Պաշտպանության մեր ընկալումները

Լուսանկար

Ազգային և պետական դատողության ձևավորման, մեր առջև ծառացած մարտահրավերներին հակազդման համար մեզ հարկավոր են որոշակի ընկալումներ, փոփոխություններ: Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան պաշտպանական ռազմավարության, մարտավարության կամ զինվածության մեջ է, որքան զինվորականների և ընդհանուր հայ ժողովրդի մտածելակերպի, գիտակցության, պատկերացումների ու պատասխանատվության: Առաջին հերթին մեզ հարկավոր է ձերբազատվել քանակի գործոնը գերադասելուց: Մեզ համար մարդը իրականում արժեք պիտի համարվի և ոչ թե ռեսուրս, միջոց: Իրականում մենք դրա մասին շատ ենք խոսում, սակայն դեռ հակառակն ենք մտածում՝ բացի որոշ բացառություններից: Ցավը հիմնականում այն է, որ այդպես է մտածում մեր հիմնական բնակչությունը:

Վերջերս ադրբեջանցի պատգամավորներից մեկն ասել էր.

«Եթե անգամ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց նրանք սպանեն 10 ադրբեջանցի զինվոր, ապա, միևնույն է, մենք պիտի շարունակենք սպանել հայերին»: Այս հայտարարությունը հետաքրքիր է մի քանի առումներով: Նախ սա նշանակում է, որ ադրբեջանցիները խոստովանում են, որ իրենք ագրեսիվ են ու միշտ նախահարձակ են լինում, հետո սա նշանակում է, որ իրենք մշտապես պատրաստվում են դրան ու այդ ուղղությամբ պետական ծրագիր է աշխատում, իսկ նման զոհերն իրենց իրականության մեջ կան և սովորական են: Ադրբեջանցի բարձր պաշտոնյան խոստովանում է, որ հայերն իրենց արժանի հակահարված են տալիս, այնինչ Ադրբեջանում սեփական երկրի զինվորները թնդանոթի միս են և իրենք թքած ունեն հարյուրավոր ու հազարավոր կյանքերի վրա: Կարևորը նրանց համար այն է, որ մշտապես լարված իրավիճակ լինի ու մշտապես հայեր զոհվեն: Զինվորական լեզվով ասած` նրանք նախաձեռնել և համառորեն վարում են հյուծման պատերազմ, որտեղ մարդկային կյանքն արժեք չունի: Այս մարտավարությունը, բնականաբար, ադրբեջանցիների, թուրքերի համար նոր երևույթ չէ, նրանք այսպես են եղել դեռ դարեր առաջ ու այդպիսին էին նաև Արցախյան գոյամարտի ժամանակ:

Սա մեզ համար նորություն չէ, սակայն պահանջում է որոշակի վերլուծություն:

Արցախյան գոյամարտի ժամանակ, երբ մեր ժողովուրդը կենաց ու մահու կռիվ էր տալիս իրեն միշտ թվապես գերազանցող ու լավ զինված հակառակորդի դեմ, իհարկե, ողբալով ամեն մի զոհված հայորդու համար, քչերն էին հաշվում, թե իրականում քանի հայ զինվոր էր մահանում, որովհետև բոլորն էլ համոզված էին, որ յուրաքանչյուր հայ դյուցազուն մի քանի թուրք է կոտորել, նոր մահացել: Հրադադարի պայմաններում ևս մեր պատվախնդիր զինվորականները յուրաքանչյուր զոհված հայ զինվորի համար բազմապատիկ հարված են հասցրել թուրքերին, ինչի մասին հավաստում է նաև այդ պատգամավորի խոսքը: Եվ մեզանում մինչև վերջերս կար ձևավորված մի իրավիճակ-բնավորություն, որ մենք, ճիշտ է, կորուստներ կրում ենք, որովհետև հակառակորդը նենգ է, սակայն միանշանակ համապատասխան հարված ստանում է: Այդպես, 1994 թ. հետո մենք սահմանների վրա ազգի անվտանգությունն ապահովող նվիրյալ զավակներից տարեկան կորցնում էինք մի քանի զինվոր, իսկ հակառակորդը՝ տասնյակներ ու հարյուրներ, և կարծես թե սա մեզ համար որոշակի օրինաչափություն էր դարձել: Սակայն վերջերս, հիմնականում 2009-2012 թթ., տեղեկատվության թափանցիկության բարձրացման հետ, կարծես հայ ժողովուրդն այս օրինաչափություն-բնավորության հետ չի ուզում համակերպվել: Սա կարելի է բացատրել ինչպես մարդ-տեղեկատվություն ընկալումների փոփոխությամբ, այնպես էլ ազգային հատկանիշներով: Փորձենք մանրամասն վերլուծել այս իրադրությունը:

Ժամանակների ընթացքում լինելով հիմնականում թուրք-պարսկական, արաբական և ռուսական ազդեցությունների տակ` մենք նրանցից վերցրել էինք որոշակի հատկանիշներ,  մասնավորապես ռազմական գործում կամ տնտեսավարման մեջ մեծ կորուստներն օրինաչափ համարելը, դանդաղկոտությունը, անվճռականությունը, պասսիվ պաշտպանությունը և կենցաղային ու ռազմական այլ ոլորտների բնավորության շատ գծեր:

Փորձենք անդրադառնալ հենց առաջինին, որը կապ ունի հայ զինվորների մահվան դեպքերի ու քանակի հետ: Արաբները, ինչպես նաև պարսիկներն ու հատկապես թուրքերը, ռուսների նման ունենալով մեծ կայսրություններ, ռազմավարության կամ մարտավարության մեջ որոշակիորեն, թեկուզ և տարբեր մակարդակով, մեծ կորուստներն օրինաչափ էին համարում: Դա բնական էր, քանի որ նման կայսրությունները սովորաբար հիմնականում թալանում էին ու կեղեքում, դիզում մեծ հարստություններ, ունենում մեծաքանակ հպատակներ, որոնց կարող են անհրաժեշտության դեպքում և՛ հարստահարել, և՛ կոտորել՝ ցանկացած պատերազմում օգտագործելով նաև որպես թնդանոթի միս: Օրինակ՝ ռուսական իրականության մեջ սա հիմնականում բխում է մեծ տարածքներ և տարատեսակ հսկայական միջոցներ ունենալուց:

Ասիականության այս դրսևորումը ժամանակի հետ վերածվում է ամուր բնավորության, մտածելակերպի և հիմք դառնում պետական հայեցակարգի, ազգային անվտանգության հիմնադրույթների, վերածվում զինվորականների ու այլ ռազմավարների մտածելակերպի: Բնականաբար, նման միջավայրում մարդկային կյանքը չէր կարող մեծ արժեք ունենալ, և պատերազմների ժամանակ մեծաքանակ մարդկային զոհերը առավելապես համարվում էին օրինաչափություն, քան բացառություն:

Պատահական չէ, որ ԽՍՀՄ-ում մի քանի դիվիզիաների կորուստը օրինչափ էր համարվում, այնինչ, օրինակ, մեր թագավորների համար ամեն մի գունդը մեծ արժեք ուներ: Մեզ խորթ ահա այսպիսի միջավայրում ենք մենք ապրել երկար դարեր, այնինչ մենք, դեռ հնագույն ժամանակներից, ելնելով մեր բնակության տարածքից և նյութական միջոցներից, բոլորովին այլ մտածելակերպ ենք որդեգրել: Հայոց զորքի սպարապետների համար յուրաքանչյուր զինվոր համարվում էր մեծ արժեք, գնդերից յուրաքանչյուրը պետական մեծ նշանակություն ուներ: Հայոց պատմիչների գործերում մեծ տեղ է հատկացված այս կամ այն քաջարի զորավարին, և նրանց կորուստը ներկայացված է որպես մեծ փորձանք, ողբերգություն ամբողջ հայ ժողովրդի համար: Մենք լավ գիտենք, թե ինչպիսի ողբերգություն էր հայդուկների մահը ժողովրդի համար, իսկ Արցախյան ազատամարտում զոհված տղաներին ինչ ցավով ու վշտով էինք  հրաժեշտ տալիս:

Բացի դրանից, մեր ազգային արժեհամակարգով՝ յուրաքանչյուր մարդու մեջ մենք տեսնում ենք մեր հարազատին, նաև՝ շատ կարևոր անձի, քաղաքացու, ապագա լավ մասնագետի, անգամ տաղանդավոր մարդու և ընդհանրապես մարդու: Այսինքն` մենք բարձր ենք գնահատում մարդ արարածին, քանի որ նրանց չենք նայում որպես ոչխարների և այդպիսին էլ չենք դաստիարակում:

Ահա թե ինչու մեծ կորուստները մեծապես խորթ են մեզ:

Սակայն թեև դա խորթ է մեզ, բայց մենք ստիպված ենք եղել ապրել ու պատերազմել նման պայմաններում և ժամանակի հետ նույնիսկ ինչ-որ չափով դառնալ այդպիսին: Եվ կարծես համակերպվել էինք այն մտքի հետ, որ հայ զինվորն էլ կարող է զոհվել զանգվածային ու անիմաստ գրոհների ժամանակ և այլն: Ահա այդ շեղումների արդյունքում էր, որ մեզանում ևս որոշակի օրինաչափություն էր դիտվում հայ զինվորների մահը սահմանի վրա: Սակայն այս պատկերացումը հայ տեսակի արմատներին վերադարձի հետ հետզհետե փշրվում է:

Անկախության պայմաններում հայ տեսակը, չնայած բազում դավերին ու ապազգային խարդավանքներին, աստիճանաբար վերագտնում է իրեն:

Այստեղ տեղին է մեկ համեմատություն անել Իսրայելի հետ, որին շատ ենք սիրում մեջբերել նման պայմաններում: Հրեական պետության և բանակի ղեկավարությունը, մշտապես թանկ գնահատելով յուրաքանչյուր զինվորի կյանքը, մեկ անգամ չէ, որ սահմանափակ քանակությամբ սեփական զինվորների կյանքի փրկության համար ազատ է արձակել հարյուրավոր ռազմագերիների կամ անգամ ռազմագործողություններ է իրականացրել: 1956 թ. պատերազմից հետո ընդամենը չորս հրեա ռազմագերիների ազատ արձակելու դիմաց հրեաները բաց թողեցին 5500 արաբի: Նման դեպքեր շատ են եղել: Հետաքրքիրն այն է, որ նույնատիպ դեպքեր կրկնվել են նաև մեզ մոտ Արցախյան գոյամարտի և անգամ ներկայի հրադադարի ժամանակ:

Հիմա հայ տեսակը հայրենիքում թե այլուր քիչ-քիչ վերագտնում է իր արմատները, ազգային դեմքը և այս հարցում դառնում ավելի աններող ու անզիջում, ավելի պատվախնդիր:

Սա ի հայտ է գալիս նաև սահմանային վերջին միջադեպերի հանդեպ վերաբերմունքում: Հայ ժողովուրդն այլևս հակված չէ օրինաչափ համարելու հակառակորդի կրակից զոհված զինվորի կամ սովորական քաղաքացու մահը:

 

Տեղեկանք: Վերջերս աշխարհի տարբեր հատվածներում երիտասարդ հայերի հաճախակի ցույցերը, բախումները թուրքերի հետ և անգամ զոհերը, ակտիվ պայքարը սոցցանցերում ապացուցում են, որ ազգային ոգին և արժանապատվությունը մեծ վերածննդի նախաշեմին են: Գաղտնիք չէ, որ 1990-2000-ականներն այդ առումով մեծ կորուստների և նահանջի ժամանակներ էին, և ներկայում էլ դեռ մեծ է ապազգային ուժերի ազդեցությունը:

 

Նման հասարակությունը պատրաստ է իր յուրաքանչյուր զավակի կյանքը փրկելու համար դիմել համազգային զոհաբերության: Ահա այն վեհ հոգեվիճակը, որ Կաններ, Գավգամելաներ ու Սարդարապատներ է ծնում:

Մենք ներկայում ևս մեծապես խուսափում ենք պատերազմից, այնինչ աշխարհը հազարավոր տարիներ այն անվանում է քաղաքականության իրականացման մի լծակ, ազատագրական գործողություն, «ստիպողական խաղաղության ռազմագործողություն», «ժողովրդավարության տարածում»և այլն: Չբավարարվելով այս հին անվանումներով՝ Արևմուտքում հիմա էլ նոր տերմին են հորինել՝ time of parenthesis՝ «առաջ մղված պաշտպանություն» կամ կանխարգելիչ պաշտպանություն:

Նույնիսկ հիմա, երբ արդեն մեկ անգամ պարտված Ադրբեջանը հոխորտում է նոր ագրեսիայի սանձազերծմամբ կամ հայության դեմ պատերազմը տեղափոխում է այլ հարթություններ, մենք ընդամենը պատասխանում ենք պաշտպանվողի կեցվածքով: Նախահարձակ լինելը կամ ինչպես ասում են` կանխարգելիչ հարվածը կարծես մեզ համար խորթ է անգամ այսօր:

 

Տեղեկանք: Սրանից էլ բխում է մարտական գործողություններ վարելու մարտավարությունը, որը ենթադրում է երկար ու տոտալ հյուծում: Կայծակնային պատերազմը մերժվում է, այնինչ մեզ նման սակավ միջոցներ ունեցող երկրներն իրավունք չունեն հյուծման պատերազմներ վարելու: 

 

Մեր պետական գործիչների, անգամ զինվորականների գերակշիռ մասը մտածում է, որ պատերազմը քաղաքականության սխալն է և այլն: Վերջերս ՀՀ նախագահը իր խոսքում հատուկ կարևորեց, որ մեր բանակը այլևս վարելու է արագընթաց և կանխարգելիչ պատերազմներ: Ահա հրահանգը, հարգարժան զորականներ: Մենք կոչ չենք անում հարցերը լուծել պատերազմով, սակայն հրաժարվել դրանից և համարել ամենածայրահեղ միջոցը, սոսկ պաշտպանողական կեցվածքը սխալ ենք համարում: Բազմաթիվ փոքր պատերազմներ են եղել, որոնք կանխել են ավելի մեծերը, սա էլ է քաղաքականության խնդիր: Ուզենք թե չուզենք, սակայն պիտի գիտակցենք, որ պետությունների և հատկապես ազգերի միջև եղած հիմնարար խնդիրները դեռևս լուծվում են պատերազմով: Պիտի խոստովանենք նաև, որ մարդն իր բնույթով առանց պատերազմի չի կարող, ուստի և պատերազմներից հրաժարվել անհնար է: Հենց այս հրամայականն է ստիպում մեզ ուշադրություն դարձնել նորօրյա զարգացումներին, պատերազմների նոր տեսություններին, լինել ավելի ճկուն, մարտահրավերներին արագ արձագանքել:

Վաղուց ապացուցվել է, որ զուտ պաշտպանվելը սխալ է: Խրամատային ամուր, պասսիվ պաշտպանությունը, որը կարծրատիպ է դարձել, արդեն չի կարող ապահովել հուսալի պաշտպանություն: Հակամարտության ժամանակ հարձակողական մտածելակերպը դառնում է գերակայող: Նույնիսկ մեր սեփական պատմությունն ակնհայտորեն ապացուցում է դա: Արցախյան գոյամարտում բոլոր հարձակողական գործողությունների ժամանակ ավելի քիչ մարդ ենք կորցրել, քան 1993-1994 թթ. ադրբեջանական լայնածավալ հարձակումը ետ մղելիս:

Մենք պետք է լավ յուրացնենք այն պարզ ճշմարտությունը, որ սովորաբար նման իրավիճակներում (մեծ բախումներ, պատերազմներ, ճգնաժամեր, հասարակարգերի փոփոխություններ և քաղաքական այլ տեղաշարժեր) փոքր ազգերին բախտ է վիճակվում լուծել իրենց հիմնական խնդիրները: Հիշենք` մենք երբ ձեռք բերեցինք մեր երազած անկախությունը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հրեաներն այն ձեռք բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմջց հետո: Հենց այդպիսի ժամանակներում են ամենից շատ ստեղծվել փոքր պետությունները:

Նման իրավիճակներից, մեծ պատերազմներից ու ցնցումներից վախենում են անհամարձակները, այն երկրները, այն ազգերը, որոնք իրենց չեն նախապատրաստել հզոր ցնցումների, դրանցից օգուտ քաղելու հնարավորություններ չեն ստեղծել: Ճշմարիտ ուղի ընտրած երկրները սովորաբար գնում են այն ճանապարհով, որ իրենց աստեղային ժամին  իրականացնեն իրենց երազանքը: Հենց այս նպատակին պիտի ծառայեն ազգային ընտրանու միտքն ու գործը: Այս ուղղությամբ պիտի աշխատի հայ դիվանագետը, գիտնականը, զինվորականն ու անգամ մարզիկը, բոլորը… 

 

Տեղեկանք: Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն:

                                                                                                

Ուինսթոն Չերչիլ

 

Նշվածը հոգեբանական միակ խնդիրը չէ, որ անհրաժեշտ է հաղթահարել պաշտպանության վերաբերյալ մեր ընկալման փոփոխությունների ճանապարհին: Ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհը բարդ է: Ներկայում մեր հասարակության մեջ և հետևաբար նաև բանակում բազում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Սակայն դրանք համալիր լուծում են պահանջում: Այսօր հայ երիտասարդը և նրան բանակ ճանապարհող ծնողը պիտի գիտակցի, թե հանուն ինչի է դա կատարում, որ դա սոսկ պարտք չէ: Բարձր գիտակցականությամբ ու պետականապաշտությամբ են կերտվել հզոր հայրենիքները: Երկիրը հզոր է միայն միասնությամբ և ընդհանուր երազանքով: 

 

Իմ ամենամեծ երազանքն այն է, որ հայը երազանք ունենա: Գերագույն, միանման, վերջնական ու հիմնական երազանք: Երազանք, որի իրականացման համար ջանք ու եռանդ չխնայի: Երազանք, որի իրականացման համար չխնայի անգամ իր որդուն: Երազանք, որը ոչ թե թաքուն, այլ հպարտ ու վեհ փոխանցի որդուն: Իսկ անկատար թողնելով` անիծի իր իսկ մահը: Ողբա այդ երազանքը չկատարելու համար: Ես երազում եմ, որ հայը հայեցի երազանք ունենա, այլ ոչ թե հայավարի: Հայը հիմա այդ երազանքը չունի: Ու ես ափսոսում եմ: Բայց և վստահ եմ, որ կունենա, և այդ ճանապարհին ենք արդեն…

 

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք