եվ հարց է առաջանում՝ վերնագրային պոետիկայում կարևորված «հայ կայսր Բյուզանդիայի» Վասիլը ի՞նչ է արել հայի համար… մնացել է կճուճների թագավոր, սովորական մի բրուտ և դրա համար էլ պատմությունից հայտնի է իբրև ամենահայատյաց կայսր Բյուզանդիայի:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» վեպը (հեղինակային բնորոշմամբ` պատմաէրոտիկ սիրավեպ) արդեն իսկ ենթադրում է մի շարք ժանրերի ներհյուսում մեկ պատումի մեջ: Դասական սիրային եռանկյունու կառույցը քանդում է պատմավեպի ավանդական-մուրացանյան ընկալումները: Այստեղ ևս գրողը միտված է տաբուազերծման: Տաբուազերծումը տեղի է ունենում երկու մակարդակներում` ապաառասպելականացում և բարոյական նեղ ընկալումների կապանքներից ազատագրում (բաց, էրոտիկ պատկերներ, մարդու բնազդային, ենթագիտակցական շերտերի ֆրոյդյան փիլիսոփայության ընկալումներով մեկնաբանություններ), և այսով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Խալափյանը վեպը հյուսում է ոչ թե Արայի, այլև Շամիրամի առանցքի շուրջ:
Խալափյանի պատմավեպերը ևս մեկ ուշագրավ առանձնահատկություն ունեն: Հեղինակը դրանք ստեղծել է ժամանակակից էքշն ֆիլմերի ժանրի օրինաչափություններով, և հենց կինոյի սկզբունքով կառուցված տեքստն էլ պայմանավորում է դիպաշարի սրընթաց զարգացում, կադրային արագ անցումներ, լարված իրադրությունները կիսատ թողնելու և դրանք ավելի ուշ շարունակելու դիտավորություններ, որոնք ավելի հետաքրքրաշարժ են դարձնում այս վեպերի ընթերցումը:
Եվ վերջապես վերջին տարիներին գրված մի վեպ, որը ևս խիստ պայմանականորեն կարելի է նոր պատմավեպի ժանրի սահմաններում դիտարկել. խոսքը Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպի մասին է :
Վեպը որպես այդպիսին բազմաթիվ ժանրերի հանրագումար է: Պատմությունը Վահագն Գրիգորյանի վեպում 100-ամյա կտրվածք ունի, սակայն պատմականության խնդիր չի լուծում հեղինակը, քանզի նույն պատմությունը նույնանում է հավերժական ժամանակի հետ, որը գրողն ընկալում է երկշերտ՝ որպես սիմվոլ՝ «ժամանակի գետը» և ապա` պատմական էքսկուրս: Անցյալը դառնում է սիմվոլը գոյավորող, կառուցող, գուցե նաև ապականող ու ճահճացնող հանգամանք:
Վեպում հստակ ընթացող ժամանակագրություն չկա: Գործողությունները անընդհատ անցում են կատարում դարասկիզբ, 40-50-ականներ և մեր օրեր: Սա վեպի հյուսվածքը չի խեղաթյուրում ու խճճում, այլ դառնում է մի կառույց՝ հստակ անցումներով պայմանավորված, որոնք ամրագրված են պատճառահետևանքային կապով: Վիպական տարածք է ներխուժում եղեռնի թեման, որն այսօրեական է և այսօրվա սոցիալ-հասարակական, քաղաքական խնդիրը, թվում է թե նոր է, սակայն իրականում նույնքան հին է, որքան եղեռնը, որքան ընդհանրապես պատմությունը: Եվ պատմությունն իր ողջ սոսկալի ծանրությամբ ու սահմռկեցուցիչ իրողությամբ գրողին հնարավորություն է տալիս այլ աչքերով դիտել-մեկնաբանել կենսափաստը: Գրողի համար եղեռնը դառնում է ոչ թե պատմություն, այլև կենսափաստ: Եվ այստեղ է, որ վերջնականապես դադարում է գոյություն ունենալ պատմավեպը, քանզի պատմության մեջ դադարում է գոյություն ունենալ ժամանակը, և սոսկ կենսափաստն է առաջնորդում գրողին, որը բոլոր ժամանակների համար է: Եվ քանի որ չկա պատմություն, ուստի չկա նաև պատմավեպ, և այս դեպքում տեքստը մերկանում է արտաքին պաճուճանքներից, և ոչ թե թեման կամ գրանյութն են առաջ մղում բնագիրը, այլև բնագիրն է ինքնագնաց առաջ ընթանում և այս դեպքում չի ենթարկվում անգամ հեղինակին:

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք