100 տարի անց

Հեղինակ:

20151701165419633

Հայաստանի մասին էսսեներ գրող մի ամերիկացի լրագրողի երբ հարցրի՝ կուզենայի՞ր հայ լինել, մի պահ մտածելուց հետո, ամերիկյան ժպիտը մաքրելով դեմքից, պատասխանեց՝ ոչ, դժվար, ծանր բեռ է, ցեղասպանություն…

Ծագումով իռլանդացի լրագրողը, որ, ենթադրում էի, իր տաքարյունությամբ ավելի մոտ է արևելցու զգացմունքային խառնվածքին, անցյալ կատարյալով չարտասանեց այդ բառը. նախկինում կրած ցեղասպանությունը երբեք անցյալ ժամանակի մեջ չի տեղավորվում: Մարդկությունն արտաբերում է այդ եզրույթը, ինչպես ծագումով իռլադացի իմ ամերիկյան լրագրողը, բայց երբեք չի կարող հասկանալ դրա լիարժեքությունը, միայն ցեղասպանություն կրած ժողովրդի զավակը կարող է զգալ լիովին:

Երբեք որևէ մեկը չի ասի՝ ծանր բեռ է գերմանացի լինելը, որովհետև Երկրորդ աշխարհամարտում Գերմանիան պարտվեց: Ցեղասպանությունից հետո չորրորդ, անգամ հինգերորդ սերունդն է ապրում, ովքեր անմիջապես իրենց մաշկի վրա չեն զգացել եղեռն և ներսում չեն կրել այդ կարմիր բեռը, սակայն ապրում են ցեղասպանության շրջանակի մեջ: Ցեղասպանության հետևանքներն ավելի ահավոր են, քան բուն ցեղասպանությունը:

Այն մեր ներկայից արտաքսելու անհեթեթ ճիգով արհամարհում, օտարում ենք այդ թեմայով ստեղծված գրականությունը, քննարկումները, անգամ պատմությունն ու իրողությունը, ամեն ինչ անում ենք, որ անցյալ դառնա, բայց ավելի շուտ հնարավոր է պլաստիկ վիրահատությամբ սեփական մաշկը փոխել, քան հանել հոգու կեղևը, իսկ ցեղասպանությունը թաղանթի պես պատել է մեր ներսը:

Իմ տեսած աշխարհում դեռ որևէ իրականություն ինձ այնպես չի տպավորել, ինչպես Արշիլ Գորկու կտավից պարզված մոր ջնջած ձեռքերը: Ջնջել իրականությունը, որ կորած է ու ապրում է հիշողության՝ մոր ձեռքերի տեսքով: Կտավի վրա երկու փոքրիկ տեղում ներկի մաքրաշղարշը ահռելի բովանդակային ծավալ է ընդգրկում՝ ժամանակ․սա այն փոքրիկ գլոբուսն է, որ ափիդ մեջ ես պահում, բայց ինքը Երկիր մոլորակն է: Գորկին ջնջեց Ցեղասպանության ժամանակը, մոռացավ հիշողությունը․Ոստանիկ Ադոյանը ներկայացավ Արշիլ Գորկի, հայը՝ ամերիկացի, միայն մահից հետո կինը իմացավ նրա իսկական անունը․ սա ազգայինի մեջ չտեղավորվող մարդկային ողբերգություն է: Այդ զոհաբերությանը չհաջողվեց հակակշռել մոռացումը․բեմի վրա խաղաց իր կերպարը՝ իրական, բայց կուլիսներում իսկականն էր՝ բնօրինակը:

Գորկին ձախողվեց․ապրած կյանքը Ցեղասպանության շարունակությունն էր՝ մեկ ճակատագրի խտացումով:

Գորկու արվեստում անմիջական անդրադարձ չկա Ցեղասպանությանը, սակայն անհնար էր չհիշել այն, ինչ նա էր ճգնում մոռանալ: Վանի իր տան պատից կախված չոր սխտորն ու սոխն էր կտավի հեռվում, գույնը, լույսը, և Ցեղասպանությունը ներծծվեց ամերիկյան արվեստ՝ վրձնի բարակ շղարշով մշուշված: Կոմիտասի նոտան ու հնչյունը նույնպես անմիջական ու միջարկված չեն արտացոլում Ցեղասպանությունը, բայց ինքը շարունակվող, իր դեպքում՝ ապրող Ցեղասպանությունն էր:

Համառորեն ներկա մնացող իրականությունը շարունակվում է արդեն Շահնուրի «Նահանջը առանց երգի» աշխարհում՝ կորած հոգիներ: Եղեռն չտեսած մարմինների մեջ այդ իրականության հետ աղերս ու թելեր չունեցող շվայտ հոգիների հատակում Ցեղասպանության նստվածքն էր ջղաձգվում՝ ինչպես կաթսայի տակ այրվող կրակ, որ բովում, խարկում էր հոգիները:

Ցեղասպանությունը ներծծվեց փարիզյան բոհեմի մեջ և շարունակվեց բովանդակային նոր դրսևորումներով, այլընթաց. թմրեց գինու և կրքի նվաղումից: Այնինչ իրականությունը մոռանալն էր գերխնդիր: Շահան Շահնուրը դարձավ Արմեն Լյուբեն, հայերենը գրվեց ֆրանսերեն․Գորկին հիշողությունը ջնջեց, Շահնուրը իրականությունը մոռացավ: Գորկու՝ Ցեղասպանությամբ շարունակվելը Շահնուրն ընդհատեց, սակայն նա նույնպես ձախողվեց միամտորեն․փոխարենը Գորկու մարդկային ողբերգության շարունակությունը դարձավ Շահնուրը․Ցեղասպանությունը չընդհատվեց:

Մնձուրու պատմվածքներում կորած հոգիները մուտք չունեն, ելք ունի 1915 թիվը․ դրան նախորդող իրականությունն է Մնձուրին: Նա շախմատային խաղատախտակի վրա շախ հայտարարեց և՛ Գորկուն, և՛ Շահնուրին, բայց մատ եղավ ինքը: Այն իրական կյանքը, այստեղ՝ ապրելու բանաձևով հիշողությունը, որ դրսևորվում է մարդ և բնաշխարհ ներդաշնակությամբ, այլևս կորած է, և Ցեղասպանության ժամանակի ամբողջական շարունակությունն էր Մնձուրին:

Ամերիկաներում, ֆրանսիաներում և մեր այս մազապուրծ բնօրրանում, ինչ մնացել է Պատմական Հայաստանից, ստեղծող միտքը որքան էլ ըմբոստանար, սուր ճոճեր՝ այդ հրեշի հպատակն էր: Մարմնից, հոգուց հետո մեր միտքն էր Ցեղասպանության հաջորդ զոհը. մեր երազի թռիչքն այդ տարածության չափումով էր: Բառը, որ ի սկզբանե Աստծուց տրվել էր մարդուն՝ օրհնության համար, անեծքով դատապարտվեց: Թումանյանը, Տերյանը, ապա և Չարենցի սերունդը, որպես ականատես, խնդրի պատճառաբանված մոտեցումով, պետք է թեման փակեր գրականության մեջ, բայց Սևակի սերունդն ավելի արմատական շոշափեց. հաջորդողներին նույնպես չխնայեց այդ հրեշը: Հազիվ 19 տարեկան՝ շարադրեցի մի պոեմ, հետո ոչնչացրեցի՝ չենթարկվելով գրի աստծու պարտադրած ճակատագրին, և խոստացա այլևս չմտնել այդ դժոխքը: Սակայն շուրջ քառորդ դար անց միամիտ պայքարս ավարտվեց ինքնապարտությամբ. գրեցի «Առավոտ» պոեմը որպես Ցեղասպանությունից մազապուրծի թոռ:

Արդեն 100 տարի մեր միտքը խուսափում, վանում է (ստեղծողը՝ որպես արտադրող, հասարակությունը՝ որպես սպառող), սակայն որևէ գնով, ցանկացած պարտամուրհակ մարելու պատրաստակամությամբ, չի խնայում մեզ այդ հրեշը. եկող սերունդը նույնպես ապահովագրված չէ: Ոչ թե մեր պատմության, այլ ներկայի (ապագայում էլ ներկա), գորդյան հանգույցն է Ցեղասպանությունը, որ լուծելով՝ անվերջ խճճվում ենք, և չի տրվում մեզ ալեքսանդրյան սրի կենսականորեն անհրաժեշտ այդ մեկ հարվածը:

Ապրող հոգիների մեջ շարունակվեց մեկ անգամ մորթված մարմինների սպանդն անընդհատ․ամբողջ աշխարհում սկսեց մազապուրծների թոքերով շնչել Ցեղասպանությունը․ աշխարհացիր մի ժողովրդի համար Երկիր մոլորակը պտտվում էր Ցեղասպանության շուրջը, ոչ թե Արեգակի: Ապրողները պատմեցին և հերթով գնացին հավելելու 1,5 մլն զոհերի թիվը, քանի որ նրանց էությունն արդեն մորթվել էր, ընդամենը մարմնի պարտքն էին վերադարձնում: Այնքան սարսափելի չէր, որ 1 միլիոն 500 հազար մարդ ցեղասպանվեց, ոչ էլ մազապուրծները, որ էությունից զրկվել, մարմնի պարտքն էլ տվել ու գնացել էին․ սարսափելին շարունակությունն է, որ արդեն քանի սերունդ ապրում է Ցեղասպանության ժամանակի մեջ: Ցեղասպանությունը մեկանգամյա ակտ չէ, որ սկսվում և ավարտվում է, շարունակվող և ամենօրյա կենսակերպ է, ձայնի պես արձագանքվում, ահագնանում է, բայց այն նրբությամբ, որ իբրև ձայն չի լռում ի վերջո:

Հավանաբար առաջնահերթության իրավունքով՝ իմ կյանքի տպավորիչ տեսարանն էր, երբ մենք այրեցինք  գրքերը խորհրդային հասարակարգից անկախ հանրապետություն առանձնանալուց անմիջապես հետո, շուրջ քառորդ դար առաջ: Առաջինը Լենինի հատորները դարձան հրո ճարակ, հետո՝ կուսակցական ու սոցռեալիզմով տարբերակվող գրականությունը: Այդպես ընտրության չափանիշը սանդուղք առ սանդուղք ելևէջելով՝ չխնայեց գրքի տեսքով շոշափվող որևէ բան գրեթե: 1915-ին շալակով մագաղաթներ բերած մազապուրծ ժողովուրդը հանկարծ գրքեր այրեց. դատարկած դարակների հատորները շեղջ առ շեղջ խռիվ ցրված էին գրախանութների բակերում՝ իջեցված գներով, ու մարդիկ տանում էին որպես կպչան: Ձմռան ցրտերին տնային գրադարանները վառարաններում այրվեցին գիրք առ գիրք. գրախանութների փակվելով ու տունը տաքացնելու այլընտրանքի բացակայությամբ չի պատճառաբանվում խարույկ բարձրացած բառերի մոխիրը: Մենք մեր անցյալն այրեցինք՝ այդ կարծր բեռից ազատվելու միամիտ վրիպումով. միայն շոշափելի տարածքում չէ, որ տեղավորվում է հիշողությունը:

Հետահայաց հաշվարկը տալիս է մի պարզ արդյունք՝ որակական փոփոխմամբ. 1915՝ գումարած 100 տարի (փակագծում ավելացնենք՝ Ցեղասպանության ժամանակ), չի հաջորդում հավասարման նշանից հետո գրվող պատասխանը, քանի որ փոխատեղում է շախմատային կանոնով. հայերի և թուրքերի տեղերը փոխվեցին: Ահա պարզ լուծումն այն պարզունակ խնդրի, որի պատասխանը գտնելու համար մեկ դար է գլուխ ենք ջարդում: Եվրոպակիրթ, բարձրաշխարհիկ նիստուկացով մտավորականություն ուներ հայը, լայն տարածքների չափման մեջ էր քաղաքակրթություն ու վարք շերտավորում, նյութական մեծ կարողություն, մշակութային բազմաշերտ հարստություն, և այս ունեցվածքը տեղավորվում էր հազարամյա ժամանակի չափման մեջ: Մենք աշխարհի սրտի մեջ էինք, և աշխարհն էր մեր զարկերակի մեջ. հիմա այս ամենի տերը թուրքն է, իսկ մենք սակավաթոք ու հազիվ շնչառությամբ երկիր ենք ընդամենը:

Բախտի, ուժի, նաև խելքի պակաս չունի թուրքը, վերցրեց այն, ինչ մեզ էր պատկանում, որն էլ այսօր աշխարհին ներկայանալու նրա կերպն է: Հետո մեր արյան վրա խիղճ խաղաց, և աշխարհը թուրքին, որպես մարդասերի, վարձահատույց եղավ Նոբելյան մրցանակով: Օրհան Փամուկը հարցնում է՝ որտե՞ղ են այն մեկ միլիոն հայերը. նույն հարցը քեզ եմ ուղղում՝ որտե՞ղ են, Փամուկ, ինչ եղան: Նախիջևանը հայաթափելուց հետո ազերիները ողջ մշակութային շերտը քերեցին հողից. ադրբեջանցի գրող Այլիսլին մատնացույց արեց իր բարբարոս վարքը, և մարդկությունն այսօր պատրաստվում է Նոբելյան մրցանակով ողջունել նրան: Որքա՜ն շահեկան է թուրք լինելը, և որքան անշահ հայի դատապարտվածությունը. երբեմն մտածում եմ՝ ինչո՞ւ ես թուրք չծնվեցի:

Հավանաբար թուրքին Աստված է առաջնորդում, ամեն ինչ վերցնելով հայից, հույնից, ասորուց և աշխարհից՝ շռայլեց թուրքին: Բայց հայն էլ այսքան խլվելուց, բաժանվելուց, հանվելուց հետո դեռ տալու բան ունի և կա. գուցե իսկապե՞ս Աստծու ընտրյալ ժողովուրդն է:

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք