Քրիստոնեությունը և Հայոց եկեղեցին

1932432_650138928378336_156264849_n

Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, իր քարոզչությունը  սկսեց, երբ Պաղեստինը գտնվում էր Հռոմեական կայսրության կազմում, ու երկրում հավատալիքների խայտաբղետ   բազմազանություն էր: Քրիստոնեական առաջին համայնքները, որ հիմնականում բնակչության աղքատ, իրավազուրկ  խավի մարդիկ էին, կազմավորվեցին Պաղեստինում և չէին առանձնանում ազգային հատկանիշներով:

Քարոզիչների խոսքը լսելու համար նրանք գաղտնի, մեկուսի էին հավաքվում՝ տարբեր վայրերում իրար գտնելու ու հաղորդակցվելու պայմանական նշաններով՝  կրիպտոգրամներով էին արտահայտվում: Նրանց համար քրիստոնեությունը ոչ միայն հավատ ու նվիրում էր, այլև ապրելաձև:

Կանայք շատ վայրերում, օրինակ՝ Հայաստանում, առաջին քրիստոնյա հավատացյալներն էին և իրենց  խանդավառ գործունեությամբ նույնիսկ ստեղծեցին  առաջին համայնքները:

Աստծո Որդու վարդապետությանը նպաստեցին արդեն հնուց հաստատված քաղաքակրթությունները, նաև Հռոմեական կայսրությունը, որը հեթանոսական աշխարհի կենտրոնն էր, ինչպես նաև միաստվածության պատկերացումը:

Բայց հռոմեացիները հաղթանակներից այնքան էին հարստացել ու շփացել, որ խախտվել էր նույնիսկ զինվորական կարգապահությունը: Եվ ոչ ոք չէր երկյուղում աստվածներից:  Ու աստվածները, կարծես, բարոյալքվել էին, մարդ և աստված խառնվել էին իրար:

Ժամանակի կայսր Ներոնն ասում էր.

-Ինչո՞ւ վախենամ աստվածներից, երբ ինքս կարող եմ աստվածներ ստեղծել:

Եվ «աստվածաստեղծ» կայսեր վարքից տարածվող տագնապը շատերին սթափեցրեց՝ հուշելով, որ իրենց փրկություն-փախուստը դեպի գաղտնարաններ ու մեկուսարաններ է, ուր լսում էին Հիսուսի վարդապետության քարոզողներին, ինչը խաղաղություն ու հանգստություն էր տալիս նրանց:

Հիսուսի վարդապետությունը հրեաները չընդունեցին, որովհետև ընդունելով պիտի հրաժարվեին հրեությունից: Եհովայի պաշտամունքը, որ հատուկ էր միայն հրեաներին, մնաց միայն նրանց կրոնը, իսկ քրիստոնեությունը դարձավ համաշխարհային:

Եվ հայտնվեց Պողոս առաքյալը, ով արդեն նվիրյալն ու հետևորդն էր Հիսուսի վարդապետության: Եվ հանճարեղ քարոզիչը քրիստոնեությունը հանեց նեղ շրջանակներից  ու տարավ դեպի համաշխարհային ըմբռնում ու տիրապետում: Քրիստոնեական եկեղեցին կառուցվեց Պողոս առաքյալի ղեկավարությամբ ու ներշնչանքով: Նա առաջին քրիստոնյա  աստվածաբանն էր և է:

Համայն Հռոմեական կայսրությունում Պողոսի թղթերն էին կարդում, ուր առաքյալը հորդորում էր.

Հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ  իր Արարչի պատկերի: Եվ բոլորի վրա հագե՛ք սերը, որ կապն է կատարելության (Կողոս.3.9,10,14):

-Պողոսը ժամանեց Հռոմ՝ որպես առաքյալ, թեև՝ շղթայակապ առաքյալ,- գրում է Սենեկան:

Հռոմի պատերի տակ հանուն ճշմարիտ  Աստծո խոսքի, անհամար քրիստոնյաների հետ, Պողոս առաքյալը նույնպես գլխատվեց: Ու Պետրոս և Պողոս առաքյալների աստվածատուր հավատն էր, որ Հռոմեական հսկա կայսրությունը փլուզեց: Եվ Հռոմը մնաց քրիստոնյա աշխարհի հիշողության մեջ՝ որպես սրբոց կոտորածի քաղաք:

Ու հակառակ չդադարող  բռնություններին ու հալածանքներին՝ քրիստոնեությունը  խոր արմատներ գցեց Հռոմեական կայսրությունում: Քրիստոսի ուսմունքն ավելի ու ավելի էր տարածվում: Հիմնվում էին համայնքներ ու եկեղեցիներ:

Նոր ծնունդ առնող քրիստոնեական կրոնը բացառիկ բարոյական վարդապետություն էր, որին ապավինում ու վստահում էին: Նրանց հավատքը վեհ էր ու բոլորանվեր: Ինչպես այն անհայտ կնոջ հավատքն էր, որ Եթովպիայի Լալիբելա փոքրիկ քաղաքի տասնմեկ քանդակ-եկեղեցիները փրկեց կործանումից:

Մինչ քրիստոնեությունը Հայաստանում բազմաստվածությունը մեծ  ժողովրդականություն էր վայելում, այն ժողովրդի հոգեբանությունն ու կենսակերպն էր:    Բայց քրիստոնեությանը հաջողվեց Հայաստանում հաղթանակ տանել նաև փոխզիջումներով. ընդունեց ու վերաիմաստավորեց մի շարք  հեթանոսական սովորույթներ, ծեսեր ու գաղափարներ. հիշենք մեր հնագույն ծեսերը:

Սակայն Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը իր զուտ ազգային դրդապատճառներն ուներ նաև: Այդ շրջանում Պարսկաստանը զրադաշտականությամբ հայերին կրոնափոխ անելու և այդ ճանապարհով իշխելու քաղաքականություն էր վարում: Եվ քրիստոնեությունը հզոր պատվար էր  զրադաշտականության դեմ: Քրիստոնեություն ընդունելն ու տարածելը ձեռնտու էր նաև հայոց ավատատիրական դասին, քանի որ նոր կրոնը կոչ էր անում քրիստոնյաներին հնազանդվել իրենց տերերին:

Արդ, ամենակարևոր դրդապատճառը ազգի ինքնության պահպանման խնդիրն էր, ինչը ժամանակի հրամայականն էր:

Լեոն քրիստոնեության մասին գրում է. Սկզբից ևեթ հայ եկեղեցին կառուցվում էր ազգայնական հիմքերի վրա: Ուրիշ կերպ նա չէր էլ կարող լինել մի կենդանի հիմնարկություն: Արևելքում մարդկության պատմության սկզբից կրոնը ազգայնություն ներկայացնող բարձրագույն հիմնարկությունն է եղել, և տաճարը մարմնացրել է նրան պատկանող ժողովրդի անկախությունն ու ինքնուրույնությունը: Գրիգոր Լուսավորչի ժամանակ դեռ եկեղեցու ազգայնացման սկզբունքներն էին շեշտվում: Հայ եկեղեցին նա ազատ ու ինքնագլուխ էր համարում (Լեո, հ.1, էջ 424):

Բայց նոր կրոնը դեռ չուներ ժողովրդի հետ առնչվելու միջոցներ, դեռ չէր ձևավորել իր արվեստն ու գրականությունը և չուներ այն հարուստ ավանդույթն ու արարողակարգային մշակույթը, որ ուներ հեթանոսությունը: Եվ Հայաստանում հին և նոր  գաղափարները իրար հետ ապրում էին հարևանությամբ, և տեղի ունեցավ փոխներգործում, ու հեթանոսական կուռ համակարգը պարտադրեց պահպանել ազգայինն ու ավանդականը:

Իսկ գրերի գյուտից հետո քրիստոնեությունը վերջնականապես ազգայնացվեց, դարձավ հայ ժողովրդի ազգային բնույթի անբաժանելի մասը, ու հայը վերանձնավորվեց որպես հայ քրիստոնյա, այսինքն՝ ընդունելով Հիսուսի վարդապետությունը՝ մենք պահեցինք մեր հնագույն ցեղի, մեր հայ տեսակը:

Եվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այնուհետև մեծագույն գործ արեց՝ պահպանեց ազգի ինքնությունն ու ցեղակրոն տեսակը:

Ի տարբերություն մյուս երկրների, քրիստոնեությունը Հայաստանում քարոզվեց վերևից դեպի ցած, արքունիքից դեպի ժողովուրդ. քանդելով ատրուշաններն ու տաճարները և նրանց տեղերում կառուցելով եկեղեցիներ: Քանդվեց ու ոչնչացվեց ամեն ինչ, որ վերաբերվում էր բազմաստվածությանը, և հավասարվեց հողին ամեն մի հնագույն հիշատակ:

Հեթանոսական մեհյանը, տեղի տալով քրիստոնեական եկեղեցուն, տալիս էր նաև իր տիրապետության և ուժի գլխավոր հենարաններից մեկը՝ իր հարստությունները: Քրմության դիմադրությունը կասեցնելու համար Գրիգոր Լուսավորիչը նրանց կարևոր տեղեր հատկացրեց եկեղեցու նվիրապետության մեջ:

Թվում է, թե մենք քրիստոնեությունն ընդունեցինք այնքանով, որքանով այն կարող էր ծառայել մեր ազգին: Ու այս հանգամանքն է, որ շատերին մոլորեցրեց, օրինակ՝ Թովմա Աքվինացուն, ով Հայոց եկեղեցին հերձված է անվանում, Քրիստոսի ընդհանրական եկեղեցուց բաժանված: Մինչդեռ կարող ենք ասել, որ ճշմարիտ քրիստոնյան մենք ենք, որ ընդունելով Հիսուսի գաղափարախոսությունը՝ պահպանեցինք ազգի ինքնությունը, հնագույն ավադույթները և դրանց վրա հիմնեցինք նորը:

Այսինքն՝ մեր աննահանջ հին ոգին, մեր ազգային կրոնը և նոր ճշմարիտ հավատքի միասնությունը դարձավ մեր ինքնության հզոր հիմքը:

Եվ այս ոգուց է, որ անհրաժեշտության դեպքում հայ հոգևորականը դառնում է զինվոր: Ու 1918 թ., երբ երկիրը ծանր վիճակում էր, Հայոց հովվապետը հրամայեց օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը՝ ոտքի հանել ժողովրդին: Իսկ ինքը, չհեռանալով Մայր տաճարից, նաև պատրաստ էր զենքը  ձեռքին պաշտպանել Սուրբ Աթոռն ու Սուրբ հայրենիքը:

Այսօր էլ հայ քրիստոնյայի ոգին մեր մեջ է: Այն դրսևորվեց նաև Արցախյան հերոսամարտում, որի շնորհիվ հայը վերջնականապես ազատագրվեց  զոհի բարդույթից:

 

 

Անդին 5, 2013

Կարծիքներ

կարծիք