Նույնն են խաչը և սուրը

Հեղինակ:

320x700babayan

Վլադիմիր Սոլովյովի «ԵՐԵՔ ԶՐՈՒՅՑԻ» մասին

 

Անդրեյ Բելին գրում է, որ 1900 թ. մայիսին՝ մահից երեք ամիս աոաջ, հրապարակային ընթերցման ավարտին (կարդում էր «Երեք զրույցի» վերջին մասը, որ կոչվում է «Հակիրճ պատմություն Նեռի մասին») Վլադիմիր Սոլովյովն ասել է. «Ես գրել եմ սա, որպեսզի վերջնականապես արտահայտեմ կարծիքս եկեղեցական հարցի վերաբերյալ»: Աոաջին հրապարակումը սակայն (1899) ենթավերնագրվել է «Երեք զրույց խաղաղ և պատերազմական գործերի մասին»: Ինքը՝ Սոլովյովը,«Երեք զրույցին»  դրել է մի երկար ենթավերնագիր՝ «Պատերազմի, առաջադիմության և համաշխարհային պատմության վերջի մասին՝ միակցմամբ Նեռի մասին հակիրճ պատմվածքի և հավելումների»:

Ինչի մասին են այս զրույցները: Իհարկե, նաև պատերազմի ու խաղաղության և համաշխարհային պատմության առաջընթացում պատերազմների նշանակության տարբեր գնահատումների մասին (ինչին Սոլովյովը մասնավորապես անդրադարձել է իր «Բարու արդարացումը» աշխատության «Պատերազմի իմաստը» գլխում), իհարկե նաև ընդդեմ տոլստոյականության և հատկապես ընդդեմ անցյալ դարավերջին ծաղկած ու մինչև այս դարավերջ հոտող այն հակաքրիստոնեական ուսմունքների, որ քրիստոնեական եզրաբանությամբ քրիստոնեությունից օտարում և վտարում են Քրիստոսին, իսկ ավելի որոշակիորեն այն կենսական հարցի մասին են, թե «արդյոք ՉԱՐԸ սոսկ բնական թերությո՞ւն է, անկատարություն՝ Բարու աճի հետ ինքնըստինքյան անհետացող, թե՞ գայթակղությունների միջոցով մեր աշխարհին ՏԻՐՈՂ իրական ՈԻԺ է, որի հետ հաջող պայքարի համար հենակետ պետք է ունենալ կեցության մի այլ մակարդակում»: Լրջագույն խնդիր, որն ի պետս մատչելիության արծարծվում է ոչ տեսական հետազոտության և ոչ էլ նույնիսկ փիլիսոփայական տրամախոսության, այլ աշխարհիկ զրույցի շրջանակներում: Մասնակիցներն են մի ծեր գեներալ, նույնքան տարեց մի քաղաքական գործիչ, մի աշխարհիկ տիկին, մի երիտասարդ իշխան, որ խաղաղապաշտական տեսության կողմնակից է, և ոմն պարոն Z, որն ըստ էության հեղինակի դիրքորոշման արտահայտողն է:

Առաջին գրույցում արտահայտվում է մի տեսակետ, որը Սոլովյովն ինքը բնորոշում է իբրև կրոնակենցաղային. չարը և չարի գործադրումը՝ բռնությունը, անհրաժեշտ են և արդարացի, երբ ծառայում են բարի նպատակների: Տեսակետի պաշտպանը գեներալն է, որի բերած օրինակը, կենսական համոզչականությունից բացի, հայերիս համար կարևոր է նաև իր պատմությամբ ու աշխարհագրությամբ:

«-1877 թ. հոկտեմբերի 3-ից հետո, երբ մենք Կարսի դաշտավայրի հարավային մասում առաջին անգամ  «անպարտելի» Ղազի-Մուխթար փաշայի կողերը ջարդեցինք, միանգամից շարժվեցինք այդ ասիականության խորքը: Ես ձախ թևում առաջավոր գծի հետախուզական ջոկատի հրամանատարն էի: Հետս էին նիժեգորոդյան դրա•ունները, կուբանցիների 3 հարյուրակ ու հեծելազորային հրետանու մի մարտկոց: Ուրախ երկիր չէ. լեռներում դեռ ոչինչ, գեղեցիկ է, իսկ ներքևում հենց միայն դատարկ, վառված գյուղեր ես տեսնում ու կոխկրտված դաշտեր: Մի անգամ, հոկտեմբերի 28-ին էր դա, իջնում ենք հարթավայր, իսկ քարտեզում նշված է, որ հայկական մեծ գյուղ պետք է լինի: Իհարկե, ոչ մի գյուղ էլ չկա, իսկ եղել է դեռ ոչ վաղուց, և կարգին գյուղ է եղել՝ ծուխը քանի վերստից երևում է: Ես ջոկատս խտացրի, քանի որ, ըստ լուրերի, ուժեղ հեծելազորի դեմ առնելու վտանգ կար: Ես դրագունների հետ էի գնում, կազակները՝ առջևից: Ճանապարհը միայն գյուղի մոտ է շրջադարձ անում: Տեսնեմ՝ կազակները մոտեցան ու մեխվածի պես կանգնեցին՝ չեն շարժվում: Ձիս առաջ քշեցի. մինչև տեսնելս արդեն մսի խանձահոտից հասկացա. բաշիբոզուկներն իրենց խոհանոցն են թողել: Հայերի վիթխարի սայլաշարը չէր հասցրել փրկվել. գրավել էին ու անելիքներն արել: Սայլերի տակ կրակ էին վառել, իսկ հայերին՝ որին գլխից, որին ոտքերից, որին մեջքից կամ փորից կապել էին սայլին, կախել կրակի վրա ու մանրից խորովել: Կանանց կրծքերը կտրած էին, փորերը՝ պատռած: Բոլոր մանրամասները պատմել չեմ ուզում: Միայն մի բան է հիմա էլ աչքերիս աոաջ: Կինը բերանքսիվայր գետնի վրա մեջքից ու ուսերից կապված է սայլի սռնուց, այնպես, որ չկարողանա գլուխը թեքել, պառկած է չվառված ու չկտրտված, միայն դեմքն է ծռված՝ ակնհայտ է, որ սարսափից է մահացել, իսկ նրա դիմաց, գետնի մեջ բարձր ձող է խրված ու ձողին մերկ մանկիկ է կապված՝ որդին, երևի, լրիվ սևացած ու աչքերը դուրս ընկած, իսկ կողքը կրակարանն է, արդեն հանգած ածուխներով: Վրաս մի տեսակ մահացու տխրություն իջավ: Աստծո աշխարհին նայելը զզվելի է, ու շարժվում եմ ասես մեքենայորեն: Հրամայեցի վարգով առաջ, մտանք վառած գյուղը, սրբած է՝ ոչ տուն, ոչ տեղ: Մեկ էլ տեսնենք ցամաք ջրհորից ինչ-որ խրտվիլակ է դուրս գալիս: Ելավ՝ ցեխոտ, ճղճղված, ընկավ գետնին, հայերեն սուգ է անում: Ոտքի կանգնեցրինք, հարցուփորձ արինք, մի ուրիշ գյուղից եկած հայ դուրս եկավ, խելքը գլխին տղա էր: Առևտրական գործերով եկել է այդ գյուղ, երբ բնակիչները պատրաստվել են փախչել: Հենց շարժվել են, բաշիբոզուկները վրա են տվել՝ շատ-շատ, ասում է, քառասուն հազար: Դե, իհարկե, նրա հոգսը հաշիվ անելը չի եղել: Թաքնվել է ջրհորում, ճիչերն է լսել, առանց դրա էլ իմացել է վերջը: Հետո լսել է, որ բաշիբոզուկները հետ եկան ու մյուս ճամփան բռնեցին: Դա, ասում է, երևի մեր գյուղ են գնում, մերոնց հետ էլ նույնը կանեն: Գոռում է, ձեռքերն է ջարդում:

Հենց  այդտեղ  ասես  մի  պայծառացում իջավ վրաս: Սիրտս ասես հալվեց, ու Աստծո աշխարհը կարծես նորից ժպտաց ինձ: Հարցնում եմ հային՝ վաղո՞ւց են այդ սատանաներն  այստեղից  հեռացել: Նրա հաշվարկով՝ մի երեք ժամ:

-Իսկ   ինչքա՞ն է ձիու ճամփան մինչև ձեր գյուղ:

-Հինգ ժամից մի քիչ ավելի:

-Երկու  ժամում  հետևներից  չենք հասնի: Ախ, Տեր Աստված: Իսկ ուրիշ ճամփա կա՞, ավելի կարճ:

-Կա, կա,- ու խառնվեց իրար:- Ճանապարհ կա կիրճի միջով: Շատ կարճ: Ու շատ քչերը գիտեն:

-Ձիավոր կանցնի՞:

-Կանցնի:

-Իսկ հրանոթնե՞րը:

-Դժվար կլինի: Բայց հնարավոր է:

Հրամայեցի հային ձի տալ, ու ամբողջ ջոկատով նրա հետևից մտանք կիրճը: Թե ոնց էինք սարերով մագլցում, ես կարգին չնկատեցի էլ: Նորից մեքենայաբար էր ամեն ինչ, բայց հոգուս մեջ մի թեթևություն է, ասես թև ունեմ թռչելու և լիակատար համոզվածություն. գիտեմ, թե ԻՆՉ է պետք անել և զգում եմ, որ ԿԱՐՎԻ:

Սկսեցինք դուրս գալ վերջին կիրճից, որից հետո մեծ ճանապարհ էինք ելնում, տեսնեմ՝ հայը ձին հետ է քշում, ձեռքերն է թափահարում, թե այստեղ են: Մոտեցա առաջավոր պարեկին, հեռադիտակը պահեցի՝ ճիշտ որ, հեծելազորին հաշիվ չկա. քառասուն հազար չէ, իհարկե, բայց երեք-չորս հազար կլինի, եթե ոչ լրիվ հինգ:

Սատանի ճտերը կազակներին տեսան՝ շուռ եկան մեզ հանդիման. մենք նրանց ձախ թևն էինք դուրս գալիս կիրճից: Սկսեցին հրացաններից կրակել կազակների վրա£ Կրակ է, որ թափում են ասիական հրեշները եվրոպական հրացաններից: Մեկ այստեղ, մեկ այնտեղ ձիուց կազակ է ցած գլորվում: Հարյուրապետերից ավագը ձին քշում է մոտս.

-Հրամայեցեք գրոհել, ձերդ գերազանցություն: Թե չէ այդ նզովյալները մեզ կաքավների պես գնդակահար կանեն՝ մինչև հրանոթները դնենք: Առանց դրա էլ կքշենք սրանց:

-Համբերեք մի քիչ, աղավնյակներս,- ասում եմ:- Քշելը,- ասում եմ,- կքշենք, բայց ի՞նչ քաղցրություն կա դրանում: Ինձ Աստված պատվիրում է սատկացնել դրանց, ոչ թե քշել:

Դե, երկու հարյուրակի հրամանատարների հրամայեցի ցաքուցրիվ հարձակվելով՝ սատանաների հետ փոխհրաձգության բռնվել, իսկ հետո, կռիվը բորբոքելով, հետ քաշվել դեպի հրանոթները: Մի հարյուրակ պահեցի հրանոթները քողարկելու համար, իսկ նիժեգորոդցիներին դասավորեցի մարտկոցից ձախ՝ ժայռերի վրա: Անհամբերությունից դողում եմ: Խորովված, ակնապիշ երեխան է աչքիս առաջ, կազակներն էլ ընկնում են: Ախ, Տեր Աստված:

Կազակները հրաձգություն բացեցին ու միանգամից սկսեցին գոռգոռոցով նահանջել: Սատանի ցեղը՝ նրանց հետևից, համի են ընկել, արդեն չեն էլ կրակում, ամբողջ ոհմակով վրա են տալիս: Կազակները մի երկու հարյուր սաժենի չափ մոտեցան մերոնց ու սիսեռի պես ցրիվ եկան ով ուր պատահի: Դե, տեսա, եկավ ժամն Աստծո դատաստանի: Հարյուրակ, բացվի՛ր: Պատնեշը երկու կես եղավ՝ աջ ու ձախ, ամեն ինչ պատրաստ է, օրհնյա՛, Տե՛ր: Մարտկոցին հրամայեցի՝ կրա՛կ: Եվ օրհնեց Տերը մեր բոլոր վեց լիցքերը: Այդպիսի սատանայական ճղճղոց կյանքումս չէի լսել: Չէին հասցրել ուշքի գալ՝ կոտորակի երկրորդ համազարկը: Տեսնեմ՝ ամբողջ հորդան հետ ընկրկեց: Երրորդ լիցքը՝ հետևներից: Այնպիսի խառնաշփոթ սկսվեց, ասես մրջնանոցի մեջ մի քանի վառած լուցկի գցես: Դեսուդեն են թպրտում, տրորում են իրար: Այդտեղ մենք կազակների ու դրագունների հետ ձախ թևից խփեցինք ու սկսեցինք փրթել կաղամբի նման: Քչերը պրծան, ով կոտորակից խուսափեց՝ թրի տակ ընկավ: Տեսնեմ՝ արդեն հրացանները շպրտում են, ձիուց վայր են ցատկում, ամման են կանչում: Դե, ես արդեն ոչինչ էլ չկարգադրեցի, մարդիկ իրենք էլ էին հասկանում, որ ամմանի տեղը չէ. բոլորին կազակներն ու նիժեգորոդցիները փրթեցին:

Իսկ թե որ այդ անուղեղ սատանեքը առաջին երկու համազարկերից հետո, որ նրանց, կարելի է ասել, դեմ դիմաց արձակվեցին՝ քսան-երեսուն սաժենից, հետ նետվելու փոխարեն թնդանոթների վրա քշեին, մեր վերջը հաստատ կգար՝ երրորդ համազարկն արդեն չէինք տա:

Դե, Աստված մեզ հետ է: Պրծավ գործը: Իսկ հոգուս մեջ՝ Քրիստոսի Հարության պայծառ կիրակին է: Մեր սպանվածներին հավաքեցինք՝ երեսունյոթ մարդ հոգին Աստծուն էր տվել: Մի հարթ տեղ նրանց մի քանի շարքով դրեցինք, աչքերը փակեցինք: Երրորդ վաշտում մի ծեր ուրյադնիկ ունեի՝ Օդարչենկոն, չտեսնված տիրացու էր ու զարմանալի ունակությունների տեր: Անգլիայում առաջին մինիստր կլիներ: Հիմա Սիբիր է ընկել իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար, ինչ-որ մի աղանդավորական վանք փակելու ու նրանց ինչ-որ մի պաշտելի սրբակյացի գերեզմանը քանդելու ժամանակ: Ձայն տվի նրան. «Դե,- ասում եմ,- Օդարչենկո, արշավի մեջ ենք, ալելույաներ ջոկելու ժամանակը չէ, տերտերի տեղ կլինես՝ մեր հանգուցյալների ժամերգությունն արա»: Նրա համար, ինքնըստինքյան, ամենահաճելի բանն է: «Ուրախ եմ ջանալ, ձերդ գերազանցություն»: Ու փայլում է ավազակը: Երգասացներ էլ գտնվեցին: Հուղարկավորեցինք տեղը տեղին: Միայն քահանայական թողություն չէր կարելի տալ, բայց այստեղ այն պետք էլ չէր. նրանց կանխավ թողություն էր տվել Քրիստոսի խոսքը նրանց մասին, ով հոգին տվել է վասն մերձավորաց»: Ահա ինչպես է հիմա ինձ այդ հուղարկավորությունը պատկերանում: Օրն ամպոտ էր, աշնանային, իսկ մայրամուտից առաջ ամպերը բացվեցին, ներքևում կիրճն է սևին տալիս, իսկ վերևում գույնզգույն ամպեր են, ասես Աստծո զորագնդերն են հավաքվել: Հոգուս մեջ նույն պայծառ տոնն է: Լռություն է մի տեսակ ու անըմբռնելի թեթևություն, ասես աշխարհիկ ողջ անմաքրությունը սրբվել է վրայիցս ու երկրային ամբողջ ծանրությունը վերացել, ուղղակի դրախտային վիճակ է՝ հենց ասես Աստծուն եմ զգում: Իսկ երբ Օդարչենկոն սկսեց անուններով հիշատակել նորավախճան զինվորներին՝ հանուն հավատի, թագավորի և հայրենիքի կյանքները մարտադաշտում դրած, այ հենց այդտեղ ես զգացի, որ դա պաշտոնական բազմաճառություն և ինչ-որ մի տիտղոս չէ, որ ճշմարտապես կա քրիստոսասեր զորք, և պատերազմը, ինչպես եղել է, այնպես կա և կլինի մինչև աշխարհի վերջը մեծ, ազնիվ և սրբազան գործ…»:

Երկրորդ զրույցում քաղաքական գործիչը առաջադրում է կուլտուրական առաջընթացի թեզեր, ըստ որի քաղաքակրթության զարգացման արդյունքում բոլոր պատերազմները դառնում և դառնալու են անիմաստ: Չարի և բարու պայքարի խնդիրն այսպիսով լուծվում է մարդկանց և պետությունների փոխադարձ քաղաքավարությամբ:

Քաղաքակրթություն-քաղաքավարություն այս զուգահեռը Սոլովյովի հեգնանքն է հարուցում (ինչին մենք մեկդարյա ժամանակային առավելությամբ կարող ենք համադրել նախորդ և անցնող դարերի պատերազմների համեմատությունը), թեպետ «և գեներալը, և քաղաքագետը բարձրագույն ճշմարտության լույսի առաջ երկուստեք իրավացի են,- գրում է Սոլովյովը,- և ես միանգամայն անկեղծորեն համամիտ էի և մեկի, և մյուսի տեսակետին: Անպայման անիրավ է լոկ չարի և ստի սկզբունքը, այլ ոչ նրա դեմ պայքարի այնպիսի միջոցները, ինչպես ռազմիկի սուրը կամ դիվանագետի գրիչը. այդ գործիքները պետք է գնահատվեն ըստ տվյալ պայմաններում իրենց իրական նպատակահարմարության, և ամեն անգամ նրանցից այն է լավագույնը, որն ավելի պատշաճ, այսինքն ավելի հաջող է ծառայում բարուն»:

Սակայն Աոլովյովի համար բացառապես անընդունելի, ծիծաղաշարժ ու սին է քրիստոնեությունը խեղաթյուրող և առհասարակ առողջ դատողությունը ծաղրող պացիֆիստական դիրքորոշումը, որը չարի և բարու հակամարտության լուծումը տեսնում է սոսկ բարոյամետ ճիգերի գործադրման ասպարեզում: Այս երրորդ տեսակետի դեմ է ուղղված Սոլովյովի ընդդիմախոսության պաթոսը, փիլիսոփայի, որը բացարձակ բարու հաստատումը և նրա նյութականացված երկրային բացարձակորեն բարձրագույն մարմնավորումը տեսնում էր աստվածամարդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Եվ Նրա գալստյան ու արքայության ավետումն է նույնիսկ չարի թվացյալ հաղթանակը՝ Նեռի թագավորության հաստատումը: Բայց Սոլովյովի էսխատոլոգիական հայացքները և մարգարեությունները չափազանց լուրջ բան են հակիրճ ու հապճեպ ակնարկի համար, իսկ մեջբերված ընդարձակ հատվածը մեզ այսաշխարհիկ ոլորտ է մղում, ուստի և առայժմ հիշենք.

Սիրով է գիրկը Աստըծո լեցուն,

Եվ կոչնական է յուրաքանչյուրը,

Բայց երբ վիշապի դիմաց կանգնեցիր՝

Տեսար, որ նույնն են խաչը և սուրը.

գրել է «Վիշապը» (Զիգֆրիդին) բանաստեղծության  մեջ Վլադիմիր Սոլովյովը իր երկրային կյանքի վերջին՝ 1900 թվականին:

 

 

Անդին 4, 2013

Կարծիքներ

կարծիք