Հողը ցնցվում է

Հեղինակ:

20141011162442745

Հարություն Խաչատրյանի արվեստը կինեմատոգրաֆիայի մաքուր օրինակ է, որի շրջանակներում հայ ռեժիսորին հաջողվում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր,  դաժան հակասությունները:

Աշխարհը 21-րդ դարի շեմին կորցրել է հումանիզմով շաղախված հիմքը, որը ճեղքվել ու տարբեր մշակույթների ձայների է վերածվել: Խորհրդային Միության փլուզումն այս մասնատման վառ արտահայտումներից մեկն է: Պատմական ծանր փորձություններով անցած Հայաստանը կրկին դրամատիկ ցնցումների ու մարտահրավերների առաջ է հայտնվել՝ տնտեսական և հոգեբանական ցնցումներ, սոցիալական շերտավորումներ և աղքատություն, սարսափելի երկրաշարժի հետևանքներ, ազգամիջյան կոնֆլիկտներ Կովկասում, պատերազմ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի համար, անկախության ու երիտասարդ ժողովրդավարության հաստատման խնդիրներ:

Խորհրդային կարգերի վայրէջքի, գորբաչովյան վերակառուցման շրջանում ստեղծված Հարություն Խաչատրյանի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերում արդեն իսկ կար տեկտոնիկ այս տեղաշարժերի նախազգացումը: Այս գործերում, որոնք նկարահանվել են ռեժիսորի մշտական համահեղինակ Միքայել Ստամբոլցյանի սցենարներով, չկա դրամատուրգիական ավանդական հենք ունեցող դիկտորական պարզունակ տեքստ: Դրա փոխարեն հանդիսատեսն ընկղմվում է կենտրոնական հրապարակով, Լենինի արձանով, հեղափոխական տոնակատարություններով, կնունքներով, զորակոչիկներին հրաժեշտ տալով, փոխանցիկ դրոշի հանձնելով, հարսանիքներով ու մահերով ընթացող քաղաքի առօրյայի մեջ: Կենցաղը տարալուծվում է կեցության մեջ. նշված դրվագների ռեժիսորական համակցումը պատմական և փիլիսոփայական լայն զուգահեռների է հանգեցնում: Իսկ թաքնված խցիկն ասես կողքից նկարահանել է կյանքի չպարտադրված պատկերներ, օրինակ՝ մի գեղջուկի, որը տանում է ղժղժացող խոզուկին:

Այս ֆիլմերում տեսանելի է կաղապարված պաշտոնական գաղափարախոսության և քաղաքների ու տարածաշրջանների իրական կյանքի կոնֆլիկտը, որին ռեժիսորը հետևում է վավերագրողի ճշգրտությամբ և պոետի հուզականությամբ: Հետագայում հենց այս զուգակցված ներդաշնակությամբ պետք է կառուցվեն Հարություն Խաչատրյանի բոլոր գործերը. մեկը երբեք չի գերակշռելու մյուսին, կշեռքի նժարը չի թեքվելու ո՛չ դեպի սառը դիտողականությունը, ո՛չ էլ դեպի կրակոտ պաթետիկությունը: Այս պաշտոնական հավասարակշռությունն էլ հենց սահմանում է նրա ֆիլմերի տրամադրությունը՝ ճշգրտորեն համապատասխանելով ռեժիսորի բնավորությանը. մարդ, ում մեջ զուգակցվում են թախիծն ու կիրքը, կյանքի հանդեպ ակտիվ դիրքորոշումը և փիլիսոփայական ներհայեցումը: Օտար մեկին, որը բավականաչափ լավ է ճանաչում հայերին ու Հայաստանը, մնում է միայն գուշակել՝ սա կամ ազգային բնավորության հատկանիշ է, կամ խորապես անհատական մի որակ, որը հատուկ է միայն Հարություն Խաչատրյանին:

Որպես կինոյի մասնագետի ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչու հայ ամենատաղանդավոր կինոգործիչները (հիշենք թեկուզ Սերգեյ Փարաջանովին) ստեղծագործական բարձունքների են հասել ավելի հաճախ Հայաստանի սահմաններից դուրս: Եվ ինչու, ի տարբերություն հարևան Վրաստանի, այստեղ չի ձևավորվել ազգային հզոր դպրոց: Պատասխաններից մեկն այն է, որ հայի ազգային ինքնությունը դժվար է մերվում ռեալ իրականությանը, իսկ կինոն, ինչպես ասել է Զիգֆրիդ Կրակաուերը, «ֆիզիկական իրականության վերարտադրությունն է»: Պոետիկ խորհրդանիշներով և կերպարներով հրապուրված հայկական կինեմատոգրաֆիայում Հարություն Խաչատրյանը կարևոր և հազվագյուտ վավերագրական բաղադրամաս մտցրեց՝ միաժամանակ չզրկելով այն պոետիկ նկարագրից: Նրա գործերը ստեղծվեցին ռեալիզմի և պատրանքի, փաստի ու երևակայության հանգույցում:

Դրանց ժանրը դժվար է որոշել, քանզի դրանք չեն համապատասխանում խաղարկային կինոյի ավանդական պատկերացումներին, բայց միևնույն ժամանակ չեն ենթարկվում և վավերագրականի կանոններին:

Սա հատկապես վերաբերում է «Քամին ունայնության» ֆիլմին, որտեղ վավերագրական կինոդիտարկումը հյուսված է «մոլորյալ որդու» աստվածաշնչյան թեմայի ազատ շարադրանքին՝ իր մեկնումով, թափառումներով, պատմական հայրենիք հայերի վերադարձով: Այստեղ զարմանալի ճակատագրեր և հերոսներ կան. մայրենի լեզուն գրեթե մոռացած նկարիչ, որը հաստատվել է Տալլինում և շվեդական կրոնով վաճառում է հայկական բնապատկերներով արված իր նկարները: Ռեժիսոր, որը հյուսիսային մի ավանում այլազգի դերասանների հետ հայկական ծագումով ամերիկյան դասականի՝ Վիլյամ Սարոյանի պիեսը բեմադրելով՝ փորձում է օտար լեզվով պատմել իր ցավի մասին: Ֆիլմի հեղինակներին հետաքրքրում է՝ կարողացե՞լ են, արդյոք, հայրենիքից կտրված իրենց հայրենակիցները պահպանել ազգային ներքին կոդը: Թե՞ հանապազօրյա հացը հոգալու մշտառկա հոգսերի տակ մնալով՝ այն ջնջվել է իսպառ:

Իր հայրենիքի հետ Հարություն Խաչատրյանը վերապրել է 90-ականների դժվարին տարիները. դա այն ժամանակներն էին, երբ կինեմատոգրաֆիայի կինոարտադրության կառույցը քանդվեց: 1991-ին ստեղծվեց նրա «Վերադարձ ավետյաց երկիր» կինոնկարը, այնուհետև՝ 1993-ին, նա նկարահանեց «Վերջին կայարանը»: «Վավերագրողը» թվագրված է սրանից հետո՝ 2003-ին: Տասը և նույնիսկ ավելի տարիներ շարունակ ռեժիսորի մասնագիտությունը կարծես թե գոյություն չուներ:

Առաջին ֆիլմի թեման փորձություններին դիմակայելու ձգտումն է՝ հանուն կյանքի հաղթանակի և ազգային գաղափարախոսության իմաստավորման: Սեփական օրրանից, հարազատներից զրկված փախստական երիտասարդ ընտանիքը, ի հեճուկս բազում դժվարությունների, կառուցում է նոր տուն ու երեխաներ լույս աշխարհ բերում՝ վերածնվելով ապագայի համար: Իրադարձությունները կատարվում են երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսում՝ հրահրված պատերազմի և տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ֆիլմում ներկայացված այս պատմությունը այլաբանական պատում է արտակարգ իրադրություններում կենսունակությունը պահպանող ամբողջ ժողովրդի մասին:

«Վավերագրողը» ‎ֆիլմի համար պահանջվեց ութ տարվա աշխատանք… Թեման անցումային շրջանի դժվարություններն անհատապես վերապրած արվեստագետի փորձն է, որը մի կողմից հագեցնում է ստեղծագործական պրոցեսը, մյուս կողմից՝ դարձնում հիվանդագին ու գրեթե անհնար: Ժամանակակից Հայաստանի կերպարը ներկայացված է յոթ մասով՝ «Քարհանք», «Ծննդատուն», «Մուրացկաններ», «Մուրացկանների խնջույքը», «Մանկատուն», «Փախստականները», «Գնդակահարում»: Սև ու սպիտակ էկրանին հառնում են բավականին մռայլ պատկերներ՝ փախստականներ, անապաստան մարդիկ, քրեածին շերտերի հաղթանակ, թափառական շներ: Հեղինակի հայացքը լի է ցավով ու զայրույթով, բայց, դրանով հանդերձ, նա կարողանում է նաև խիստ օբյեկտիվ լինել: Վերջին հաշվով, ինչպես Խաչատրյանի այս՝ ամենաողբերգական, այնպես էլ մյուս ֆիլմերում երևում է հույսի լույսը. նույնիսկ սարսափելի այս աշխարհում կան մարդիկ, որոնք փորձում են մարդ մնալ:

Արդեն 21-րդ դարում Հարություն Խաչատրյանի նկարահանած ֆիլմերում զգացվում է, որ նա ավելի իմաստնացած, բայց միաժամանակ նաև նվազ պաշտպանված հայացք ունի իրականության հանդեպ: Նրա վաղ շրջանի արվեստը, թեպետ այդ շրջանակներից բավական հեռու, այդուհանդերձ սնվում էր խորհրդային լավատեսությամբ՝ իբրև աղբյուր, որը ձևավորվել էր կոլեկտիվիզմի այլաբանության գրկում: Այսօր՝ անհատականության ժամանակաշրջանում, օպտիզմի ակունքներ փնտրելը դժվար է, Խաչատրյանն ավելի շուտ կիրառել է Լուկինո Վիսկոնտիի՝ «Ինտելեկտի պեսիմիզմը կամքի օպտիմիզմն է» բանաձևը: Վավերագրողը համանուն իր ֆիլմում նկարահանում է կյանքն առանց գունազարդման՝ դժվարին, հիվանդագին, դաժան, տգեղ, ամեն ձևի: Նա ինքը այս կյանքի ծնունդն է և տառապում է նրա իսկ ցավերով: Այս ամենի հետ մեկտեղ, իբրև արվեստագետ, նա շատ զգայուն է, սակայն նրա համար թաքնվելու տեղ չկա, այլ կյանք նա չունի և լիցքավորվում է մշտական ցնցումների մեջ գտնվող Հայոց բազմաչարչար հողից: «Հողը դողում է» ուղիղ և փոխաբերական իմաստով, ինչպես վերնագրված էր նույն Վիսկոնտիի նեոռեալիզմի շրջանի դասական ֆիլմը (Terra Trema/The Earth Trembles):

Հարություն Խաչատրյանի հաջորդ ֆիլմը կոչվում է «Պոետի վերադարձը»:‎ Այս ֆիլմը քննադատները որակել են որպես «Ասք հայրենիքի մասին»՝ վավերագրական էպոս, այլաբանություն-առակ կամ որմնանկար: Ֆիլմի հերոսը Ջիվանին է, որը, ինչպես և ռեժիսոր Խաչատրյանը, ծնվել է Վրաստանի՝ հայերով բնակեցված Ջավախք երկրում, միայն թե հարյուր տարի առաջ: Ֆիլմը պատում է այն մասին, թե ինչպես է կերտվում մեծ բանաստեղծի քարե արձանը և տարվում հայրենիք՝ Կարծախ գյուղը: Քարե արձանի ճանապարհորդությունը Հայաստանով առիթ է հանդիսանում բնության, քաղաքային և գյուղական առօրյայի, երկրի պատմության պոետիկ իմաստավորման համար: Կինոնկարում կան նաև ինքնատիպ հումոր և օտարված գեղարվեստական հնարք՝ արձանն ասես շնչավորված է, տեսնելու, լսելու ու զգալու կարողություն ունի: Այս ամենի հետ նաև ողբերգություն կա. վերջում Արձանը մնում է սառը, ձյունածածկ դաշտի մեջ: Խաչատրյանի մյուս աշխատանքների նման սա նույնպես հայրենասիրական հեփի էնդ չէ, ժամանակակից կինոռեժիսորը կիսում է անցյալի բանաստեղծի ողբերգական ճակատագիրը՝ երկուսն էլ իրենց հայրենիքի երգիչն ու իրենց ժողովրդի ճակատագրի գերին են:

Եվս մեկ երրորդություն, որով մենք ճանաչեցինք Հարություն Խաչատրյանին՝ որպես երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր ու ոգեկոչող: Այս գործում ևս նա եզակի ու ներդաշնակ որակներ ցուցաբերեց: Փառատոնի ստեղծման խթանող ուժը մի կողմից հայրենասիրությունն էր. Խաչատրյանի համար վիրավորական էր, որ Հայաստանը աշխարհի կինոքարտեզում ակտիվ մասնակցություն չունի: Մյուս կողմից՝ նա հանդես եկավ որպես անհատ, որը գործելու և մարդկանց միավորելու կարողություն ունի: Փառատոնը դարձավ հաղորդակցման վայր և՛ աշխարհով մեկ սփռված հայազգի կինոգործիչների, և՛ համաշխարհային կինովերնախավի համար, որն իր համար բացահայտեց հրաշալի հինավուրց մի երկիր՝ Հայաստանը:

 

 

Անդին 3, 2014

Կարծիքներ

կարծիք