Ո՞վ է Գրիգոր Ջանշյանը

20142210163958302

Միանգամից ասեմ. բացառիկ երևույթ ինչպես ռուսական հրապարակախոսության, իրավագիտական մտքի, այնպես էլ հայ մշակույթի, հայագիտության, Հայ դատի, գրքարվեստի, հայանպաստ քարոզչության, ազգային միաբանության բնագավառներում: Առանց չափազանցության, որբախնման գործունեության համար, որի շնորհիվ ավելի քան մի դար առաջ նրան տվել էին Որբերի հայր պատվանունը, հայ եկեղեցին նրա անունը պիտի հնչեցներ հայ երևելիների կողքին, իսկ խորհրդային երեք հանրապետությունները պիտի ջանք չխանայեին նրա անունով կոչելու փողոց, դպրոց, հրատարակչատուն, էլ չասած հատուկ հիմնադրամ ստեղծելու և մրցանակ սահմանելու մասին: Այդ ամենի փոխարեն մենք ունենք կցկտուր տեղեկություններ հայկական հանրագիտարաններում, տարեցույցներում, պատմագիտական ուսումնասիրություններում, հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակում, բուհական ու դպրոցական դասագրքերում: Ասեմ ավելին. հայերեն չեն թարգմանված նրա «Մեծ բարեփոխումների դարաշրջանը» երկհատորյակը, որը ռուս մեծ գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր, չափազանց բծախնդիր ու զուսպ մտավորական Իվան Բունինը բնութագրել է, որպես «կոթողային»  հրապարակախոսական աշխատություն, իրավագիտական, հրապարակախոսական, ուղեգրական մեծարժեք ուսումնասիրությունները, ինչպես նաև Հայկական հարցին նվիրված նրա նամակներն ու հոդվածները: Դեռ ավելին, փորձ անգամ չի արված հայերեն հրապարակելու նրա «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուն, որը, Արշակ Չոպանյանի բնորոշմամբ, «իր տեսակի մեջ հրաշակերտ մըն էր, հորինված այնպիսի գիտակցությամբ մը՝ որմե անդին կարելի չէ անցնել»: Մինչև օրս հրապարակի վրա չկա ազնվական հայորդու կյանքը և գործունեությունը լուսաբանող որևէ ուսումնասիրություն:

Իսկապես, ո՞վ է այդ հանիրավի մոռացված և անտեսված հայը, ում մահից հարյուր տարի անց էլ այսօր Ռուսաստանում հրապարակ են հանում 19-րդ դարավերջին նրա հեղինակած իրավագիտական գրքերը: Արդար լինելու համար ասեմ, որ վերջերս «Հայագիտակ» հրատարակչության ջանքերով լուսապատճենային եղանակով վերահրատարակվեց նրա կազմած և խմբագրած «Եղբայրական օգնություն հայերին» հրաշակերտը՝ ձեր խոնարհ ծառայի հովանավորությամբ և առաջաբանով: Գիրքն առաջին անգամ լույս էր տեսել 1897-ին՝ երկու հատորով, իսկ 1898-ին՝ բարեփոխված և լրացված՝ մի հատորով:

Գրիգոր Ավետիքի Ջանշյանը ծնվել է 1851-ին Թիֆլիսում. սովորել է քաղաքի ծխական դպրոցներում, ապա՝ Լազարյան ճեմարանում, որտեղ ի հայտ են եկել նրա բացառիկ ընդունակությունները բանասիրության բնագավառում: Ճեմարանի տնօրեն Գևորգ Քանանյանը (ժամանակին բոլոր հայկական ազգանունները գրում և հնչեցնում էին ով վերջավորությամբ, որի պատճառով այս երևելի հայագետի անզգանունը դարձել էր Կանանով, իսկ Գրիգոր Ջանշյանինը՝ Ջանշիև) նրան հորդորում է ուսումը շարունակել Մոսկվայի բանասիրական ֆակուլտետում, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով ողնաշարի ծանր հիվանդություն ստացած պատանին նախ ընդունվում է բժշկական, ապա՝ իրավաբանական ֆակուլտետ: Ուսանողության տարիներին նա իրավաբանությանը զուգահեռ խորապես ուսումնասիրում է փիլիսոփայություն, հոգեբանություն, ռուս և համաշխարհային գրականություն: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես կարճ ժամանակում նա մայրենի լեզվի նման տիրապետում է ռուսերենին և, սկսած ուսանողական նստարանից, թղթակցում է ռուսական հեղինակավոր մամուլին: Այստեղ տեղին է հիշատակել ռուս մեծ գրող Լև Տոլստոյի մի ուշագրավ դիտարկում, այն է՝ օտար լեզուների տիրապետելու հայերի բացառիկ ունակությունը:

1874-ին համալսարանը ավարտելուց հետո Գրիգոր Ջանշյանը որպես իրավաբան աշխատում է տարբեր գրասենյակներում, ապա զբաղվում փաստաբանությամբ: Բայց նրա իսկական կոչումը հրապարակախոսությունն էր: Եվ հրավեր ստանալով  «Ռուսկոյե վեդեմոստի» թերթից՝ շատ կարճ ժամանակում թղթակցից հասնում է խմբագիր-հրատարակչի պաշտոնին: Եվ նրա հետագա ողջ գործունեությունը մինչև մահ (1900), ավելի քան 20 տարի, ամբողջովին նվիրված էր առաջադիմական գաղափարներով տոգորված մեծ լսարան ունեցող այդ պարբերականին: «Ռուսկոյե վեդեմոստի»-ում տպագրած հոդվածներով, իրավագիտական բազմաբնույթ գրքերով և ուղեգրություններով նա դառնում է 19-րդ դարի վերջի ռուսալեզու ամենահեղինակավոր հրապարակախոսներից մեկը: Չափազանց արժեքավոր են հատկապես նրա «Եվրոպայում» և «Բնության փայփայած ու խորթ զավակների միջավայրում» ուղեգրությունները, որոնցում նա դրսևորում է ոչ միայն հրապակագրի, այլև գրողի անուրանալի ձիրք: Վերջին գրքում նա մանրամասն ներկայացնում է Պոլսից ստացած իր տպավորությունները: Թուրքիայի մայրաքաղաքում որպես զբոսաշրջիկ եղել է 1888-ի գարնանը, երբ դեռ չէին մոլեգնել հայկական կոտորածները: Հիացմունքով խոսելով Պոլսի պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի մասին՝ նա ցավով ու ափսոսանքով է նշում բարբարոսների կատարած ոճիրները՝ ընդդեմ բյուզանդացիների և քրիստոնյա մյուս ժողովուրդների ստեղծած քաղաքակրթության, այլոց նման նա էլ եզրակացնում է. արժե լինել այդ քաղաքում, սակայն ապրել՝ երբեք:

Գրիգոր Ջանշյանի մեծ ներդրումը ռուսական իրավագիտական մտքի և հրապարակախոսության մեջ «Մեծ բարեփոխումների դարաշրջանը»  հիմնարար աշխատությունն է, որը հեղինակի կենդանության օրոք լույս է տեսել 7 անգամ: Աշխատությունն ամբողջովին նվիրված է 60-ական թվականների այսպես կոչված Ալեքսանդրյան բարեփոխումներին, այսինքն՝ ճորտության վերացմանը: Ռուսաստանն այդ տարիներին արձանագրեց մեծ առաջընթաց հասարակական, քաղաքական և ընկերային կյանքում: Ժամանակակիցները, ռուս հասարակության առաջադիմական շերտերը, այդ գրքի առիթով հեղինակին բնութագրեցին որպես մեծ բարեփոխումների անզուգական արտահայտիչ ու մեկնաբան:

Այդ գրքի ամբողջ հասույթը գթասիրտ հեղինակը բաժին հանեց ռուս աղքատներին, ուսանողներին ու մուժիկներին: Ասել է թե՝ գթասրտությունը կարիքավորների հանդեպ և բարեգործությունը նրա մեջ եղել են ի ծնե: Ի դեպ, ինչպես նշեցինք, վերջերս գիրքը վերահրատարակվել է Մոսկվայում Գ. Ջանշյանի կրտսեր բարեկամ, գրականագետ, մշակութաբան, հայազգի Ալեքսեյ Ջիվելեգովի ընդարձակ առաջաբանով, որում նա գիրքն անվանում է «Գրիգոր Ջանշյանի ավետարան»:

Նմանակելով երևելի գիտնականին  և հայ ժողովրդի արժանի զավակին՝ ես վերջերս «Հայագիտակի» վերահրատարակած «Եղբայրական օգնություն հայերին» ռուսերեն գրքի իմ գրած առաջաբանը վերնագրեցի «Գրիգոր Ջանշյանի Հայկական ավետարանը»: Զարմանալ և հիանալ կարելի է, թե ռուսական միջավայրում մեծ հեղինակության հասած այդ բազմազբաղ իրավագետ-հրապարակախոսը Թուրքիայում համիդյան կոտորածների տարիներին ինչպես կերպարանափոխվեց և իր զորեղ գրիչը շրջեց դեպի հայկական թեմատիկա: Նախ հրապարակ հանեց «Հայերի դրությունը Թուրքիայում» ժողովածուն, հետո հրատարակեց իր չորս հայտնի նամակները, այսպես կոչված թուրք մտացածին բարեկամին, ապա մտահղացավ մի բազմածրագիր ժողովածու, որն անգերազանցելի է իր ընդգրկմամբ և հրատարակչական որակներով:

«Եղբայրական օգնություն» վերտառությամբ գիրք լույս էր տեսել դեռևս 1876-ին՝ Պետերբուրգի Սլավոնական կոմիտեի կողմից, որը նվիրված էր Բոսնիայի և Հերցեգովինայի՝ թուրքական վայրագություններից տուժած ընտանիքներին: Ուշագրավ է, որ այդ գրքի նախաձեռնողներից և հրատարակչական հանձնաժողովի անդամներից էր ռուս մեծ գրող Ֆ. Մ. Դոստոևսկին, ով  «Գրողի օրագիր» հեղինակային ամսագրում պարբերաբար անդրադառնում էր Արևելյան հարցին, Թուրքական պետության անմարդկային ոճրագործ էությանը:

Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնությունը» թե՛ բովանդակությամբ, թե՛ հրատարակչական որակով, ձևավորմամբ գերազանցում է նույնատիպ նախորդ և հետագա հրատարակությունները: Գիրքը հենց սկզբից ծրագրած էր հրատարակել բարեգործական նպատակներով: Տեղեկանալով, որ կոտորածներից հետո Թուրքիայում կան 50 հազար անտուն, անօթևան որբեր և անհրաժեշտ է անհապաղ օգնություն, Գրիգոր Ջանշյանը ծրագրեց հրատարակել մի ժողովածու, որը լայնորեն կներկայացնի հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մշակութային արժեքները, հուշարձաններն ու կոթողները, նշանավոր գործիչներին, այդ թվում նաև պետական ռազմական գործիչներին, ովքեր փառք են բերել Ռուսաստանին և իրենց ծնած ժողովրդին: Բացի այդ ժողովածուն պետք է հակահարված տար նաև Ռուսաստանում, Եվրոպայում, Թուրքիայում լայնորեն տարածում գտած հայատյացությանը, որի նպատակը կոտորածների բուն դրդապատճառները, Թուրքիայի պետական հայաջինջ քաղաքականությունը քողարկելն էր:

Ժողովածուն ավելի հարուստ դարձնելու և հասարակական կշիռը մեծացնելու համար նա դիմեց ռուս մտավորականության ներկայացուցիչներին, որոնցից շատերը սիրահոժար մասնակցեցին ժողովածուի ստեղծմանը: Իրենց ստեղծագործությունները տրամադրեցին Ա. Չեխովը, Դ. Մամին-Սիբիրյակը, Կ. Բալմոնտը, Վլ. Սոլովյովը, Ն. Մառը. Ա. Ժեմչուժնիկովը, Կ. Տիմիրյազևը, Պ. Միլյուկովը, Դ. Անուչինը և բազմաթիվ այլ գրողներ ու գիտնականներ: Իսկ Լև Տոլստոյը, ճիշտ է,  չտրամադրեց իր խոստացած որևէ ստեղծագործություն, սակայն նամակով դիմեց Գրիգոր Ջանշյանին՝ ողջունելով գրքի նպատակները և ցավ հայտնելով տկարության պատճառով հրատարակությանը չմասնակցելու համար:

Գրքի նախաբանը և երկրորդ բաժինը նվիրված են Հայկական կոտորածներին: Մեծ տեղ է հատկացված հատկապես իռլանդացի Էմիլ Դիլոնի ծավալուն հոդվածին, որում հայության ծանր վիճակը ներկայացվում է ականատեսի գրչով: Այստեղ տեղին է նշել մի ցավալի իրողություն. մեզանում գրեթե մոռացության են մատնված, այդ աձնուրաց իռլանդացու անունն ու գործը, ով Եվրոպայում առաջիններից մեկը ահազանգեց հայության աղետալի վիճակի մասին: Պոլսի կոտորածների մասին մանրամասնություններ են հաղորդում ռուս լրագրող Օլգա Կայդանովան, ֆրանսիացի գիտնական և հրապարակախոս Վիկտոր Բերարը: Սասունի, Տրապիզոնի, Դիարբեքիրի կոտորածների վերաբերյալ զետեղված են նյութեր ֆրանսիական Կապույտ գրքից: «Ճշմարտությունը Հայաստանի մասին»,- այդպես են վերնագրված հայ ժողովրդի երդվյալ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի գրքից մեջբերված հատվածները:

Տեղին է այստեղ անել մի խոստովանություն. երբ մենք «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի հետ սկսեցինք հրատարակել «Սև գիրքը» ժողովածուն, մեծապես օգտակար եղավ Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն» հատորը, որը դարձավ «Սև գրքի» հիմքը:

Ջանշյանի գրքի ստեղծմանը մեծապես օժանդակեցին նաև հայ ժողովրդի ևս երկու մեծ զավակներ՝ Հովհաննես Այվազովսկին՝ խմբագրությանը տրամադրելով չորս բնագիր նկար, և Վարդգես Սուրենյանցը, ում բազմաթիվ գլխազարդերը, լուսանցազարդերը, վերջնազարդերը և գեղարվեստական զարդատառերը ցարդ անգերազանցելի են: Գրքում զետեղված են նաև հայ որբերի բազմաթիվ լուսանկարներ և խմբանկարներ:

Անուրանալի է Գրիգոր Ջանշյանի ներդրումը գաղթավայրերում ապրող հայերի համախմբման գործում՝ ժողովրդի օրհասական օրերին տառապյալներին և որբերին նեցուկ կանգնելու գաղափարին: Նա ժողովածուի ստեղծման առաջին իսկ քայլերից կազմակերպեց հայության ունևոր խավի յուրահատուկ «զորահավաք»: Նվիրատվություններից և գրքի երկու հրատարակումների վաճառքից գոյացավ այն ժամանակի համար պատկառելի գումար՝ 60 000 ռուբլի: Այդ գումարը Գրիգոր Ջանշյանը ամբողջությամբ ուղարկեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին, որի առյուծի բաժինը տրամադրվեց Հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանին, որի շնորհիվ Թուրքիայի հայաբնակ տարբեր բնակավայրերում բացվեց 12 որբանոց:

Կարճ ապրեց հայ ժողովրդի երևելի զավակը՝ ընդամենը 49 տարի, բայց, ինչպես հին իմաստունն է վկայում, «կարճ կյանքն էլ կարող է երկար լինել, եթե այն լիքն է»: Նրա աճյունը հանգչում է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

Անմահ է նրա անունն ու գործը, ինչպես ասում են՝ 21-րդ դարը Գրիգոր Ջանշյանի դարն է, քանզի անժխտելի արժեքներ են նրա որդեգրած ազատատենչ գաղափարները և ծրագրերը, ժողովրդավարությունն ու գթասրտությունը:

«Հայագիտակ» հրատարակչության հետ միասին ծրագրել ենք առաջիկայում լույս ընծայել նրա երկերի ծողովածուն, ինչպես նաև նրա կյանքն ու գործունեությունը լուսաբանող աշխատություն: Մտադիր ենք ստեղծել նաև «Գրիգոր Ջանշյան» համազգային բարեգործական հիմնադրամ, որը որդեգրելու է այդ անզուգական մարդու գործելաոճը:

 

Անդին 1, 2014

Կարծիքներ

կարծիք