Հավատ

20141009171148334

Մարփան իմացավ մի ուսուցչի մասին, գնաց նրա մոտ ուսանելու և լիովին հավատաց նրան: Ապա նա հարց տվեց Ուսուցչին.

-Հիմա ի՞նչ պետք է անեմ:

Ուսուցիչն ասաց.

-Քանի որ հավատացել ես ինձ, այլ բանի կարիք չունես: Ուղղակի շարունակիր հավատալ: Իմ անունը. ահա քո միակ գաղտնի մանթրան: Երբ հարց ծագի, պարզապես հիշիր իմ անունը, և ամեն բան կկարգավորվի:

Մարփան խոնարհվեց նրա ոտքերի առջև: Եվ որոշեց իսկույն փորձել խորհուրդը. նա  շատ պարզ մարդ էր: Եվ նա քայլեց գետի վրայով: Մյուս աշակերտները, որ Ուսուցչի հետ տարիներ էին անցկացրել, աչքերին չէին հավատում. նա քայլում էր ջրերի վրայով:

Ուսուցիչը զարմացավ: Նրանք վազեցին դեպի գետն ու տեսան, որ Մարփան զբոսնում է ջրերի վրա, պարում և օրհներգում: Երբ նա մոտեցավ ափին, Ուսուցիչը հարցրեց.

-Ո՞րն է գաղտնիքը:

Մարփան պատասխանեց.

-Գաղտնի՞ք: Դա այն է, ինչ ասացիք ինձ՝ Ձեր անունը: Ես Ձեզ էի հիշում: Ես ասացի՝ «Ուսուցիչ, թույլ տուր քայլել ջրերի վրայով», և եղավ այդպես:

Ուսուցչի հավատը չէր գալիս, որ իր անունը… ինքը չէր կարողանում քայլել ջրերի վրայով: Սակայն հնարավոր է… Չէ՞ որ ոչ մի անգամ չի փորձել: Բայց գուցե ճիշտ կլիներ մինչ փորձելը ևս մի քանի բա՞ն ստուգել, ուստի նա ասաց Մարփային.

-Իսկ կարո՞ղ ես ժայռից թռչել:

-Կանեմ, ինչ կամենաք:

Նա բարձրացավ ժայռի գագաթն ու վայր նետվեց: Աշակերտները համոզված էին, որ նա կընկնի և կջախջախվի: Սակայն Մարփան սահուն վայրէջք կատարեց և լոտոսի կեցվածք ընդունելով՝ ժպտաց: Նա վայրէջք կատարեց հովտում՝ ծառի տակ: Աշակերտները շրջապատեցին նրան:

Ուսուցիչն ասաց.

-Սա արդեն այլ բան է: Դու օգտագործեցի՞ր իմ անունը:

Մարփան պատասխանեց.

-Միայն Քո անվամբ եմ առաջնորդվել:

Այդժամ Ուսուցիչն ասաց.

-Դա բավական է: Հիմա ինքս կփորձեմ քայլել ջրերի վրայով: Ասաց և առաջին իսկ քայլին խորասուզվեց ջրերի տակ:

Աշակերտները նետվեցին օգնության և մի կերպ փրկեցին նրան: Մարփան հարցրեց.

-Ի՞նչ է պատահել:

Ուսուցիչը պատասխանեց.

-Ներիր, ես Ուսուցիչ չեմ, ես ընդամենը երեսպաշտ եմ: Քեզ ապավեն եղել է ոչ թե իմ անունը, այլ քո հավատը նրա նկատմամբ:

 

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք