Փշալարից անդին

Լուսանկար

Տարիների փոշին այս լուսանկարները վաղուց պատմություն է դարձրել: Էլի ու էլի կգլորվի պատմության անիվն, ու սերունդների համար դրանք հետզհետե հեռավոր հուշ կդառնան: Երբեմն թվում է` այդ պատմություն կոչվածն այնքան հեռու, այնքան խոր անցյալում է թաղված, ինչպես նավաբեկությունից հետո օվկիանոսի տիղմի տակ մնացած մասունքներով լի սնդուկը: Բայց չէ՞ որ պատմությունը այլ բան չէ, քան ազգի կենսագրությունը, որ ամբողջանում է մեզնից յուրաքանչյուրի թողած հետքերով, դառնում անվերջ ու անվերջ ձգվող ճանապարհ: Եվ որքան էլ տիղմը ծածկի մեր անցյալը, որքան էլ քամին սրբի մեր հետքերը, որքան էլ ծանր լինի մեր խաչը, միևնույն է` մեր անցած ճանապարհն է կերտում մեր խառնվածքը, մեր դիմագիծը: Դրանով են յուրատեսակ մեր աչքերը, մեր ափերը, դրանով է առանձնահատուկ մեր բնույթը: Ուստի չի թաղվում և պատմությունը: Կամա, թե ակամա այն յուրքանչյուրիս հետ շարունակում է իր շրջապտույտը: Բավական է մտքում մի փոքր շարժել պատմության քողը, ու հիշողությունները, անմոռանալի դրվագները, իրար հերթ չտալով, ժայթքում են հոգուդ խորքից, ալեկոծում զգայարաններդ ու հույզերդ, դառնում կոպերիդ կախված արցունքի կաթիլ, շուրթերիդ թառած ժպիտ, ճակատիդ դրոշմված հպարտություն…

Ասածիս հավաստումը եղավ մարտական հենակետեր հերթական այցելությանս ժամանակ փոխգնդապետ Համլետ Ավոյանի հետ ծանոթությունը: Մի հայի կենսագրություն, որ սկիզբ է առնում Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Արծվիկ գյուղից: «Պապերս գաղթել են 1915 թվականին և վերաբնակվել ներկայիս Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: Հենց այնտեղ 1965 թվականին ծնվել եմ ես: Զորակոչվեցի խորհրդային բանակ և երբ վերադարձա, Հայաստանի տարբեր շրջաններում և Արցախում արդեն մարտական գործողություններ էին: Ապրում էի Նորքի երկրորդ զանգվածի ուսանողական հանրակացարանում: Այնտեղ էր ապրում նաև Թաթուլ Կրպեյանը: Տղաներով հավաքվում էին, հատկապես գիշերային ուշ ժամերին, ինչ-որ բաներ քննարկում, երբեմն տաքացած զրույցներ էին լինում, որոնք ավարտվում էին քոչարիի խրոխտ հնչյուններով: Մեզ` ավելի ցածր կուրսերում սովորողներիս, թույլ չէին տալիս ներկա գտնվել այդ հանդիպումներին: Գուցե խնայո՞ւմ էին: Բայց չէի կարողանում հաշտվել, մի օր էլ դիմեցի Թաթուլին, խնդրեցի ինձ էլ զինվորագրել կամավորական ջոկատին: Մերժեց, ասաց, որ ինձ համար դեռ վաղ է պատերազմի դաշտ գնալը: Անցավ որոշ ժամանակ, իմացա, որ զոհվել է Գետաշենում: Ցավ էր Թաթուլի կորուստը…»,- պատմում է փոխգնդապետն ու քայլում խրամատի երկայնքով, անձրևից խոնավացած հողի մեջ ծանր դաջվում են նրա ոտնահետքերը, մերթընդմերթ ընդատում է զրույցն ու դիտակետից ցույց տալիս հակառակորդի կողմից սեփականացված Նախիջևանի հայկական բնակավայրերը:

Իսկ ես հավատում եմ զորավար Նժդեհի խոսքին. «Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ հայրենի երկիրը»:

Մեր պատմական հայրենիքի կարոտը, սերնդեսերունդ փոխանցվելով, մի օր ցասումի վերածվեց: Եվ ահա, երբ բռնկվեց Արցախյան պատերազմը, Անդրանիկի զինակցի ծոռան երակներում հրաբորբ ժայթքեց Սասունը կորցրած հայդուկ պապերի ազատատենչ ոգին: Եվ չնայած երիտասարդ տարիքին, մոռացած ամեն բան` խելակորույս ուղիներ էր փնտրում Արցախ հասնելու համար: «1992-ին վերջապես եկավ այդ օրը: Գյուղ եկավ սփյուռքահայ Կարո Քահքեճյանը, ով պատերազմի տարիներին հայտնի դարձավ «Սպիտակ արջ» մականվամբ: Հայտնեց, որ ուզում է Արցախում կռվելու համար ջոկատ հավաքել` հատկապես սասունցիներից ու մշեցիներից: Երկու օր անց Արցախ մեկնող ջոկատի կազմում էի և ես: Այդ ժամանակ քսաներեք տարեկան էի: Ջոկատի տղաներով մեր հրամանատարին երդվեցինք, ինչպես ինքն էր պատգամում, «ԼԻՆԵԼ ԱՐԴԱՐ, ԱՆԿԵՂԾ, ՏԻՊԱՐ ԵՎ ՀԱՄԵՍՏ»: Սա էր նրա հրամանատարական պատգամը:

Գիտակցո՞ւմ էին արդյոք, որ մեկնում են մասնակիցը դառնալու արյունալի խրախճանքին, որ պատերազմ են կոչում, հավատո՞ւմ էին, որ ողջ են մնալու, հավատո՞ւմ էին, որ հաղթելու են, որ  իրենց անմոռանալի հետքն են թողելու մեր ցեղի գենետիկ հիշողության մեջ…

«Խաչակիրներ» ջոկատը Կարոյի հրամանատարությամբ հիմնականում կատարում էր հատուկ առաջադրանքներ` թշնամու թիկունքում համագործակցելով Արցախի բանակի ու հայկական հատուկ զորամիավորումների հետ: Ավագ հրամանատարության հրահանգով ջոկատի տղաները հատուկ մարտական առաջադրանքներ էին կատարում Միրզալար, Քոսալար գյուղերում, Հադրութի, Լաչինի, Մարտակերտի, Մարտունիի շրջաններում, Քարվաճառի Ենիքենդ, Նաղդալի գյուղերի և այլ բնակավայրերի ուղղությամբ:

Ավարտվեցին թեժ մարտերը: Բայց հակառակորդը պարբերաբար զգացնել էր տալիս իրեն: Ու քանի դեռ սահմանները պաշտպանության կարիք ունեին, Համլետը դուրս չեկավ խրամատներից: Մի կողմից հայրենի երկրի խաղաղությանը մշտապես սպառնացող վտանգը, կորուսյալ հայրենիքի գենետիկ կարոտը, նախնիների պատգամները, մյուս կողմից` սիրելի հրամանատարի` Կարոյի կորուստը, պարտավորեցրին հայրենիքի երդվյալ զինվորը մնալ: «Այն ժամանակ բանակ, որպես այդպիսին, դեռևս չկար: Նոր կազմավորվող բանակը համալրվում էր անփորձ, տակավին չդադարած ռմբակոծություններից խրտնած տասնութ տարեկան երիտասարդներով, իսկ նրանց անկանխատեսելի հակառակորդի առաջ մենակ թողնել, թեկուզ հարաբերական անդորրի պայմաններում, մեզ` պատերազմի բովում թրծված կամավորականներիս համար ճիշտ չէր լինի: Հենց այդ գիտակցումով էլ ընտրեցինք նրանց առաջնորդելու ուղին, ընդգրկվեցինք նորակազմ հայոց բանակի սպայակազմի շարքերն ու առ այսօր ծառայում ենք, ամեն նորակոչիկի հետ վայելում հայրենիքին նվիրաբերվելու առաջին զգացողությունը, որ նման է առաջին սիրո, սովորեցնում և, ինչու չէ, սովորում նրանցից: Պատերազմն այսօր էլ չի ավարտվել, քանի դեռ դիրք ենք պահում, ուրեմն դեռ պատերազմ է»,- հայացքն ուղղելով խրամատները եզերած փշալարերին` ասում է հրամանատարը: Երևի թե փոխգնդապետը կուզենար ասել` պատերազմն ավարտված չէ, քանի դեռ Մասիսին հառնող հայացքդ արգելակում է փշալարերի առաջ, որից անդին ազատ թռչում ու ճռվողում են Արարատյան դաշտի` նոր-նոր ծլարձակած խոտ ու ծաղկի բույրով արբեցած թռչնակներն ու Արաքսի ջրերից մի-մի կում կարոտ առած մեկ Արևմտյան, մեկ Արևելյան Հայաստան են թռչում, չգիտակցելով, թե քանի կարոտակեզ հայացք են տանում իրենց փոքրիկ թևերին: Արևմտյան Հայաստան… Ընդամենը մի քայլ փշալարից անդին, ու Քեզ կարելի է ափերի մեջ առնել: Անասելի է այն մորմոքը, որ զգում է սահմանապահ զինվորականը փշալարից այս կողմ` բանտված հայրենիքին հեռվից նայելիս:

…Արցախյան պատերազմի տարիներից պատմությունները շարունակվում էին, հաջորդում մեկը մյուսին, մեկը մյուսից անհավատալի թվացող: Այն, ինչ պատմում էր փոխգնդապետը, պատմության մասունքներ են: Ասում են` գինին որքան հնանում, այնքան արժեքավոր ու անուշահամ է դառնում: Պատմությունն էլ այդպես է: Էջեր կան, որոնք թերթելիս հաճելի արբեցում ես զգում: Փոխգնդապետի անցած ուղին, Արցախյան հերոսամարտը մեր ժողովրդի պատմության հենց այդ էջերից են: Անսպառ էին հիշողությունները: Փոխգնդապետ Ավոյանն առ այսօր սրբությամբ է պահում սիրելի հրամանատարի` Կարո Քահքեճյանի զրահաբաճկոնը, պատերազմի տարիներից մնացած իր զինվորական իրերը: Որքան անկեղծանում էր փոխգնդապետն, այնքան թունդ էին ելնում զգացողություններս` հպարտությունից մինչև վիրավորանք: Երբևէ չեմ մտածել, որ այս լուսանկարներում, որոնք նախկինում բազմիցս տեսել եմ, Համլետ Ավոյանն է: Իսկ որքան կարևոր բաներ հաճախ չենք նկատում, ժամանակ չենք ունենում նկատելու կամ պարզապես չենք ուզում նկատել: Մեր կողքին, մեզ հետ այս մի բուռ հողակտորի վրա զօր ու գիշեր փշալարին դեմ-հանդիման ապրում են մեր ժամանակի հերոսները. և գուցե մենք իսկապես բախտավոր սերունդ ենք, որ նրանց ժամանակակիցը լինելու պատիվն ունենք:

 

 

Անդին 3, 2014

Share

Կարծիքներ

կարծիք