Չգրված հեքիաթների թեմաներով

20141709154155944

Մարդը` երեխա, երիտասարդ, տարեց թե ծեր, ամբողջ կյանքում ձգտում է միայն մի բանի` երջանկության: Տարիքի հետ փոխվում են երջանկության մասին պատկերացումները: Ամենավաղ հասակից միշտ ինչ-որ բանի մասին երազում ես, և թվում է, թե երջանկությանդ բանալին այդ երազանքի իրականացումն է: Գաղտնիք չէ, որ վաղ հասակում ավելի շատ երազանքներ ենք ունենում, ավելի վեհ, ավելի բարձր, սակայն, հասունացմանը զուգընթաց, երազանքներն ավելի ու ավելի են նվազում, իջնում, փոքրանում, քանի որ, շփվելով կյանքի հետ, որքան ավելի շատ ես տեսնում, լսում, հասկանում, այնքան ավելի հստակ ես գիտակցում, որ այն, ինչի մասին երազել ես, այդ բարձր ու վեհ, լուսավոր նպատակները երբեք չես կարող իրականացնել: Եվ սկսում ես մտածել ավելի փոքր բաների մասին, այսինքն`իջնում է այն շեմը, որտեղ դու քեզ երբևէ տեսնում էիր: Սկսում ես պատկերացնել քեզ այլ, ավելի ցածր դիրքերում, քան կցանկանայիր: Եվ այդ գիտակցությանը հասնում ես հենց երիտասարդ տարիքում:

Մանկապարտեզի հասակի երեխան ունի բազմաթիվ երազանքներ, և նրան թվում է, թե ցանկացած բան, ինչ մասին երազում է, կունենա` հենց մեծանա: Վաղ դպրոցական հասակից արդեն լավատեսությունդ ի չիք է դառնում, և սկսում ես հիասթափվել ու խաբված զգալ քեզ: Եթե, օրինակ, մանուկ հասակում երազում ես թագավոր դառնալ, և քեզ թվում է, թե երազանքդ կիրականանա առանց ջանք թափելու, հենց մեծանաս, ապա դպրոցական հասակում արդեն հասկանում ես, որ դա այդքան էլ այդպես չէ, քանզի տեսնում ես, որ առանց ջանք թափելու ոչինչ չի ստացվում, միաժամանակ սկսում ես առնչվել որոշակի անարդարությունների հետ, և, որ ամենահիասթափեցնողն է, հասկանում ես` թագավորներ չկան: Դա առաջին ու խոր հիասթափությունն է, և հետագա ամբողջ կյանքի ընթացքում հիասթափությունները հետևելու են մեկը մյուսին: Իսկ մեծերը փորձում են սփոփել` ասելով, թե այդ անարդարությունները միշտ չեն լինելու, և որպեսզի հետագայում խուսափես դրանցից ու հասնես նպատակիդ` լա՛վ սովորիր: Նոր փուլ է սկսվում` նոր, ավելի իրատեսական երազանքով:

Նորից երազանք ես պահում, օրինակ` ինչ դառնալ. ընտրում ես մասնագիտություն, որը քեզ դուր է գալիս, երազում ես հասնել նվաճումների արվեստում կամ սպորտում կամ որևէ բարձր պաշտոնի… Թվում է, թե սովորելն է նպատակին հասնելու լավա•ույն միջոցը, և սկսում ես սովորել: Սովորում ես դպրոցում` 10-12 տարի, առանց ջանք խնայելու: Բայց, մեծ հաշվով, դպրոցի կրթությունը քեզ ոչինչ չի տալիս, որովհետև հաջորդ քայլն անելու համար (ընդունվել բուհ) բավական գիտելիքներ չես ստանում դպրոցում և ստիպված ես լինում մասնավոր, վճարովի դասեր առնել կրկնուսույցների մոտ: Այսինքն` հասկանում ես, որ 12 տարի դպրոցում սովորածդ քեզ ոչինչ չտվեց, և ավելի շատ գիտելիք ստացար 1-2 տարվա մասնավոր դասեր առնելով: Եվս մի խոր հիասթափություն` 12 տարում սովորեցիր ընդամենը գրել ու կարդալ:

Ընդունվում ես բուհ: Հայաստանում դա յուրաքանչյուրի երազանքն է: Քանզի թվում է, թե բուհը դպրոց չէ, և այնտեղ ապրած հիասթափությունը այստեղ չես ապրի: Եվ որ ամենակարևորն է ` բոլորին թվում է, թե բուհ ավարտելը հենց այն բանալին է, որով կարող ես հասնել նպատակիդ, երազանքիդ… երջանիկ լինել: Հետևաբար` ավելի ջանասիրաբար ես սովորում բուհում: Ավարտում ես: Եվ ահա  քո ձեռքում է բաղձալի դիպլոմը, որի հետ այդքա՜ն երազանքներ ես կապել և սպասել այդքա՜ն տարի: Բայց հիմա քեզ սպասում է կյանքիդ ամենամեծ հիասթափությունը: Քո ձեռքում կա ոսկե բանալի, որ պետք է քո առաջ բանար ցանկացած դուռ: Բանալին կա, բայց չես գտնում կողպեքը:

Ավարտեցիր ուսումդ, որը տևեց քո ամբողջ մանկության ու պատանեկության և ավելին` երիտասարդության շրջանը: Սովորեցիր 15-20 տարի: Եվ արդ ժամանակն է աշխատելու: Գիտելիքներ, բարձրագույն կրթություն ունես, դիպլոմ, սակայն չես կարողանում գտնել աշխատանք, այնպիսին, ինչպիսին ցանկացել ես: Ցանկացած աշխատավայրում գործատուի` քեզ ներկայացրած առաջին պահանջը ոչ թե քո գիտելիքներն են ու դիպլոմը, այլ`աշխատանքային փորձը: Ամենախոր հիասթափությունը. աշխատանքային փորձ ունենալու համար պետք է աշխատես, սակայն չես կարող աշխատել, եթե այն չունես: Հայտնվում ես փակուղում: Այդքան տարի սովորել ես, գիտելիքներ ունես, ինտելեկտ, սակայն աշխատանքի կարող ես տեղավորվել միայն այնպիսի վայրերում, որտեղ առհասարակ քեզնից չեն պահանջվում ո՛չ այդքան տարիների կրթությունդ, ո՛չ գիտելիքներդ, ոչ էլ, առավել ևս, ինտելեկտ (կարող ես աշխատել, ասենք, խանութում հսկիչ, վաճառող, պահակ…): Եվ այդ ամենին գումարած` այդպիսի աշխատանքների համար ստանում ես այնպիսի չնչին աշխատավարձ, որ նույնիսկ կոմունալ վճարները չես կարող կատարել… Զգում ես, որ ամբողջ կյանքում ինչ երազել ես, ինչի ձգտել ես, ինչի համար պայքարել ես, ոչ մի հնարավորություն չունես դրան հասնելու: Արդեն այն տարիքում ես, որ պետք է ամուսնանաս, ընտանիք, երեխաներ ունենաս, սակայն… Եթե անգամ հաջողեցնում ես տեղավորվել որևէ աշխատանքի, այն, ի վերջո, ոչ մի խնդիր չի լուծում. բնակարան, կայուն եկամուտ պետք է ունենաս, որ ընտանիք ստեղծես… Բոլորս գիտենք, որ մեր երկրում աշխատավարձն այնքան չնչին է, որ հազիվ կարող է բավարարել մի քանի օրվա ապրուստի: Բնակարան ձեռք բերելու մասին խոսք ան•ամ լինել չի կարող: Եթե նույնիսկ ամբողջ կյանքում աշխատավարձդ հավաքես, առանց որևէ լումա ծախսելու, նույնիսկ այդ դեպքում դժվար թե կարողանաս բնակարան ձեռք բերել: Մտածում ես` ի՞նչ անել: Գուցե սեփական որևէ գո՞րծ սկսես, որպեսզի ավելի շատ գումար վաստակես և կարողանաս ընտանիք ստեղծել: Հետևում է ևս մեկ հիասթափության. գումար վաստակելու համար անհրաժեշտ է սեփական գործ սկսել, սեփական գործ սկսելու համար անհրաժեշտ է գումար ունենալ: Փակ շրջան, որից այլևս ոչ մի ելք չես տեսնում: Միայն մեկ ելք` հեռանալ երկրից:

Արտասահմանյան քաղաքակիրթ երկրներում չկան նմանատիպ խնդիրներ, ինչպիսիք մեզ մոտ են: Ցանկացած մարդ, ով ցանկանում է աշխատել, կարող է աշխատել, անկախ այն բանից` միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն ստացե՞լ է, թե՞ առհասարակ որևէ կրթություն չունի: Եվ վաստակում ես այնքան, որ կարող ես ապահովել քեզ թե՛ բնակարանով, թե՛ վճարել կոմունալ ծախսերը, թե՛ հոգալ հագուստի և սննդի հարցը: Այսինքն` ցանկացած մարդ ունի ապրելու հնարավորություն: Հետևաբար` կարող է արդեն կատարել ընտրություն և անել այն գործը, որը ցանկանում է, որն իրեն հաճելի է, որի մասին երազում էր:

Վերադառնանք Հայաստան: Հայաստանի քաղաքացիները նույնիսկ մուտքի իրավունք չունեն այդպիսի երկրներ: Այսինքն` փակված է երջանիկ կյանքի ևս մի դուռ: Եվ մարդը, որ կրթվել է այդքան տարի, բազում նպատակներ, երազանքներ ու ծրագրեր ունի, տեսնելով, որ չի կարողանում հասնել որևէ բանի իր երկրում, միայն մեկ ելք է տեսնում` մեկնել այնպիսի երկիր, որտեղ գոնե մուտքի իրավունք ունի, և այնտեղ փորձել բախտը: Մեկնում ես նախկին խորհրդային երկրներից որևէ մեկը: Ի դեպ, արտերկրում քո այստեղի դիպլոմը ոչինչ չարժի: Եվ այնտեղ սկսում ես անել այնպիսի սև աշխատանք, որը հարիր չէ այդպիսի կրթություն ստացած մարդուն: Սակայն այնտեղի սև աշխատանքով կարողանում ես վաստակել բավականաչափ գումար` հոգալու գոնե քո այնտեղի ծախսերը, օգնելու ընտանիքիդ և հարազատներիդ, նույնիսկ որոշ գումար ես կուտակում սեփական գործ սկսելու համար կամ էլ կարոտից վերադառնում ես հայրենիք և, ասենք, ձեռք բերում ավտոմեքենա կամ վերանորոգում բնակարանդ: Բայց այդ ամենին հասնելը քեզանից խլում է քո լավագույն տարիները` երիտասարդությունդ և առողջությունդ: Եվ երբ ինչ-որ չափով հասնում ես որոշակի կայունության և արդեն համարում ես, որ ի վիճակի ես ընտանիք կազմել, պարզվում է ` երիտասարդությունդ արդեն անցել է: Այսպիսով` ի՞նչ ունեցանք արդյունքում, ինչի՞ հասանք, հասա՞նք որևէ նպատակի, որևէ երազանք իրականություն դարձա՞վ և, որ ամենակարևորն է, երջանկության հասա՞նք: Ո՛չ: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանի պես երկիրը ի սկզբանե իր առջև նպատակ չի դրել, որ իր քաղաքացին ունենա արժանավայել կյանք: Երջանիկ լինել. այդպիսի հասկացություն առհասարակ գոյություն չունի այստեղ, նույնիսկ ծիծաղելի է հնչում: Եվ այն մանկահասակ երեխան, որ լիովին համոզված է, թե միայն մեծանալով, առանց չարչարանքի կդառնա թագավոր, այդքան տանջանքից ու տառապանքից հետո ունենում է միայն անիմաստ վատնած մի ամբողջ կյանք:

Սակայն նույնիսկ այդ ամենից հետո, դեռ վաղ հասակից ապրած այդքան հիասթափություններից հետո, ամբողջ կյանքի ընթացքում տեսած ու մաշկիդ վրա զգացած այդքան անարդարություններից հետո, երբ արդեն վատնել ես կյանքիդ լավագույն տարիները լավ կյանքի որոնումների, դեգերումների մեջ` փորձելով ամեն հնարավոր տարբերակ, նույնիսկ թափառելով օտարության մեջ բազում տարիներ, մոռանալով վառ ու պայծառ երազանքներդ` օրվա հաց հայթայթելու համար, և ամեն տարբերակի հետ կորցնելով կյանքիցդ մի հատված, առողջությունդ ու լավատեսությունդ` ենթարկվելով բազմաթիվ նվաստացումների, ստորացումների, հալածանքների, լինելով խաբված ու լքված բազում անգամներ, և երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ավարտված է քեզ համար, ու արդեն հոգնել ես կռվել, պայքարել, ապրել… նույնիսկ այդժամ բավական է մի հեռավոր, հազիվ նշմարելի լույսի չնչին կայծ` համատարած խավարի մեջ, կրկին մի հույս, որ հավաքես վերջին ուժերդ, կրկին կանգնես ոտքի և ելնես պայքարի` հանուն քո նպատակի, երազածդ կյանքի, երազանքի£ Որտեղ էլ ծնվես, որտեղ էլ ապրես, որքան էլ փորձեն քեզ ոտնատակ տալ, ոչնչացնել, միևնույն է, մարդն ապրում է, քանի դեռ երազում է: Չէ՞ որ կյանքը տրված է ոչ թե որպես հարկադիր պատիժ, որ պարտավոր ես կրել զրկանքներով, տանջանքներով ու չարչարանքներով, այլ որպես Աստծո մեծագույն պարգև, և մենք պարտավոր ենք ապրել, վայելել ու երջանիկ լինել, հասնել երազանքին կամ մեռնել` փորձելով…

Անդին 2, 2013

Կարծիքներ

կարծիք