Հայը

Հեղինակ:

20141709181232581

Նկարագրի անկախություն՝ ահա էականը, երբ պակասում է դա, ասել է՝ պակասում է այն անփոխարինելին, առանց որի ժողովուրդները ուրույն մշակույթ չեն ստեղծում:

Ժողովուրդների ճակատագրի աստղը պետք է փնտրել ոչ թե երկնքի վրա, այլ նրանց կրծքի տակ՝ նրանց նկարագրի մեջ: Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տվյալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմությունը: Ժողովրդի ոգին է նկարագիրը, որ ենթական արտահայտում է իր հոգևոր ստեղծագործության միջոցով:

Ամեն նկարագիր իր հիմնական գիծն ունի, որը նրբերանգավորում ու շեշտում է ենթակայի հատկությունները և իշխում նրանց վրա:

Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:

-Լրջությունը, հայի մտավոր և բարոյական լրջությունը, որն ամեն բանից առաջ ծանրախոսություն է ենթադրում:

Խոսքիս ճշմարտությունը վճռապես հաստատում են՝

-Հայ ժողովրդի գործերի հազարամյա վկան՝ իր պատմությունը և իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը  խոր հարգանք են պարտադրում:

-Իր հեթանոս Աստվածները, որոնց նա օժտել է բարձր հոգեգծերով:

-Վերջապես, իր ինքնուրույն ճարտարապետությունը, որի կոթողները՝ շեն, թե կիսավեր, նմանվում են հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած՝ ձեռն ի ծնոտ՝ կարծես աշխարհի բաներն են խոկում:

-Այո, լուրջ է հայը՝ մտաբարոյապես:

-Եվ հենց այդ բախտորոշ հոգեգծով էլ պայմանավորվեց իր սեփական ճակատագիրը:

 

Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներհատուկ է տառապանքը: Բոցից, երկնքից չէ լոկ կեցության ուրախությունը: Հայի համար՝ աշխարհի հետ հաշտ ու խաղաղ լինելու համար բավական չէ կուշտ լինելը:

Ժողովուրդներ կան, որ կյանքն ու աշխարհը ընդունում են այնպես, ինչպես որ նրանք կան առարկայորեն:

Իր էության բերումով հայն իր գոյությանը հաղորդում է որոշ սրբազանություն և նպատակ՝ ձգտելով իմաստավորել և կատարելագործել այն:

Հայն իդեալի ժողովուրդ է, իսկ իդեալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացություն, ոգու կարոտ:

Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև կատարելագործելու, բարեշտկելու այն՝ ահա հայի աշխարհըմբռնումը, էթիկական բարձր հասկացողությունը, որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա՝  կանխելով գրեթե իր բոլոր հարևաններին:

Հայը հավասարապես տառապում է ոչ միայն իր գոյության ծանրածանր պայքարի առթած ցավից, այլև աշխարհի և մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից:

Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել և պետք է, որ լինի:

Մհերը՝ հայկական էպոսի հերոսը, հիմա ինքը հայ ժողովուրդը, մերժում է գոյություն ունեցող աշխարհակարգը՝ լավագույնի պահանջ զգալով և առաջադրելով:

/հատվածներ/

 

 

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք