Ութ զրույց

20151811150925683

Զրույց առաջին

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Ի՞՞՞նչ անեմ…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Գտի՛ր Աստծուն:

-Ինչպե՞՞՞ս…

-Փնտրի°ր:

-Որտե՞՞՞ղ…

-Որտեղ քո հարցերն են ծնվում:

-Մտքո՞ւմ:

-Ո՛չ, ավելի հեռու:

-Հոգո՞ւմ…

-Քո՛ հոգում:

Զրույց երկրորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Էնքան եմ ուզում տեսնել…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Նայի՛ր և կտեսնես:

-Նայում եմ, բայց չեմ տեսնում…

-Ո՞ւր ես նայում:

-Իհարկե վերև:

-Իսկ դու նայիր առա՛ջ:

-Առա՞ջ:

-Այո՛:

-Բայց իմ առջևում միայն դու ես…

-Այո՛, և դու կարող ես տեսնել…

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Ի՞՞՞նչ…., ասում ես…, որ դո՞ւ ես…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Դու քո առջև պիտի նայես, իսկ ես՝ իմ:

 

 

Զրույց երրորդ

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Վախենում եմ:

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Սիրի՛ր և չես վախենա:

-Ո՞ւմ սիրեմ:

-Արդեն գիտես:

-Ինչպե՞ս…

-Նայիր մարդկանց քո առջև ու նայիր մարդկանց քո թիկունքում… տե°ս և ջանա իմանալ…

-Ի՞նչն իմանամ:

-Իմանաս, որ դու քո առջև ու քո թիկունքում գտնվող մարդկանց կա°մ առջևում ես, կա՛մ թիկունքում, և գուցե նրա՛նք էլ փորձում են տեսնել:

-Ե՞վ…

-Եվ եթե այդպես լինի՝ չհեռանաս:

-Ո՞ւմից…

-Արդեն գիտես:

-Եվ չե՞մ վախենա …

-Եվ կկարողանաս ապրել:

-Եվ չե՞մ վախենա…

-Եվ չես վախենա:

 

 

 

Զրույց չորրորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Բոլո՞րն են այսպէս…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Ո՛չ:

 

 

 

Զրույց հինգերորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Իսկ ե՞ս…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Ինքդ  պիտի որոշես:

-Ինչպէ՞ս…

-Պիտի չվախենաս…

 

 

Զրույց վեցերորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Իսկ ի՞նչ անեմ…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Հեռացի՛ր:

-Ումի՞ց…

-Ստից:

-Բոլորը ստի մեջ են:

-Դու մի՛ ստիր:

-Որտե՞ղ չստեմ…

-Քո ներսի ներսում:

-Ինչպե՞ս…

-Փնտրի՛ր…

-Ի՞նչ…

-Ո՛ւմ:

-Ո՛ւմ:

 

 

 

Զրույց յոթերորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Իսկ ինչո՞ ւ ես…

Մարդը, որ գիտեր, ասաց.

-Փորձի՛ր ապրել…:

 

 

Զրույց ութերորդ

 

Մարդը, որ չէր կարողանում ապրել, ասաց.

-Իսկ ինչո՞ ւ ես…

Մարդը, որ գիտեր, լռեց:

-Արդեն գիտես:

 

 

Անդին 3 և 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք