Հատվածներ սերժանտի նոթատետրից

Լուսանկար

Հատուկ նշանակության մեր զորամասում արգելված էր գրպանում նամակներ, նկարներ, նոթատետր պահել: Բայց շատ բան կար գրելու, և ես գրում էի «ցպահանջ», իմ անունով և ուղարկում  Երևան: Երբ վերադարձա, վերցրեցի փոստից, կարգավորեցի ու տարա «Գարուն»: Առժամանակ անց մոռացա, թերևս մոռացվեցին նաև իմ գրառումները, և հիմա միայն կրկին որոշեցի հրապարակել:

 

Երկիրը ճիշտ կլիներ օվկիանոս անվանել:

Որովհետև մեր մոլորակի ջրային տարածությունը գերազանցում է ցամաքին:

Ցամաքը ընդամենը մեծ կղզի է կամ կղզեխումբ այդ օվկիանոսում:

Այնպես որ` մարդը կղզեբնակ է:

Ցամաքով թե օվկիանոսով` միևնույն է, մենք կհանդիպենք:

Թուր Հեյերդալ

Ոտքերս վառվում էին, կարծես թոնրի մեջ կախ տված լինեի: Քրտինքը հոսում էր քունքերիցս ու ծոծրակիցս, ամբողջ մարմինս` գլուխս, ձեռքերս, հոգիս, դանդաղ ընկղմվում էր թանձր մշուշի մեջ: Կեչու տերևների բուրմունքը` ներծծված գոլորշով, քրտինքով, հոգնածությամբ, տարածվել էր կիսախավար շոգեբաղնիքում: Դաղստանցին շիկացած քարերին ջուր էր լցնում, փնչացնում հաճույքից, կեչու տերևները թաթախում թասի մեջ և խփում ու խփում` կարմրեցնելով թիկունքը, ազդրերը, ուսերը:

Ես չդիմացա, փախա նախասենյակ, այնտեղից էլ` փողոց: Փողոցը հողե ժապավեն էր, որ ձգվում էր մեր զորանոցից տասնյոթ կիլոմետր մինչև Կյախտա, շուրջը, բացի դատարկ անասնաֆերմաներից և հրաձգարաններից, ոչինչ չկար: Նախորդ օրը ձյուն էր եկել, լուսնի լույսի տակ միալար բվվում էր ճանապարհի երկայնքով ձգվող պետական սահմանի փշալարը: Իրականությունը, որ այս Գիծն անընդմեջ ձգվում է հազարավոր կիլոմետրեր և հասնում Հայաստան, ջերմացնում էր հոգիս (ներողություն, այդպիսի զգացողությունների ժամանակներ էին.- Ա.Բ.). Գիծ, որին առաջին անգամ հանդիպել էի այստեղ գալուց մեկ տարի առաջ` Նախիջևանով  Մեղրի գնալիս: Հինգ շերտով ձգվող բարդ համակարգը վերուվար էր անում լեռներով, մոտենում Արաքսին, հետո երկաթգծին ու այդպես հասնում Չինաստան, որի դիմաց հիմա մերկ կանգնած եմ:

Սարի լանջին տանկային գումարտակի լույսերն են, անտառակի մոտ զենիթահրթիռային դիվիզոնն է, տափաստանում` մեր մոտոհրաձգայինի զորանոցը:

Աստղիկ իմ միակ, այս խավարի մեջ

Աղոթում եմ քեզ համար անվերջ,

Ախ, ինձ չլքես, չթողնես անհույս,

Որ չնվաղի սիրտս մինչև լույս:

 

Կինը սողաց վերմակի տակ, սկսեց մրմնջալ անհասկանալի լեզվով.

«Տաքացրու, անուշս: Ուզում եմ քեզ»:

Նրան ապշեցրեց բառերի նույն հաջորդականությունը, որը վաղուց արդեն լսել էր: Հատակին փռված անկողնու եզրին շուռումուռ եկան քնած երեխաները, դրսից մլավոց էր գալիս. երևի կատուն իր բաժին տաքությանն էր ձգտում, ինչ-որ տեղ սվսվում էին լարերը, զինվորական մեքենայի լուսարձակները կանգ առան խրճիթի պատուհանի առջև:

Օրապահը շնչասպառ մտավ նախասենյակ: Սկսեցինք արագ հագնվել` մտածելով հետևանքների մասին:

-Քաշվանք,- քրթմնջաց Բուրյաթը:

Դեռ հեռվից երևացին գումարտակի հրամանատարի ուրվապատկերը և ոտքից ոտք ճոճվող կիսահագնված վաշտը: Դանդաղեցրինք քայլքը, ընթացքում ձգեցինք գոտիները, կոճկեցինք կոճակները, շտկեցինք գլխարկներն ու խրոխտ, կարծես ոչինչ չէր պատահել և գիշերվա երկուսը չէր, մոտեցանք զեկուցելու:

Կանգնեցրեց շարքի առաջ, ու նախածանցների մի տարափ թափվեց անձնուրաց, քաջակորով, ժամանակից շուտ ինքնուրույն դարձած սերժանտների գլխին, որոնք ենթականերով զբաղվելու փոխարեն ինքնագլուխ բաղնիք են վառել, օղի են լակում, գցում բանակի մարտունակությունը: Հակառակվելն անօգուտ էր:

Ես կարդացել եմ վաղուց Սուրբ գրքում

Եվ այդ օրվանից մի բան եմ տենչում`

Ինձ էլ վիճակվի նույնպես ունենալ

Մարգարեի կյանք, տառապանք ու մահ:

 

Անձրևը թափվում էր շիթերով: Որոտը ցնցում էր անտառը: Թաց փայտերը միայն ծխում էին` հազիվ հեռացնելով մոծակներին: Համազգեստը այդպես էլ չէր չորանում, զրահամեքենաների մեջ սառում էինք, դրսում` թրջվում:

Արևը դուրս եկավ: Հանեցինք խոնավ համազգեստներն ու կախեցինք հրանոթից: Մեխանիկ Սուլթանը փռվեց զրահամեքենայի աշտարակին: Մինչև ճաշ կես ժամ կար:

Ինչ-որ ուժ նրան նետեց հրանոթի աշտարակից:  Ջրափոսի միջից նկատեց, որ կոմբատը քացու տակ է գցել Սուլթանին ու հայհոյելով մռնչում է.

-Դավաճաններ, դավաճաններ, դավաճաններ: Տասը րոպե ժամանակ եմ տալիս, քաչալանալ և զեկուցել: Իսկ քեզ, ընկեր վաշտի հրամանատարի տեղակալ, զորավարժանքից հետո` տասն օր կալանք:

Լսվեց ընդհանուր հավաքի կանչը: Գումարտակը հավաքվեց անտառի բացատում: Զրահամեքենայով ժամանեց բանակի գեներալը:

-Գումարտա՛կ, հավսա՛ր, զգա՛ստ,- հրամայեց կոմբատն ու գնաց զեկուցելու:

Գեներալը երիտասարդ էր, հերոսի կոչում է ստացել Աֆղանում: Հիմա քայլում էր շարքի առջևից, երբեմն կանգ առնում, դասական զեկույց ստանում, ինչ-որ բան ասում կոմբատին: Մոտեցավ ու մեխվեց դեմս: Պետք է ստանդարտ բաներ ասեի` այսինչ գումարտակի, այսինչ վաշտի հրամանատարի…

— Ձեր առաջիկա գործողություննե՛րը, սերժա՛նտ:

— Վաշտը բաժանել երեք մասի, շրջանցել թշնամուն և հարվածել թիկունքից:

Կոմբատը ձգվեց, ես պապանձվեցի, գեներալը թե.

— Առանց կորուստների աննկատ շրջանցել պայմանական հակառակորդին: Ու… ինչպես Ժուկովն էր ասում` բանակը ղեկավարում ենք ես և սերժանտը: Այսպիսի սերժանտի հետ դժոխք էլ կգնամ: Կոմբատ, զորավարժություններից հետո` սերժանտին արձակուրդ:

Մի շաբաթ տափաստանով դեսուդեն ընկած կռիվ-կռիվ էինք խաղում, անձրևի տակ խրամատներ, թաքստոցներ փորում, սոված էինք, ու տրամադրություն չկար, բայց գեներալի խոսքերը ոգևորեցին: Նայեցի մյուսների դեմքերին ու հասկացա, որ եթե հիմա գոռա` «Կ բոյու», բոլորս էշի պես կվազենք:

Զրահամեքենաները սկսեցին հռնդալ, անտառը լցվեց ծխով ու յուղի հոտով: Վերջին ծխախոտը` չորս հոգով, վերջին պահածոն` առանց հաց:

Շարժվեցինք, ու այս անվերջանալի երթի ընթացքում մտածում էի այն մարդկանց մասին, որոնք պատերազմ անցան` նետվում էին տանկերի տակ, գնդացիրների վրա, ինքնաթիռով խոյահարում նավերը: Ուզում եմ հասկանալ` ի՞նչն էր նրանց մղում. նպատակի հստակությո՞ւնը, թե՞ ամեն ինչից ազատվելու ցանկությունը:

Եղիր զգուշավոր, ով թափառական…

Տղերքը շուն էին բռնել: Կորեացի Նամը քթի տակ մռմռալով կտրատում էր միսն ու գցում տաք ճարպով լի թավայի մեջ:

Օրապահն ասաց, որ կոմբատը կանչում է:

-Նստիր, սերժանտ: Ձեր վաշտում ՉՊ է եղել: Ոչինչ չե՞ս լսել: Խոսքը քո մեխանիկ Սուլթանի մասին է, նա նոր զորակոչվածներից մեկին է «հագել»: Հետաքննություն է սկսվել, հիմա էլի հանձնախումբ կգա, բայց եթե դուք` կրտսեր հրամանատարներդ, ուշադիր լինեք, նման բաները կկանխվեն: Գնա ու զբաղվիր նոր եկածներով, գուցե ինչ-որ բան նրանց չի բավարարում: Մենք թերի կողմեր շատ ունենք, բանակն էլ մի փոքր բանտ է, բայց արևը բոլորին հավասար է ջերմացնում:

Մանր կտրտած միսը սոխի շերտերի տակից անուշ բուրում էր: Դռան մոտ «աթանդա» էր կանգնած մի ճմռթված նորակոչիկ եֆրեյտոր: Սա պատիվ տվեց ու բարձր աղաղակեց.

-Եֆրեյտոր Վասիլև:

-Որտեղի՞ց ես:

-Ուլան Ուդեից:

-Էդ «լիչկան» ե՞րբ հասցրիր:

-Կարանտինում: Միակ թերի բարձրագույնը ես ունեի:

-Էդ բաներն էստեղ չեն անցնում, հայրենակից,- մեջ մտավ Սուլթանը:- Էդ գերազանցիկի նշանն էլ հանի դոշիցդ, թե չէ ուրիշ տեղ կհայտնվի:

-Լավ, ձեռ քաշի:

-Տարզանն ի՞նչ էր ասում:

-Հեչ: Վասիլև, ծխո՞ւմ ես: Լավ, մի դողա, ամեն ինչի հերիքում է, եթե սոված ես մնում:

-Ամեն ինչ լավ է:

-Վասիլև, դու ինձ հիշեցնում ես սուրբ Անտոնիոսին: Ճանաչո՞ւմ ես այդպիսի մեկին:

-Դեռ ոչ, երկու օր առաջ են բերել:

-Այ թե կադր ես: Բա ինչո՞ւ չմոտեցար:

-Անհարմար զգացի:

-Անհարմար է առաստաղին քնել, վերմակդ ցած կընկնի: Միս կուտե՞ս, շան միս է: Ասենք, քեզ դրանով չես զարմացնի: Օրապա՛հ, հաց, կարագ, շաքար, թեյ: Նստի՛ր, Վասիլև:

-Հայրենակից, սիրած ունե՞ս:

-Հա: Նոր եմ ամուսնացել:

-Տես է, նկարն ունե՞ս:

Վասիլևը համազգեստի գրպանից հանեց նկարների տրցակը: Տղերքը սկսեցին յուղոտ ձեռքերով փոխանցել նկարները:

-Ինչ էլ լավիկն է: Հիմա դու` էստեղ, նա էլ ընկերներդ հետ է քաշ գալու:

-Նա էդպիսին չի:

-Լավ, վերջացրեք:

-Տարզանը ի՞նչ էր ասում,- կրկին հարցրեց Սուլթանը:

-Հեչ, որ սալագներին չնեղացնենք:

-Տաջիկը տնից թույն կոշտ է ստացել, երեկ դմփցրինք ու…

-Չմնա՞ց:

-Երեկոյան անվանականչից հետո արի կաթսայատուն:

Պատրաստվում էինք երեկոյան անվանականչի: Պայթյունի ձայնին ոչ ոք ուշադրություն չդարձրեց:

-Չինացիներն են,- լսվեց շարքի միջից:

Հետո հերթապահ սպան ասաց, որ զինվորներից մեկը կաթսայատանը նռնակով ինքնասպան է եղել: Վազեցինք կաթսայատուն, ծխից ու վառոդի հոտից բացի ոչինչ չկար: Գնացինք բուժկետ:

Սուլթանը գունատ, պատառոտված հագուստով պառկած էր բազմոցին:  Բուժակը վիրակապում էր դաստակը, ձեռքն անկապ ընկած էր արյունոտ սավանին:

Եղիր զգուշավոր, ով թափառական,

Այստեղ արցունք ես`թարթիչից կախված:

Միջանցքում սապոգները փայլեցնելով սերժանտ Ահմեդովը երգում էր. «Անպայման, անպայման ես շեկի հետ կամուսնանամ»:

-Արա, քեզ «Լենինյան սենյակում» սպասում են:

Բուրյաթը վերմակի մեջ փաթաթված նստած էր:

Նրա դիմաց, «Մեր հավանական հակառակորդը Չինաստանն է» վահանակի տակ Վասիլևն էր:

-Ես քեզ ռուսերեն լեզվով եմ ասում` գրի` ինչպես ջարդվեց քիթդ: Արա, էս սրբին մի բան հասկացրու, ես էլ չեմ դիմանում:

-Գրե՞մ, որ հատակին ընկա,- կմկմաց Վասիլևը:

-Գրի ինչպես եղել  է:

Գրեց.

 

Բացատրագիր.

Երեկոյան ժամը ութի մոտ ես ծխում էի լվացարանում, երբ ինձ մոտեցավ օրապահը և ասաց, որ այստեղ ծխել չի կարելի: Ես նրան ուղարկեցի, նա էլ ինձ, երբ նայեցի հայելու մեջ, հայտնաբերեցի, որ քիթս ծռվել է:

Համբուրե զիս,- ըսավ օր մը տրտմապես,

Եվ շվարած այտս տարի իր բերանին…

 

Հենց այդպես` համազգեստով, փռվեցի մահճակալին, զսպանակները  նվվացին: Խառը պատկերների մեջ երևակվեց Արագածի ստորոտը` Վասիլևի կինն էր, Սուլթանը, բուրյաթ Նամսարաևը, Կիմը ինչ-որ շան հետ էր խաղում, բան չէր փոխվել, միայն հյուրանոց էր հայտնվել: Հետո եկանք Ցոլգայի անծայրածիր դաշտ, անցանք Սելենգան ու Գինզաևո կիսակայարանում սկսեցինք բարձել զրահամեքենաները: Վաշտի հրամանատարը նոր էր տեղափոխվել Գերմանիայից, համառորեն ուշքի չէր գալիս, կինն էլ հավատարիմ դեկաբրիստուհի չէր, ու սա ամեն գիշեր ինչ-որ բան խմած մեկն ու մեկի գլուխն էր «թրաշում»:

-Մեզ ոչ մեկը չի սիրում, մենք ոչ մեկին չենք սիրում: Մեր կանայք քնում են մեր իսկ ենթակաների հետ, մենք էլ` ուրիշների հետ: Ոչ տուն ունենք, ոչ գգրանցում, ու այսպես` քսանհինգ տարի: Բանակը ժողովրդի մի մասն է, աստիճանաբար ես ինձ ավելի ու ավելի եմ զգում մասնիկ, որը ոչ մի բանի պիտանի չէ: Մարդու ոչինչ լինելը ավելի շատ զգացվում է բանակում: Քսանհինգ տարի դեսուդեն թափառելուց հետո մեկ էլ լռվում ես մի ղշլաղում ու ոչ տուն ունես, որ վերադառնաս, ոչ էլ ապրածդ տեղն է մի բան: Շուտով կզորացրվես, կմոռանաս հոգեկանների այս հավաքակայանը, գիշերային գոռգոռոցները, տանկի տակ ճզմված տղերքին, որոնց տեղը դու կարող էիր լինել… Հիմար պետք է լինես, որ անցնես այս ամենի միջով…

Ու մենք սիրով հիմարանում էին:

 

…Ու ոտնահոտով, գուտալինով, քրտինքով հագեցած այս զորանոցից հարազատ այլևս ոչինչ հնարավոր չէր պատկերացնել…

1986 թ.

Կյախտա-Երևան

 

Անդին 8, 2013

Share

Կարծիքներ

կարծիք