Մայր Հայրենիք և Զավակ Հայրենիք

20141011130635176

/արձագանք Անդինի «Ազգային ծրագիր» հրապարակմանը/

 

Գևորգ Հալաջյան երևելի հայը Դերսիմին նվիրված իր աշխատությունում [1]  բերում է մի ուշագրավ զրույց տեղի սեիդներից մեկի հետ: Սեիդը՝ ալևի քրդական ցեղի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդը, որը հայկական ծագում ուներ, հիշում էր իր նախնիների դավանափոխության և ազգուրացության պատմությունը, անմատչելի քարանձավներում որպես մասունք ուներ ժառանգաբար թաքցրած հայերեն ձեռագրեր, որոնք համարվում էին գաղտնագուշակ գրքեր և որոնց, ասում է, ընթերցողն ու վերծանողը պիտի ի հայտ գա  /դեռ/ մարգարեական առաքելությամբ, բացահայտի իրենց ցեղի դարձի ժամանակն ու ուղին, Հալաջյանի ակնարկին ի պատասխան, թե ինչու հիմա չեն վերադառնում իրենց ազգին, տալիս է ապշեցուցիչ պատասխան, ասելով, որ հայ լինելը ոչ միայն վտանգավոր է, այլև ձեռնտու չէ, և այն ժամանակներից, ինչ իրենք դավանափոխ և ազգափոխ են եղել, հայերի վիճակը բնավ չի փոխվել:

 

Թե ինչ եղավ 1914 թվականից հետո՝ բոլորիս է հայտնի: Հայտնի է նաև, որ Թուրքիայում կան բազմաթիվ՝ հազարավոր ու միլիոնավոր հայեր ու կես-կեսներ, որոնց համար ահա արդեն հարյուր տարի՝ ոչինչ չի փոխվել, հայ լինելը դարձյալ վտանգավոր է ու ձեռնտու չէ: Իսկ եթե իրավիճակը փոխվի ու հայ լինելը դադարի վտանգավոր լինել, դառնա ձեռնտու, ապա շատերը կվերադառնան իրենց ազգին:

Եվ հիմա, արձագանքելով Անդինի «Ազգային ծրագիր» հրապարակմանը, ուզում եմ իմ մտորումները սկսել հենց այդ «պրոզաիկ» ձևակերպմամբ.

 

Հայ, Հայաստանի քաղաքացի լինելը պիտի լինի ձեռնտու 

 

Ըստ իս՝ ազգային ծրագիրը, ինչպես յուրաքանչյուր ծրագիր, գործնական ուղեցույց է,ինչպես հիմա են ասում՝ ճանապարհային քարտեզ, որտեղ առաջ են քաշվում, գաղափար, նպատակ և դրանք իրականացնելու քայլերը:

Որքան էլ արտառոց թվա, իբրև գաղափարի և նպատակի նախադրույթ պիտի առաջ քաշեմ հենց այս «պրոզաիկ» միտք:

Ի՞նչ է սա նշանակում:

Սկսենք երկրորդ կետից: Հայաստանի քաղաքացի լինելը ձեռնտու կարող է լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացին իր ֆիզիկական, գիտական, մտավոր և այլ բնույթի աշխատանքով կկարողանա ապրել ավելի բարեկեցիկ կյանքով, քան որևէ այլ երկրում, ասենք՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ այլուր:

Այսինքն՝ նախ և առաջ պիտի ստեղծել ուժեղ, հարուստ, արդար երկիր, որի քաղաքացին ապահովված է արժանապատիվ աշխատանքով, պաշտպանված է օրենքով և բանակով, ունի ինքնադրսևորման լիարժեք հնարավորություն, և, օրինակ, ասֆալտ փռողի կամ գիտնականի համար ավելի ձեռնտու է Հայաստանում ասֆալտ փռել կամ գիտությամբ զբաղվել, քան որևէ այլ երկրում:

Ունե՞նք մենք այդ հնարավորությունը: Վստահ եմ՝ բոլորս էլ գիտենք, որ ունենք. տեսականորեն ունենք (մեր ժողովրդի բնատուր ձիրքերը, երկրի ընդերքի ինքնատիպ հարստությունները, առևտրաարդյունաբերական գրավիչ միջավայրի առկայությունը ի դեմս Ռուսաստանի և Պարսկաստանի, հայի աշխատասիրությունը, հնարամտությունը, համբերատարությունը, սերն իր Հայրենիքի հանդեպ և այլն). անհրաժեշտ է այդ հնարավորությունը գործի վերածող, կյանքի կոչող մարմին: Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ մարմինը Պետությունն է:

Ուրեմն, այս ծիրով պետությանը վերապահվում է կազմակերպող, առաջնորդող և ղեկավարող գործառույթ: Ուրեմն, որևէ, ցանկացած ազգային ծրագիր իրականացնելու համար նախ և առաջ պիտի ստեղծել այդպիսի Պետություն:

 

 Պետություն, Երկիր և Հայրենիք հասկացությունների ներդաշնություն 

 

Յուրաքանչյուր հայ սիրում է իր Հայրենիքը: Անսահման, երբեմն նաև հիվանդագին սիրով: Բայց մեզնից շատերը պարզապես չեն հարգում մեր Պետությանը, հավատ չեն ընծայում նրան և Պետությունը նույնացնում են Երկրի հետ: Այստեղից էլ ցավ ու ցասում առաջացնող մտայնությունը, գրեթե ամեն քայլափոխի հնչող ապտակը, թե «սա երկիր չէ»:

Իհարկե, այս մտայնության հիմնական մեղավորը Պետության ժամանակավոր դժվարություններն են: Եթե հայը գնում է Հայաստանից, բարեկեցություն և ապահովություն փնտրում օտար ափերում, իր ձիրքը ծառայեցնում ուրիշներին, իր Երկիրը շենացնելու փոխարեն շենացնում ուրիշի երկիրը, եթե կարողանում է արտաբերել այդպիսի ցավագին միտք, ուրեմն Պետությունը թերանում է իր պարտականություններում:

Եվ, ուրեմն, կրկնելով ու շեշտելով վերն արծարծված միտքը, ասենք, որ եթե ուզում ենք ունենալ և իրականացնել Ազգային ծրագիր, պիտի ունենանք այն կյանքի կոչելու ունակ Պետություն:

Բայց որևէ, անգամ իդեալական Պետությունն ի զորու չէ իրականացնել այդպիսի ծրագիր, եթե չկա համաժողովրդական, համազգային ջանք և աջակցություն: Հայն իր Հայրենիքի համար, որի պատկերացումը հաճախ միֆականացված է, պատրաստ է ամեն ինչի՝ և զոհողության, և նվիրումի, և տքնանքի: Բայց Երկրի ու Պետության համար, մեղմ ասած, ոչ ամեն ինչի: Ուրեմն, մեր միտքն ու գործունեությունը պիտի ծառայեն նրան, որ մեր պատկերացումներում ներդաշնակվեն Հայրենիք, Երկիր և Պետություն հասկացությունները, Հայրենիքի հանդեպ սերը դառնա գործուն սեր, վերածվի Երկրի հանդեպ վերաբերմունքի ու նաև համատեղվի Պետություն հասկացության հետ: Մյուս կողմից էլ՝ Հայրենիքը, ի դեմս Պետության, պիտի Երկիրը վերածի տան և իր քաղաքացիներին վերաբերվի մոր նման:

 

Հայոց առաքելությունը

 

Ես հայ ժողովրդին բացառիկություն չեմ վերագրում: Հային բացառիկություն շնորհել է իր պատմական ճակատագիրը: Գիտենք, որ Հայաստանը հնուց անտի համարվել է մարդկության փրկության երկիր, աստվածային գիտելիքի, լույսի, մշակույթի և քաղաքակրթության բնօրրան ու տարածման երկիր: Հայի պարբերաբար աշխարհով մեկ սփռվելը բացատրվում է նաև հենց այդ միստիկական առաքելությամբ:

Եվ, ուրեմն, մեր յուրաքանչյուր, ամենաառօրյա գործունեությունը, ասենք՝ անառակությունը կամ առաքինությունը, ճանապարհ կառուցելը կամ գիտական հայտնագործություն կատարելը պիտի ներծծված լինեն նաև այս պատկերացմամբ, պիտի ունենան այս տարրը իրենց մեջ: Մենք պետք է հստակ ու սթափ գիտակցենք, որ մեր գործունեությունը և արարքները ազդում են աշխարհի ու մարդկության ճակատագրի վրա: Երբ ասում ենք, թե հայը համաշխարհային ազգ է, նկատի ունենք ոչ միայն այն, որ հայը սփռված է աշխարհով մեկ, այլև հենց սա. այն, որ հայն իրականացնում է համամարդկային գործունեություն, այսինքն՝ առաքելություն:

Ահա այս պատկերացումը կարող է հայ լինելը ձեռնտու դարձնել աշխարհի ցանկացած երկրում ու անկյունում, խոչընդոտել ուծացմանը և կարող է հանդիսանալ Ազգային ծրագրի հոգևոր ու գաղափարական հիմնասյուներից մեկը:

Բայց սա դեռ ամբողջը չէ, որովհետև մենք ունենք առավել իրական, թող թույլ տրվի ասել՝ողբերգությունից ծնված առաքելություն, որը պիտի լինի մեր Ազգային ծրագրի առանցքներից մեկը:

 

Հայոց պահանջատիրությունը՝ համամարդկային առաքելություն  

 

Եթե հայ ժողովուրդը հրաժարվի պահանջատիրությունից, մարդկությունը մեզ չի ների: Այո, հենց այդպես: Ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրը՝ հայոց պահանջատիրությունը, ոչ միայն տուրք է մեր անմեղ զոհերի հիշատակին, ոչ միայն մեր կորուսյալ հայրենիքը վերադարձնելու նպատակ և ուղի է, ոչ միայն մեր ինքնության արժանապատիվ կեցության նախադրյալ է, այլև համամարդկային արդարության և իրավունքի խնդիր է:

Չեմ ուզում շեշտել այն հանգամանքը, թե Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, չդատապարտելն ու չհատուցելը ոճիրի ինչ շղթայական ռեակցիա ծնեց՝ ֆաշիստներից մինչև Հարավսալվիա և այլուր: Բայց անուրանալի է, որ հենց այդ հանգամանքը զգալիորեն նպաստեց այդ գերագույն ոճիրի դիվային հարատևությանը: Չդատապարտված ոճիրը ոճիր է ծնում, և դա անհերքելի փաստ է քրեական խրոնիկայի էջերից սկսած մինչև պատմության դեռ չգրված դասագրքերի համար:

Գուցե մեզնից գերագույն ջանք պահանջվի մեր ողբերգությունը իբրև սոսկ մեր անձնական ողբերգություն ընկալելուց ձերբազատվելու և իբրև համամարդկային առաքելության նախադրյալ դիտարկելու համար, բայց դա անհրաժեշտ է: Դա իրողություն է: Մենք պիտի համակերպվենք այն դառը մտքի հետ, որ Ցեղասպանությամբ մեզ «շնորհվեց» մատաղի գառան ճակատագիր ու կարգավիճակ, և պիտի ամեն ինչ անենք, որ մատաղն ընդունելի լինի: Եվ այստեղ ոչ միստիկա կա, ոչ մազոխիզմ: Մեր ցավն անամոք է, կորուստը՝ անչափելի: Բայց մեր ցավն ու կորուստը պիտի բանան մարդկության կույր աչքը, պիտի բանան մարդկության գոց ականջը, պիտի արթանցնեն մարդկության մրափած խիղճը, պիտի սթափեցնեն մարդկության նյութապաշտ, օգտապաշտ, անձնապաշտ միտքը, պիտի արդարություն հաստատելու քայլ դառնան համայն աշխարհի ու մարդկության համար:

Ուրեմն, Հայոց պահանջատիրությունը ոչ միայն մեր ներքին խնդիրն է, այլև մեր համամարդկային առաքելությունն է: Ուստի, ինչպես ասվեց, պիտի լինի մեր Ազգային ծրագրի առանցքներից մեկը:

 

Հ.Գ.

Զավակ Հայրենիք

  Տարիներ առաջ մի առավոտ ես արթնացա խումարհի մեջ ու մոտեցա պատուհանին: Ձմեռային բյուրեղյա օդի թափանցիկ մշուշների մեջ կապույտ, անիրական, անհավատալիորեն գեղեցիկ ու անհասանելի ուրվագծվում էր Սրբազան լեռը: Ու ես ակամա բացականչեցի՝ «Ախ, ձագ ջան»: Հետո ամոթահար նայեցի հոգուս խորքը. մի՞թե կարելի է Արարատ լեռանը ասել «ձագ ջան»: Ապա հայտնագործության նման մտածեցի. բայց չէ՞ որ Հայրենիքը այն է, ինչ մենք ստեղծում ենք. Հայրենիքը և մայր է, և զավակ. ու Մայր Հայրենիք ծանոթ ու թանկ արտահայտության կողքին հանկարծ հառնեց թանկ ու սիրելի Զավակ Հայրենիքը…  

 

[1]   Գ. Հալաջյան, Դերսիմի հայերի ազգագրությունը: Հալաջյանը Դերսիմը ուսումնասիրել է 1914 թվականին, մինչ Ցեղասպանությունը: Բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ է բերում Դերսիմի հայերի, նրանց դավանափոխության և ազգափոխության, բնակավայրերի մասին: Հիշատակում է նաև Հողդար և Քարփանկ կոչվող բլուրները, որոնց տակ Լուսավորչի հրամանով ծածկել են հայկական հեթանոսական տաճարներն ու մեհյանները: Ի դեպ, նա այնքան մանրամասն ու ճշգրիտ է նկարագրում դրանց տեղադրությունը, որ հնագետները կարող են այդ նկարագրություններով պեղել ու հանել հայոց հնագույն տաճարներն ու մեհյանները, գուցե նաև Անահիտի տաճարը…

 

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք