Հայուն Հիսուսը /հատվածներ/

Հեղինակ:

579266_583309318394631_912666564_n

Հիսուսը հակահրեան է:

Ան ներքին վսեմ փոխակերպությունն է, ադամանդյա հոգին, ժայռ մըն է ան՝ ընդմիշտ հրկիզված, օվկիանոս մը ոգեղենությամբ հարբած:

Հիսուս, միևնույն ատեն, բացարձակն է և մասնավորը, շարժումն իսկ  է ան, վասն զի ան միշտ, առանց հոգնելու կը քալե:

Հիսուսը ըմբռնելու համար, պետք է տառապիլ անոր անձին հետ, պետք է ամուսնանալ անոր խորին պայքարին հետ, մաքրամաքուր աչքով պետք է նայիլ անոր վրա և ընդունիլ ոչ թե այն, զոր ըսավ, այլ այն, զոր ապրեցավ ըսելու համար:

 

Ցավով ըսենք՝ Հայ Հոգվույն մեջ տվայտանք չկա:

Այս ժողովուրդը, որ ապրած է հարյուր հազար Գողգոթաներ հարյուր հազար Հիսուսներու, այս ժողովուրդը ապրած չէ երբեք ներքին, բարոյական Գողգոթա մը: Ուշագրավ է կրոնական տագնապներու փնտռումներու  պակասը մեր մեջ. ուշագրավ է նաև պակասը առաքելության և արիականության գիտակցության:

Հոն, ուր չկա հոգեկան խորին կյանք, մտածումներու բուռն պայքար, անիծյալ հարցերու անխուսափելի մրճահարումը՝ հոն արվեստ չի կրնար ըլլալ:

Արվեստը միսթիք արյունի հրճվանքն է. հրճվանքն է նաև բախտավոր տեսիլքներու (Gaudium felicissimoe visionis):

Վերքերուն սրտին մեջ անհրաժեշտորեն պիտի ծնի նշանաբանը, թե չէ՝ անէությունը կը կլանե զմեզ:

Ձյունը և Արյունը ստեղծագործության  կեդրոնն իսկ են, վասն զի առաջինը՝ նշանաբանն է անարատության, իսկ երկրորդը՝ նշանաբանն է զգայավառության գինիին:

Հիսուս մանուկ էր և ձյուն, և զգայավառություն (extase) էր ան, վասնզի կը թրթռար հրկիզված ծաղիկի թերթի մը նման:

Եվ ահա ինչու՛ համար զայն պետք է դասավորել ամենամեծ արվեստագետներու շարքին մեջ:

Բարոյագետները, փիլիսոփաները, ընկերաբանները դյուրին կերպով կարող են ըմբռնել Սուրբ Պողոսը, օրինակի համար, բայց Հիսուսը՝ երբեք: Զայն կարելի է հասկանալ միմիայն գեղագիտական համակրանքով, արվեստագետին հատուկ թափանցումով: Անոր հղացումը բանաստեղծական է. ան գույն է, երաժշտություն, գիծեր:

Արվեստ է ան:

Ուշագրավ է, որ այն ժողովուրդները, որ կը սիրեն և կը տեսնեն Հիսուսը, կը զարդարեն  զայն: Անոր վերքերը թանկագին քարերով կը փայլեցնեն և իր չարչարված մարմինը կը փաթթեն ոսկեզօծ նկարներով հեռված, գույնզգույն կտավներու մեջ:

Եվ Հիսուս, հակառակ տաժանակիր չարչարանքներուն, զորս ապրած է, կը ներկայանա  այս ժողովուրդներուն իբրև բերկրանք, ոչ թե իբրև մարտիրոս, այլ իբրև  ստեղծագործ և արվեստագետ:

 

Հիսուսի հարցը մտերմորեն կապված է, հայ ազգի մտավորական և հոգեկան ապագա կյանքի բախտին հետ*:

Համարը տանք այն արժեքներուն, զորս ունինք և միևնույն ժամանակ առանց նկատի առնելով խղճուկ խորհրդածությունները, դյուցազնական ճիգով մը գիտակցությունը ունենանք այն դատարկությանը, որ կը շրջապատե զմեզ և կը լեցնե մեր հոգիները:

Արդարև, ստրկացած, մեռած բան մը կա Հայ Հոգվույն մեջ, որուն դեմ պարտավոր ենք պայքարիլ:

Հիսուսը զոր դարերե ի վեր ընդունած ենք կարծես ձևի համար՝ գոյություն չունի ո՛չ մեր արվեստի մեջ, ո՛չ մեր գրականության, ո՛չ ժողովրդին հավատքին մեջ: Հիսուսը իբրև հայ՝ իբրև պատկեր, իբրև աստված, որ կ՚ ապրի, գոյություն չունի:

Ուստի, որպեսզի ապրինք կենդանի կյանքով, հարկ է կա՛մ վերաստեղծել զայն՝ նորեն ապրելով իր անձնական, ներքին պայքարը՝ արիական իտեալին հասնելու համար,  կա՛մ պետք է մարտնչիլ անոր դեմ, տապալել զայն, ստեղծելու համար նոր պատկերը մեր նոր հոգիին:

Վերադառնալ «հին աստվածներուն», ինչպես ոմանք տգիտորեն կը խորհին, ըսել է մնալ առանց ոչինչի, վասնզի անոնք իրավամբ հին են և մեռած: «Վերադառնալ» բառն իսկ մտային ծուլության նշան է:

Ապրիլ այն հոգեկան աղքատության մեջ ինչպես մենք կ՚ ապրինք, կը նշանակե ոճրագործել մեզի դեմ, և տիեզերական խորհուրդին դեմ: Ժողովուրդ մը, որ բարոյապես չի նորոգվիր, նոր արժեքներ չի ստեղծեր, դատապարտված է եթե ոչ մեռնելու, գոնե ապրելու ամոթալի, դիակի կյանքով մը:

Ես կը հավատամ, որ այն մտավորական ազնվականությունը, որ նոր կը ծնի, հայկական նոր արյուն մը ունի իր մեջ՝ հրդեհաշունչ և զգայավառ:

Կը հավատամ, որ շատ շուտով, նոր արվեստ որոնելու ուղիին մեջ, ան պիտի հանդիպի կնճռոտ, բայց անհրաժեշտ կրոնական հարցերուն և իր վերածնության տաճարի մեջ պիտի ընդունի աստված մը, որ կ՚ ապրի  և կը մղե ստեղծելու:

Հիսուսը զոր կը սիրեմ, թող ներե ինծի: Չէի ուզեր զայն տեսնել գունատ և աղքատ, ինչպես կներկայնա մեզի: Գիտեմ, որ ան  պիտի նախընտրեր երկրորդ Գողգոթա մը, քան թե այն անգույն կյանքը, զոր կը վարե Հայ հոգվույն մեջ:

Ես կը զգամ ՝ Հիսուս Նազովրեցին կ՚ արդարացնե զիս:

 

* Անշուշտ մեր թանձրամիտները paradoxsal և «անհասկանալի» պիտի գտնեն իմ գաղափարներս: Անոնց համար չէ գրված այս հոդվածը, այլ այն փոքրամասնության համար, որ լրջորեն կխորհի Հայ արվեստի ապագային վրա:

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք