Հայաստան. Իրական առասպել, պատմական իրողություն

20142309152604220

Կա Հայաստան: Կա պատմական Հայաստան: Կա ժամանակակից Հայաստան: Կա իրական Հայաստան: Իհարկե, կա նաև Վահան Տերյանի Հայաստանը՝ հոգևոր, Քոչարյանի Հայաստանը՝ ոստիկանական, Սփյուռքահայի Հայաստանը (Պարսկահայաստան, Թուրքահայաստան, Ռուսահայաստան): Իհարկե` Անկախ Հայաստան: Եվ այդ բոլոր Հայաստանները նայում են մեզ աշխարհի բոլոր ծագերից ու օրնիբուն, քուն թե արթուն մեզ հալածում բոլոր այն տեղերից, որտեղ երբևէ եղել ենք և քշում բոլոր այն հեռաստանները, որտեղ երբևէ չենք եղել:

Պատմականը հուզվելու չափ խնամված է: Գուրգուրելի, ինչպես մանկական գլուխ: Խորենացուց մինչև Չամչյան սրբագործված, որտեղ Նոյից Հայկ, Հայկից Հիսուս խոսում են հայերեն: Այն հարմարեցված  է ազգային մեր բոլոր բարդույթներին.  պատմությունը կոթող է և ոչ գիտակցություն և այլևս խնամքի կարիք չի զգում, ուստի ամենասիրելին է: Այն մեծ է, հերոսներով, նահատակներով, ճանաչված դավաճաններով առատ: Եդեմ, որտեղից միմիայն մենք ենք վտարված, սակայն առանց առաջին մեղքի գիտակցության: Ժամանակակից Հայաստանի բնակչության ավելի քան իննսուն տոկոսը դեռ ապրում է պատմական Հայաստանով: Դեռ լավ է, որ տասը տոկոսը ապրում է իրական Հայաստանում: Սովորաբար, պատմականում ապրողները հեթանոսներ  են:

Ժամանակակից Հայաստանը պատմականի ոչօրինական ժառանգորդն է: Նա մի ճակատամարտ է շահել և չգիտի, թե դրանից հետո ինչ են անում: Բայց որովհետև գիտի, թե մեծ պարտություններից հետո ավանդաբար ինչ է անում. շարունակում է ողբալ: Ողբը մեր դերասանության սահմանն է: Այն մեր ճարտարապետությունն է, քարացած երաժշտությունը: Ժամանակակից Հայաստանի պետական լեզուն քաղաքական գործիչների անընդօրինակելի և հեռուստաալիքների ու փողոցային երգերի  հայերենն է: Երկրի մայրաքաղաքում բարձրանում են երկու տասնյակ հարկերով շենքեր, որ բնակչությանը բաժանում են աղքատների և հարուստների… Հարուստները քիչ, աղքատները՝ շատ: Շենքերից ամենացածրը ստվերում է օպերան և անիմաստ դարձնում նրա գոյությունը: Ժամանակակից Հայաստանում այդպես ավելորդ է դառնում ամեն ինչ. իրավական համակարգը՝ ինչի՞ համար, երբ կարելի է գլուխ հանել առանց դրա, մշակույթը՝ ինչի՞ համար, երբ այդքան թատրոններ ու երգիչներ կան, դպրոցը՝ ինչի՞ համար, երբ դասատուներից շատ կրկնուսույցներ կան, գիտությունը՝ ինչի՞ համար, երբ աշխարհում այդքան գիտնականներ կան, գյուղացիությունը, ինչի՞ համար, երբ կարելի է մայրաքաղաքում կով պահել, պրոլետարիատից մնացել են միայն վարորդները, որ երգի իրենց ճաշակով ահաբեկում են ուղևորներին, եկեղեցին՝ ինչի՞ համար, երբ Աստծուն հայհոյողները շատ ավելի հարգի են, քան Նրան հավատացողները:

Իրական Հայաստանը ոչ ոք չի սիրում: Նա աղքատ ազգականն է հարուստի: Նման վաղեմի փայլը կորցրած գեղեցկուհու, որի ներկայությունն այլևս չի  անհանգստացնում, իսկ բացակայությունը արթնացնում է չափազանցված հիշողություններ՝ ամենևին չամոքելով անցյալը և չսփոփելով ներկան: Պատմական Հայաստանի նկատմամբ ունեցած սերը հակադարձ համեմատական է իրական Հայաստանի նկատմամբ ունեցած սիրուն. որքան սիրում են պատմականը, նույնքան չեն սիրում իրականը: Այդ սերը ինչ-որ տեղ նման է սփյուռքահայի սիրուն. հեռվից այն հայրենիք է, տեղում՝ վշտի անփարատելի ծով, ուստի հարկ է երթալ՝  մեզ թողնելով իրական Հայաստանը, այսինքն՝ մենակությունը:

Ի վերջո, պատմությունը մեջբերման համար է և ոչ հաստատման: Պատմության դասերը չափազանց շատ են, որպեսզի դրանցից մեկը կարողանանք սովորել: Եվ անհնար է սերտել, որովհետև մեր ցանկությամբ մեզ դուրս ենք դրել պատմությունից: Եվ այդ պատճառով պատմական Հայաստանի հինավուրց  գոյությունը սնանկացնում է իրական Հայաստանը:

Սովորաբար, կախված այն բանից, թե ինչ ենք մտածում պատմության մասին, ճշտվում են մեր հնարավորությունների սահմանները: Երբ պատմությունը օգտագործվում է քարոզչական նպատակներով, այն ընկալվում է որպես սուտ պատմության մասին, քանի որ նպատակը միշտ էլ ժամանակի միջով ճամփորդություն է՝ բոլոր անակնկալներով:

Պարտադիր չէ վերջի մասին պատկերացում ունենալ, որպեսզի այն հնարավոր լինի: Ազգային պատմությունը ՙհիվանդանոցի պատմության մեկ մասը կը կազմե՚, սա արդեն ես չեմ ասում, այլ Հակոբ   Պարոնյանը: Կլինիկական այս վիճակը գրեթե ելք չի թողնում ապաքինման: Եվ նիհիլիզմը հաղթարշավում է մեր հոգիների և մեր մեր մտքերի երաշտացած դաշտերում: Որքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ այս հողում, գրում էր մեզնից ամենաչհուսահատվողը՝ Թումանյանը, երբ մենակ չէ:

Կուռքերը, որոնցով բռնված է մեր ոգին, լինում են կամ ձեռքբերովի, կամ բնածին: Ձեռքբերվածները մարդկանց մտքերում բնակություն են հաստատում կամ փիլիսոփաների կարծիքներից ու ուսմունքներից, կամ ապացույցների կեղծ օրենքներից: Բնածինները գալիս են բանականության բնույթից, որը ավելի է հակված մոլորության, քան զգացումները: Իսկապես, մարդիկ որքան էլ ինքնագոհ լինեն, մի բան անկասկած է. առաջին երկու կուռքերը արմատախիլ անելը դժվար է, իսկ վերջինները ամենևին հնարավոր չէ: Մնում է միայն մի բան՝ նկատել դրանք, մերկացնել մտքին թշնամի այդ ուժերը, որպեսզի այնպես չլինի, որ հին կուռքերի ոչնչացումը ծնի նոր մոլորություններ…

Կա Հայաստան, որի չափերով այնպիսին է, որ երբ ուզես, կարող ես  հետդ վերցնել, ինչպես գրում է բանաստեղծը:

Հայաստան, որի կյանքը տրվում է մեկ անգամ և այն էլ ամենաանհարմար պահին:

 

Անդին 7, 2013

Կարծիքներ

կարծիք