Քաղաքիս ճաք շրթունքներով…

Հեղինակ:

20142511172242379

Հոգիս, միտքս, ոտքերս ու մարմինս վաղուց արդեն ճամփա են ընկել, տուն են ուզում վերադառնալ ու ինձ չեն հոգնեցնում… Ես տուն փնտրող չեմ, տնից փախած մեկը չեմ, որ ճանապարհին մոլորել է. ես խլված տունս հիշողությամբ պահող ակամա անտունն եմ՝ հարազատ իմ քաղաքի… Թշնամություն չկա իմ ու իմ միջև, ես կարոտանքով սպասում եմ իմ օրվան ու միայն ինքս գիտեմ, թե սպասումի տասը տարիներն ի՜նչ սեր, ի՜նչ համբերություն, ի՜նչ զսպվածություն ու կամք մշակեցին ամեն անգամ սպառվող ու ամեն սպառումի հետ զորացող իմ հոգում… Ես՝ անհասցե անգամ, մի վարձու տան՝ ուրիշի պատերի մեջ, ամեն արևածագի հետ «Առաւոտ լուսոյ» երգողս, ամեն մայրամուտի հետ աղոթք մրմնջացողս, իմ Երկրի, իմ Քաղաքի, իմ Աշխարհի ու Տան փրկության համար պատրաստ կանգնած՝ քաղաքիս մի բնակիչն եմ՝ Կալեի վեց քաղաքացիներից ամեն մեկի չափ պատրաստ, պատասխանի տեր ու ինքնազոհ, և նրանցից ամեն մեկի անակնկալ արձակման բախտը, ինչպես որ ընտրության ազատությունը, այսօր իմն են հավասարապես…

Ես մեկն եմ նրանցից, ում քաղաքն իր անընդմեջ ու տևական վիրահատությունների ծանր շրջան ապրած, ամեն անկյունից աղերսանքով նայում, գիտե՞ք, թե ինչ է ասում. «Քանի դեռ էստեղ ես, քանի դեռ ապրում ես իմ մեջ, իմ կողքին, քանի քո շունչն ու սրտի տրոփը կա իմ երակներում, քանի դեռ քայլում, շրջում ես իմ փողոցներով, սիրելով՝ սիրում, հիշում, պատմում ու ապրեցնում ես իմ արևային օրերի հիշողությունը, քանի դեռ տեսնում, խրախուսում ես նորատիների խանդավառությունն ու ջանքը՝ իմ վաղվա դիմավոր ընթացքի հավատով, ես դեռ իմ իսկական ոգու նոր զարթոնքը կապրեմ, միայն թե կողքիս մնա, սերդ հասցրու փոխանցել նորերին ու մի մոռանա աղոթել ինձ համար»…

Ինձ ուրիշ մի հավատով է նայում քաղաքս, ինչպես վտանգավոր մի հիվանդություն դժվարությամբ հաղթահարելուց հետո տառապյալ հարազատն է նայում տանջված հարազատին՝ աչքերի մեջ անհուն հավատ ու աղերսանք, թե՝ գլխովս էսքան անցածից հետո մինչև վերջ կողքիս կմնաս, չէ՞, թե՝ ներիր, որ երեսիցդ կախ եմ ընկնում, բայց ինքդ էլ գիտես, որ առանց քեզ չեմ կարողանա, դու հո բոլորից լավ ես հասկանում իմ լեզուն, իմ սրտի իսկական ուզածը, թե՝ գիտես, չէ՞, ինչ թանկ ես ինձ համար… Եվ ուրիշ մեկը կունենա՞ քո համբերությունը, որը չսակարկվող ու անշահ սիրուց է ծնունդ առնում, ու քեզ նման պատրա՞ստ է այդ մեկն էլ իմ նազուտուզը թեթև ու աննկատ տանելու: Ու դու էլ ժպիտով հաստատում ես, թե՝ իհարկե…

Եվ, մաքուր օդի պատրվակով, սահուն վեր ես կենում տեղիցդ ու լուսամուտն ես բացում՝ հենց այն պահին, երբ որսում ես հիվանդի մեղավոր հայացքը, որ սևեռել է՝ անքուն ու անհանգիստ գիշերներիդ մեջ աչքերիդ տակ գոյացած պարկերին, ու հայացքի մեջ կարդում ես, որ ինքն իրեն չի ներում քեզ նեղություն պատճառելու համար…

Երբեք չկասկածես, որ կողքիդ եմ՝ ասում ես գորովանքով, ու է՛լ առավել՝ չկասկածես, որ լավ օրերդ առջևում են. դեռ իմ ու քո ծնունդը միասին պիտի նշենք ու ուրախանանք… Նորից գալիս, նստում ես կողքին, ձեռքն ես բռնում՝ զարկերակի ռիթմն ես որսում մտովի, շարունակելով,- իսկ հիմա ինձ համար մեծ հաճույք է, որ դու էս օգտակար ապուրի մի բաժինը տաք-տաք խմես ու մոռանաս,- հաշիշով, խմիչքով, ծխախոտով ու ամեն տեսակ մոլություններով սանձարձակ գիշերներիդ մեջ ինքդ քեզ ապականելու, քայքայելու սովորությունը, որը երբեք էլ քոնը չէր, ու կասկածելի շրջապատ մտնելուդ պարտադրանքով՝ քեզ այսքան վնասեց…

Ու քաղաքիս սրտի մեջ՝ տանս մատույցներում, հաճախ քայլում եմ ինքս ինձ համոզելով, թե այ՝ հիմա-հիմա փողոցի անկյունը կշրջանցեմ ու հայացքիս առաջ կտեսնեմ ծանոթ ու հարազատ մեր հին քարե տների թաղամասը… Այ՝ նախկին գրախանութը տեղում է, թեև ուրիշ նշանակությամբ, փողոցի մեկ մայթը թվում է առաջվանն է, տների մի մասը՝ ավերակի վերածված, դեռևս կան… Բայց նախ՝ ինձ մի քիչ երկար կապելու համար ապրումիս և, ավելի ճիշտ, հավատով զորանալու համար նստում եմ յոթն աղբյուրից քիչ հեռու՝ շատրվանների մոտ վերստին տեղադրված նստարանին, մի ակնթարթում վերապրում եմ մանկությունից ինձ քաջ ծանոթ էստեղի հարազատ անցուդարձը ու ժպտալով բարևում եմ անցորդներին՝ հիմնականում անծանոթ…

Ախր, կար ժամանակ, որ քաղաքիս՝ իմ տանը մոտ այս հատվածում գրեթե բոլոր անցորդներն էին ծանոթ… ո՞ւր գնացին էդ մարդիկ, որտե՞ղ են հիմա, տեսնես բոլորը ո՞ղջ են, ո՞ւմ համար է նրանց սիրտը ցավում, ի՞նչ լեզվով են արդյոք խոսում, մտածում նրանց զավակները, կամ՝ առաջվա՞նն է հենց իրենց շրթունքի հայերենը, մոլորակի ո՞ր կետի քաղաքացին են արդյոք, ի՞նչ փողոցներով, դեպի ո՞ւր են քայլում, ժամանակ առ ժամանակ չե՞ն մոլորվում արդյոք՝ թեև ծանոթ դարձած օտար այդ վայրերում, ակամա չե՞ն փնտրում, գոնե մի ակնթարթ, իրենց սովոր տունդարձի ճանապարհը… Որտե՞ղ են թաքցրել նրանք արդյոք մեր քաղաքի թանկ հիշողությունները, որ ունեին անկասկած. ինձ պես մի օր անտուն դարձած այդ մարդիկ ունե՞ն արդյոք մի ուրիշ աշխարհում իրենց տունը, նույնակա՞ն է արդյոք տուն անվանումով, թեկուզև բարեկեցիկ հարկի այդ նոր գաղափարը իրենց հոգու խորքում մի անգամ ճանաչած հայրենի տան տանիքի հետ… Ես՝ իմ քաղաքում իրականում անտունս, մի՞թե սովորելու ինչ-որ բան ունեմ նրանց օրինակից: Իմ այս խոսքը արդյոք ավելի նրանց խորքում անվերջորեն հնչող ու խլացվող սրտի խոսքը չէ՞,- չէ՞ որ նրանց լռությունն էլ իմ ներսում աղաղակում է… Իսկ ինչքա՜ն կուզեի հրաշքով տեսնել նորից իմ քաղաքի ու տան՝ բոլոր հարևաններին, կարոտս առնել բոլորից մեկ առ մեկ և, ամենակարևորը, ամենքի ականջին թաքուն շշնջալ. մեր քաղաքը ծանր հիվանդ էր՝ հասկանում եք, յոթ վիրահատություն անընդմեջ, հեշտ բան չէ, ու հիմա նոր-նոր՝ անզգայացումներից հետո, ծանր գիշերներից ու քրտնաթոր ցերեկներից հետո ուշքի է գալիս, ապաքինվում է. գուցե թե գաք տեսակցության, նստեք կողքին, խնամեք մի քիչ, մի քաղցր խոսք ասեք, ու մեր քաղաքը փրկվի…

Եվ ձեռքի տակ մշտապես պատրաստի դեղատուփ ունեցող վարժ հիվանդապահի պես, թեթև շարժումով հանում եմ ջերմաչափն ու թափահարելուց հետո բաց դնում եմ նստարանին: Քաղաքս դեռ ջերմում է. նայում եմ սնդիկի թվացույցին: Բայց, հասկանում եք, հույս կա. ես հարազատիս կողքին եմ, հավատում եմ նրա ուժերին ու աղոթում եմ: Եթե տեսակցության ցանկություն ունեք՝ մի վարանեք: Արդեն դո՞ւք էլ խոստացաք, որ այս գիշեր ինձ եք փոխարինելու… Չկասկածեք՝ ես ձեզ մենակ չեմ թողնի. մեզ ոչ այնքան իրար փոխարինել, որքան ընկերակցել է պետք… Կնստենք միասին ու, մեր քաղաքի համար մի բարի երգ երգելով, նախ կսպասենք, որ նա խաղաղվի, ու երբ ննջի քաղաքը, հաճախաբար հիշելով ու մեկմեկու ներարկելով կարոտող մեր քաղաքի առողջ շնչառությունը՝ միասին էլ կճշտենք մեր վաղվա անելիքը…

Ահա նորից՝ տես, որ քաղաքի վրայով անցնող ինքնաթիռ կա օդում. քաղաքի զարկերակն ուժեղանում է. ախր ո՜նց կարելի է ապաքինվելու ընթացքի մեջ՝ ամենավճռորոշ պահին չհամբերել ու ծանր հիվանդությունը նոր հաղթահարած, սիրելի հարազատին անտարբերության մատնել, էսպես թողնել ու գնալ…

Բայց կաց՝ ինքնաթիռը կարծես ոչ թե բարձրանում, այլ վայրէջքի է գալիս. ձայնը մոտենում է…

Իսկ որևէ մեկն ասա՞ց, թե՝ պարտադիր… հեռանում է…

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք