Մտքի ու պատկերի հայելային արտացոլանք կամ Բան ասա, Բան հասկանամ

20152502121707215

Ես հեռուստացույցը միացրի ճիշտ այն պահին, երբ հաղորդավարը նոր էր սկսում զրույցը մեր հայտնի քաղաքական գործիչներից մեկի հետ: Դեռ մուտքի ներածականում մի տեսակ տոնական հանդիսություն կար. հաղորդավարը մի այնպիսի ոգևորությամբ ու մեծարանքով ներկայացրեց հյուրին, և հյուրը մի այնպիսի խանդավառ արժանապատվությամբ վարժապետի դիմակ հագավ, որ ասես նրա հենց առաջին խոսքով առնվազն հարթեցնելու էին Լիբիայում կամ Սիրիայում խորացած քաղաքական ներհակությունների կնճիռները: Ու նա խոսեց. այդպիսի գիտակցված արժանապատվությամբ երևի թե կյանքում գոնե մեկ անգամ Աստծո երեսը տեսած հանճարը կխոսեր… Խոսելիս հաղորդավարին նայում, բայց կարծես նրան չէր տեսնում, հայացքն ասես հաղորդավարից անցնում ու նայում էր նրա թիկունքում դրված անտեսանելի մի հայելու: Մի կախարդական անդրհայելու: Ու տեսնում էր միայն իրեն, իր հայելային արտացոլանքը: Ինքն էր իր հանդիսատեսը. ինքը ճառում էր, ինքը՝ լսում: Խոսում էր մաքուր գրական հայերենով՝ խոսքը առատորեն համեմելով հոմանիշների ու հականիշների գունագեղ համադրություններով ու հակադրություններով, անմահներից մեջբերված ասույթների խելացի ու տեղին գործածումով, մատների ելևէջ շարժումներն ու աչքունքի խաղը նրբանկատորեն ներդաշնակելով Հայոց լեզվի ճոխության ու վեհության հետ: Ինչ-որ մի պահ բուն նյութից գիտակցորեն շեղվեց և, ասես խավարյալներիս լուսավորելու առաքելությամբ, խոսեց նաև լինելիության ունայնության, մահվան առեղծվածի, ապրելու պարտադրված կամքի ու հայ մարդու ոգու անպարտելիության մասին: Ինքն իրենով հիացած՝ նայեց իր հայելային արտացոլքին, մտքի շողշողուն փայլից ճակատը վեհացավ, լուսավորվեց, աչքերը ջրակալեցին, և նրան նայելիս պատրանքով էիր պարուրվում, թե ուր որ է նա կկտրվի երկրից ու երկինք կհամբառնա, որովհետև նրա խոսքը երկրային չէր, հողոտ-մղեղոտ չէր, նրա խոսքը եթերային էր, միայն իրեն էր հասկանալի, ու տկարամիտներիս հոգնած անտարբերությունը նրան հիասթափեցնում էր…

Նա խոսեց ուղիղ քառասուն րոպե, ու ես… Ու ես` բարձրագույն մաթեմատիկայի ու ֆիզիկայի համալսարանական դասընթացները կարծես հաջողությամբ մարսած, ինչպես ասում են` Դոստոևսկի և Ֆոլքներ կարդացած և (հազար ներողություն) ընկալած հայս` նրա ասածից այդպես էլ ոչինչ չհասկացա: Ու կարկամեցի: Բայց փոխարենը հասկացա մեկ ուրիշ ու ավելի կարևոր մի բան. ես չհասկացա նրան, որովհետև նրա հայերենը անկյանք էր, ջերմոցային, ապակու տակ դրված, նրա հայերենը թորած հայերեն էր, մեջը աղ չկար. բառը կար` բառի ոգին չկար, բառը կար` բառի մտերմությունն ու անկեղծությունը չկար, բառը արդուկած էր, օսլայված, դա Հայոց լեզվի շտեմարանում դիմակավորված աճպարարություն էր, որի վրայից օծանելիքի հոտ էր գալիս… Դա շրջիկ մտքերով կառուցված հայերեն էր` օտարամուտ բառերով «համեմված»: Խոսողի զգայական ու իմացական պաշարը անհաղորդ էր բառի էությանը, նրա սերն ու ատելությունը, սկզբունքն ու դիրքորոշումը, առաջադրվող հարցերի հանդեպ վերաբերմունքն ու արձագանքը բառի ու խոսքի մեջ չէին թափանցում: Մարդն ու ասելիքը իրարից անջատ էին, բառը ինքնանպատակ էր, ընկալելի խոսք չէր դառնում, եթե դառնում էլ էր` ինչ-որ պաղ ու անկենդան շղարշով էր պարուրվում: Դա բառ ու խոսքի անթափոր հուղարկավորություն էր` անարցունք ընթացքով, բանդագուշանք հիշեցնող թանձրույթով ու ունկնդրի հեգնանքով պրկված: Դա պարսպապատ հայերեն էր, ինքն իր միգամածության մեջ պարփակված, որով խոսում են հատկապես այսօրվա քաղաքական ու կուսակցական նորաթուխ գործիչները, նրանք, ովքեր սիրում են իրենց «բանիմացությամբ» զարմացնել ու տպավորություն գործել մարդկանց վրա. իրենց հույզին ու մտքերին համապատասխան բառ գտնելու փոխարեն դիմում են զանգուլակներով պճնված օտարահունչ բառեր ու դարձվածքներ օդավորելու փորձված ու հեշտ միջոցին: Միջոց, որ ծուլացնում է մարդու միտքը, աղքատացնում հոգևոր ներաշխարհը, աղավաղում մարդավայել խոսքի հմայքը, և սա նույնքան վանող է, որքան մյուս ծայրահեղությունը` գռեհիկ ժարգոնը:

Լեզուն հավերժ նորոգվող ու թարմացվող ընթացք է, լեզվի մեջ պատմություն կա, ոգի կա, և զուր չի ասել Ավետիք Իսահակյանը` «Մեր լեզուն մեր հայրենիքն է»: Զուր չի ասել Համո Սահյանը` «Մեր լեզուն մենք ենք, որ կանք»: Քաղաքական գործչի հայերենը ես  չէի հասկանում, որովհետև այդ լեզվի մեջ ոչ հայրենիք կար, ոչ էլ` մենք: Դա ճշմարիտ լեզվի տնազ էր` միգամած մտքի խոպոպիկներով պաճուճավորված, որի մեջ ո՛չ հիշողություն կար, ո՛չ ծնունդի բերկրանք, ո՛չ վախճանի ցավ ու տառապանքի կնճիռ, ո՛չ Արարատյան դաշտում կարկտահարված ծիրանենու տնքոց, ո՛չ Արաքսի ափին աճած սլացիկ բարդու խոյանք, ոչ կռունկի կարոտ… Քաղաքական գործչի հայերենը փայտի մեջ խրված սղոց էր հիշեցնում, որ գնում-գալիս, բայց թեփ չէր հանում…

Լեզուն, ինչպես և մարդը, իր ներքին բնութագրիչ ելևէջներն ունի, իր խորքային մեղեդին ունի, որ ամեն մի կոնկրետ պարագայում կոնկրետ տոնայնությամբ ու կոնկրետ ռիթմով է բացվում: Լեզուն բազմաշերտ է ու բազմախորհուրդ, որն էլ հնարավորություն է տալիս տարբեր լսարաններում տարբեր ոճական երանգներով արտահայտվելու: Ոչ մեկը չի ուզում (հնարավոր էլ չէ) ունենալ մեկ քարացած, անփոփոխ ու կաղապարված լեզու, որով կխոսեին և դպրոցում, և տանը, և փողոցում, և լոլիկի դաշտում… Որով և Ջիվանու մաքրամաքուր երգերը կերգեին, և ճարպակալած ուղեղով ռաբիս մեկի անըմբռնելի թանձրացումներով զառանցանքները: Դա շատ զավեշտալի կլիներ: Ինչպես որ զավեշտալի է Կարնո բարբառով գրված հետևյալ փոքրիկ պատումը, որը, կարծում եմ, և ուսուցողական է, և գեղեցիկ. «Վարթաբեդին մեկը Յովես անունով ծառամ կունենա: Աս Յովեսը գեղացի մարթ կըլլի, գեղական լիզվեն բացի ուրիշ լիզու չի իմանա, ադոր համար վարթաբեդը սադա նեղենա ու հերսոդի կը, թե` գեղական լիզվով մի զըրցի: Խեյլիմ վախտ կանցնի: Մե օրմ ա Յովեսը իշով կերթա մեշան փադ փերելու: Շադ օր բանի կը` իշուն բաց կը թողնի, օր արծե, ինքն ա նըստի կը, օր քիչըմ հանգշի: Ադ վախտը սարեն էրկու գալ կուգան ու լուսահոգի իշուն կուտեն: Յովեսը լալեն վազե կը վարթաբեդին քովըն ու կըսե. «Հայր սուրփ, սարերու ծախկակոխները մեր մոխրաթավալին բարբառելով ճաշակեցին»: Վարթաբեդը աս թունդ գրաբարեն բան չի հասկընա ու կըսե. «Վորթի, մեր լիզվով ըսե` բան հասկընամ»: Արթըղ Յովեսը կըսե.«Գալերն էկան, իշուն պադըռդելեն կերան»:

Հայոց լեզուն պիտի լինի այնպես, ինչպես որ ինքը` հայ մարդն է. երբեմն շինականի մատների նման կոշտ պիտի լինի, երբեմն` դաշնակահարի մատների նման նուրբ, երբեմն` դարբնի ձեռքերի նման ջլապինդ ու մրոտ, երբեմն` հացթուխի ձեռքերի նման լավաշաբույր… Եվ թող լեզուն իր շրջապտույտի մեջ երբեմն լինի քաղցր, երբեմն` դառը, երբեմն` փշոտ, բայց ոչ երբեք` եթերային դիմափոշով լղոզված-պճնված, ոչ երբեք լաքապատ ու անհամ, պլաստիկ վիրահատությամբ գեղեցկացված, շուշաթղթով փայլեցված լեզու… Հեռուստացույցը միացնում ես ու պապանձվում. այս ի՞նչ անվերծանելի շփոթ է, այս ի՞նչ նոր դերաբաշխումներ են, Աստծո պար•և խոսքը, հայերեն խոսքը ինչո՞ւ հանկարծ այսպես արժեզրկվեց-ջրիկացավ մեր բերանում: Խոսքը ապրելու խորհուրդ էր, անցյալի պարկեշտ հիշողություն ու ապագայի երազանք, խոսքը կշիռ էր, դարձավ քամու բերանն ընկած բմբուլ: Խոսք ասելու հնարավորությունը խոսք ասելու իրավունքն ունեցողից վերցվեց ու տրվեց խոսք ասելու իրավունքը չունեցողին: Ու զավեշտի թատրոնը բացեց դռները: Ու լեզուն մտքից առաջ ընկավ, լեզուն զրկվեց արմատից` միտք թելադրող զորությունից, և ուղեծրից թռած արբանյակի պես անկապ ու անհասցե պտտվեց ու ինքն սկսեց մտածել: Լեզուն սկսեց մտածել: Նայում ես` հեռուստացույցի էկրանին իրար հերթ չտալով, ձեն ձենի տված խոսում են. կուսակցական են, քաղաքական դաշտի ներկայացուցիչ են, աստղ ու մոլորակ են, թե ինչ են` խոսում են: Առանց դադարի ու արագ-արագ խոսում են: Թե երբ են հասցնում մտածել` չես հասկանում: Ասես մի տեսակ ներքին ու արտաքին հրահանգվածության մեջ լինեն` միայն թե խոսիր, կարևոր չէ, թե ինչի մասին: Այսինքն` ոչ թե խոսք հանուն գաղափարի, հանուն ճշմարտության, այլ խոսք` հանուն խոսքի, հանուն որևէ թիմի, հանուն շահի. խոսում են խոսելու համար: Միայն թե այդ ընթացքում տղամարդկանց փոխկապը կոստյումի հետ ժպտաշուրթ հաշտ լինի, իսկ կանանց շրթներկի, մազերի ու հագած շորի ներդաշնակ համադրությունը նայողին շլացնի: Եվ որովհետև ժողովրդի ու երկրի ճակատագրի հանդեպ ընդհանուր մտահոգություն չկա, փաստարկված միտք ու տրամաբանություն չկա, մնում է սեփական էշը սեփական ճիպոտով քշելու հոգսը: Եվ հենց դրա համար էլ խոսքը հաճախ դառնում է խոսքակռիվ: Ու հայոց լեզուն այստեղ կրակն է ընկնում… Նայում ու մտածում ես. այս փոշիացող արժեքների ու հավատի էրոզիայի դեմը ինչպե՞ս պիտի առնենք, այս գահավիժող ոգու տեսիլքը մինչև ո՞ւր է տանելու մեզ…

Մենք մահկանացու ենք և, մեր փոքրիկ Ես-ի քմահաճույքով, կարող ենք նաև աննրբանկատորեն միմյանց նեղացնել. դա մեր վրիպումն է ու մեղքը. բայց ոչ ոք իրավունք չունի նեղացնել Հայոց լեզուն, ոչ ոք իրավունք չունի խաղալ Հայոց լեզվի հոգու ու ճակատագրի հետ: Դա անձեռնմխելի ու սուրբ ոլորտ է, ինչպես որ սուրբ էր ինքը` Մեսրոպ Մաշտոցը: Ինչպես որ սուրբ էին Հայոց լեզվով խոսող ու Հայոց լեզուն սրբացնող մեր Մեծերը:

 

 

Անդին 11, 2013

Կարծիքներ

կարծիք