Վեպի սկիզբն ու ավարտը

Հեղինակ:

20141011125455819

Բորխեսն ուզում էր տեսնել իր առաջին հարյուր ընթերցողների դեմքերը: Իմ ցանկությունն այլ է: Մենք բոլորս կանգնած չե՞նք արդյոք վերջին հարյուր ընթերցողների դեմքերը տեսնելու մարտահրավերի առջև կամ, որ այսքան պաթետիկ չհնչի, վեպի վերջին հարյուր ընթերցողների դեմքերի:

Պատասխանելով այդ հարցին՝ հարցնենք ինքներս մեզ՝ ե՞րբ և որտե՞ղ, տեքստի ո՞ր մասում է սկսվում վեպի ընթերցանությունը և ե՞րբ ու որտե՞ղ է ավարտվում այն: Ինչպես սկիզբն ու ավարտը վեպի, ընթերցանության սկիզբն ու ավարտը պայմանավորված են նրանո՞վ, ինչը Յասմինա Միխայլովիչն անվանում է «ընթերցանություն և սեքս»: Պե՞տք է, արդյոք, վեպն ունենա ավարտ: Եվ ո՞րն է վեպի ավարտը, գրական ստեղծագործության ավարտը: Պարտադի՞ր է, որ այն լինի միակը: Քանի՞ ավարտ կարող է ունենալ վեպը կամ պիեսը:

Այս հարցերի պատասխանները ես գտա գրքերիս վրա աշխատելիս: Ես վաղուց եմ հանգել այն հասկացության, թե արվեստում ինչն է «հակադարձելի» և «ոչ հակադարձելի»: Կան արվեստի տեսակներ, որոնք հանդիսատեսին թույլ են տալիս մոտենալ տարբեր կողմերից, փոխել տեսադաշտն ու հեռանկարն այնպես, ինչպես ուզում է հանդիսատեսը: Դա ճարտարապետությունն է, քանդակագործությունը, գեղանկարչությունը՝ հակադարձ արվեստի ոլորտները: Մյուսները, արվեստի ոչ հակադարձ տեսակները, այնպիսիք, ինչպես երաժշտությունն ու գրականությունը, նման են միակողմանի երթևեկության ճանապարհի, որով ամեն բան շարժվում է սկզբից՝ վերջ, ծնունդից՝ մահ: Ես միշտ եմ ցանկացել գրականությունը՝ ոչ հակադարձ արվեստը, վերածել հակադարձի: Այդ պատճառով էլ իմ գրքերը չունեն ոչ սկիզբ, ոչ ավարտ՝ այս բառի դասական հասկացությամբ:

Օրինակ՝  «Խազարական բառարանը» վեպ-բառարան է՝ կազմված 100000 բառից, և, համապատասխանաբար, տարբեր լեզուների այբուբեններով ավարտվում է տարբեր կերպ: «Խազարական բառարանի» բնագիր տարբերակը, տպագրված կիրիլական այբուբենով, ավարտվում է լատինական մեջբերումով. «sed venit ut illa impleam et confirmem, Mattheus». Այդ նույն վեպը հունական թարգմանությամբ ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Ես տեղնուտեղը նկատեցի, որ իմ մեջ երեք վախ կա և ոչ թե մեկ»: «Բառարանի» անգլիական, հրեական, իսպանական և դանիական տարբերակներն ավարտվում են հետևյալ կերպ. «Հետո, երբ ընթերցողը վերադարձավ, ողջ ընթացքը փոխվեց հակառակի, և Տիբոնն ստիպված եղավ թարգմանությունը փոխել այդ ճանապարհորդությունից ստացված տպավորություններին համապատասխան»: Սերբական տարբերակը՝ տպագրված լատինական այբուբենով, շվեդական տարբերակը՝ Nordsteds հրատարակչության թողարկմամբ, հոլանդական, չեխական և գերմանական տարբերակներն ավարտվում են հետևյալ նախադասությամբ. ՙԱյդ հայացքը գծագրեց Կոենի անունն օդում, վառեց պատրույգը և լուսավորեց նրա ճանապարհը դեպի տուն»: «Բառարանի» հունգարական տարբերակն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Նա պարզապես ուզում էր քո ուշադրությունը հրավիրել քո սեփական բնույթի վրա»: Իտալական և կատալոնյան տարբերակներն ավարտվում են այսպես. «Իսկապես, խազարական անոթը ծառայում է և մինչ օրս, թեև արդեն շատ ժամանակ է անցել, ինչ այն դադարել է գոյություն ունենալ»: Ճապոնական տարբերակը՝  Tokyo  Zagen Sha հրատարակությամբ, ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Աղջիկը կյանք տվեց դստերը՝ իր մահվանը. այդ մահվան մեջ նրա գեղեցկությունը բաժանված էր շիճուկի և կտրված կաթի, իսկ հատակին երևում էր բերանը, որ բռնել էր եղեգնի արմատը»:

Իմ երկրորդ վեպը՝ «Բնապատկեր՝ նկարված թեյով» (որ կարելի է համեմատել խաչբառի հետ), կարդացվելով  «ուղղահայաց», առաջին պլան է մղում գրքի հերոսների դիմանկարները: Եթե նույն այդ գլուխները կարդացվի «հորիզոնական» («սովորական» ձևով), առաջին պլանին կհայտնվի վեպի սյուժեն և դրա զարգացումը: Տեսնենք, թե ինչպիսին կլինի վեպի սկիզբն ու ավարտը այս դեպքում: Նախ և առաջ վեպն ավարտվում է տարբեր կերպ՝ կախված այն բանից՝ ընթերցողը կին է, թե տղամարդ: Եվ, իհարկե, վեպի սկիզբն ու ավարտը տարբերվում են ըստ «ուղղահայաց»  և «հորիզոնական» ընթերցման հնարավորության: «Բնապատկեր՝ նկարված թեյովը»,  «ուղղահայաց»  ընթերցմամբ, սկսվում է այսպես.«Ոչ մի անպատասխան ապտակ չպետք է տարվի գերեզման»: Այս դեպքում վեպն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Ընթերցողը չի էլ մոռանա, թե ինչ եղավ Անաստաս Սվիլարի հետ, որի անունը որոշ ժամանակ Ռազին էր»: «Բնապատկերը», «հորիզոնական» ընթերցմամբ, սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Պատրաստելով այս Վկայականը մեր բարեկամի, դպրոցական ընկերոջ և բարերարի, ճարտարապետ Աթանաս Ֆյոդորի Ռազինի համար, որ նաև հայտնի է իբրև Աթանաս Սվիլար, որ մի անգամ իր անունը լեզվով գրել է մեր սերնդի գեղեցկագույն կանանցից մեկի թիկունքին…»  Նույն միջոցով ընթերցվող վեպն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Ես վազեցի եկեղեցի»:

Վեպ-բառարանից և վեպ-խաչբառից հետո ես ևս մի փորձ արեցի՝ գրականությունը «հակադարձելի» արվեստ դարձնելու: Դա «Քամու ներքին կողմը» գիրքն էր՝ վեպ-ջրային ժամացույց: Այս վեպը երկու տիտղոսաթերթ ունի, և այն ավելի լավ է կարդալ «մեկուկես անգամ», ինչպես ասել է հանրահայտ հնէաբան Դրագոսլավ Սրեյովիչը: Վեպի ավարտը մեջտեղում է, ուր հանդիպում են այս դիցաբանական պատմության սիրահարները՝ Հերոն և Լեանդրը: Եթե վեպը կարդանք Լեանդրի կողմից, ապա վեպն սկսվում է այսպես. «Ապագան օժտված է մի անժխտելի արժանապատվությամբ՝ այն երբեք նման չէ նրան, ինչ մենք պատկերացնում ենք…» Գրքի այս կողմից վեպի ավարտը հետևյալը կլինի. «Մեկն անց հինգ էր, երբ աշտարակները հրեշավոր պայթյունով հօդս ցնդեցին՝ իրենց հետ տանելով կրակը, որի մեջ զոհվեց Լեանդրի մարմինը»: Եթե դուք  «Քամու ներքին կողմը»  կարդում եք Հերոյի կողմից, գրքի սկիզբն այսպիսին է. «Կյանքի առաջին կեսին կինը կյանք է տալիս, երկրորդին՝ սպանում ու թաղում է կա՛մ իրեն, կա՛մ նրանց, ով կողքին է»: Եթե դուք սկսել եք կարդալ այս կողմից, վեպի ավարտն այսպիսին կլինի. «Եթե հավատանք շփոթահար լեյտենանտին, չէր անցել անգամ երեք օր այն երեկոյից, երբ Հերոյի գլուխը գոռաց տղամարդկային զարհուրելի խոր ձայնով»:

Վերջերս լույս տեսած իմ գիրքը՝  «Վերջին սերը Կոստանդնուպոլսում», Թարո գուշակաթղթերով գուշակության ձեռնարկ է: Վեպը բաղկացած է 22 գլխից՝ Ավագ Արկանի գուշակաթղթերի քանակով: Ինչպես հայտնի է, Թարո գուշակաթղթերով կարելի է գուշակել ապագան, և «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը պարունակում է մի քանի նշանակություն (բանալիներ), ինչպես և Թարո գուշակաթղթերը: Այլ խոսքով, այս վեպը կառավարում է գուշակությամբ (բայց վեպը գուշակում է ոչ թե գրքի հերոսների ապագան, այլ ընթերցողների) և կարող է «օգտագործվել» տարբեր կերպ: Կարելի է գրքի գլուխները դասավորել Թարո գուշակաթղթերին համապատասխան: Կարելի է գրքի գլուխներն օգտագործել գուշակության սեանսի ժամանակ բաժին հասնող թղթերի բացատրության համար: Վեպը կարելի է կարդալ գուշակաթղթերից անկախ: Կարելի է և, գրքում եղած, ղեկավարության համապատասխան, դասավորել թղթերը և հետո կարդալ վեպի գլուխները թղթերի ցուցումով:

Այսպիսով, դուք տեսնում եք, որ իմ վեպերից կարելի է դուրս գալ ոչ թե մեկ, այլ մի քանի ելքով՝ մեկը մյուսից մեծ տարածության վրա:

Ինձ համար աստիճանաբար վերանում է տարբերությունը վեպի և ճարտարապետական կառույցի միջև, և դա, թերևս, ամենակարևորն է, որ ուզում էի ասել տվյալ հոդվածում: Բայց եկեք դիմենք ավելի ընդհանուր հարցի, որ հաճախ է ծագում մեր ժամանակներում: Չի՞ մոտենում արդյոք վեպի վախճանը: Որտե՞ղ է վեպի ավարտը՝ առջևո՞ւմ: Գուցե այն արդեն անցյալո՞ւմ է: Արդյոք մենք ապրում ենք հետպատմակա՞ն ժամանակներում: Արդյոք չե՞նք հատել վերջնագիծը՝ ինքներս էլ չնկատելով այն: Արդյոք մասնակի՞ցը չենք արդեն ավարտված մրցավազքի: Կարծում եմ՝ դեռ վաղ է այդպես խոսելը: Ես ավելի հակված եմ պնդելու, որ մենք մոտեցել ենք ավանդական ընթերցանության եղանակների մայրամուտին: Դա մեր ընթերցանության ձևի ճգնաժամն է և ոչ թե վեպի: Դա վերջն է վեպի որպես միակողմանի երթևեկության ճանապարհի: Վեպի գծագրական պատկերացումը նույնպես ճգնաժամ է ապրում: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ գիրքը ճգնաժամ է ապրում: Հիպերգրականությունը ցույց է տալիս, թե ինչպես վեպը կարող է ծավալվել գիտակցության հանգույն՝ մի քանի ուղղություններով: Հիպերգրականությունը վեպը դարձնում է ինտերակտիվ:

Ես փորձեցի փոխել ընթերցանության սովորական ձևը՝ ուժեղացնելով ընթերցողի դերն ու պատասխանատվությունը վեպի արարման ընթացքում (չպետք է մոռանալ, որ աշխարհում ավելի շատ են տաղանդավոր ընթերցողները, քան տաղանդավոր գրողներն ու գրաքննադատները): Ես նրանց՝ ընթերցողներին, թողել եմ որոշումներ կայացնել վեպի հիմնական պահերի և սյուժեի զարգաման մասին. որտեղ է սկսվում վեպը և որտեղ ավարտվում, և նույնիսկ գլխավոր հերոսների ճակատագրի հարցում: Բայց ջանալով փոխել ընթերցման ձևը՝ ես պետք է փոխեի շարադրման ձևը: Դրա համար այս տողերը պետք է ընկալվեն ոչ իբրև պարզապես վեպի ձևի քննարկում: Դա միաժամանակ քննարկում է վեպի բովանդակության մասին: Չէ՞ որ երկու հազարամյակների ընթացքում վեպի բովանդակության հիմքում ընկած են պրոկրուստյան մահճի չափանիշները:

Կարծում եմ՝ դրա վերջը եկել է: Յուրաքանչյուր վեպ պետք է ընտրի սեփական ձևը, յուրաքանչյուր պատմություն պետք է փնտրի և գտնի սեփական մարմինը…

Համակարգիչները ցույց են տալիս, որ դա հնարավոր է: Եթե նույնիսկ ձեզ դուր չեն գալիս համակարգիչները, տեսեք, թե ինչ է մեզ սովորեցնում ճարտարապետությունը:

Ճարտարապետությունը փոխում է մեր կյանքը: Գրականությունը, եթե դիտենք իբրև ճարտարապետական կառույց, նույնպես կարող է փոխել մեր կյանքը: Վեպը կարող է լինել տուն: Ծայրահեղ դեպքում՝ որոշ ժամանակ:

 

Ռուսերենից թարգմանեց Թ. Խաչատրյանը

 

Անդին 2, 2014

Կարծիքներ

կարծիք