Մեծ Գաբոյի ժամանակը

Լուսանկար

Իսպաներենից ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Մեծ Գաբոյի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի  «Ապրել՝ կյանքը պատմելու համար»  ինքնակենսագրականը: Գիրքը վաղուց էր սպասվում: Հարցազրույցներում իր բացահայտվածության չափից ու ճանաչվածության աստիճանից անկախ, Մարկեսը շարունակում էր մնալ առեղծված: Այս ինքնապատումն այդ առեղծվածի բացահայտումն է, ինչն է՛լ ավելի նշանակալի է դառնում նրա մահից հետո, որ վրա հասավ 2014 թ. ապրիլի 17-ին Մեխիկոյի իր տանը: Նրան դիակիզեցին և աճյունն ամփոփեցին Մեխիկոյում:

Արդեն անցյալ է մեծ կյանքը, և ամեն ինչի այլ աչքով ես նայում: Անընդհատ մտածում էի նամակ գրել Մարկեսին և հարցնել՝ ո՞վ է «Մենության հարյուր տարի» վեպում թռուցիկ հիշված տխուր աչքերով հայ  գնչուն, ո՞վ է նախակերպարը, ինչո՞ւ և ինչպե՞ս է նա հիշվել վեպում, ինչո՞ւ է հայը ներկայանում որպես գնչու, ինքը՝ գրողը, ի՞նչ գիտի հայության մասին, իր շրջանակում երբևէ եղե՞լ են հայազգի մարդիկ: Այդ նամակն այդպես էլ չգրեցի, ինչի համար շատ ափսոսում եմ:

Ծնվել է 1927 թ. մարտի 6-ին: Տասնմեկ երեխաներից ավագն էր: Հետո այս տասնմեկին պիտի ավելանային մինչև ամուսնությունն այլ կանանցից հոր ունեցած չորս զավակները: Տասնհինգ երեխա միևնույն տանիքի տակ…

Կենսագրականը Մարկեսն սկսում է մի պահից, երբ մոր՝ Լուիսա Մարկեսի (օրիորդական ազգանունը՝ Սանտյագո) հետ մեկնում են իրենց հին տունը վաճառելու: Ճանապարհը նաև հիշողություններ է արթնացնում: Մոր հետ ճամփորդելու իր վճիռը համարում է շատ կարևոր:

Նավի վրա կարդում է ժամանակի «հեղինակավոր դևի»՝ Ֆոլքների «Լույսը օգոստոսին» վեպը, գրող, ում տիրական ազդեցությունը լուսավորել է նրա գրական ճանապարհը: Տարածություն անցնելը նույնն է, ինչ կյանքի մտաբերումը: Այստեղ տարածությունը դառնում է ժամանակ, ժամանակը՝ տարածություն: Այս փոխակերպությունը շատ բնական է:

Գետանավը լողում է առաջ, և մտքի մեջ լողում են հիշողությունները: Աչքի առջև են կանգնում մայրական պապը՝ գնդապետ Նիկոլաս Ռիկարդո Մարկես Մեխիան՝ Պապալելոն, տատը՝ Տարանկիլինա Իգուարան-Մինան, որոնց պատմություններով հասունացել է նրա միտքը: Այս հիշողությունների մեջ նա հինգ տարեկան է: Ի՞նչ կա ծովի այն ափին,- հարցնում է թոռը Պապալելոյին, և պապը տալիս է իր «մեծ» պատասխանը՝ «Ծովն անսահման է»: Իսկ մայրն այդ պահին սթափեցնում է նրան. «Տե՛ս, ահա այնտեղ եղել է աշխարհի վերջը», որովհետև 1928-ին այդ վայրում գնդակահարել են բանանի այգիների օրավարձու մշակներին: Հիշողության աշխարհն ու իրական աշխարհը համաժամանակյա հոսքերի մեջ են:

Ի վերջո, հասնում են Մակոնդո: Տեղանվան բանաստեղծական հիշողությունը մանկութ գրավել է նրան: Հետո արդեն օգտագործել է վաղ շրջանի իր երեք գրքերում՝ որպես մտացածին ավանի անուն: Հանրագիտարաններից ճշտում է, որ մակոնդո նշանակում է բամբակատիպ արևադարձային ծառատեսակ, որ ո°չ ծաղկում է, ո՛չ պտուղ է տալիս: Իրենց կողմերում այդ ծառատեսակը չի հանդիպել. «Գուցեև այն ընդհանրապես գոյություն չի ունեցել»: Ավելի ուշ պարզել է, որ Տանգանիկայում ապրում է մակոնդե անունով թափառական ցեղախումբ:

Մակոնդոյից գնացքը շարժվում է Արակատակա՝ իր ծննդավայրը: Այստեղ նրանց տունն ու կալվածքներն էին: Մարկեսն ընկնում է հարազատ տարերքի մեջ՝ նկարագրելով բնակավայրը, մարդկանց, միջավայրը, մանկությունը, ոգեկոչելով անցյալի հիշատակները:

Տան վաճառքը գլուխ չի գալիս, և մայր ու որդի մտածում են՝ եթե այդպես է և քանի որ «այստեղ ծնվել ենք», ուրեմն «այստեղ էլ բոլորս կմեռնենք»: Տունը` որպես մանկության հիշողությունների հանրագիտարան, առիթ է՝ թափանցելու անցյալի խորքը: Լքված տան փոշոտ սենյակներից մեկում մայրն ասում է որդուն. «Ահա այստեղ ես դու ծնվել»: Հետո Մարկեսը նկարագրում է տունը, հասնում 70 գիշերանոթներին, շաքարաքլորներին  և այլ մանրամասների, որոնց մասին արդեն գրել էր «Մենության» մեջ: Տատի և պապի Արակատակա տեղափոխվելու պատմությունը նույն Մակոնդոյի հիմնադրման վիպական ուրվագիրն է:

Ցեղային, տոհմային բազմացող, աճող, ծավալվող աստվածաշնչյան հայացքն ունենում է սևեռումներ. «Մայրս այս աշխարհում գրավում էր կենտրոնական տեղ… Աստված նրան տվել էր առողջություն՝ թույլատրելով ծննդյան 96-ամյակը նշելու իր տասնմեկ հարազատ երեխաների, ամուսնու չորս երեխաների, 65 թոռների, 88 ծոռների և 14 թոռանթոռերի հետ»: Ինչո՞վ մոր կերպարը Ուրսուլայի նախատիպը չէ:

Հոր ու մոր կերպարները յուրահատուկ տեղ են գրավում շարադրանքում: Երկուսն էլ եղել են լավ պատմողներ: Հայրը՝ Գաբրիել Էլիխիոն, ապօրինի զավակն էր աղքատ և ազատ վարքի տեր ուսուցչուհու, որը երեք տարբեր սիրեկաններից ունեցել էր հինգ տղա ու երկու դուստր: Հայրը՝ գեղեցիկ, ուրախ և բացսիրտ, ուսուցչուհի մոր կտորն էր, և տասնվեց տարեկանից սկսած՝ նրա սիրուհիներին թիվ ու համար չկար, որոնց մասին ամուսնական առաջին գիշերը պատմել է կնոջը:

Հետագայում ծնողների մշտական վեճերի պատճառը մոր խանդն էր, ինչի առիթներ հայրը տալիս էր: Բայց իմաստուն կինը գիտեր, որ խանդը ոչինչ է այն ամրոցի առջև, որ կոչվում է ընտանիք: Ամուսնացել են 1926-ի հունվարի 11-ին, իսկ 1927 թվականի մարտի 6-ին, ահա, ծնվել է առաջնեկը՝ Գաբիտոն: Ծննդավայրը՝ Արակատակա, ծնունդի օրը՝ կիրակի, ժամը՝ առավոտյան ինը, եղանակը՝ տեղատարափ անձրև: Ծնվելիս ստացել է Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդա անունը. ամբողջությամբ՝ Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդա Գարսիա Մարկես:

Կրկնաբերումը բնորոշ է Մարկեսի ոճին: Դա խոսքի մեջ ոճական կապ ու շաղկապ է ստեղծում: Այդպես էր «Մենության…» մեջ՝ «Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրը իրեն տարավ սառույց տեսնելու…», այդպես է նաև այստեղ՝ վերանորոգելով հիմնական գաղափարը և վերհիշելով այն օրը, երբ մոր հետ գնացին հայրենի տունը վաճառելու: Այսպես, հիմնանյութը կրկնաբերելով, հեղինակն անցնում նոր շարադրանքի: Եթե սկզբում շարժումը տանում էր դեպի իր ծնունդը, ապա հիմա ետադարձ շարժում է՝ մակընթացությանը հաջորդում է տեղատվությունը:

Աչքի առջև մեծ ընտանիքի բոլոր անդամներն են, ովքեր տպավորվում են իրենց յուրահատկություններով՝ խոսելու ձևով, շարժուձևով, նիստուկացով: Մեկը նստում, սանրվում է դռների արանքում, ասես աստվածաշնչյան արարողություն է անում, պապը շարունակում է իմաստախոսել՝ «Դուք չգիտեք, թե ինչքան է կշռում մահը», տատը ծնվողների ու մեռնողների ցուցակներն է նորոգում: Մեկ ուրիշը չար ոգիներին է քշում: Քույրերից մեկը՝ Մարգոն, հող էր ուտում ու գաջի ծեփ և օրերով ձեռք չէր տալիս սնունդին: Ամբողջ տունը լցված էր վառ բնավորության տեր մարդկանցով: Ասես վառվռուն թռչուններ՝ արևադարձային անտառներում: Այսպես աշխարհաստեղծման առասպելի հանգույն ստեղծվում է Մարկեսի «Գիրք ծննդոց»-ը: Այստեղ մեծ անձրևների ու շարունակական պտղաբերման ժամանակներ են: Չքավորությունն ընտանիքի մշտական ուղեկիցն է, բայց ոչ ճակատագիրը: Ամեն մեկը շատ արագ դառնում է իր բախտի տերը:

Մարկեսն անընդհատ մեծացնում է իր հիշողության ոսպնյակները և տեսանելի է դարձնում անցյալը: Նորից պապն ու տատն են, որոնց ամբողջ կյանքում ՙտեսել է մտքի հայացքով՚ և որոշակի մի տարիքում:

Տատ Տրանկիլինան տպավորվել է նաև երազների մեկնություններով, հանովի-դնովի արհեստական ատամներով, արհեստականը թվացել է բնական, իսկ հանել-դնելը՝ կախարդանք: Տատը նրա համար եղել է հուսալի-վստահելի ապավեն: Ծերացած տատին հայրն ու մայրն անկյուն են հատկացնում, ուր, դռների արանքում նստած, նա իր պատանքն էր կարում:

Պապը թոռանը տարել է կինո, կրկես, առևտրի գնալիս հետը ման է ածել խանութներում, և երբ առաջին անգամ ձեռքը դիպել է սառույցի՝ նրան ցնցել է դրա սառնությունը: Պապը նրան ինքնազարգացման դասեր է տվել. ստիպել է հաջորդ օրը պատմել տեսած ֆիլմը, ընթացքում ուղղել է սխալները, լրացրել բացթողումները, վերականգնել նրբերանգները: Սրանք արդեն իսկ գրական դասեր էին: Պապը հինգ տարեկան թոռան առջև բացում է բառարանների գաղտնիքը և ասում. «Այս գիրքը ոչ միայն ամեն ինչ գիտի, այլև միակն է, որ երբեք չի սխալվում»: Հետո պապը նրան բառարան է նվիրում և ապագա գրողի մեջ այնպիսի հետաքրքրություն է արթնացնում բառերի հանդեպ, որ սկսում է բառարանը կարդալ «որպես վեպ»: Պապը մեռնում է կոկորդի քաղցկեղից. այդ հիվանդությունը հետո պատուհասեց նաև Մարկեսին:

Երրորդ գլուխն սկսվում է պապի մահվան հանդիսավոր գույժով. «Կատարվեց Արակատակայի աղետը: Մեռավ պապիկը, իսկ նրա մահվան հետ վրա հասավ մի նոր պատուհաս՝ ոչ պակաս սարսափելի մի նոր մահ, մեռավ մեր տան Հոգին»: Շարունակաբար սկսվող և ավարտվող շարժումը, ինչպես հարակա նույն տեղատվությունն ու մակընթացությունը, բնորոշ է Մարկեսի փիլիսոփայությանը: Այդպիսի կառուցվածք ունի նաև «Մենություն…»-ը:

Հոր կերպարը՝«ցավի մեջ կատակլի, ուրախության պահին՝ լուրջ»: Հոր հանդեպ սերը ուշ է հասունանում: Օտարություն՝ ապրուստ հայթայթելու մեկնելուց առաջ հայրը տան գլխավոր է կարգում ավագ որդուն՝ Գաբրիելին: Հրաժեշտի այդ հուզիչ պահին էլ ահա հանկարծ արթնանում է որդիական անսահման սերը:

Դիպաշարային հանգույցն այստեղ վերադառնում է ելման կետին: Մայր ու որդի, չկարողանալով տունը վաճառել, մտածում են ետդարձի մասին: Քնած ճահիճների վրայից եկող թարմ քամին նրանց արթնացնում է ընդարմացումից, և մայրը հարցնում է որդուն՝ ի՞նչ ես մտածում: Իսկ տղան մտածում էր իր գրելիքի մասին: Մայրը մտահոգությունն է հայտնում՝ դու չե՞ս վախենում, որ հայրդ մեռնի վշտից, որովհետև որդին հեռանում էր հոր նախատեսած ճանապարհից և ուզում էր գրող դառնալ: Երկխոսությունը թափանցում է անցյալի խորքերը, և հիշողությունը դառնում է ընթացիկ գործողություն: Մոր խոսքն ականջներում՝ հետո նա պիտի նետվեր խմբագրություն և հենց մոր խոսքերով էլ սկսեր հաջորդ վեպը. «Ես եկել եմ քեզ դիմելու մի հարցով. դու չե՞ս կարող ինձ հետ գալ, որպեսզի տունը վաճառենք»:

Ինքնապատումը ձևավորում է ժամանակային երեք շերտ՝ ա) այն տարիքը (72-75), երբ գրում է, բ) այն տարիքը (23), երբ մոր հետ գնում է տունը վաճառելու, գ) կյանքի հաջորդական տարիները՝ վաղ մանկությունից մինչև գրելու պահը:

Տասներկու տարեկանից հաջորդում են դպրոցական հիշողությունները: Կարդացածությունն ու զարգացումն իզուր չեն անցնում, զրույցից հետո տնօրենը նրան միանգամից ընդունում է տարրականի չորրորդ դասարան: Հրաշամանուկն առանձնանում է միջավայրից: Նա արդեն կարդացել էր  «Հազար ու մի գիշերներ»-ը, իսկ հիմա՝ «Գանձերի կղզին», «Կոմս Մոնտե Քրիստո»-ն, «Դոն Կիխոտ»-ը: Վերջինիս կապակցությամբ տարաձանություն է ունենում՝ մի՞թե սա այն գիրքն է, որ արժանի է գովեստի, և ընթերցումն ավարտում է մի կերպ. ամեն տարիք իր գիրքն ունի:

Ընտանիքը տեղափոխվում է Բարանկիլիա: Սրանք չքավորության տարիներ էին: Արձակուրդներին բանվորություն է անում տպարանում, դառնում փողոցային առաքիչ, մասնակցում ձայնասփյուռի «Ամեն ինչի մասին մի քիչ» երգի մրցույթին: Ստիպված էին ուշ ժամերի լույսը խնայել անգամ ընթերցանության համար:

Բայց, ծնողների կամքով, տղան կրթությունը շարունակում է Կարիբյան ափի ամենահայտնի և թանկ քոլեջներից մեկում: Աղքատությունը նաև այսպես պետք էր հաղթահարել: Տղային այդ ճանապարհով մղողը մայրն էր: Նա արդեն տասներեք տարեկան էր և միայնակ դեմ հանդիման էր գնում հասուն կյանքին: Քոլեջում սկզբից ևեթ ձեռք է բերում բանաստեղծի համբավ. գրում էր հանգավոր երգիծանք, ըստ երևույթին՝ էպիգրամներ, անգիր էր ասում ամբողջական մեծ պոեմներ: «Գաբիտո» ստորագրությամբ դրանք լույս են տեսնում  «Իմ բարբաջանքը» վերնագրով: Պատանի հանճարը նաև մեներգիչ էր, նկարում էր, բեմերից արտասանում:

Լարվածության առաջին ալիքը նրան հասցնում է նյարդային ընկճվածության: Ոմանք կարծում էին, թե նա միշտ էլ խելագար է եղել, իսկ ոմանք՝ դարձել է: Այսպիսի իրական պահ կամ այդպիսի հոգեբանական վիճակի նմանակված զգացողություն մեծությունների կյանքում միշտ էլ եղել է և պայմանավորված է կամ անձնական, կամ հանրային, կամ ստեղծագործական կյանքի բարձր լարվածությամբ, որի հոսքագծերն անցնում են մարդու սրտի և ուղեղի միջով ու կարճ միացումներից բռնկվում, պայթում… Ոմանց մոտ դա դառնում է արյան զեղում կամ կաթված, ոմանց մոտ՝ խելագարության պահ՝ մեր Տեմիրճիպաշյանն ու Ինտրան, Մուրացանն ու Կոմիտասը, Չարենցն ու Սևակը, մյուսների Դոստոևսկին, Վան Գոգը, Գոգենը և, ահա, նաև Մարկեսը… Բայց ստեղծագործական լարվածության հետ մեկտեղ դա էլ է անցնում…«Վեսլի Ջեքսոնի արկածները» գրելուց հետո 72 ժամ խենթություն է իջել նաև Սարոյանի վրա: Սրանք ծննդյան ցնցումներ են, որովհետև ստեղծագործող մարդն ազատագրվում է երկրային ձգողականությունից և բարձրանում վեր, դեպի երկինք:

Բժիշկները բուժում են նրա խելագարությունը:

Քրոջ՝ Լիխիայի պայծառատեսության մասին արած ակնարկն ամենևին պատահական չէ: Գրում է. «…նա պայծառատես էր բնությունից»՝ ի ծնե: Իսկ դա արդեն տոհմի պարգևներից մեկն էր, որ ակնհայտորեն առկա է Մարկեսի ամբողջ ստեղծագործության մեջ:

Հասունության հետ փոխվում են ընթերցողական նախասիրությունները: Կարդում էր կորուսյալ սերունդից այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը և առաջին հերթին՝ Ֆոլկներ, նաև Հեմինգուեյ… Իսկ Դոստոևսկու «Երկվորյակ»-ը, որ նա փորձում է, բայց չի կարողանում գողանալ Բարանկիլիայի գրադարանից, նրա խելքն ու միտքը տանում է: Ի վերջո, նա ձեռք է բերում այդ գիրքը:

Հիշում է Սան Խոսեի քոլեջում անցկացրած օրերը: Իսկ հիմա Բոգոտայում է: Այստեղից էլ ուղարկում են մեկ ժամվա հեռավորությամբ գտնվող Սիպակիր քաղաքի Ազգային լիցեյ: Գրադարանն ստանում է Ֆրոյդի երկերի լիակատար ժողովածուն, ինքը առաջին ընթերցողներից էր: Այս ազդեցությամբ և ուսուցչի հանձնարարությամբ գրում է պատմվածք՝ «Մոլագարի հոգեխախտման դեպք», և, հակառակ դասընկերների քննադատության, արժանանում է ուսուցչի խրախույսին՝ գրելու արվեստին թեև չես տիրապետում, բայց ունես ներզգացողություն և ցանկություն:

Անպակաս են հեռացող ժամանակների խորհրդանշանները: Մարկեսը ժամանակը ոչ միայն զգում էր, այլև տեսնում:

Խավյեր Գարսես գրչանունով հրատարակում է սոնետներ, որոնք, ըստ նրա, սոսկ տաղաչափական փորձեր էին: Նմանակել է Կեվեդոյին, Լոպե դե Վեգային, անգամ Լորկային: Բանաստեղծություններ էր գրում նաև գիշերօթիկի սաների համար, որոնք նրանք՝ որպես իրենցը, նվիրում էին կիրակնօրյա ընկերուհիներին:

Ներքաշվում է քաղաքականության մեջ: Համայնավարությունը գրավում էր: Տպագրում են աշակերտական  թերթ, Խավյեր Գարսես անունով տեղ է գտնում նաև նրա քնարական արձակը:

Ուրսուլայի պես մայրը ևս զավակների կորստյան տագնապ ուներ: Վեպում վախը բնազանցական էր՝ չլինի հանկարծ ժառանգները ծնվեին պոչով, իսկ մայրը միշտ վախ ուներ, որ երեխաները կմեռնեն քնի մեջ: Նախապաշարումները մեկ այլ իրականության արձա•անքն են: Մարկեսին հասկանալու համար երևակայության թռիչքներ տեսնելու հետ նաև նախապաշարումների ձայնը պիտի լսել:

Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ունեն կանայք: Առաջինի անունը Տրինիդադ էր, 13 տարեկան մի աղջիկ, որ ծաղկում էր «մահացու-սպանիչ-գեղեցիկ կանացի գույնով»: Այստեղից է նաև մաշկի հոտով, սիրո ձգողականությամբ սիրած էակին մթության մեջ գտնելու ազդակը, որ Բուենդիա եղբայրներից մեկին գիշերով, բազմաթիվ քնած մարդկանց միջով հասցնում է Պիլար Տերներայի գիրկը: Սա սիրո հոտն էր: Սա էգի կրքահարույց հոտն է: Իսկ առաջին կինը գետի մակընթացություն հիշեցնող ծանր շնչառությամբ նրան տղամարդու գործունեության ուղեգիր է տալիս, երբ 14 տարեկան էր: Ասես Ֆելլինիի հանճարեղ ֆիլմը լինի՝ «Ամարկորդ»-ը:

Պարզվում է, որ մակընթացության ծանր շնչառություն ունեցող տարփուհու հաճախորդներից էր նաև նրա կրտսեր եղբայր Էնրիկեն: «Մենության…» մեջ երկու եղբայրների սիրուհին էր Պիլար Տերներան: Սիրային արկածները կրկնվում են:

Կանայք մշտապես եղել են նրա կյանքում, համենայն դեպս սա նախաամուսնական շրջանն է, և նա պարզ ու գեղեցիկ պատմում է իր կյանքի այդ երանելի պահերի մասին: Իսկ ինչո՞ւ ոչ… Նույնն է, թե շոգին ծարավ  մի պահի սառույցը միջին մի բաժակ վարդի օշարակ խմես:

Լիցեյում 15 տարեկանից սկսած սովորում է ծխել, ինչը դառնում է սովորություն և հատկապես գրելիս ուղեկցում է նրան, իսկ առավոտները հասնում է ծխախոտային խումարի: Հասել է երեք տուփի, անցել չորրորդին:

Մի օր մայրն ասում է. «Ասում են, եթե ցանկանաս, կարող ես դառնալ լավ գրող»: Եվ տղայի պատասխանը. «Եթե գրող՝ ապա մեծ, իսկ այդպիսիք մեր օրերում արդեն չեն լինում»: Մի երեկո որդու հետ  խոսելու փոխարեն մայրը լալիս է առանց արցունքների: Դա ևս խոսք էր: Ուրիշ մի այբուբեն, ուրիշ մի աշխարհի ձայն:

Ծնողների համաձայնությամբ ընդունվում է Բոգոտայի համալսարանի իրավաբանության բաժանմունքը, բայց ուշքն ու միտքը գրականությունն էր: Ունևոր ընկերները գրքեր էին գնում և սեղմ ժամկետով տալիս էին նրան կարդալու: Եղել է նաև, որ գրախանութից և գրադարաններից գրքեր է գողացել…

Հեղինակներն ազդեցիկ են, և շարքն ընդլայնվում է՝ Խորխե Լուիս Բորխես, Դեյվիդ Հերբերտ Լորենս, Օլդոս Հաքսլի, Գրեմ Գրին, Չեսթերտոն, Վիլյամ Այրիշ, Քեթրին Մենսֆիլդ և ուրիշներ: Ջոյսի «Ոդիսևս»-ը ընկալում է որպես ժամանակակից Աստվածաշունչ: Գրում է. « «Ոդիսևս»-ը ոչ միայն ինձ օգնեց բացահայտելու իմ ինքնուրույն ներքին աշխարհը, ինչի մասին ես չէի էլ կասկածում, այլև ճանաչել գրելու անգնահատելի տեխնիկան, որ ունակ է բացելու լեզուն, խելոք կառավարել ժամանակը, տիրապետել մտքերի կառուցման արվեստին»: Ավելանում է Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը: Երևակայությունը բորբոքվում է, և հորդում է գրելու տենչը: Բոգոտան նրա համար ոչ միայն Կոլումբիայի մայրաքաղաքն էր, այլև նախևառաջ  մի վայր, որտեղ բանաստեղծներ էին ապրում: Իսկ բանաստեղծությունը, ըստ գվատեմալացի բանաստեղծ, հրապարակագիր Լուիս Կորդոսա ի Արագոնի՝ նրա համար «իր տեսակի մեջ սեփական գոյության միակ զգացողությունն էր»:

Թվարկում է գրական անուններ ու երկերի վերնագրեր, որոնցով ստեղծվել է ստեղծագործական միջավայր՝ Հեմինգուեյ, Բորխես, Կորտասար, Ֆելիսբերտո Էռնանդես… Ճամփորդական մի պահի նրա ձեռքին էր Հաքսլիի  «Ձայնակարգություն» («Կոնտրապունկտ») վեպը: Առավել տպավորվում են Ֆոլքների «Գյուղակ», «Աղմուկ և ցասում», «Երբ ես մեռնում էի», «Վայրի արմավենիներ» երկերը, Դոս Պասոսի «Մանհեթեն»-ը, Վուլֆի  «Օրալդո»-ն, Սթայնբեկի «Մկների և մարդկանց մասին», «Ցասումի ողկույզներ» երկերը, Նաթանի  «Ջենիի դիմանկարը» և Քոլդուելի «Ծխախոտի ճանապարհը»:

Մի կողմից կյանքի գիրքն էր՝ ծննդավայրը, մարդիկ, ճակատագրերը, ճանապարհները, բնակավայրերը, մեծերից փոխանցվող պատմությունները, հարազատ բարբառը, բնաշխարհը, ազգագրությունն ու կենցաղը, մյուս կողմից՝ մարդկային քաղաքակրթության ստեղծված գիրքը՝ Սուրբ Գրքից մինչև հունա-հռոմեական ժամանակների և հետագա դարաշրջանների դասականներ և մինչև իր անմիջական նախորդներն ու ժամանակակիցները:

Առաջին պատմվածքը՝ «Երրորդ հնազանդեցումը», 1947-ի սեպտեմբերի 13-ին տպագրել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր (դիտորդ)» թերթի հավելվածում: Բակալավրի աստիճան ստանալուց անցել էր ինը ամիս, նա անգամ այդ թերթը գնելու գումար՝ հինգ սենտավո չուներ: Ի վերջո հայտնվում է «պարոն Աստվածային  Նախախնամությունը»՝ թերթը ձեռքին, և գրողը խնդրում է թերթը նվիրել իրեն:

Վրա է հասնում ստեղծագործական կյանքի վերջնական ինքնաճանաչման պահը. «Առավելագույն չափով պարզ է, որ լրագրությունը իմ փեշակը չէր: Ես կուզեի լինել առանձնահատուկ հեղինակ, բայց դրա փոխարեն նմանվում էի ուրիշ հեղինակների, ովքեր ոչինչ ընդհանուր չունեին ինձ հետ: Այդպիսով, այդ օրերին ես խորհրդածությունների մեջ էի, քանզի Բոգոտայում իմ տպագրած առաջին երեք պատմվածքներից ու Էդուարդո Սալամեայի և ուրիշ քննադատների ու բարեկամների կողմից ինձ հասցեագրված այդքան բարձր գնահատականից հետո ես ինձ զգում էի փակուղու մեջ»: Բայց այնքան էլ հեշտ չէր իրականացնել լրագրությանը հրաժեշտ տալու ներքին որոշումը, որովհետև դա իր ապրուստն էր:

Ընկերներից մեկի տանը ծանոթանում է նրա գրադարանին. «Սրանք համայն աշխարհի բացառիկ գրողներն են, ովքեր գիտեն իսկապես գրել»,- ասում է նա և պատմում Ասորինի ու Սարոյանի մասին, ովքեր իր կուռքերն էին և որոնց հանրային ու անձնական կյանքը գիտեր անմնացորդ:

Պատմում է գաղտնախորհուրդ աղոթքների մասին, որ կարող էին մեռյալներին հարություն տալ և հակառակը: Նրանցից մեկն ապրեց այնքան, ինչքան ցանկացավ, կամ կարծիք կար, որ նա արդեն 233 տարեկան է, բայց 66-ից անդին էլս չծերացավ: Հեքիաթն այսպես շարունակվում է նաև իրականության մեջ, և նա նախապատրաստում է ամեն բան, «որպեսզի գրի գերբնական իրապաշտության տարեգրությունը»: Հենց այս «գերբնականն» էլ դարձավ ու անվանվեց մոգական իրապաշտություն:

Այդ տպավորություններով սկսում է իր առաջին վեպը՝ «Տուն»-ը, որից մնում է սոսկ վերնագիրը: Պետք է պատկերեր Կոլումբիայի Կարիբյան եզերքի հազարօրյա պատերազմը: Մի գրքույկի մեջ՝ նվիրված այդ պատերազմի վետերաններից մեկին, հանդիպում և մտապահում է Բուենդիա ազգանունը:

Վեց կիսամյակ տանջվելուց հետո ուսանող Մարկեսը թողնում է իրավագիտության բաժանմունքը, որովհետև վերջնականապես ու մեկընդմիշտ  տարված էր իսպանական Ոսկե դարի անփոխարինելի  պոեզիայով: Այդ ժամանակ քսաներեք տարեկան էր, թերթերի հավելվածներում հրատարակել էր վեց պատմվածք ու շարունակում էր կարդալ ձեռքն ընկած ամեն ինչ, որպեսզի յուրացներ «արձակի տեխնիկան»: Իսկ դա բնավ հոր սրտով չէր:

Մայրն այդ կապակցությամբ տունը վաճառելու ճանապարհին հարցնում է որդուն.«Հը՛, ի վերջո, ես ի՞նչ ասեմ հայրիկիդ»: «Ասացեք նրան, որ միակ բանը, ինչ ես ուզում եմ կյանքում, գրող դառնալն է, և ես գրող կդառնամ»,- մորը «Դուքով» դիմելով՝ պատասխանում է որդին:

Ձևակերպվում են գրական վարպետության դասընթացի պահանջները. երբեք ոչ մեկին ցույց մի տվեք ձեր գրելիք նյութի սևագրությունը, պատմվածքը և վեպը ոչ միայն գրական երկու տարբեր տեսակներ են, այլ իրենց բնույթով երկու տարբեր օրգանիզմ, անգամ մեքենագրական սխալը ինձ հանում է հունից, ինչպես ստեղծագործական սխալը, առաջինը, ինչ գրողը պիտի գրի, իր հուշերն են, քանի դեռ հիշում է դրանք:

1950-ին Մարկեսը ոչ միայն լրագրության ու գրականության, այլև կինոյի տենդի մեջ էր: Գրում է Ֆոլքների նորավեպի հիման վրա Կլարա Բրաունի նկարահանած «Աճյուն պղծողը» և Ռոբերտ Նաթանի պատմվածքի հիման վրա Վիլյամ Դիտերլիի էկրանավորած «Ջեննիի դիմանկարը» շարժանկարների մասին: Հավաքում է կինոյին նվիրված գրքեր և համալրում գրադարանը:

Պատահաբար ծանոթանում է ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչայի հետ՝ Սուկրացի դեղագործի աղջիկ, տասներեք տարեկան, ում ամուսնության առաջարկ է անում:

Ավարտում է առաջին վեպը՝ «Տերևահողմը» (1948, նաև՝ «Տերևաթափ»):

Գեղարվեստական պատումի ոճը հետագայում նրան ուղեկցում է նաև ինքնակենսագրականի շարադրանքի մեջ. «Առաջին գիշերն իմ ծնողները քնեցին բազմոցին՝ հյուրասենյակում,  և տեսան տիկնոջ ուրվական, որ առանց իրենց նայելու անցել էր մի ննջարանից մյուսը՝ կարմիր ծաղիկ հագուստով և ականջների ետևում գույնզգույն ժապավեններով կապված կարճ մազերով»:

Մարկեսին ուղղված մեղադրանքներից մեկը կենցաղագրությունն էր: Կենցաղը նրա ստեղծագործության հիմքն է՝ ներքաշված ժառանգականության ու հավիտենության հրաշքի մեջ: Այս կապակցությամբ գրում է. «Կյանքն ինքն է ինձ սովորեցրել գրական օգտակար գաղտնիքներից մեկը՝ ինչ-որ բան հարցնելու նպատակով դուռը չծեծելու համար սովորել կարդալ իրականության մեհենագրերը»:

Պարբերաբար հիշեցնում է մի դեպք, թե ինչպես իր պապ Նիկոլաս Մարկեսը սպանել է Մեդարդո Պաչեկոյին: Այս դեպքը Պրուդենսիո Ագիլարի սպանությամբ կա «Մենության» մեջ: Հետո արդեն հանդիպում են սպանողի և սպանվողի թոռներ, հիշողությունը շարունակվում է որպես իրական կյանք:

Մարկեսն ասես ներկայացնում է «Մենության…» ուրվագիրը՝ առանցքային դիպաշար, նախակերպարներ, պատումն առաջ տանող պատմություններ: Ուսումնասիրողը կարող է բազմաթիվ ընդհանրություններով ներկայացնել կենսագրականի ու գեղարվեստականի հատման սահմանագիծը և ցուցանել, որ կենսագրականն իր առաջին իսկ մտաբերումներով արդեն իսկ գեղարվեստական է…

Գրքի վերջին՝ ութերորդ դրվագում հեղինակը ներկայացնում է իր աշխատակցությունը  «Էլ Էսպեկտադոր» թերթում, ուր տպագրվում էին նաև նրա պատմվածքները: Եղել է կինոյի քննադատ՝ երկու տարում գրել է 75 հոդված, նաև 600 խմբագրական և 80 լրատվական թղթակցություն:

Ծողներից երեխաներին էր փոխանցվել հատուկ երաժշտական հիշողություն և լսողություն:

Մարկեսը, ինչպես գրեթե բոլոր գրողները, ունեցել է իր երաժշտական հակումները: Հայտնաբերում է «երաժշտության տարածությունը», ինչը և դառնում է նրա նվիրական կիրքը: Ժամանակի ընթացքում ընտելանում է երաժշտության առկայությամբ գրելուն: Ավելի ուշ մասնագիտական աչքն ընդհանուր նմանություններ է նկատել նրա վեցերորդ՝ «Նահապետի աշունը» վեպի և Բելա Բարտոկի «Երրորդ կոնցերտ դաշնամուր համար» ստեղծագործության միջև: Խոստովանում է, որ վեպը գրելիս լսել է այդ երաժշտությունը և զարմանում, որ նմանությունն այնքան ակնհայտ է, որ անգամ կողմնակի աչքն է նկատում: Դա նկատել է նաև Նոբելյան մրցանակի հանձնաժողովը:

Նավաբեկության ու թմրաբիզնեսի հետ կապված մի պատմության լրագրողական բացահայտումն ու լուսաբանումն ավարտվում է նրա և թերթի խմբագրության դեմ ուղղված սպառնալիքներով: Խմբագիրը նրան գործուղում է Շվեյցարիա: Գործուղման մի քանի օրը դառնում է «գրեթե երեք տարի»:

Oդանավակայան ճանապարհին Մարկեսը տեսնում է Մերսեդեսին՝ դռան մոտ նստած ինչպես քանդակ: Նրա հագին կանաչ շրջազգեստ էր՝ ոսկե ժանյակներով, իսկ մազերը սանրված էին ծիծեռնակի թևերի պես: Լարված հանգստությամբ նա ինչ-որ մեկին էր սպասում, նրա՛ն, ով պիտի գար, բայց առայժմ գնում էր: Ինքնաթիռի մեջ այս պահի հիշողությունն արդեն կեղեքում ու այրում է նրան, և նա նամակ է գրում Մերսեդեսին. «Եթե այս նամակիս պատասխանը մեկ ամսվա ընթացքում չստանամ, մեկընդմիշտ կմնամ ապրելու Եվրոպայում»: Ինքնաթիռը փոխելու ընթացքում օդանավակայաններից մեկում, օվկիանոսը չհատած, նամակը փոստարկղն է գցում: Ժնև հասնելուն պես պատասխան նամակն սպասում էր նրան:

Ահա այստեղ՝ Եվրոպա մուտքով և վերդառնալու պայմանավորվածությամբ, ավարտվում է այս ինքնապատումը: Շարունակություն գրե՞լ է, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Իսկ շարունակությունը մեծ ժամանակ է՝ 1950-ականների կեսերից մինչև… 2014-ին նախորդող տարիները: Սակայն հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր, տարել էր երկու վիրահատություն, իսկ ու ավելի սարսափելի է՝ կորցրել էր հիշողությունը: Ինչից ամենից շատ էր վախենում՝ իր հետ կատարվեց:

Իր կյանքի ճանապարհին Մարկեսն արձանագրում է բոլոր մանրամասները, բայց չի մանրանում, հաճույքով թվարկում է բնակավայրերի ու մարդկանց անունները՝ զարմանալիորեն պահելով դրանց բանաստեղծական-մոգական ներգործության ուժը. անունների ու ճակատագրերի յուրահատուկ գեղագիտություն: Տեղանունների և անձնանունների թվարկումներն ունեն նախակերպարային հավաստիություն, այդ կապակցությամբ գրում է. «…ես հասկացա, որ իմ վեպերի հերոսները չեն կենդանանա, քանի դեռ իրենց կերպարին ու բնավորությանը համապատասխան անուն չեն ստացել»: Անունը ոգեկոչում է մարդու հիշատակն ու բնակավայրի ոչ թե սոսկ պատմությունը, այլև կենդանի ոգին:

Ծնողները եղել են լավ պատմողներ, և երբ ինքը կես դար անց նրանց կերպարները կերտել է «Սեր խոլերայի ժամանակ» երկում,  «ապա չի կարողացել զանազանել ճշմարիտը մտացածինից»: Այստեղ է հենց Մարկեսի պատումի ու ոճի բանալին: Մտացածին-երևակայականն այնքան ճշմարտանման էր, որ ինքնին արդեն հյուսում է մոգական կամ գերբնական իրապաշտության հեքիաթը:

Այսպես բնական է նաև նրա լեզվական զգացողությունը: Իսպաներենը նախորդ դարում Կոլումբիա էր ներթափանցել Վենեսուելայից և համեմվել ու երանգավորվել Կարիբյան ծովափերին ավելի վաղ հայտնված աֆրիկյան ստրուկների բառերով, արտահայտություններով ու տեղկան խոսվածքներով:

Խոսքի կախարդանքի իրականացմանը մեծապես նպաստում է մանկությունից մտապահած խոսքը. «Երեխաների սուտը մեծ տաղանդի նշան է», քանզի երբ սուտ են խոսում՝ հորինում են… Սա այն սուտը չէ, որ վերածվում է կեղծիքի ու իրականության վերափոխման-օտարացման-նենգափոխման: Սա փաստը երևակայությամբ վերափոխելու հմտությունն է, որից հյուսվում է գեղեցիկ խոսքի կախարդանքը:

Ամենամեծ նորությունը, որ Մարկեսը բերեց, հենց այդ գեղեցիկ խոսքի կախարդանքն է, իր ասած գերիրապաշտությունը, որ վաղուց շրջանառվող նույն մոգական իրապաշտությունն է, կյանքի որքան գեղադիտակն ու աճպարարությունը, նույնքան և ավելի՝ կյանքի հեքիաթը, մարդուն մանկությունից ուղեկցող աներևակայելի պատկերացումների շղթան:

Մարկեսի աշխարհում ամեն ինչ հնարավոր է, որովհետև այդ ամենն իրական է մարդու մտքի ու երևակայության մեջ: Մարկեսն ստեղծեց հնարավոր ամբողջական ու լիարժեք մարդու կերպար, իրական ու անիրական ավելի մեծ տարածության ու ժամանակի մեջ և ինքնաբացահայտման անսահման հնարավորություններով: Սա միանգամայն նոր հանգրվան է դեպի մարդը տանող ճանապարհին, որ գրականության առաջնային նպատակն է Հոմերոսից առ այսօր:

 

Տեղատարափ անձրևների ու աստվածաշնչյան ջրհեղեղի միջով լողում է մի նավակ, որի մեջ մի մարդ է, ինքը՝ նորին մեծություն Գաբրիել Գարսիա Մարկեսը, մեր օրերի Նոյ նահապետը. այդ նավակը բարձրանում է դեպի վեր, դեպի մարդկության փրկության մի նոր Արարատ՝ Նոյյան տապանի հանգույն աշխարհը փրկվելու մարդակործան ժամանակների բարքերից և պահպանելու նվաճումը՝ մարդկության հիշողության մեջ ամբարված հոգևոր արժեքների գանձարանը:

 

(ամսագրային տարբերակ)

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք