Չինական առակներ

332x498chinՀավատարիմ ընկերները

Շատ տարիներ առաջ Չինաստանում ապրումէին երկու ընկեր: Նրանցից մեկը հրաշալի տավիղ էր նվագում, իսկ մյուսը գիտեր հրաշալի լսել:

Երբ առաջինը նվագում կամ երգում էր լեռան մասին, երկրորդը կարողէր ասել. «Տեսնում եմ դիմացս լեռը»: Երբ մեղեդին նվիրված էր ջրին, կարող էր բացականչել. «Ահա աղբյուր է բխում»:

Բայց մի անգամ լսող ընկերը հիվանդացավ և մահացավ: Նրա նվագող ընկերը կտրեց տավիղի լարերը և այլևս երբեք չնվագեց: Այդ ժամանակվանից տավիղի լարերը կտրելը դարձավ մտերիմ ընկերության խորհրդանիշ:

 

Սիրում ես` սիրիր բաց

Ձենի վարպետի մոտ մեդիտացիա էին սովորում քսան վանական տղամարդ և Էսյունանունով մի կին: Նա շատ գեղեցիկ էր՝ չնայած իր սափրած գլխին և հասարակ հագուստին:Որոշ վանականներ գաղտնաբար սիրահարվում էին նրան: Նրանցից մեկը նրան նամակգրեց՝ ձգտելով հանդիպման: Էսյունը չպատասխանեց: Մյուս օրը դասախոսության ավարտից հետո Էսյունը, դիմելով իրեն նամակ գրողին, ասաց. «Եթե դու իրականում ինձ այդպես ուժգին սիրում ես, հենց հիմա մոտեցիր և գրկիր ինձ»:

 

Չկա աշխատանք՝ չկա կերակուր

Ձենի չին վարպետ Խյակուձեն անգամ ութսունինը տարեկանում իր սաների հետ հավասար աշխատում էր՝ այգին էր փորում, ծառ էր տնկում, ճանապարհն էր մաքրում: Աշակերտները լավ չէին զգում, որ իրենց ծեր ուսուցիչը այդպիսի աշխատանք է կատարում: Իմանալով, որ նա չի լսի իրենց և աշխատանքը չի  թողնի, որոշեցին գործիքները պահել:

Այդ օրը ուսուցիչը ոչինչ չկերավ: Հաջորդ օրը նույնպես չկերավ: Եվ երրորդ օրը նույնպես շարունակեց քաղցած մնալ: Աշակերտները ասացին. «Նա զայրացել է, որ մենք պահել ենք գործիքները: Լավ կլինի տեղը դնենք»:

Այն օրը, երբ նրանք դա արեցին, ուսուցիչը աշխատեց և կերավ ինչպես առաջ: Երեկոյան նա աշակերտներին ասաց. «Չկա աշխատանք՝ չկա կերակուր»:

 

Որակը, ոչ թե քանակը

Չին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մի տղա ուներ, որը հիմար չէր, բայց չէր կարողանում ոչնչի հասնել, քանի որ աշխատասեր չէր և ոչ մի ջանք չէր գործադրում: Նրա գիտելիքները շատ մակերեսային էին: Նա գիտեր նկարել և սրինգ նվագել, բայց նրա արածներում առանձնապես վարպետություն կամ բացառիկ ինչ-որ բան չկար:

Հայրը տղայի կամքի ուժը զարգացնելու և իսկական տղամարդ դարձնելու համար նրան մարտարվեստների վարպետի մոտ տարավ, որպեսզի սովորի: Բայց պատանին շուտով ձանձրացավ նույն շարժումը շատ անգամներ կրկնելուց և դիմելով վարպետին՝ ասաց.

-Ուսուցի՛չ, ինչքա՞ն կարելի է նույն հարվածը կրկնել: Ժամանակը չէ՞ արդեն սովորելու իսկական մարտարվեստ, որով ձեր դպրոցը այդքան հարգված է:        Վարպետը ոչինչ չպատասխանեց, բայց թողեց, որ նա կրկնի տարիքով ավելի ավագ սաների շարժումները, և շուտով նա շատ հնարքներ սովորեց:

Մի անգամ վարպետը կանչեց նրան և մի նամակ հանձնեց, որպեսզի փոխանցի հորը:

Պատանին վերցրեց նամակը և գնաց հարևան քաղաք, որտեղ ապրում էր հայրը: Ճանապարհը անցնում էր մի մեծ դաշտի միջով, որտեղ մի ծեր մարդ անդադար, առանց հոգնելու նույն հարվածն էր կատարելագործում:

-Լսի՛ր, ծերուկ, այդպես որ շարունակես, շունչդ կփչես, բայց մի երեխայի էլ չես կարողանա ծեծել,- ասաց տղան։

Ծերուկը ի պատասխան ասաց, թե սկզբից փորձիր ինձ հաղթել, հետո նոր վրաս ծիծաղիր: Պատանին ընդունեց մարտահրավերը:

Տասն անգամ նա փորձեց հարձակվել ծերուկի վրա, և տասն անգամ էլ ծերուկը տապալեց նրան նույն հարվածով: Այն նույն հարվածով, որը նա մինչ այդ առանց հոգնելու կրկնում էր: Տասներորդ անգամից հետո պատանին այլևս չկարողացավ մենամարտը շարունակել:

-Ես կարող էի քեզ հենց առաջին իսկ հարվածով սպանել, բայց դու դեռ երիտասարդ ես ևհիմար: Գնա քո ճանապարհով:

Ամոթահար պատանին տուն հասնելով նամակը հանձնեց հորը: Հայրը նամակը բացեց և բարձրաձայն կարդաց ուսուցչի խոսքը.

«Կատարելություն ձեռք բերած մեկ հարվածը ավելի լավ է, քան հարյուր անկատարը»:

 

Մեծագույն վարպետությունը

Մի անգամ մարտարվեստների չին վարպետի մոտ եկավ եվրոպացի մի աշակերտ և հարցրեց.

-Ես իմ երկրում բռնցքամարտի և ֆրանսիական ըմբշամարտի չեմպիոն եմ, դրանից ավելի էլ ի՞նչ կարող եք ինձ սովորեցնել:

Վարպետը մի  քանի րոպե լռեց, ժպտաց և ասաց.

-Պատկերացրու, որ քաղաքով քայլելով պատահաբար անցնում ես մի փողոցով, որտեղ քեզ սպասում են երեք ավազակ, որոնք ցանկանում են քեզ թալանել ու կողերդ ջարդել: Ես քեզ կսովորեցնեմ նման փողոցներով չքայլել:

 

Հիշիր բեկորների մասին

Մի անգամ Խինգ Շին խոսում էր Յանգ Լիի հետ այն մասին, թե որքան կարևոր է մարդու համար սրտում առաջացած կատաղությունը զսպելը և չթողնելը, որ դա վերածվի վրեժի: Ուշադիր լսելով ուսուցչին՝ Յանգ Լին խոստովանեց, որ դեռ պատրաստ չէ ներել իր թշնամիներին, չնայած իսկապես ցանկանում է:

-Ես ունեմ մի թշնամի, որին ցանկանում եմ ներել, բայց չեմ կարողանում ազատվել սրտումս բույն դրած կատաղությունից։

-Ես կօգնեմ քեզ,- ասաց Խինգ Շին՝ դարակից հանելով ճենապակե հին թեյնիկը,- վերցրու այս թեյնիկը և նրա հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր վարվել թշնամուդ հետ:

Յանգ Լին վերցրեց թեյնիկը՝ անվստահ շարժելով այն և չիմանալով ինչ անել: Այդժամ ուսուցիչն ասաց.

-Հին թեյնիկը ընդամենը իր է, մարդ չէ, մի վախեցիր դրա հետ վարվել այնպես, ինչպես կուզենայիր վարվել թշնամուդ հետ:

Այդ խոսքերից հետո Յանգ Լին բարձրացրեց թեյնիկը գլխից վեր և ամբողջ ուժով շպրտեց գետնին այնպես, որ թեյնիկը մանր բեկորների բաժանվի, Խինգ Շին նայեց հատակին և ասաց.

-Տեսա՞ր ինչ ստացվեց: Թեյնիկը ջարդելով՝ դու չազատվեցիր դրանից, այլ ընդամենը բաժանեցիր բազմաթիվ մասերի, որոնց պատճառով դու կամ քեզ շրջապատողները կարող եք ձեր ոտքերը քերծել: Այդ պատճառով ամեն անգամ, երբ ուժ չես գտնում հաղթահարելու սրտումդ բույն դրած կատաղությունը, հիշիր այս թեյնիկի բեկորների մասին, իսկ ավելի լավ է այնպես անես, որ ճաքեր չառաջանան այնտեղ, որտեղ պետք չէ:

 

Ներդաշնակութուն

Խինգ Շին աշակերտներից մեկի հետ նստած էր լճափին: Օդը հանդարտ էր ու խաղաղ, քամի գրեթե չէր փչում: Բնության կատարելությունը, անաղարտությունն ու անդորրը Խինգ Շիին կամա-ակամա ստիպում էին մտորել ներդաշնակության մասին:  Այդ իսկ պատճառով որոշ ժամանակ անց Խինգ Շին դիմեց աշակերտին հետևյալ հարցով.

-Յանգ Լի, քո կարծիքով՝ մարդկանց հարաբերություններում ե՞րբ ներդաշնակություն կլինի:

Պատանի Յանգ Լին, որ հաճախ էր զբոսնելիս ուղեկցում ուսուցչին, որոշ ժամանակ անց, նայելով բնությանը և լճում նրա արտացոլանքին, ասաց.

-Ինձ թվում է, որ մարդկանց հարաբերություններում ներդաշնակություն կլինի միայն այն ժամանկ, երբ բոլորը նույն կարծիքը ունենան, բոլորը միատիպ մտածեն, մեկը մյուսի արտացոլանքը լինի: Այդժամ ոչ տարաձայնություններ կլինեն, ոչ կռիվներ,- երազելով ասաց աշակերտը և տխուր ավելացրեց ,- բայց մի՞թե դա հնարավոր է:

-Ոչ, դա հանարավոր չէ և պետք էլ չէ,- պատասխանեց Խինգ Շին: Չէ՞ որ այդ դեպքում մարդկանց միջև ոչ թե ներդաշնակություն կլինի, այլ լիակատար անդեմություն, սեփական ես-ի և անհատականության կորուստ: Մարդիկ կլինեն ոչ թե միմյանց արտացոլանքը, այլ մեկը մյուսի ստվերը:

Որոշ ժամանակ լռելուց հետո իմաստուն ուսուցիչը ավելացրեց.

-Մարդկանց հարաբերություններում ներդաշնակություն կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ ոչ թե նույն կարծիքն ունենան և կրկնօրինակեն իրար, այլ հարգանքով վերաբերվեն մեկը մյուսի անհատականության դրսևորմանը:

 

Ռուսերենից թարգմանեց

Գրիգոր Ֆերեշեթյանը

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք