Ձայն Ամենայնի կամ Երջանիկ Ծաղրածուն

Հեղինակ:

20141209135033620

Մադրիգալներ` գրված Բրետոնիայի ինքնիշխան թագուհի Տոմա Դադոյի և «Տաղարանի» համար  

 

1. Միջազգային մրցույթների դափնեկիր

Լուսինե Մարկոսյան (սոպրանո)

2. Հանրապետական մրցույթների դափնեկիր

Պերճ Քարազյան (տենոր)

3. Ամալյա Բալոյան (սոպրանո)

4. Թամարա Դադոյան (սոպրանո)

5. «Տաղարան» համույթ

դիրիժոր՝ մշակույթի վաստ. գործիչ

Սեդրակ Երկանյան

 

Միջանցիկ միջնապատի հեռու առանձնության հեռապատկերի շրջանակից դուրս նա առանձնանում, կարդացվում է առանձին վիպական կերպար: Եվ որպես հորինվածք` ունկնդրի քմահաճ ներկայության համար դառնում է ավելի նախընտրելի: Նա փորձում է ինչ-որ ձևով ինքն իրենից հեռանալ, ազատվել անորոշության նախանշաններից: Ուսին հենած ջութակը վստահ շարժումներով ձգտում է մի կերպ արգելել նրա փախուստը:

Մաեստրոն և էլի պատվարժան մեկը դերասանական հետնամուտքի միջանցքի երկարությամբ ետ են ընկրկում` հեռանկարի սահմաններում ավելի հետաքրքիր տեսնելու բնորդի գունային կոմպոզիցիան, նրա ներքին ոչ պայմանական գծանկարի բնօրինակը: Նա աշխատում է ժպտալ և ինչ-որ աներևույթ ստվերներից պաշտպանվելու ցանկությամբ անօգնական հենվում է միջանցքի միջնապատին: Նրա այտերը ծաղկում են: Թվում է` պատրաստ է: Ջութակը ենթարկվում է նրան: Ոչ մի բան չի խանգարում մոտիկ տարածության սահմաններում նորից ընթերցելու, ընկալելու երաժշտության գունային գամմաների և վոկալ-ձայնային վրձնահարվածների արձագանքը հեռուներում:

Եվ վաղնջական նախնիների անվերջ հեռու գնացող արահետները մադրիգալների քնարական պոետիկայի, ազատ մտածողության, բանաստեղծական շարադրանքների միջոցով պատմում են վաղ միջնադարի խորհրդավոր տեսիլքների, սիրո և կենցաղային, աշխարհիկ բանսակությունների զվարճալի երաժշտական պատումների մասին:

Մազերի ոսկին մերկահեր պարանոցին և ուսերին հանդարտ… թեթև, փիրուզե վերնաշապիկն հանդիսավոր մարմնի շուրջ, մինչև նրբասեր սրունքների շարականները երկար և կտուց կտցի, ծոցից դուրս նետվելու պատրաստ վախվորած լորիկների հանդիսատեսին ներս հրավիրող, հրապուրիչ հայացքները… շուրթերի երգեցիկ բացվածքը թույլ է տալիս ենթադրելու խորհրդավոր, չափազանց հետաքրքիր երաժշտական ճանապարհորդություն:

Թավջութակի և ջութակահարուհու ներկայությունը լրացնում է ոչ մեկին չզարմացնելու, բացատրելու խորհրդավոր երաժշտության և թագուհու` Տոմա Դադոյի վոկալ-ձայնային թավշեծալ նրբերանգների գաղտնիքները:

Ուդն ու արևելյան մյուս նվագարաններն աշխատում են մադրիգալների ձայնային չափի, երգեցիկ ոճի մեջ ներդաշնակել, կյանքի կոչել դիրիժորի երաժշտական կոմպոզիցիաների հետաքրքիր գունային մտահղացումները:

Հետնաբեմին իր ամբողջ վեհությամբ, երկնափողերը` երկինք, հնագույն երաժշտության երգեհոնի բազմաշնորհ ստեղնաշարերը, հոգնած առօրյա հոգսերից, անժամկետ հանգիստ են վերցրել:

Ներկայացման հերոսները չգիտես ինչու փորձում են ոչ մեկին չխանգարող խուլ ու համր երգեհոնը հեռացնել գործողության վայրից: Հայտնի չէ, թե նրանց որքանով է դա հաջողվում. հոգնած երգեհոնը շարունակում է լռել:

Ներկայացումն սկսված է:

-Դա՜, դա՜, դա՜մ… դա, դա, դա, դա՜մ:

Թմբկահարի ռիթմիկ հարվածները բեմ են հրավիրում դիրիժորին: Մեկը դահլիճից կողքին տեղավորված ունկնդրի մարտկոցակիր ականջին հազիվ լսելի կիսալուրջ շշնջում է իրեն հասկանալի դիրիժորի և նրա կախարդական փայտիկի մասին:

Գործիքներն անհանգստացած բարձրաձայնում են.

-Մաեստրոն մոռացել է իր փայտիկը:

Հոգնած երգեհոնի անշարժ ստեղները, պայմանական հանգստից ձանձրացած, սկսում են աղմկել…

Մոռացված փայտիկը հայտնվում է դիրիժորի աջ ձեռքին ու շարունակում է «չարչարել» և՛ դիրիժորին, և՛ նրան հնազանդ հնագույն երաժշտության նվագարանները:

Ֆլեյտաների և սրինգների եղջրաձայն ներբողները զարգացնում, արդարացնում են տարօրինակ թմբկահարի մուտքը բեմ:

Բեմը դանդաղ լուսավորվում է:

Վաղ միջնադար: Բրետոններ: Բրետոնների երկիր:

Խոնավ ու խորհրդավոր: Խանդ ու խարդավանք: Զվարճալի ու մութ:

Բրիտների Տան նախաշեմի շքամուտքին զվարճանքի պատրաստ իշխանազուններ, իշխանադուստրեր, իշխաններ և իշխանուհիներ…

Բրիտների պերճախոս Արքայազնի ձայնային նռնականետերը բարձրանում, հասնում են իրենց նպատակակետին:

Գեղադեմ արքայադուստր Ամալ Բալոն խատուտիկի պես ճերմակ փափկությամբ իր նրբագեղ ձայնային ելևէջներով ենթադրում է` երջանիկ լինելու միակ միջավայրը «Անամպ կղզի Պերսոլն» է:

Արքայազնը աշխատում է հորդորել, ցրել նրա և մյուս ազնվազարմուհիների սին կասկածները: Իր հմայիչ ձայնային ինքնատիպությամբ և յուրահատուկ երանգապնակով Նրան է միանում Արքայամայր Լուսին: Նա պարզապես հանգստացնում, վստահեցնում է. «Հոգ չէ, կանայք …»- և իր բեմական հմայքին է միացնում անհոգ ու աշխույժ, բազմիմաստ բնութագրական` խարակտերային տրամադրություն:

Արքայազնը իր ինքնավստահ, երգեցիկ մտորումներով խորհուրդ է տալիս «Գարու դեզը»` որպես ձանձրույթը հեռացնելու պայման, և հորդորում է «Խմել միայն իր կենացը…»: Արքայազնի առաջարկից ոգևորված` Արքայամայր Լուսին և կայսրուհի Տոման երգեցիկ հայրեններով փորձում են Փառնաբի «Փերսի պարը»:

Նա է: Նա մերկ է: Եվ պատրաստ է այս զվարճալի խաղին: Նույնիսկ նրա դեմքին այդպիսի ժպիտ է նկարվում: Հեռվից լսվում է աստվածների քմծիծաղը:

Ոգևորությունը փոխանցվում է Արքայադուստր Ամալ Բալոյին: Նա համաձայնում է և քիչ անց խնդրում է իր միակ «ընկերոջը». «Երգիր, իմ քաղցր տավիղ…»:

Գալիս է անհոգ ու զվարճալի, զվարճախոս Երջանիկ Ծաղրածուն` Արքայամոր գեղեցիկ դիմակի տակ փարատելու ներկաներին տվայտող չպատճառաբանված կասկածները և հաստատելու իր վոկալ-ձայնային անսահմանափակ իշխանությունը:

Արքայատան թիկնազորի ուղեկցությամբ միջնաբեմին է մոտենում Բրետոնիայի կայսրուհի Տոմա Դադոն: Վեհության նախապայման հաղորդող կերպարին, որպես շարունակություն, մեկնաբանում, զարդարում են հանդիսատեսին մոտենալու նրա նրբամեծար խոնարհումները և գեղադեմ գլխի և ճակատի վեհապանծ սկիզբն ազդարարող արծվաթագը:

Գեղազարդ գլխից ներքև ոսկեհեր վարսաղբյուրն իջնում, ծածկում է շապկաշար զգեստի լաջվարդ բացվածքից ծիկրակող նորաթուխ թռչուններին: Նրա կեցվածքը թույլ է տալիս մտածելու, որ թռչունները, լուռ համաձայնությամբ, զրուցում են հանդիսատեսի և նրա երևակայական պատկերների շուրջ:

Երկնազգեստի երկնափեշը երկար ալեկոծում, ողողում է թավշյա թեթևության մեջ Հեքիաթի Աղջկա մարմինն արարող Արքայի հեռավոր մտորումները: Նա, հայացքը հառած Արքաների դաշտ, երազում է… Եվ անհոգ քնքշությամբ իր հարուստ ձայնային նրբերանգներով համարձակվում է ներկաներին հորդորել. «Կորե՛ք, ձանձրալի վիճակներ»: Վոկալ-ձայնային թրթռացող ելևէջների և հետաքրքրական ձայնի ու խոսքի անցումային ինքնատիպ ելևէջների շնորհիվ նա կարողանում է դեպի իրեն ձգել անգամ ծայրահեղ  խստաբարո ունկնդրին: Եվ որպես կատարյալ հորինվածք` իրեն հետապնդող զգացմունքների կատարելության դաշտի սահմաններում դիտվում, ընկալվում է ժամանակի և տարածության մեջ վոկալ-ձայնային մտքի, մտածողության լայն կտավի գործ:

Նրան է միանում ձայնային հարուստ հնարավորությունների, տարածական մտահղացումների, բեմական հմայքների տիրապետող բեմի տիրուհին: Նրանք պատմում են սիրահարների հոգում ապրող գարնանային անհոգ ու զվարթ տրամադրությունների, դրան հաջորդող զվարճալի մայիսի և մայիսյան հանդիպումների մասին:

Արքայամայրը, չզիջելով դիրքերը, մատնացույց է անում կայսրուհի Տոմային. «Այդ աղջիկը նրա սիրելին է»:

Զվարճախոս կատարումներով իրենց համաձայնությունն են բերում  «Տղամարդիկ Հարլեմից» և «Տաղարանն» իր «Ուրախ աղջիկների» հետաքրքիր ձայնային մեկնաբանություններով… Նրանք փորձում են դուրս գալ գարնանային զբոսանքի…

«Ծաղրածուն» հանում է դիմակը:

Բոլորը ոտքի են կանգնում.

-Կայսրուհի՛ն…

Նա հայտնվում է իր ամբողջ վեհությամբ և Ձայն Ամենայնի առաջարկում.

-Խմե՛ք իմ կենացը:

 

 

Կոմիտասի Տուն

2013 թ. մ. թ. ա.

 

 

 

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք