Նախիջևանի գործոնը արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում

Հեղինակ:

Լուսանկար

Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Այս համատեքստում տեղին է կատարել հետևյալ հարցադրումը՝ արդյոք հայ-ադրբեջանական էթնոքաղաքական շահերի միջև հակասության միակ պատճառը Արցա՞խն է: Այստեղ տեղին է մանրամասնել:

Մեր համոզմամբ՝ արցախյան հակամարտության ծագումնաբանության մեջ հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ, որոնք ուղղակիորեն պայմանավորում են այդ հակամարտության կարգավորման մեթոդաբանության ձևավորումը:

Մի կողմից՝ հայերի և անդրկովկասցի թուրքերի միջև առկա է ակնհայտ քաղաքակրթական բախում, մյուս կողմից՝ արցախյան հակամարտությունը հարկ է դիտարկել իբրև հայ-թուրքական էթնոքաղաքական արմատական հակասությունների մասնավոր դրսևորում, որն ակտուալ է տվյալ պատմական ժամանակահատվածում: Տվյալ դեպքում  «հայ-թուրքական» ձևակերպման մեջ մենք ներառում ենք նաև Ադրբեջանի հետ առկա վիճահարույց խնդիրները, քանզի ելնում ենք այն համոզմունքից, որ Թուրքիայի և Ադրբեջանի էթնոքաղաքական հեռահար շահերն ու ռազմավարական նպատակները նույնական են: Ի վերջո, Ադրբեջանը անդրկովկասցի թուրքերի պետությունն է: Մենք համոզված ենք, որ քանի դեռ Ադրբեջան պետության տիրապետող էթնիկական հանրույթը նախկին կովկասյան թաթարները կամ անդրկովկասցի թուրքերն են, ապա Ադրբեջանի և Թուրքիայի միջև կարող են լինել միայն մարտավարական բնույթի հակասություններ: Ռազմավարական բնույթի Էթնոքաղաքական շահերի բախում այս պետությունների միջև հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի քրդացման գործընթացը, որ սկիզբ է առել ալիևյան կլանի իշխանության օրոք և ներկայումս հարաճուն տեմպերով շարունակվում է, հասնի այնպիսի մասշտաբների, որ էապես փոփոխի այդ պետության էթնիկական դիմագիծը: Այսօր սակայն Ադրբեջանի էթնիկական դիմագիծը թուրքական է՝ դրանից բխող բոլոր հետևություններով հանդերձ:

Այստեղ տեղին է արցախյան հակամարտության համատեքստում անդրադառնալ Նախիջևանի գործոնին: Մասնավորապես ակնհայտ է, որ Ադրբեջան պետության ռազմավարական նպատակներից մեկը Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելն է: Հետևաբար՝ պաշտոնական Բաքվի ներկայիս մաքսիմալիզմը բնավ չի սահմանափակվում միայն ազատագրված Արցախի ողջ տարածքին վերատիրանալու ցանկությամբ: Վերջինս ենթադրում է նաև նվազագույնը ՀՀ Սյունիքի մարզի օկուպացիա՝ Նախիջևանը հուսալի ցամաքային կապով ՙմայր Ադրբեջանին՚ միավորելու նպատակով: Այո, այսօր այդ մասին բացահայտ չի խոսվում: Ներկայիս ալիևյան վերնախավը դեռևս փորձում է հիմնավորել Սյունիքի վրա Ադրբեջանի «պատմական» հավակնությունները: Սակայն Արցախը կամ նրա սահմանադրորեն ամրագրված տարածքի մի մասը ետ ստանալու դեպքում Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելու նպատակը կդառնա իրականանալի, հետևաբար՝ արդիական:

Հետևապես՝ Նախիջևանի գործոնը անհնարին է դարձնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բառի բուն իմաստով տեսանելի հեռանկարում, անգամ Արցախին սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի «զիջման» գնով: Ընդ որում, որքան ավելի լինեն այդ տարածքային «զիջումները», այնքան ավելի իրատեսական կդառնա Նախիջևանի միացման սցենարը:

Ելնելով վերը նշվածից՝ ուրվագծվում է նաև արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը: Արցախյան հակամարտության կարգավորման արդյունքում երբևէ չպետք է ստեղծվեն այնպիսի աշխարհաքաղաքական պայմաններ, որոնք Նախիջևանի անկլավային վիճակը ուժային սցենարով վերացնելու հրապուրանք կառաջացնեն Ադրբեջանի որևէ ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Ներկայիս իրողությունները նման զարգացումները դարձնում են անիրականանալի և հենց այդ առումով էլ հուսալի խաղաղություն են ապահովում: Հետևաբար՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի, առավել ևս ողջ Արցախի հանձնումը միմիայն կխթանի հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ ի վերջո հանգեցնելով նոր պատերազմի:

Հարափոփոխ աշխարհում հայկական երկու պետականությունների անվտանգության կայուն երաշխիքներից մեկը տարածքն է՝ ռազմավարական առավելություն տվող տարածքը: Առավել քան ակնհայտ է, որ մենք ստիպված ենք զարգանալ մշտական արտաքին վտանգի պայմաններում, և այդ պարագայում ռազմաճակատի ներկայիս կոնֆիգուրացիան, Արցախի 12 000 քառ. կմ սահմանադրորեն ամրագրված տարածքը հայկական երկու պետությունների կենսունակությունն ապահովող հիմնական գրավականն է: Հատկապես ընդգծենք. Արցախն իբրև պետություն իր նախկին՝ ԼՂԻՄ-ի տարածքով, իր կիսաանկլավային վիճակով կենսունակ չէ: Առանց Արցախի ներկայիս՝ նրա Սահմանադրությամբ ամրագրված տարածքների կենսունակ չէ և Հայաստանի Հանրապետությունը՝ հենց Նախիջևանի գործոնի պատճառով:

 

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք