Սինգապուրի տնտեսական մոդելի կիրառելիության հնարավոր տարբերակները Հայաստանում

Հեղինակ:

20142209120616391

Տեսակետ

 

 

Սինգապուրի տնտեսական մոդելի ուսումնասիրումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Հայաստանի և Սինգապուրի միջև առկա են որոշակի ընդհանրություններ, և Սինգապուրի տնտեսության զարգացման որոշ ռազմավարություններ կարող են կիրառություն գտնել նաև մեր երկրում:

Սինգապուրի տնտեսական վերելքը սկսվեց այն ժամանակահատվածում, երբ վերազգային ընկերություններ ներկայացուցչություններ էին բացում ասիական զարգացող երկրներում, և ներդրումների համար սուր մրցակցություն էր: Սինգապուրը, սթափ գնահատելով իր ուժեղ և թույլ կողմերը, մշակեց ռազմավարություն, որի շնորհիվ շեշտակի աճեց ներդրումների հոսքը: Ռազմավարության հիմքում ընկած էր ենթակառուցվածքների զարգացումը, որակյալ կադրերի պատրաստումը, տնտեսության ազատականացումը, արտոնյալ հարկաբյուջետային համակարգը, գիտության զարգացումը և այլն: Այնուհետև Սինգապուրում ձեռնամուխ եղան սեփական ձեռնարկությունների զարգացմանը: Կոռուպցիայի գրեթե բացակայության պայմաններում պետական գործակալությունների արդյունավետ աշխատանքի և ազատ տնտեսական գոտիների զարգացման շնորհիվ երկրում ծաղկեց փոքր և միջին բիզնեսը: Ծառայությունների ոլորտում սահմանվեցին խիստ չափանիշներ, ինչի հետևանքով զարգացավ զբոսաշրջությունը: Զարգացնելով օֆշորային գոտիները, ինչպես նաև տեղական բանկային համակարգը՝ երկրին հաջողվեց դառնալ համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ ռազմավարության շնորհիվ Սինգապուրը դարձավ համաշխարհային նորարարական կենտրոն:

Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր ուղիները քննարկելիս կարևոր է անդրադառնալ օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված ռազմավարությանը: Հարկ է նշել,որ օտարերկրյա ուղղակի ներդրումների (OՈՒՆ) ներհոսքը Հայաստան երկակի ազդեցություն կունենա տնտեսության վրա: Վերազգային ընկերությունների մուտքը թույլ զարգացած երկրներ սպառնում է տվյալ երկրի տնտեսական, նույնիսկ ազգային անվտանգությանը: Կա ևս մեկ կարևոր հիմնախնդիր: Այս ընկերությունների կառավարման համակարգում առկա է կոսմոպոլիտիզմի գաղափարը, ինչը թափանցելով միատարր ազգաբնակչություն ունեցող երկիր՝ կարող է իրենից որոշակի վտանգ ներկայացնել երկրի մշակույթի համար: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, վերազգային ընկերությունների մուտքը զարգացող երկրներ ունի նաև հետևյալ դրական կողմերը՝ նոր աշխատատեղեր. լրացուցիչ մուտքեր պետական բյուջե. արտահանման աճի և ներմուծման կրճատման մակրոտնտեսական ցուցանիշների բարելավում. արտասահմանյան գործարար-մշակույթի ներդրում, աշխատուժի որակավորման բարձրացում. մասնակցություն տեխնոլոգիաների միջազգային շարժին և այլն: ՕՈՒՆ-ների ներգրավման դրական և բացասական հետևանքները համեմատելիս կարելի է վստահ ասել, որ մեր երկրի համար դրական հետևանքները կգերազանցեն բացասական հետևանքներին (որոնք կարող են լինել շատ քիչ): Հայաստանում ՕՈՒՆ-ներ ներգրավելու համար մշակված է ռազմավարություն, որի հիմքում ընկած են ներդրումային գրավչությունն ապահովող հետևյալ դրդապատճառները՝ քաղաքական և տնտեսական կայունություն, բարենպաստ ներդրումային օրենսդրություն, ներդրումային երաշխիքներ, Էլեկտրաէներգիայի մրցունակ գներ և այլն: Վերը թվարկված շարժառիթները ՕՈՒՆ-ներ ներգրավելու համար անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են, և ի սեր արդարության հարկ է նշել, որ դրանցից մի քանիսը  շատ հարաբերական են, օրինակ՝ քաղաքական և տնտեսական կայունությունը: Միջազգային գնահատականներով՝ Հայաստանը համարվում է բարձր ռիսկայնությամբ գոտի, ինչը ներդրումների ներգրավման լուրջ խոչընդոտ է: Հայաստանը պետք է ձգտի ամեն գնով բարձրացնել միջազգային հեղինակությունը, հասնել նրան, որ, տարբեր գնահատականներով, որոշակի առավելություններ ունենա հարևանների նկատմամբ: Ռիսկերից բացի օտարերկրյա ներդրողի համար կարևոր են նաև բիզնեսի հիմնման և իրականացման հետ կապված մի շարք ցուցանիշներ՝ բիզնեսի հիմնման և վարման, շինարարության մատչելիություն և այլն: Այս ցուցանիշների մեծ մասով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, սակայն զգալիորեն զիջում է Վրաստանին: Այստեղից հետևում է, որ կա տնտեսության ազատականացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների կարիք:

Օտարերկրյա ներդրողի համար շատ կարևոր է բարձր որակավորում ունեցող աշխատուժի առկայությունը: Փորձը ցույց է տալիս, որ հայերը ունեն գիտության ոլորտում հաջողության հասնելու մեծ ներուժ: Հայաստանում կրթության և գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս կարելի է կիրառել Սինգապուրի փորձը և զարգացնել անգլերենի իմացությունը: Դա երկիրը կապահովի միջազգային հաղորդակցության լեզվին տիրապետող կադրերով, ինչն էլ, իր հերթին, կնպաստի ներդրումների հոսքին: Հայաստանը ոչ բարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով չունի բավականաչափ պաշարներ և ճանապարհային ուղիներ որոշ արտադրատեսակների լայնածավալ արտադրություն կազմակերպելու համար: Թեև այս տեսանկյունից Հայաստանը այնքան էլ նպաստավոր չէ ներդրումների համար, սակայն կարող է հաջողության հասնել մտավոր սեփականության և տեխնոլոգիաների մշակման ոլորտում: Դրա համար անհրաժեշտ է շեշտը դնել գիտության զարգացման վրա:

Հայաստանում գիտության ոլորտում առկա են հետևյալ հիմնախնդիրները՝ խզվել է հիմնարար հետազոտություններ-կիրառական հետազոտություններ-իննովացիոն գործունեություն կապը. նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը. շարունակվում է բարձր որակավորման կադրերի արտահոսքը. ընտրված չեն հիմնարար հետազոտությունների առաջնայնությունները. դժվարությամբ են ընթանում բարեփոխումները. զարգացած չեն այս ոլորտում պետական միջազգային համագործակցության ուղիները. հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը. անկախության տարիներին, հայտնի պատճառներով, չի իրականացվել գիտության և տեխնիկայի զարգացմանը նոր թափ հաղորդող որևէ նշանակալից ծրագիր:

Երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդող ծրագիր կարող է հանդիսանալ գիտահետազոտական բոլոր ինստիտուտների արդիականացումը և առաջադեմ գիտահետազոտական համալիրի ստեղծումը: Այն իր մեջ պետք է ներառի միջազգային համալսարան, գիտահետազոտական ինստիտուտ և տեխնոլոգիաների միջազգային փոխանցմամբ զբաղվող կենտրոն:

Հայաստանում կրթության հանդեպ բնորոշ բացասական կողմերից խուսափելու համար համալսարանը զերծ կմնա գնահատման համակարգից և ուսանողներ ներգրավելու ավանդական տարբերակից: Կգործի տաղանդների կառավարման բաժին, որի նպատակը կլինի հատուկ մասնագետների միջոցով ընտրել գիտական ներուժ ունեցող կադրերի: Դասավանդումը կիրականացվի անգլերենով, ինչը հնարավորություն կտա ներգրավել նաև արտասահմանցի ուսանողների՝ նպաստելով «ուղեղների»  ներհոսքին և դարձնելով Հայաստանը տեխնիկական գիտությունների ոլորտում կրթական կենտրոն: Գնահատականների և ավարտական վկայականի բացակայությունը հնարավորություն կտա հայտնաբերել մոտիվացված անհատների, որոնք, սովորելով և աշխատելով գիտահետազոտական համալիրում, հնարավորություն կստանան մասնագիտորեն զարգանալու և գործնականում իրացնելու իրենց գիտելիքները՝ դրանով նպաստելով ինչպես երկրի զարգացմանը, այնպես էլ երիտասարդության մեջ գիտության գրավչության աճին: Գաղտնիք չէ, որ ներկայում հաջողության գրավական է հանդիսանում նեղ մասնագիտացումը, ուստի առարկաների ուսուցման պարտադիր համակարգի բացակայությունը հնարավորություն կտա ուսանողին ընտրել այն առարկան կամ առարկաները, որոնց շրջանակներում նա կկարողանա իրացնել իր ողջ ներուժը  և հասնել արդյունքի: Վերը նշվածից բացի չափազանց կարևոր է համալսարանում ժամանակակից նյութատեխնիկական բազայի առկայությունը և դրա շուրջօրյա հասանելիությունը ուսանողներին: Համալսարանը հագեցած կլինի նորագույն սարքավորումներով, արդիական  գրադարաններով և լաբորատորիաներով, ընդ որում՝ դրանք ուսանողներին հասանելի կլինեն օրը 24 ժամ (ուսանողներին կհատկացվեն հատուկ քարտեր, որոնց օգնությամբ նրանք կկարողանան մուտք գործել ցանկացած դասասենյակ և լաբորատորիա, իսկ անվտանգության նպատակով կգործի շուրջօրյա տեսահսկում): Գիտաշխատողները և նրանց ընտանիքները կօգտվեն պետական սոցիալական փաթեթներից, ինչը հնարավորություն կտա նվիրվել գիտությանը և աշխատանքը դարձնել առավել արդյունավետ: Գիտական համալիրում կգործի տեխնոլոգիաների միջազգային փոխանցմամբ զբաղվող կենտրոն, որի նպատակը գիտահետազոտական ինստիտուտում առևտրային ներուժ ունեցող հայտնագործությունները հայտնաբերելը, արտոնագրելը և լիցենզավորման միջոցով միջազգային շուկայում իրացնելը կլինի: Հայաստանում զարգանալու հեռանկարներ ունեն հետևյալ ոլորտները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կենսաբժշկություն և դեղագործություն, գենային ինժեներիա՝ այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, քիմիական արդյունաբերություն, օպտիկական սարքերի նախագծում և արտադրություն, ճշգրիտ մեքենաշինություն, ինժենիրինգ և այլն: Այս ոլորտների զարգացումը կարող է մեր երկրի տնտեսության աննախադեպ աճ ապահովել, քանի որ նմանաբնույթ հայտնագործությունները համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեն, իսկ արտադրանքը օժտված է բարձր ավելացված արժեքով, և դրա արտահանումը կապահովի մեծ եկամուտ:

Հարկ է նշել, որ հայաստանցի դպրոցականները վերջին տարիներին մեծ հաջողություններ են ունենում բնական գիտությունների միջազգային օլիմպիադաներում: Նրանք հիմնականում զիջում են միայն չինացիներին, իսկ վերջինների հաջողությունը  պայմանավորված է դպրոցներում անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի առկայությամբ: Առաջավոր տեխնոլոգիաների և անհրաժեշտ նյութերի ներդրումը դպրոցներում և բուհերում զգալիորեն կբարձրացնի կրթամակարդակը: Կարևոր է նաև կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը: Կառավարությունը պետք է նպաստի այն բանին, որ տաղանդավոր կադրերը կարողանան ուսումը շարունակել և վերապատրաստվել արտասահմանում: Հոգալով ֆինանսական ծախսերը՝ պետությունը պետք է օրենսդրորեն պահանջի կադրերի վերադարձը հայրենիք, ինչը որոշակիորեն կկանխի «ուղեղների» արտահոսքը: Գիտության ոլորտի զարգացումը հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիաների միջազգային շարժին, ներգրավելու ներդրումներ՝ նպաստելով երկրի զարգացմանը:

Երկրի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունի փոքր և միջին բիզնեսը: Սրանց զարգացման սինգապուրյան մոտեցումը կարող է հաջողությամբ կիրառվել նաև Հայաստանում: Սինգապուրում գործում են Spring գործակալությունը և ASME ասոցիացիան: Նրանց նպատակն է բացահայտել փոքր և միջին բիզնեսի կարիքները և դրանք ներկայացնելով պետությանը՝ լուծել բոլոր խնդիրները: Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալություն: Նրա միջոցով կառավարությունը ամեն տարի կանցկացնի մոնիթորինգ, կբացահայտի առանձին ձեռնարկությունների կարիքները և կբավարարի դրանք՝ կիրառելով հարկային և այլ արտոնություններ, տրամադրելով շնորհներ: Բացի դրանից՝ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել բիզնես ինկուբատորների համակարգը, որոնք նպատակ կունենան նպաստել ռազմավարական նշանակության ոլորտներում, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, փոքր ձեռնարկությունների ստեղծմանը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը խթանելու համար անհրաժեշտ է նաև կիրառել արդյունավետ հարկաբյուջետային համակարգ: Պետք է կիրառել հարկային արտոնություններ սկսնակ բիզնեսի համար: Բացի դրանից՝ պետք է սահմանել նոր հարկատեսակ՝ շքեղության հարկ: Այն կկիրառվի ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների հանդեպ: Կհարկվի թանկարժեք գույքը, որը կպարունակի շքեղության տարրեր: Հիմնականում հարկատեսակը կկիրառվի ավտոմեքենաների նկատմամբ: Դա կնպաստի վառելիքի սպառման նվազմանը, հետևաբար՝ ներմուծման կրճատմանը, կապահովի բյուջեն լրացուցիչ մուտքերով, կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանը:

Տնտեսության զարգացմանը կխթանի ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Սինգապուրի օրինակով Հայաստանում հարկ է ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ ունեցող ազատ արդյունաբերական գոտիներ: Այդպիսի գոտիները նպատակահարմար է ստեղծել սահմանամերձ շրջաններում, ինչը կնպաստի տնտեսության համաչափ զարգացմանը, կստեղծի աշխատատեղեր՝ կրճատելով արտագաղթը, կնպաստի նաև արտահանման աճին: Պետք է ստեղծել նաև ազատ առևտրային գոտիներ և տեխնոպարկեր:

Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին, ապա այստեղ դեռ վաղ է խոսելը օֆշորային գոտիների մասին, քանի որ այս ոլորտի զարգացման համար առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք պայմանավորված են երկրում տիրող մի շարք ռիսկերով: Սակայն այս ոլորտում ևս կարելի է իրականացնել բարեփոխումներ: Արդյունավետ կլիներ պետական կապիտալով առևտրային բանկի ստեղծումը: Այդպիսի բանկը կապահովի լրացուցիչ մուտքեր պետական բյուջե, բացի դրանից, սահմանելով վարկային ցածր տոկոսադրույքներ փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար, կաջակցի այդ ոլորտներին:

Այսպիսով՝ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավոր է մի քանի ուղիներով՝ գիտության զարգացման շնորհիվ մտավոր սեփականության ոլորտի զարգացում. նորարությունների աճ և տեխնոլոգիաների ոլորտի զարգացում. գիտահետազոտական աշխատանքների ոլորտում ներդրումների ներգրավում. փոքր և միջին բիզնեսի զարգացում. ազատ տնտեսական գոտիների զարգացում:

Առանձնահատուկ հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն բազմազգ Սինգապուրի՝ Հայաստանը միատարր երկիր է, նրա փորձի կիրառումը, մասնավորապես ՕՈՒՆ-երի ներգրավումը ոչ միայն վտանգ չի ներկայացնի մեր ազգային ինքնությանը, այլև զարկ տալով տնտեսության աճին, բնականաբար, կնպաստի նաև երկրի բոլոր հզորությունների աճին:

Հ.Գ.

2009 թ․ սեպտեմբերին Սինգապուրի Ավագ նախարար Լի Քուան Յուն պետական այցով ժամանեց Հայաստան, ընդունելության արժանացավ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Լի Քուան Յուն մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ խոսեց նաև Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր ուղիների մասին: Նա մասնավորապես նշեց, որ ինչքան էլ օտարերկրյա ներդրումներն անհրաժեշտ են և նպաստավոր երկրի զարգացման համար, միևնույն է, երկիրը պիտի հույսը դնի բացառապես իր ուժերի վրա: Նաև նշեց, որ Հայաստանը պետք է բարելավի ներդրումային միջավայրը և կողմնորոշվի դեպի տնտեսության զարգացման ամերիկյան մոդելը, որն, իր կարծիքով, ամենադինամիկն է:

 

 

Անդին 5, 2013

Կարծիքներ

կարծիք