Նամակ աղջկաս

Հեղինակ:

20141709185452233

Մի օր տտիպ զգացումներով, տագնապներով ու ներհակ մտքերով ծանրաբեռ՝ տուն եկա  ու բախվեցի իննամյա աղջկաս աչքերին: Ասես Աստված էր նայում ինձ: Իմ առաջին ու վերջին եկեղեցին էր աղջկաս այդ հայացքը, աննյութեղեն օթևաններից երկիր իջած, ողջ տիեզերքն իր մեջ առած հայացքը, ասես հեռավոր մի աշխարհում պայթած մեծագույն պատերազմում պարտված ու անպաշտպան մնացած հայացքը: Եվ լույսը, որ կաթում էր նրա աչքերից, պարտադրող էր իր նախածին անմեղությամբ ու ճակատագրական դատապարտվածությամբ առ այն գալիքը, որ ի՛նքն էլ է հերթի, որ իրե՛ն էլ վիճակված է կորցնելու իր երբեմնի տարաշխարհիկ ուրախությունը, իր առաջին օրորոցայինը՝ համամոլորակային մեծ մեղեդին, կորցնելու է անվերադարձ՝ այս խեղճ աշխարհի թնջուկների, մահկանացու արարածների՝ միմյանց համար հորինած  նպատակների, բախումների, կրքերի, հաշտությունների, ամուսնությունների, երազանքների, հիասթափությունների, ձեռքբերումների ու կորուստների ունայնում: «Չե՛մ ուզում ձեր աշխարհը, հայրի՛կ, վերադարձրո՛ւ ինձ իմ տունը»,- ասում էր աղջկաս հայացքը: Նա՛ չէր ասում, այլ հայացքը, որ խոսքերից վեր էր: Եվ ես, որ ապրել ու պիտի ապրեմ նրա գոյության ամեն ակնթարթով, հասկացա կյանքիս իմաստը՝ սիրելի դարձնել նրան այս աշխարհը, դարձնել իր աչքերի պես գեղեցիկ, բայց հայացքի պես՝ աննահանջ: Հասկացա, որ ամեն գնով պիտի պահեմ արարչագործության ժամանակներից էլ հին նրա հավերժական երազը, և ամեն ինչ անեմ, որ այդ երազը չկատարվելու դեպքում հանկարծ չվերածվի այն երազանքին, որ Տառապանք է կոչվում: Եվ գրեցի այս նամակը:

 

«Աղջի՛կս, մեծացիր և ապրիր քո կյանքը որպես հրաշք. և թող երբևէ քեզ չթվա, թե տառապանքը միայն քոնն է: Չդժգոհես ո՛չ Տիրոջից, ո՛չ սատանայից, ո՛չ կյանքից, ո՛չ ճակատագրից, ո՛չ էլ մարդկանցից: Դու, որ քո ամբողջ կյանքում պիտի իմաստ փնտրես, հիշիր՝ ամեն ինչ բոլորովին էլ ունայն չէ, իսկ թե որտեղ է ճշմարիտը, նայի՛ր քո սիրած մարդու աչքերին, և եթե նրանք չեն ստում, ուրեմն հասել ես… տե՜ղ ես հասել, բայց որտեղից ոչինչ չի սկսվում, և ուր ոչինչ չի ավարտվում. պարզապես հենց դա՛ է այն իմաստը, որը փնտրում էիր, բայց որն անվերջ փնտրելու դեպքում երբե՜ք չես գտնելու:

Սիրի՛ր մարդկանց, սիրի՜ր նույն ուժով, ինչ ուժով որ նրանք ատելու են քեզ: Երբե՛ք չտրտնջաս, նրանք մարդիկ են, ինչպես դու: Կենցաղի՛ մեջ կփնտրես այն մանրուքը, որը քեզ կյանք կտա, իսկ կենցաղի բանաձևը սա է. հավերժությունը պահի մեջ է: Տեսա՞ր՝ որքան հեշտ է:

Փոքրի՜կ, ազնի՜վ բալիկս, որ կարող էիր հրեշտակների աշխարհի արքայադուստր լինել, բայց լինելու ես ընդամենը հորդ աղջիկը, այն աղջիկը, որը դուր է  գալու իր հայրիկի նման տղամարդկանց, բայց տխուր տղամարդիկ  դժգոհելու են և՛ Տիրոջից, և՛ սատանայից, և՛ կյանքից, և՛ ճակատագրից, և՛ մարդկանցից, և դու հարցնելու ես՝ ինչո՞ւ…, և ցավելու է սիրտդ հորդ սրտի պես: Ա՛յդ պահին որտեղ էլ լինեմ՝ կհայտնվեմ ու կասեմ՝ ցավդ տանեմ հեռու, այնքան հեռու, որ չգտնես… այն իմաստի պես, որը փնտրելու ես»:

Երևան, 2012

Հ.Գ.- Սա գրել եմ դստերն ուղղված Չապլինի հայտնի նամակի ազդեցությամբ, ինչը հետո հասկացա: Եվ հուսացի, թե Աստված նաև Դուստր է ունեցել:

 

Անդին 3, 2013

Կարծիքներ

կարծիք