Շատ սիրուն քաղաք էր Սանկտ Պետերբուրգը

20141011165254156

Ուղեգրություն

 

Երևանյան աշնանային միօրինակ, անձրևաշատ օրս խառնեց իմ լավ բարեկամի  հեռախոսազանգը. հրավիրում էր իր ծննդյան օրը միասին նշելու…  Սանկտ Պետերբուրգում:

Հրավերը որքան հաճելի էր, նույնքան էլ հանկարծակի:

Ու սկսվեց… իմ կողմից` յուրօրինակ ու առանձնահատուկ նվերի, իսկ կնոջս կողմից՝ նորաձև ու երեկոյան զգեստների փնտրտուքը: Վերջապես հաղթահարեցինք   մեծ ու փոքր խոչնդոտները.  «Զվարթնոց» օդանավակայանում ենք:

Ուղևորասրահում հաշվառելուց հետո հրավիրում են օդանավ:

Անվտանգության աշխատակիցները գերժամանակակից սարքերով զննում են ձեռնաբեռը, բջջային հեռախոսները, գրպանների բանալիներն ու մանրադրամը և ժպիտով բարի ճանապարհ մաղթում: Նույնը և` անձնագրերն ու մատնադրոշմերն ստուգող սահմանապահները: Հաջորդը ուղևորների` օդանավ նստեցնելու սրահն էր, որտեղ և սպասում էր մի նոր անակնկալ:

Անպայման պիտի անցնես մաքսատուրքից ազատված ապրանքների սրահով. փախչելու տեղ չունես, այլ ճանապարհ չկա:

Պատկերացրեք յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդու վիճակը, որը պիտի անցնի նշված, ի դեպ, շատ բարձրաճաշակ ձևավորմամբ ճանապարհը կնոջ կամ երեխաների հետ: Իսկական «գողգոթա»:

Լուռ, կնոջս հետ խոսուն հայացքների կարճատև մենամարտից հետո ինձ հաջողվեց առանց նշանակալի ՙզոհերի՚ հաղթահարել այս փորձությունը ևս, ու մենք օդանավում ենք: Ավելի քան երեքժամյա թռիչքից հետո Պուլկովոյում ենք:

Մոտենում ենք անցակետերին, որտեղ մեզ պետք է թույլ տան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Տհաճությամբ նկատում եմ, որ ինքնաբերաբար հայտնվել եմ երկրորդ տեսակի մարդու կարգավիճակում, որովհետև անցակետերից մեկի վրա գրված է, որ սպասարկվում են միայն ՌԴ քաղաքացիները, մյուսում` այլ երկրների հպատակություն ունեցող և հպատակություն չունեցող անձինք:

Վերջապես հասնում է իմ հերթը, և բնականից խարտյաշ, անժպիտ, ոչինչ չարտահայտող դեմքով ու գեղեցիկ աչքերով մի աղջիկ տալիս է հարցեր այցիս նպատակի, տևողության մասին: Լսելով իմ պատասխանները, մանավանդ ՌԴ-ում վեց օր մնալու մասին` աղջիկը զարմացած աչքերը սևեռում  է վրաս ու տալիս իր հերթական անմիտ հարցը.

-Պատրաստվում եք աշխատե՞լ այստեղ:

Ստանալով իմ բացասական պատասխանը` ավելի է կլորացնում աչքերն ու տալիս մուտքի թույլտվություն: Հասկանում եմ նրա զարմանքի պատճառը: ՀՀ քաղաքացիները մեծ մասամբ այստեղ ժամանում են ավելի տևական ժամանակով` աշխատանք գտնելու և գումար վաստակելու ակնկալիքով:

Սպասում ենք ուղեբեռին, որում, ինչպես նշել եմ, բարեկամիս ծննդյան նվերն էր և բոլոր հայաստանցիներիս այցեքարտերը` «Նաիրի» կոնյակ, «Կարաս» հնեցված գինի, բաստուրմա, սուջուխ, տնական չրեղեն. նախնյաց ավանդներին հավատարիմ` շնորհքով, «ջենտլմենական» ողջ ազգահատուկ հավաքածուն:

Այդ ընթացքում իր համեստ գոյության մասին հիշեցնում է շուրջ հինգ ժամ թմբիրում գտնվող հեռախոսս. սկսել է գործել ռոումինգ ծառայությունը: Հոբելյարն էր: Տեղեկացնում է, որ ինձ կդիմավորի իր համադասարանցի Արթուրը: Արդարանում է, որ իրենց կազմակերպության ղեկավարը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, և ինքը (ի դեպ, նա բարձր պաշտոն է զբաղեցնում այդ ընկերությունում) չմասնակցել չի կարող և մեզ կմիանա ավելի ուշ:

Ի՞նչ կարող ես ասել. չինովնիկի բախտ է, իսկ չինովնիկները, իմ խորին համոզմամբ, բոլոր երկրներում, անկախ տնտեսական և քաղաքական ֆորմացիայից,  նույնն են:

«Շեֆերի» որոշումները չեն քննարկվում. կատարվում են, «շեֆերին» չեն հակաճառում, որովհետև «շեֆը» միշտ ճիշտ է:

Որոշ ժամանակ անց տեղի է ունենում մեր, մեր ուղեբեռի, համադասարանցի Արթուրի և նրա մոխրագույն «Աուդի» մեքենայի հանդիպումը, որը երեկոյան մթնշաղի ու թեթև մառախուղի միջով տանում է մեզ դեպի ՌԴ-ի հյուսիսային մայրաքաղաքը` լույսերով ողողված Սանկտ Պետերբուրգ:

Հաջորդ հինգ օրերն անցան այդ հոյակապ ու հոյակերտ քաղաքի դիտարժան վայրեր այցելությունների, վազվզոցի, ճարտարապետական կոթողների, պալատների ու տաճարների վեհությամբ, պերճանքով հիանալու, զարմանալու, ապշելու աննկարագրելի զգացողությամբ: Քաղաքին մեր ծանոթությունը սկսվեց ժամանելու հաջորդ օրվա առավոտյան հայկական եկեղեցի այցելությամբ ու մոմավառությամբ, որին հաջորդեցին այցելությունները Էրմիտաժ, Ռուսական արվեստի պետական թանգարան, Իսակևյան ու Կազանյան տաճարներ, Գրիբոյեդովի ջրանցք ու առյուծների կամուրջ, պալատական հրապարակ ու Անիչկինի կամուրջ և այլն:

Մեզ ուղեկցում էր Արթուրի կինը` Սվետլանան: Տարատեսակ մեքենաներով գերբեռնված փողոցներով հմտորեն վարում էր սպիտակ «Աուդին» և հընթացս գեղեցիկ և խիստ գրական հայերենով պատմում ճանապարհի բոլոր կոթողների մասին` չմոռանալով նշել կառուցման տարեթիվն ու ճարտարապետին:

Հարկ է նշել, որ այս քաղաքում խայտաբղետ ու մեծաթիվ մեքենաների երթևեկությունը իրականացվում է կանոնների խստագույն պահպանմամբ: Եթե նկատում եք օրինախախտ, չարաճճիություն անող մեքենա, համոզված եղեք, որ ղեկին նստածը մեր հայրենակիցն է կամ առնվազն կովկասցի: Իսկ երեկոները մինչև ուշ գիշեր արդեն վառ ու բազմագույն լույսերով ողողված Պիտերով շրջում ենք բարեկամս, համադասարանցի Արթուրն ու ես` մեր կանանց հետ, և բազմամիլիոնանոց քաղաքի բազմաշող, լուսաշատ, բազմերանգ խառնարանը իր տաք հորձանուտն էր առնում մեզ:

Ռեստորանների, սրճարանների, գարեջրատների, ակումբների ու փաբերի բազմազանությունը նույնպես ապշեցնող է: Ընտրիր, որն ուզում ես` ռուսական, ֆրանսիական, չինական, ճապոնական, իտալական, մեքսիկական, հայկական և այլն: Ի դեպ, հայկական «Կիլիկիա»  ռեստորանը, որը գտնվում է Կազանյան տաճարից մի քանի հարյուր քայլի վրա, երևանյան հայտնի «Արարատ» ռեստորանն է հիշեցնում, ինչը արթնացնում է լավ հիշողություններ. նույն ձևավորումը, համեղ խոհանոցը, հայկական ժողովրդական ու ազգագրական երգացանկը:

Քաղաքում շրջելիս չես կարող չնկատել փողոցների խնամվածությունն ու մաքրությունը, խայտաբղետ կրպակների, վաճառակետերի բացակայությունը, կանգառների բարետեսությունը: Չկա որևէ նորակառույց շենք կամ շինություն, որը չմիաձուլվի միջավայրի ճարտարապետական ոճին:

Ցուցափեղկերը ձևավորված են զուսպ ու ճաշակով. ոչ մի ճչացող ու աչք ծակող դետալ:

Ի դեպ, ի տարբերություն մեր մայրաքաղաք Երևանի, բազմաթիվ են գրատներն ու գրախանութները, անգամ գրքերի աշխարհները, և ոչ թե, ինչպես մեզ մոտ, հագուստի, կոշիկի և այլ «աշխարհներ»:

Չեմ կարող ջերմությամբ չխոսել բնակիչների մասին, որոնք, իրոք, սիրում են իրենց քաղաքը, կիրթ են, ուշադիր ամեն մանրուքի նկատմամբ: Հարգանքով են վերաբերվում զբոսաշրջիկներին, պատրաստ են ժպիտով ու հանդարտ պատասխանել հարցերին, ուղեկցել այնտեղ, ուր գնում եք, եթե անգամ այն գտնվում է իրենց ճանապարհից անդին: Ափսոս, որ համեմատության եզր չգտա պիտերցիների և մոսկվացիների միջև:

Իսկ բարեկամիս ծննդյան հոբելյանը նշեցինք մեր հայրենակցին պատկանող ՙՌանդևու՚ ռեստորանում, որին ներկա տասնյակ հրավիրյալների ներկայությամբ վերջապես մատուցեցի իմ երկար, բայց սիրով որոնած ու դժվար ընտրությունից հետո գնած նվերը: Խմեցի նրա կենացը` համեմված մաղթանքի, բարի ցանկությունների գեղեցիկ շարանով: Հուզվեցին բոլորը, մի քիչ էլ` ես:

Անմոռանալի ու բարի երեկո վայլեցինք ռուսական ու հայկական էստրադային երգերի կատարումների, շոու բալետի, պարահանդեսային պարերի ու կրկեսի արտիստների ելույթների ուղեկցությամբ: Օրն ավարտվեց կեսգիշերից  հետո` շլացուցիչ, բազմերանգ հրավառությամբ:

Քաղաքում գտնվելու կարճ ժամանակահատվածում կատարեցինք մեր կողմից նախատեսված մինիմում ու մաքսիմում ծրագրերը, ինչպես կասեր համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը, որի անունը Պետերբուրգը կրել է շուրջ 70 տարի:

Նախապատրաստվում ենք հաջորդ օրը հրաժեշտ տալ, բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով, այս արևաշող ու ջերմ քաղաքին:

Առավոտյան ժամը 6-ին հրաժեշտ ենք տալիս Նևսկի պողոտայում` անմիջապես Նևա գետի ափին գտնվող մեր հյուրանոցին ու ուղևորվում օդանավակայան:

Եղանակը անճանաչելիորեն փոխվել էր:

Ձյունը, կարծես արդարացնելու համար հյուսիսային մայրաքաղաքի անվանումը, սկսել է առատ  տեղալ: Մենք զարմացած ու ապշած ենք, որովհետև այս օրերին մեզ ուղեկցել էր բացարձակապես արևոտ եղանակ, իսկ քաղաքում ձյան նշույլի անգամ չէինք հանդիպել:

Դատարկ պողոտաներով և մայրուղիներով սլանում ենք օդանավակայան, իսկ այդ ընթացքում ողջ քաղաքը, շենքերի տանիքներն ու մայթերը ծածկվում են ձյան հաստ վերմակով:

Հասնում ենք Պուլկովո օդանավակայան, որի կողքին կառուցվել է նոր տերմինալ: Մի հոյակերտ ու հսկա շինություն, որի հանդիսավոր բացումը պետք է տեղի ունենա մեկ շաբաթից:

Օդանավակայանի մուտքի մոտ երկար հերթ է: Պարզվում է` հենց ներս մտնելիս ստուգվում են ուղեբեռները, պայուսակները, վերնազգեստները, բջջայինները: Բոլորն անխտիր ստուգվում են` անկախ նրանից` ուղևոր է, թե ուղեկցող անձ:

Անդադար տեղացող ձյան ու սառնաշունչ քամու տակ մոտ կես ժամ կանգնելուց հետո ներս ենք մտնում, ենթարկվում վերը նշված ոչ հաճելի արարողությանը և անցնում առաջին սրահ: Հանձնում ենք ուղեբեռը ու ստանում օդանավ նստելու  կտրոնները` միամտաբար մտածելով, որ մեր անձի նկատմամբ տեղի անվտանգության աշխատակիցների հետաքրքրությունները բավարարված են:

Բարձրախոսով հնչող միօրինակ հայտարարություններից մեկից գլխի ենք ընկնում, որ մեզ հրավիրում են թռիչքի:

Շարժվում ենք հաջորդ սրահ, որտեղ ցուցանակները մեզ նորից հստակ հիշեցնում են երկրորդ տեսակի մարդ լինելու մասին:

Մտնում ենք նմաններիս հատկացված անհատական ստուգման սենյակ: Ուսադիրներով համազգեստ հագած մի քանի երիտասարդներ ու աղջիկներ` հոգնած, բայց դեմքների թշնամական արտահայտությամբ, ռոբոտներին հատուկ միօրինակ շարժումներով սկսում են Երևանի չվերթի բոլոր ուղևորների ստուգումները:

Մի արկղում պիտի տեղավորես վերնազգեստդ, գլխարկդ, ձեռնոցներդ, գոտիներդ, մյուսում` բջջայիններդ` միացված վիճակում, դրամապանակդ, բանալիներդ, ծխախոտատուփդ, կրակայրիչդ և մանրադրամդ, իսկ երրորդում` կոշիկներդ, հեռախոսի կաշվե և կտորե պատյանները:

Ձեռքիդ ուղեբեռը և կանացի պայուսակները պետք է դնես զննման սարքավորման հարահոսին, իսկ ինքդ վազքով անցնես մետաղաորսիչ կամարով ու ի լրումն այս ամենի` ենթարկվես նաև հատուկ սարքերով ստուգման:

Այդ բոլորը պիտի անես մեծ արագությամբ:

Ուղևորի դանդաղելու դեպքում լսվում է բարձր ու խիստ հրահանգը`  «բիստրո»:

Տպավորությունն այնպիսին է, որ մեզ էշելոնով տանում են կալանավայր կամ ուղղիչ աշխատանքային գաղութ. միայն վարժեցված շներն են պակաս:

Անցնում ենք հաջորդ սրահ, որտեղ պատումիս սկզբում նկարագրված ՌԴ-ի  մուտքի և ելքի արտոնության տրման անցակետերն են: Հերթ ենք զբաղեցնում մեր ՙտեսակների՚ համար նախատեսված պատուհանիկների մոտ:

Մինչ հերթս հասնելը տեսնում եմ սահմանապահ ծառայության աղջկա և նրա գլխավերևում կանգնած սպայի արհամարհական դիմելաձևը, կոպիտ վերաբերմունքը ուղևորների նկատմամբ: Նկատում եմ` ինչպես շատերը մինչև անձնագրերը նրանց փոխանցելը դրանցում թղթադրամ են դնում, որոնք աշխատակցուհու ձեռքի վարժ շարժումով անհետանում են:

Իմ հերթն է: Վերցնելով անձնագիրս, թերթելով, չգտնելով իրեն հետաքրքրող «լրացուցիչ փաստաթղթերը»` սույն աղջիկը զայրացած ինձ վրա է հեղում ծննդյանս տարեթվի, երկիր մտնելու օրվա և այլևայլ հարցերի տարափը:

Հրաժարվում եմ` ասելով, որ կպատասխանեմ միայն այն հարցերին, որոնք իմ կողմից ներկայացված փաստաթղթերում չեն արտացոլված:

Ծանր լռությանը հետևում է նրա հարցը.

-Հաջորդ այցը մեր քաղաք ե՞րբ եք նախատեսում և ի՞նչ ժամկետով:

-Աստված գիտի,- պատասխանում եմ ու զգում, որ չի բավարարում,- կապրենք, կտեսնենք:

Անձնագրումս դժկամությամբ դնում է ելքի թույլտվության դրոշմը: Նման դժկամությամբ և հիասթափությամբ դրոշմում է նաև կնոջս անձնագիրը:

Վերջապես բարձրանում, նստում ենք օդանավ, ուր լսում ենք հրամանատարի հայտարարությունը եղանակային պայմանների պատճառով չվերթը կարճ ժամանակով հետաձգելու մասին:

Մոտ մեկ ժամ անցկացնում ենք հեղձուկ ու աղմկոտ միջավայրում, մինչև թույլատրում են օդ բարձրանալ: Այս ժամանակահատվածի փորձությունները այլևս չեն կարողանում մեզ հիասթափեցնել, որովհետև մենք վերադառնում ենք:

Գլխումս մի միտք է միայն. «Ախր շատ սիրուն քաղաք է Սանկտ Պետերբուրգը»:

 

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք