Հավատա

20142210171534957

Մի անհավատ մարդ զբոսնում էր անդունդի եզրով, բայց սայթաքեց ու գահավիժեց ներքև: Սակայն ընկնելիս կարողացավ կառչել ժայռի խորշում աճած թփի ճյուղից: Եվ այդպես` ճյուղից կախ, սառը քամու հարվածներից ճոճվելով, գիտակցեց իր վիճակի ողջ անելանելիությունը: Որովհետև անդունդի հատակին մամռոտ ժայռաբեկորներ էին, իսկ վեր բարձրանալու հնարավորություն չուներ: Ճյուղից կառչած ձեռքերը թուլանում էին վայրկյան առ վայրկյան:

«Դե,- մտածեց նա,- հիմա ինձ կարող է փրկել միայն Աստված: Ես երբեք չեմ հավատացել Աստծուն, բայց, ըստ երևույթին, սխալվել եմ: Կորցնելու բան չունեմ այլևս»: Ուստի կանչեց. «Աստված, եթե կաս` փրկիր ինձ, և ես կհավատամ քեզ»: Բայց պատասխան չկար:

Նա ձայն տվեց կրկին. «Աղաչում եմ, Աստված, ես երբեք չեմ հավատացել քեզ, սակայն եթե հիմա փրկես ինձ, այս պահից ի վեր կհավատամ քեզ»:

Հանկարծ ամպերի խորքից հնչեց ահեղ մի ձայն. «Ոչ, չես հավատա: Ճանաչում եմ քեզ նմաններին»:

Անհավատը այնպես ապշեց, որ քիչ մնաց բաց թողներ ճյուղը: «Աղաչում եմ, Աստված: Սխալվում ես: Իրոք, ես այդպես եմ մտածում: Ես կհավատամ»:

«Ոչ, չես հավատա: Բոլորդ էլ այդպես եք ասում»:

Բայց մարդը շարունակում էր աղաչել և համոզել:

Ի վերջո Աստված ասաց. «Լավ, ես կփրկեմ քեզ… Բաց թող ճյուղը»:

«Բաց թողնեմ ճյու՞ղը,- բացականչեց անհավատը,- չլինի՞ կարծում ես, որ խելքս թռցրել եմ»:

 

 

Անդին 1, 2014

Share

Կարծիքներ

կարծիք