«Նամակ թագավորին»

Հեղինակ:

admin-ajax (1)

«Արևմտյան քրիստոնեությունը կամ, ուրիշ խոսքերով, քրիստոնյա եվրոպականությունը ներկայացնող քաղաքական մեծ ուժը Հայաստանի վերաբերմամբ գործադրում էր իր շահերի քաղաքականությունը, որ ոչ մի կապ չունենալով կրոնակցության կամ քրիստոնեության հետ, սիրում էր հաճախ վարագուրվել այդ գաղափարական անուններով: Սակայն հայ գործիչների կրոնակցական հանգամանքն այնքան հիմնավոր նախապաշարմունք էր գոյացրել, որ նրանք շարունակ հավատում էին, թե իրենց կրոնակից արևմուտքը երբեք չի թողնի, որ ահավոր Պարսկաստանը իր ոտների տակ ճզմի թույլ Հայաստանը: Այս նախապաշարմունքը մեծամեծ աղետներ է պատճառել հայ ազգին»:

Լեո

Ինչպես անհատը, այնպես էլ ազգը ունենում է բնական հասունացման փուլեր, մանկություն, հասունության: Չհասունացած, այսինքն՝ կյանքի բարդ երևույթներին չհամակերպվող մարդուն անվանում են մանկամիտ: Այդպիսի մարդու տարբերակիչ հատկանիշն է ուրիշին ապավինելը: Մեր ազգի անհատները, անշուշտ, հեռու են մանկամիտ լինելուց: Բայց այստեղ բախվում ենք պարադոքսի, հասուն անհատներ, հավաքական մանկամտություն: Սխալ է այն միտքը, թե ազգի հասունության չափանիշը միայն պաշտոնական դիվանագիտության հասունությունն է: Կա նաև ժողովրդական դիվանագիտություն, որն ի տարբերություն պաշտոնականի՝ պահպանողական է և դժվար է ճկվում: Այսօր Հայաստանի քաղաքական ուժերի ծրագրերը ճանաչելու ոչ մի դժվարություն չկա: Մամուլ, միտինգ, նույնիսկ հեռուստատեսություն: Պաշտոնական դիվանագիտությունը (լայն իմաստով՝ ապարատի, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեությունների մեխանիկական գումարը) ջանում է ժողովրդին տանել իր ետևից, ցավոք, ժողովրդական կոլեկտիվ գիտակցությունը հասկանալով ոչ թե որպես իր ներքին մեխանիզմը ունեցող իրողություն, այլ իբրև փիլիսոփայական հասկացություն: Ուստի անհրաժեշտ է ճանաչել սեփական ժողովրդի ազգահոգեբանաթյունը՝ դիտելով այն մասնավորապես մշակութաբանական տեսանկյունից:

Հայ ժողովրդական դիվանագիտությունը ձևավորվել է և շարունակում է գործել քաղաքական իրադարձությունների, գաղափարների և հերոսների (առաջնորդների) յուրօրինակ բանահյուսական ընկալման շրջանակներում: Նշենք վերջինիս ամենատիպական հատկանիշները.
1. Քաղաքականության բարոյական ըմբռնում. աշխարհը լույսի և մութի, բարու և չարի հավերժական պայքար է: Ժողովուրդը միշտ արդար է:
2. Հերոսը (առաջնորդը) իդեալական է, չպետք է ունենա հակասություններ: Հերոսին քննադատելը նրան իդեալական տեսնելու պատկերացումից է բխում:
3. Ժամանակը անփոփոխ է.«այսպես եկել է, այսպես կգնա»:
Միաժամանակ պնդել, թե նշված հատկանիշները բնորոշ են միայն հայ ժողովրդին, ճիշտ չի լինի: Խնդիրն այն է, որ ազգային ողբերգությունների առարկայական նստվածքը և վերջինիս մշտապես համակերպվող պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումները մեզանում զարմանալիորեն համարժեք են եղել: Խոսքը ազգի և նրա առաջնորդների ցանկալի միասնության մասին չէ, այլ հստակորեն տարբերակված պրոֆեսիոնալ դիվանագիտության բացակայության մասին: Պատահական չէ, որ շատ համարձակ և առողջ գաղափարներ (հատկապես ազգային անկախ պետականություն ունենալու գաղափարը) դժվարությամբ են թափանցում ժողովրդական կոլեկտիվ գիտակցության ամուր պատնեշներից ներս:
Ոմանք այս երևույթը հապշտապորեն բացատրում են այսպես կոչված ազգային բարդույթների գոյությամբ: Անտեսվում է երևույթի (թուրքավախություն, ռուսավախություն) պատմամշակութաբանական պատճառականությունը: Ազգային մանկամտությունը բացատրել զուտ քաղաքագիտական վատ պատրաստվածությամբ և մեխանիկորեն նրան պարտագրել դիվանագետ լինելու չափանիշներ՝ հղի է հիվանդագին հակազդեցությամբ:
Այսպես, Երևանի փողոցներից մեկը Անդրանիկի անունով անվանակոչելու հանդիսության օրերին մարդիկ անբարյացակամորեն ընդունեցին հռետորներից մեկի պատմական մի ակնարկը, որը ներկայացնում էր նաև հերոսի դիվանագիտական վրիպումները: Ինչ խոսք, հռետորի նպատակը Անդրանիկի կերպարի ամբողջական, պատմականորեն լիարժեք բացահայտումն էր, բայց ժողովրդական ընկալումը ետ մղեց այն: Բանն այն է, որ Անդրանիկի կերպարը ազգի յոթանասնամյա նիրհի մեջ անգամ գոյավարել է ընդհանրապես ազգային հերոսի ավանդական կաղապարի կայուն օրենքներով (սպիտակ նժույգով ամենահաղթ հերոսը):
Ազգի քաղաքականացումը գաղափարների քարոզչական  «արմատավորում» չէ, այլ ազգի ինքնաճանաչման և աշխարհաճանաչման հարաբերակցության ներդաշնակավորման որակապես նոր պատմափուլ: Այստեղ վճռորոշ դեր պիտի խաղա ժողովրդական հիշողության վերաիմաստավորումը:
Ժողովրդական հիշողությունը ունի երկու կենսական ազդակներ՝ բանավոր-հիշողական և գրքային-քարոզչական: Եթե մենք ուզում ենք հասնել ազգային գաղափարախոսության ավարտուն մի վիճակի, ուստի գոնե հեռանկարային պլանում նախ և առաջ պետք է նորովի ընթերցենք մեր պատմությունը: Այն առ այսօր մնում է մի չվերծանված փակ նշանային համակարգ, որը ըստ էության զրկվել է պատմականությունից: Պատմության կարևոր հանգուցափուլերը տարրալուծվել են մի արտապատմական և արտաժամանակային համոզմունքի մեջ, որը կնքվել է «հայի ճակատագիր» միստիկական ձևակերպումով: Սրանից է ածանցվել նաև այսպես կոչված  «բարոյական հաղթանակների»  մասին մարտիրոսական կարգախոսը:
Ընդհանրապես հայտնի է, որ լինում է  երկու տեսակ հաղթանակ՝ նյութական և բարոյական: Այս վերջինը հայ ժողովուրդը դարեդար ընկալել է իբրև իր աննվաճ արժանիքը: Հաղթանակի և պարտության չափանիշների այսպիսի ընկալումը իսկապես հիշեցնում է միջնադարյան քրիստոնեական աշխարհում լայնորեն տարածված վկայաբանությունների, այսինքն՝ հավատի համար պայքարած և նահատակված սրբերի մասին պատմությունների գաղափարախոսությունը: Բայց, եթե եվրոպական քրիստոնեական աշխարհը, պատմության թելադրած նորակերպ բարոյաքաղաքական արժեքներին ականջալուր, մշակեց ազգային քաղաքականության առարկայական կողմնորոշիչներ՝ առասպելաբանական մտածողությունը թողնելով պատմությանը իբրև հաղթահարված փուլ, ապա մենք մեզ պարտադրված հարցադրումների պատասխանը նախ և առաջ որոնեցինք բարու և չարի մասին բարոյագիտական խորհրդածություններումª մեզնից դուրս (արևմուտք կամ հյուսիս) մղելով դատավորի դժվարին դերը, և արդյունքում ստեղծեցինք գերագույն դատավորի առասպելը, երևի ապավինելով արդար դատաստանի քրիստոնեական ակնկալությանը: Եվ ինչպես հավատացյալն է իր աղոթքով ջանում հաղորդակցվել Աստծուն, այնպես էլ մենք մի երևելի գրական տքնանքով ստեղծեցինք «Նամակ… թագավորին»  էպիստոլյար ժանրը:
Հիշյալ ժանրով ստեղծված ծավալուն ժառանգության քննությամբ կարելի է կազմել նամակների համահավաք տեքստը:
1. Ով թագավո՛ր, դու հզոր ես և արդարադատ:
2. Մենք խեղճ ենք և իբրև նվիրված խեղճեր միշտ բարձր ենք պահել հավատարիմ ծառայիդ մեր անունը: Մենք քո տերության ամենածառա ծառան ենք:
3. Մեր տունը քո տունն է: Քո Աստվածը մեր Աստվածն է:
4. Խնդրում ենք (տարբերակներ՝ աղաչում ենք, պաղատում ենք) քո օգնությունը, որը մեր փրկությունն է:
5. Իմ միամիտ թագավոր, դու քո թշնամիներին չես ճանաչում: Մենք, որպես քո հմուտ և աչքաբաց ծառաներ, հայտնում ենք քեզ այն խորհրդավոր գաղտնիքը, որ եթե մեզ չօ•նես, ապա թշնամին մեզ ուտելուց հետո կգա և կուտի քեզ:
ՆԱՄԱԿ Ա
«Եվ այս է այն գրության պատճենը, որ գրեցին Թեոդոս կայսրին.
«Հովսեփ եպիսկոպոս իմ բազմաթիվ եպիսկոպոսակիցներով և Հայոց ամբողջ, զորքով, Վասակ մարզպան և Ներշապուհ Ռմբոսյան սպարապետի հետ միասին և բոլոր մեծամեծ նախարարներով՝ մեծանուն Թեոդոս կայսրիդ շատ ողջույն հասնի մեր կողմից քեզ ու քո բոլոր զորքերին, որ ձեր խաղաղասեր մարդասիրությամբ տիրում եք ծովին ու ցամաքին, և երկրավորներիցս չկա մեկը, որ դեմ գնա ձեր խոչընդոտներ չունեցող տերությանը:
Ինչպես որ մենք էլ ունենք ձեր առաջինի նախնիների մասին անսուտ հիշատակարաններ, նրանք Եվրոպան նվաճելով՝ անցան և տիրեցին Ասիացիների երկրներին ևս Սիրայի սահմաններից մինչև Գադերովնի կողմերը, և ոչ ոք չգտնվեց, որ ըմբոստանար և նրանց ձեռքի տակից դուրս գար:
Եվ այնչափ մեծ իշխանության մեջ մեծ ու սիրելի դաստակերտ էին անվանում Հայոց աշխարհը: Այս պատճառով էլ մեր նախնինª Տրդատիոսը, հիշելով ձեր առաջին սերը, որ մանկության ժամանակ իր հորն սպանող մարդախողխող հորեղբայրների ձեռքից փախցրած՝ փրկվել ու սնվել էր հույների երկրում և ձեր օգնությամբ թագավորելով տիրեց իր հայրենի աշխարհին, նույնպես և Քրիստոսի հավատն ընդունելով Հռոմի սուրբ եպիսկոպոսապետից, լուսավորեց հյուսիսի խավար կողմերը, որ և ահա արևելքի խավարասեր որդիներն ուզում են խլել, կորզել մեր ձեռքից: Եվ մենք հույս դնելով արիության ու քաջության վրա, բաներ կային, որ ընդդիմացանք նրանց հրամաններին, բայց էլ ավելի շատ բան կա, որին պատրաստվել ենք այսուհետև ընդդիմանալու: Գերադասեցինք մահն աստվածապաշտությամբ, քան կյանքն ուրացությամբ, եթե դուք էլ պաշտպանեք մեզ, ահա կրկին կյանքի հանդիպեցինք և ոչ թե մահվան, իսկ եթե մի քիչ էլ դանդաղեք, գուցե այս կրակի բոցը ուրիշ շատ աշխարհների էլ հասնի»:
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1958, էջ 67:
ՆԱՄԱԿ Բ
«Թագաւոր ինքնակալ և մեր Գլխաւոր.
Արժանաժառանգ, պատուական թագաւոր Ուռուսի Մօսկովի, ամենայն մեծամեծաց, իշխանի իշխօղ թագաւոր, յարևելից, և հարաւային, և ի հիւսիսի, և երեք կողմին իշխանացն հրամանատու և վերակացու, հզօր և մեծ ինքնակալ թագաւոր քրիստօնեից, պատուական և անթառամելի թագդ պարծանաց, գօվելի և վայելչական, արմատ ես արքունական, ջահ ես լուսատու ուղղադաւան, որ միշտ լոյս ածես Ազգիս համար:
Մենք մեծ Հաեաստանեացս իշխանքներս և մելիքներս ի հեռիաստանէ իբր ի մօտ գօլով արտասուելով և պաղատելով անկանիմք ի յօտս նազելի և ինքնակայ թագաւորիդ. մենք անարժանքս գրեցաք գիր քո օծեայ թագաւորիդ, որ ծանուցանեմք զմեր զամենայն խղճութիւնս ի ձեռաց ռպի (պարսիկների.- Լ. Գ.), մենք այժմուս գոյհութիւն և փառք կու մատուցանեմք ամենի կարողի Աստուծոյ, որ ետ քեզ կարողութիւն, որ յաղթեցիր զհակառակորդս քո:
Մենք բոլորով սրտիւ առ աստուած աղաղակեմք, որ այլ առավել տայ կարող զօրութին քո ինքնակալ թագաւորիդ, որ մեր աղաչանացն լսես, և գթաս ի վրայ մեր որ լինի քեզանօվ ազատութիւն այս տառապեալ գերի քրիստօնէիցս»:
Լեո, երկերի ժողովածու, հ. 3, գիրք 2, Ե., 1973, էջ 43:
ՆԱՄԱԿ Գ
«Մեծարգո պարոն Գորբաչով…»:
ՆԱՄԱԿ Դ
«Մեծարգո պարոն…»:
1990 («Գարուն», 10) – 2013 (Անդին», 11) — ?…

Անդին 11. 2013

Կարծիքներ

կարծիք