Ցուկենբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև Արմեն Շեկոյանի «Անվերնագիր»

20140809161526515 (1)

Բացում եմ  «Ֆեյսբուքը», «բարի լույս»-ի փոխարեն հարցնում է՝  «Մտքիդ ի՞նչ կա» Հարցնում է և ստիպում մտածել: Ոնց որ մաթեմատիկայի իմ ողորմածիկ ուսուցիչը լինի: Գիտեր, որ չեմ սովորել, չեմ ուզում ոչինչ ասել, չեմ ուզում մտածել, չեմ ուզում… մի խոսքով՝ զզված եմ, թքած ունեմ… բայց  հենց մտնում էր դասարան, առաջինը ինձ էր հարցնում: «Մտքիդ ի՞նչ կա, աչքիս էլի դասը չես սովորել»,- ասում էր, բացում մատյանը, ակնոցը տեղավորում մեծ ու ակնառու քթի ծայրին ու թե.«Հլը արի գրատախտակի մոտ…»:
Մտքիս, իհարկե, միշտ ինչ-որ բան կար, չէր կարող չլինել, բայց դա ոչ մի կապ չուներ մաթեմատիկական բարդ հաշվարկների և բանաձևերի հետ: Ես իմ աշխարհում էի ճգնում, իսկ նա ինձ պարտադրում էր տեղափոխվել իր աշխարհ: Ես համառորեն դիմադրում էի, ոչ նրա համար, որ չէի ուզում սովորել, ուղղակի իմ նախասիրություններն այլ էին: Ինձանից մաթեմատիկոս դուրս չեկավ, ես գիտեի, որ այդպես է լինելու, բայց դա չխանգարեց, որ ես միշտ հիշեմ իմ ուսուցչին, ավելին՝ հարգեմ նրան և հաճախ կարոտեմ:
Հիմա բացել եմ այս սատանայական «Ֆեյսբուքը»ու կարդում եմ՝  «Մտքիդ ի՞նչ կա»: Ոչ մի այլ բառ, ոչ մի «բարև, ոնց ե՞ս»  ոչ մի «բարի լույս» կարճ ու կոնկրետ՝ «Մտքիդ ի՞նչ կա»: Ուզում է իմանալ… և ամեն ինչ: «Է՜, -ասում եմ ինքս ինձ,- մտքինս որ գրեմ, կհիվանդանաս, ու ոչ մի հակաբացիլ քեզ չի օգնի: Քեզ ի՞նչ, թե իմ մտքին ինչ կա: Ո՛չ օգնելու ես, ո՛չ հարցս լուծելու, միայն էն BBC հարևանների նման խոսքս տանելու ես հասցնես աշխարհի ծայրը ու նրանց մտքերն էլ պղտորես: Ուզածդ ի՞նչ է, որ էս կես հարևանությո՞ւնն էլ վերանա:
Ոնց հայտնվել ես, հարևաններով էլ սուրճի չեն հավաքվում, որ թաղի, երկրի, աշխարհի բանուգործից տեղեկություններ փոխանակեն, իսկ եթե հավաքվում էլ են, բոլոր պատմությունների հղումների աղբյուրը դու ես: Բա այսպես կլինի՞: Նստում ես տաքսի՝ վարորդը քեզանից է խոսում, մտնում ես վարսահարդարի մոտ՝ նույն պատկերն է: Եկել-չես եկել, մարդկություն, հարևանություն, եղբայրություն, նույնիսկ առաջին սիրո խոստովանություն… բոլոր, բոլոր տեսակի հարաբերությունները դռնովդ ես անցկացնում: Ոնց ուզում, այնպես էլ անում ես: BBC Շողիկն էլ, արդեն երբ հարևաններին հանդիպում է, գլուխը կախ հարցնում է՝ «Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա: Խեղճ Շողիկ: Քո դարդից ընկճվել, կծկվել՝ կես բուռ է դարձել: Սա՞ էր ուզածդ, մարդկանց ստորացնում ես, իսկ նրանք հոժարակամ շարունակում են քեզ պատմել իրենց մտքին եկածն ու եղածը: Մտքովս մի բան անցավ՝ փաստորեն, դու էլ ես օլիգարխ, խաբեբա, խոսքուրաց… Ի՞նչ տարբերություն քո և մեր օլիգարխների միջև: Մերոնք փոքրերին են խժռում, հացից զրկում, հետո չորս տարին մեկ 5000 դրամով «խաթրներն առնում», դու այդ 5000 դրամն էլ չես տալիս ու դեռ բոլորին խառնում իրար: Խելք եմ ասել, է՜:«Հայի հետին խելքը» քոնն է, քոնը, իսկ մենք, այս էլ քանի դար, ընկած փնտրում ենք, թե որտեղ է կորել այն:
BBC Շողիկն այլ ելք չունի, հավանաբար չի դիմանա այս փորձությանը, իսկ դու, իբր ոչինչ էլ չի եղել, շարունակում ես հարցնել՝ «Մտքիդ ի՞նչ կա»: Ոնց որ մեր Ազգային ժողովից լինես: Ամեն ինչ ուզում ես իմանալ, բայց ոչինչ չանել:
Գալիս եմ տուն, կինս հարցնում է. ««Ֆեյսբուք»-ում ի՞նչ կա»: Մտնում եմ՝ տեսնեմ ինչ կա, պարզվում է՝ նա էլ է «Ֆեյսբուք»-ում: Երեխաներիս մասին «Ֆեյսբուք»-ից եմ  տեղեկանում, ընկերներիս մասին՝ ևս: Հա, ընկեր ասացի, հիշեցի՝ բա «Ֆեյսբուք»-ի ընկերությո՜ւնը: Ով ասես, ինչ մակարդակի արարած ասես հայտնվում և ընկերանալու հայտ է ուղարկում: Չգիտես էլ՝ հայտն ընդունե՞լն է ճիշտ, թե՞ մերժելը: Ընդունում ես ու ընկնում կրակը: Չընդունես, միևնույն է՝ կրակի մեջ ես: Ուզում ես ինքդ քեզ կառավարել, չի ստացվում… Ինքն է քեզ կառավարում, և եթե մի քիչ ջղերից թույլ լինես, մի քիչ էլ անգրագետ, Չե Գևարային կընդունես որպես ազգային հերոս, որ մարտնչել է Սասնա սարերում, մահկանացուն կնքել 37 թ. Երևանում և հանգչում է Պանթեոնում:
Մարդը, նստած Ամերիկայում, իրենով է արել ամբողջ աշխարհը ու չի բավարարվում: Ամեն վայրկյան քիթը մտցնում է իմ ու Աստծու հարաբերությունների մեջ և հարցնում է. «Հը՜, մտքիդ ի՞նչ կա»: Ասում եմ՝ «Ինձնից յան տուր» չէ՜, ինքն էլի իր ոճի մեջ է՝ «Մտքիդ ի՞նչ կա»:
Մի օր որոշեցի, որ մտքիս էլ ոչինչ չի լինելու, և մի տասը օր ոչինչ չէի մտածում: Այսինքն՝ մտածում էի, բայց «Ֆեյսբուք»-ում չէի գրում: Մի անծանոթ ընկեր գրեց. «Էս ո՞ւր ես կորել, ոչինչ չես գրում, ստեղ չե՞ս, ապե՛ր»:
«Ապեր»-ով դիմելաձևը մտերմության նշան էր: Նայում եմ նկարին, չեմ ճանաչում: Մտնում եմ, այսպես ասած, նրա էջը, փորփրում նկարները, կապերը, ընկերներին… Մի խոսքով՝ չեմ ճանաչում, և վերջ: Նրա ընկերների ցանկից գտնում եմ ինձ ծանոթ մի անձնավորության, հարցնում եմ. «Ո՞վ է: Այս տղային ճանաչում ե՞ս»:
Պատասխանը չի ուշանում. «Հա, գիտեմ, էդ ինքը չի»:
«Այսինքն՝ ո՞նց…»,- զարմանում եմ:
«Հա, բռա՛տ, ինքը տղու պրոֆայլով աղջիկ ա»,- շարունակում է իրազեկել ծանոթս և իր կողմից խնդրանք ավելացնում՝ «Էս մեր մեջ մնա, էլի»:
«Տրանսվեստիտ ա՞»,- հարցնում եմ:
«Չէ, չէ,- բացատրում է ծանոթ «ընկերս»,- ինչ-որ ծառայությունների մեջ ա, «խաղեր ա տալիս», մարդկանց տրամադրություններն ա պարզում, վերլուծում, զեկուցում»:
«Հա՜, հասկացա, ՊՈԱԿ-ա»,- գրում եմ:
«Հա, դե, ըտենց մի բան»,- պատասխանում է ծանոթս:
«Այսինքն՝ վիրտուալ տրանսվեստիտ»- շարունակում եմ ես:
Ծանոթս ժպտացո «սմայլիկ» է ուղարկում: Պատասխանից հասկացվում է, որ իրար հասկացանք: Երկուսս էլ չենք կասկածում, որ մեր նամակագրությանը հետևում են, բայց, միևնույն է, չեմ կարող գրել, թե մտքիս ինչ կա: «Բա դա գրելու բա՞ն է»,- մտածում եմ ես, ու մեկ էլ համակարգչիս էկրանին, կարծես իմ ջգրու, բազմում է  «Հայ աղջիկների անհավանական արկածները գիշերային ակումբում» գրառումով, մեծ կրծքերով և անճոռնի հետույքը ցցած մի աղջկա նկար: «Այ քեզ բա՜ն,- մտածում եմ,- փաստորեն, «Ֆեյսբուք»-ը նաև զգուշացնում է»:
Ու հենց այդ պահին, որպես մտածածիս հաստատում, հաջորդ գրառումն է հայտնվում էկրանին՝ «Զարուհին վերադարձել է. վերջացավ Անի Զախարյանի աստղային ժամանակաշրջանը»:
Ընդհանրապես, «Ֆեյսբուք»ում ամեն ինչ կա. հայրենասիրություն, դավաճանություն, աստղեր՝ կոնյակից սկսած մինչև պոռնոարտադրության, քաղաքական գործիչներ և այլն: Ամեն ինչ վաճառվում է՝ ձրի, գնվում է՝ձրի, գովազդվում է փողով: Ահա և վերջ:
ՓՈՂ, որը քանդում է բոլոր պատերը, պատնեշները, գերեվարում է մարդկանց մտքերը և հանում դրանք վաճառքի, որոնց գնորդները հենց իրենք են՝ այն նույն մարդիկ, ում «Ֆեյսբուք»-ը հարցնում է՝
«Մտքիդ ի՞նչ կա»: Իսկ մտքիս այսօր առավոտից պտտվում է ընկերոջս՝  Շեկոյի «Անվերնագիրը»:  Ասեմ էլի…

Ես եկել եմ ու մի քիչ էլ
գըլգըլալեն դեռ կըհոսեմ:

Ես գրում եմ, որովհետև
դուք չեք թողնում, որ ես խոսեմ:
Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք