Վտանգված ինքնության ահազանգը «Սասնա ծռերում» կամ Էպոսի դասերը

20141209134307143

Բանասիրական գիտությունների թեկնածու

 

 

Հայոց պատմական ճակատագրի շրջադարձային փուլերի նմանություն- նույնականություն-կրկնությունը ձևավորել է հայեցակերպ, ըստ որի սերունդները  դասեր չեն քաղում պատմությունից և պարբերաբար կրկնում են նախորդների սխալները. ո՞րն է պատճառը`  սերունդներն են ծանծաղամի՞տ, ընկալման խնդիր ունե՞ն, այդ դասը սխալ է մատուցվո±ւմ, թե՞ դասավանդվելիք առարկան հայոց գեղարվեստափիլիսոփայական միտքը չի զորել սահմանել, արդյունքում ինքնության պահպանման դասընթացը չի ձևավորվել և որպես գիտելիք չի փոխանցվել սերունդներին: Ազգային երթի տարբեր շրջափուլերում հաստատված-ամրագրված ազգակործան իրադարձությունների պարբերականությունը տեսականորեն չի վերլուծվել-ընդհանրացվել, մինչդեռ  պատմականորեն ձևավորված հանգամանքներին էթնոհոգեբանությամբ հիմնավորված համարժեք կենսափիլիսոփայությամբ հակազդելու շնորհիվ միայն հնարավոր կլիներ բացահայտել-կանխել օտարի դավը թե՛ անհատի կործանման, թե երկրի՛ պետականազրկման մակարդակում: Մեծ իմաստով պարբերաբար օտարից հալածված, էթնիկ սպանդի ենթարկված ազգը պետք է  մշակեր և զարգացներ տեսակը պահպանող ոգեզգայական համակարգեր, ինչը միջնորդված-այլաբերված, թե անմիջնորդ բաց վիպական տարածքում իրացրել է ազգի հավաքական պատմագեղագիտական մտածողությունը «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսում: Այս իմաստով հայոց էպոսը ոչ թե դաս, այլ ամբողջական համակարգված դասընթաց է ձևակերտել` իր հերոսների ճակատագրի, վարքի և սխալների ճիշտ ընթերցում-մեկնությունը վստահելով ապագայի մեկնիչներին:

Հայոց էպոսի ճիշտ ընթերցման գաղափարական ինքնատիպ մեկնակերպ է առաջադրում Հրանտ Մաթևոսյանը. հիմնվելով  ու երբեմն հակադրվելով նրա  հիմնադրույթներին` փորձենք համակարգել  էպոսի դասերը: Քննությունն սկսենք առաջին սահմանումից1. «Մեր  էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է»2,- արդեն հայտնի արժևորումը ամրագրում է Հր. Մաթևոսյանը: Սահմանումը կարևորում ենք ու փորձում քննության առնել այս սահմանումից մակաբերվող արվեստի պարզագույն ճշմարտությունը. եթե  էպոսը ազգի մշակութային բարձրակետն է, ուրեմն  նրանում ժողովրդի էպիկական  միտքը բյուրեղացրել ու գեղակերտել է պատմական ճանապարհի շրջադարձային փուլերի նվաճումները, հակասությունները, տեսակի պահպանման, կործանման և հակազդեցության   համազգային մեխանիզմները, առաջադրել ազգային ինքնությունը  պահպանելու ծրագիրը: Հր. Մաթևոսյանը  ոչ միայն հայոց հաղթանակների, այլև պարտությունների տրամաբանությունը   հայտնաբերում է էպոսի տիրույթներում` տագնապով բացահայտելով, որ հայ գեղարվեստափիլիսոփայական միտքը պատմության և այդ պատմական իրողությունների մշակութային իրացումների գաղափարական սխալ կամ թերի  մեկնությամբ հայոց էթնոհոգեբանությունից վտարել է տագնապը իմաստավորելու և վտանգը կանխազգալու տեսակը պահպանող ոգեզգայական համակարգը, արդյունքում վտանգվել է ազգային ինքնությունը: Ինչո՞ւ էր Հր. Մաթևոսյանը շեշտադրում` «Հենց Փոքր Մհերի ճյուղը», որովհետև նրանում առավել քան ողբերգականորեն խտացած է Սասնա զարմի նախորդ սերունդների սխալ վարքագծի ճակատագրականությունը, ինչը էպոսի նախորդ ճյուղերում հնչեցվել էր որպես վտանգված ինքնության ահազանգ:

Հաջորդ սահմանումը կարծես որոշակի հակադրության է մղում. «Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը կարծես չի զորել ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է»: Համարձակվենք չհամաձայնվել ասացողների մտավոր զորությանը վերաբերող դիտարկման հետ և վկայաբերելով հայոց էպոսի գլխավոր հերոսների ճակատագրի զարգացման տրամաբանությունը` զարմանանք  և հիանանք ժողովրդի, ասացողների մտավոր զորությամբ, որ հանճարի մտքի կռահումը իրենցով միջնորդված էպիկական պատումի տարածք են մուտքագրել` Սասնա դյուցազնական զարմի աշխարհաճանաչողության, հարաբերությունների, արտաքին շարժառիթներով որոշարկվող գործողությունների մեջ բացահայտելով թե՛ խենթ հերոսացման և նվաճումների, թե՛ օտարի դավադիր ջանքով նրանց մանկունակ պարզամտությունը երկարաձգելու ակունքները, թե՛ ախոյանի կանխահյուսած ոստայնի թնջուկի մեջ հայտնվելու պատճառները:

Էպոսի առաջին պատկեր-գործողությունների և հերոսների արարքների անգամ մակերեսային քննությունը բացորոշում է վերբալ մի գործողության ճակատագրականությունը Սասնա տան սաղմնավորման և հիմնադրման պատմության մեջ. օտարի կամ թշնամու հետ ուխտը, դաշինքը կամ երդումը կամ դրա դրժումը, երդմնակոտոր լինելը` Սասնա հերոսների, ընդհանրական առումով երկրի, պետության կայացման-պահպանման կամ կործանման-անկման պատճառ: Ուխտը, երդումը կամ դաշինքը երկրաշեն, ազգապահպան նպատակադրում ունի միայն կին հերոսների` Ծովինարի և Արմաղանի գործողություններում, որի արդյունքում ծնվում և շարունակվում են սասունցի դյուցազունները, լայն առումով հիմնադրվում ու կազմավորվում է պետականության շինվածքը: Մյուս բոլոր դեպքերում դա սպառնում է ազգային ինքնությանը և քայքայում պետականության հիմերը` ի վերջո հանգեցնելով պետականազրկման: Ինքնությունը վտանգող նախնական ուխտը  թշնամու հետ պիտի կնքի Մեծ Մհերը: Անձնազոհության և նվիրումի այդ ակտը երդվյալ թշնամու` Մըսրա Մելիքի հետ, որն իր քաղաքականությամբ հիմնավորապես պետք է հավատացրած լիներ իր գերագույն նպատակը` Սասնա դյուցազնական զարմի կործանումը  և Սասնա տան զավթումը, անխոհեմության, քաղաքական գոյակցության տարրական կանոնների չիմացության, դիվանագիտական անհեռատեսության հետևանք էր: Ինքն այն միայնակ  ասպետը չէր, որ հանուն բարձրագույն բարոյական արժեքների իրավունք ուներ  զոհաբերելու իրեն` երդմնախախտ լինելը համարելով ապաբարոյական, հակաայրական, ի վերջո հակադյուցազնական  կեցվածք: Ինքը   երկրի տերն էր ու խարիսխը, ազգային ինքնության պահապանն ու շարունակողը, պետության հիմնասյունը, որի վրա պիտի բարձրանար արքայակենտրոն կառույցը և ավանդույթ ձևավորեր: Զորեղ կայսերապետություններն արդեն ճշգրիտ  բանաձևել են պետականության բարձրացման խորհուրդը` «Պետությունը  ես եմ», այսինքն` ես ավելին եմ, քան սոսկական, թեկուզ հզոր անհատը, ես երկիր ու հայրենիք եմ,  ես և պետությունը համարժեք մեծություններ ենք, հետևաբար իմ պարտքն է լինել իմաստուն ու ճկուն, խոհեմ ու զգուշավոր: Թշնամին ավելի քան հեռատես էր  ու խորամանկ. իր հնարավոր վաղաժամ  մահվան պարագայում անգամ նա ապահովագրել էր արքայական տան, մեծ  իմաստով`  պետության և պետականության կայուն հերթափոխն ու ապագան: Իսմիլը Մեծ Մհերին իր մոտ կանչելիս հիշում է Մըսրա Մելիքի պատգամը.«Իսմի՛լ, թե Մհերից ու իր ձիուց ջինս չվերունք, Մհերի ցեղ մեր քոքըն տի կտրի»:3 Արմաղանն ու Ձենով Օհանը իրատեսորեն կանխագուշակում են հրավերի հեռագնա նպատակադրումը` «…Էնի քեզ կխաբե.// Մ’էրթա, էնի քո խորոտություն չ’ուզի.// Էնի քո իգիթությո՛ւն, քո կտրիճությո՛ւն  է կուզի,// Կը կանչե քեզնե լաճ ունենա» (էջ116): Այս լրջագույն փաստարկումները չեն կասեցնում Մհերի երթը դեպի Մսըր: Վտանգն առավել քան մեծ էր, քանզի  Մհերն իր երկրին ժառանգ չէր տվել, իսկ վերադարձի դեպքում ցեղի շարունակումը դարձյալ անհուսալի էր, քանի որ Մհերի ուխտին հակակշիռ կայացել էր Արմաղանի ուխտը` իր ամուսնական առագաստը լքող ամուսնուն պատժել քառասուն տարի մոտ չթողնելով: Երկու դեպքում էլ ուխտը վտանգում էր երկրի ապագան, իսկ երդմնակոտոր լինելը  համարժեք էր սրբապղծության, քանզի երդումը աստծով վկայաբերված խոսքային գործողություն է, մի տեսակ վերբալ դաշինք երկնավորի օրհնությամբ կամ  դաշինք հենց Աստծո հետ` Ես հետ աստծու ուխտ եմ արեր կամ Աստծու ուխտ թող վեր ինձ ըլնի: Իրապես բարձր է հայոց ազգային  պատասխանատվության չափը արտաբերված խոստման հանդեպ, և դա էթնիկ բարոյականության կատարյալ մակարդակի վկայականն է, հետևաբար պետք էր չափազանց զգույշ լինել որևէ պայման կամ դաշինք կնքելիս, որպեսզի երդմնակոտոր չլինելու հետևանքները ինքնակործան և ազգակործան չլինեին: Իր մեղքի համերկրային տարողությունը Մհերին  կսարսափեցնի, երբ կլսի իր սերմը թալանողի պատգամը որդուն` հանգցնել այն երկրի ճրագը, որից սերել է. սա օտար մոր պատգամն է որդուն` ապագա գահակալին, որին մայրը դիտմամբ զրկում է «օտար» հոր հանդեպ որդիական որևէ զգայություն տածելու հնարավորությունից, քանզի պետություն ղեկավարելու գործը  հուզավառ  շքահանդես չէ, այլ սառը և սթափ, կշռադատված ու հաշվարկված գործընթաց, որում հույզերի հնարավոր հոսքերը պետք է միայն ներս ուղղորդվեն: Հետևաբար` արքաներն իրենց որդիներին գահն են ժառանգում, իսկ արքա նրանց աճեցնում են մայրերը: Հիշենք Ալեքսանդր Մակեդոնացու մոր դաստիարակության սարսուռ առաջացնող  դաժան  ծեսերը, որոնցով փոքրիկ  որդուն համոզում էր, թե նա օձից է սերել, հասարակ մարդորդի չէ, իսկ ինքը` Ալեքսանդրը, վստահ էր, որ ծագում է Հերակլեսից, արդյունքում ապագա աշխարհակալը օձի սառնասրտությամբ ու  արիստոտելյան իմաստնությամբ  նվաճում էր ամենքին և ամեն բան: Փոքրուց Իսմիլ Խաթունը որդուն  ներարկում էր հայրենապահպան և ինքնապահպան էթնիկ հոգեբարդույթը, ինչը երբեք չդարձավ հայոց դյուցազունների հայ մայրերի դաստիարակության մեթոդը, քանզի հայրերի անխոհեմ վարքի հետևանքով նրանք զրկվում էին մայրական` ինքնությունը կազմավորող և ուղղորդող կենսաուժից: Որբության տևական  կացությունը զրկեց Դավթին և Փոքր Մհերին ինքնապահպան և մեծ իմաստով ազգապահպան համակարգի ժառանգորդական իրավունքից, մինչդեռ օտարի հետ  գոյակցելիս հարկավոր էր արտակարգ զգուշություն, ճկունություն և հեռատեսություն, անապահով վիճակի զգացողություն և սպառնացող դավի տագնապ: Եվ այդ ամենը պետք է սերմանվեր մանկուց: Այսինքն` ամեն առանձին հայի, մասնավորապես երկրին իշխող զարմի հոգեկառույցը պետք է բարձրանար սրված տագնապի, մոտեցող վտանգի կանխազգացողության հենքի վրա` համընդհանուր թշնամու հնարավոր հարձակմանը (ուժային կամ բարոյական) դիմագրավելու կամ հակահարվածին համարժեքորեն արձագանքելու պատրաստվածությամբ:

«Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը, իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ»,- շարունակում է Հր. Մաթևոսյանը: Այո՛, Դավիթն ընդգծվել և առանձնացվել է, բարձրացվել որպես հավաքական տիպ` համազգային բարձրագույն որակների մարմնավորում: Դրանք ի վերուստ տրված ցեղային առաքինություններն էին, իսկ ճակատագրի վայրիվերումները նրան պարտադրվել էին նախորդներից, մասնավորապես հոր ուխտի դրամատիկ հետևանքները խաթարելու էին թե՛ նրա կյանքի ուղին, թե՛ կասեցնելու էին պետականության ավանդույթի ընթացքն ու ամրապնդումը. օտարի կնոջ հմայքին տրվելը և չմտածված երդումը կամ ուխտը կործանելու էին նաև որդուն` սպառնալով պետականության կայացմանը: Դավիթը կրկնելու էր հոր սխալը, քանզի հայոց գահակալների պարբերաբար կրկնվող սխալների արդյունքում արքունիքն ու արքունական իմաստունների ինստիտուտը չէր ձևավորվել, որպեսզի նրան ոչ թե մղեր, այլ  հետ պահեր օտար կնոջ գենետիկ թալանից: Արդյոք իրականում  ապահովագրվա՞ծ էին Մհերի և Դավթի հաղթանակները. դրանք կարելի է կոչել կարճատև հաղթանակներ և  տևական պարտություններ. նրանք հաղթում էին այնտեղ, որտեղ թշնամին առարկայական-թանձրացյալ էր, և  ֆիզիկական  զորության ուղղամիտ կիրառումը հնարավոր էր, բայց երկրների տերերի հարաբերությունները ոչ այնքան բաց պատերազմներ են, որքան ներքին դավադրություններ ու արքունական խարդավանքներ, հանուն սեփական երկրի շահի նաև մանևրելու, դավելու հմտություն, որին այլ կերպ դիվանագիտություն են կոչել: Սխալ ուխտով պարտադրված մահը Մեծ Մհերի վերջնական  պարտությունն էր. նա որդուն ժառանգել էր իր սխալն ու անհուսալի  որբությունը: Ո՞վ պետք է հայոց գահաժառանգին փոխանցեր ցեղի պահպանման և պետության կառուցման հայեցակարգը,  ո՞վ  պետք է նրան գահաժառանգ աճեցներ: Արքա դառնալու համար ծնված հայոց Դավթին դատապարտեցինք որբ հովվի կարգավիճակին, մինչդեռ հրեաները ծագումով հովիվ Դավթից  թագավոր կերտեցին: Գենն ու հայրենիքը  նրան տիտանական ուժ էին տվել, իսկ գահակալ նրան պետք էր աճեցնել, երկիրն ու ազգը ղեկավարելու ռազմավարություն սովորեցնել, ոչ թե գայլ ու ոչխար արածեցնել տալ, թեև նա դրանց ճանաչողությունից էլ էր զրկված: Մանկուց Դավիթը արգելափակված էր` մեծ իմաստով զրկված ինքնաճանաչման բոլոր լծակներից: Համազգային տրամաբանությունը ստեղծված ազգադավ գոյավիճակից մեն-միակ լուծումը տեսել է անժամանակ հեռացած Արմաղանին փոխարինող գտնելով. եթե չլինեին  կորեկի արտի պառավի մայրական հոգածությամբ հատկորոշվող խորհուրդ-ցուցումները, Դավիթն առհասարակ զոհ կգնար մատաղացու գառան նման. նա հենց այդպես` որդիական ջերմությամբ էլ պառավին իրեն մայրացնել է ուզում. «Պառավ,- ասաց,- շնորհակալ եմ քեզնե,//Կը գա՞ս դու ինձի մեր ըլնես, ես մեր չ’ունեմ» (էջ 245): Մեր հսկան մոր կարիք ուներ. ֆիզիկական ուժը քիչ էր աշխարհում չմոլորվելու համար:  Թե՛ Արմաղանը, թե՛ Խանդութը մեռնելու վճիռ կայացնելիս պետք է մտահոգվեին իրենց զավակների, ընդհանրական իմաստով` հայրենիքի ապագայի մասին, ոչ թե զոհ գնային  ներանձնային զգացողություններին: Մինչդեռ թշնամի կամ օտար կանայք ու մայրերը հույզերի առատությունից այդպես արագ ու անդարձ չէին կոտորվում. որդու մահից հետո Իսմիլ խաթունը ոչ թե մորմոքվում է կորստի ցավից, այլ արագորեն ծրագրում երկրի ապագան ճիշտ կազմակերպելու քայլերը. նա անմիջապես Դավթին առաջարկում է ամուսնանալ Մելիքի կնոջ հետ. «Դավիթ, սպանեցիր Մըսրա Մելքին, վնաս չկա, դու էլ իմ տղան ես: Արի էնոր կնիկ դու առ, Մըսրա թագավորություն մնա քեզի…» (էջ 242): Բայց Դավթին նոր սխալ գործել պետք չէր, նա արդեն անհիմն երդումով  և դրան նախորդած սերմի թալանով նախապատրաստել էր իր կործանումը: Դարձյալ երդմնակոտոր չլինելու ասպետական կեցվածքով նետվում է դուշմանի տարածքը և թունավոր նետով սպանվում իր թունավորված սերմից` «Իմ ցեց իմ անձից է,// Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց» (էջ 288): Ե՛վ Մեծ Մհերի, և՛ Դավթի` օտարից սերված զավակները կործանում են բերում հայրերին և հայրերի երկրին` հիմնավորապես ամրագրելով գենային մուտացիայի ենթարկված տեսակի վտանգավորության թեզը: Հետևություն. սիրով ծպտված թշնամին, խաղարկելով ազնվազարմ արյուն կրողների բարձրագույն առաքինությունները, հետևողականորեն հետամուտ է մոլորեցնելու, շեղելու երկրաշեն պետականամետ ընթացքից, բթացնելու զգոնությունը և կորզելու ամենաարժեքավորն ու հիմնայինը` սերմը, գենը, արյունը. սա թալաններից ամենավտանգավորն  է, գողոնն ազգային ինքնությունն է, որն առ այսօր նպատակամետ հետևողականությամբ կիրառվում է իսմիլխաթունների և չմշկիկսուլթանների կողմից. մեզնից ծրագրված «սիրով» խլում են  դյուցազնական գենը, իրենց կոդի մեջ գաղտնագրում հայոց զորությունները, բայց և իրենց նենգություն-չարությունից կաթեցնելով պտուղի արյան և գիտակցության մեջ` թունավոր նետով ուղղորդում հայոց ինքնության ոչնչացմանը: Հետևաբար  Փոքր Մհերի անիրական իրականությունը ձևավորվել էր նախորդների անսթափ, չհամակարգված գործողությունների արդյունքում. Փոքր Մհերը պարտադրված ժառանգորդն էր հոր ու պապի գործած սխալների, որբությունը դառնում էր հայոց արքաների ավանդը սերունդներին: Վտանգված էր հայոց դյուցազնական գենի վերջին կրողը. գուցե Փոքր Մհերին Ագռավաքարում փակելը վտանգված սերմը փրկելու հավատավոր ճիգ էր, մինչև հայոց միտքն ու ոգին զորություն կստանային զատորոշելու և վնասազերծելու մեր տեսադաշտից խուսափող անիրական թշնամուն:

«Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո±վ է մարմնավորելու»,- շարունակում է տագնապել Հր. Մաթևոսյանը: Այդ «էսօրը» իր ապրած երկու դարաշրջանների ժամանակային տարողությունն ունի, երբ մեր «տեսադաշտից խուսափող թշնամու»  չկարողանալով զատորոշել` ցեղասպանվեցինք ու հայրենազրկվեցինք: Կարսի անկումից անմիջապես հետո «մեր մտքի եզրերին երբեմն առնչվող» այդ վիճակը կլանվեց միայն Եղիշե Չարենցի մտքից, որը ոչ միայն ճանաչեց ու գեղակերպեց  աներևույթ թշնամուն, այլև գեղարվեստական տարածք բերեց մոլորված Մհերների նոր սերունդ:

«Մեկ էլ Խմբապետ Շավարշն է Մհերը` տիտան, քաջ, ողբերգական ու ծիծաղելի: Իմը դեռ ճանապարհին է: Ձեռագիր «Մեսրոպս»` տղայի իմ իսկապես հանդգնությունը, վիրավորելու չափ քաշքշեցին ու դեսուդեն արին…»,- մորմոքում է Հր. Մաթևոսյանը: Ուրեմն Մհերի գոյակերպը, թե՞ ճակատագիրը համազգային տարողություն ունի: Հավաքական Մհերը տրոհելու դեպքում կստանանք բազմաթիվ Մհերներ: Հազարամյակների տևողություն ունեցող ազգային-քաղաքական ընթացքի հանձնառուների ճակատագրերի կամ, որ ավելի ստույգ է, դրսից ծրագրված-պարտադրված վիճակների կրկնությունը  առասպելյալ Արա Գեղեցիկի (դարձյալ օտար կնոջ նենգադավ հղացքի զոհ), Արշակունի արքաների, մասնավորապես Արշակ Բ-ի և Պապի, Զորավար Անդրանիկի, Աղասի Խանջյանի` նաիրյան վերջին դոֆինի` երկրից օտարման և կործանման պատմություններում հակահայ դավադրության տեսությունն է հայտնակերպվում: Իրական թշնամուն չճանաչելու և հանդուրժողականության վտանգավոր քարոզը թշնամու դրդմամբ  շարունակելու դեպքում Նաիրյան բոլոր արքաները կործանվելու են, քանզի արքայանալու ժառանգորդական կապը խզվել է: Շարքը մնում է բաց, քանզի այսօր էլ արևածին ու արևազարմ Մհերների գենետիկ թալանը ահռելի չափերի է հասել, Մհերները շարունակում են օտարվել ազգային ինքնությունից  և անհայրենիք որբի կարգավիճակում ցանել իրենց սերմը օտար արգանդներում: Այս ամենը տևականորեն անտեսվել է հայ էթնոհոգեբանների կողմից հայոց պատմական ճակատագրի և այդ պատմության մշակութային իրացումների ճիշտ մեկնության առումով, մինչդեռ օտարը ոչ միայն լավ է ուսումնասիրել մեր էթնոգենետիկ հոգեկառույցը, այլև ակնհայտորեն ուղղորդել է մեր վերլուծական միտքը` կանխելով ազգային գաղափարախոսությունը կազմավորող տարրերի սահմանումը հայոց մշակութային ժառանգության ճիշտ ընթերցման արդյունքում: Նշանակում է` յուրաքանչյուր նոր բարձրացող սերնդի հետ պետք է նորոգվեն և խորացվեն ազգապահպան հայեցակարգերը` մշտարթուն դարձնելով տագնապը կանխազգալու սթափությունը:

Ծանոթագրություններ

1.Հր. Մաթևոսյանի վերոբերյալ հիմնադրույթներին իր հոդվածում անդրադարձել է Ա. Ոսկանյանը` առաջադրելով մեր հայեցակերպից նկատելիորեն տարբեր, նույնիսկ հակադիր տեսակետներ: Այդ մասին տե՛ս «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի նյութերն ընդգրկող ժողովածուում, Երևան, 2006, էջ 17- 30:

2.Հր. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2005 թ., էջ 51:

2.Սասունցի Դավիթ, Երևան, 1981 թ., էջ 114:

 

Անդին. 6. 2013թ.

Կարծիքներ

կարծիք