Հայաստանից չհեռանալու բանաձև

20142609131541405

Հայաստանում առկա խնդիրների մասին խոսում, քննարկում են բոլորը: Դրանք բոլորին են հայտնի, ոչ ոք էլ չի թաքցնում, որ կան ու շատ են:

Անթիվ են նաև քննադատությունները դրանց շուրջ: Քննադատել, իհարկե, կարող են բոլորը: Սակայն քննադատությունները լոկ սին խոսքեր են, որոնք ոչ մի խնդիր չեն լուծում: Ավելին, մարդկանց հույս տալու, լուծումներ առաջարկելու փոխարեն հուսահատության են հասցնում, մղում երկրից հեռանալուն:

Ինչ խնդիր է արտագաղթը Հայաստանի համար և ինչքանով է վտանգավոր՝ լուսաբանելու կարիք, իհարկե, չկա: Որ արտագաղթում են կարիքից դրդված՝ դա էլ է հայտնի: Արտագաղթը, սակայն, ոչ թե պատճառ է, այլ հետևանք, հետևանք փոխկապակցված ու երկար գործընթացների, որ հասունանում ու հասնում են գագաթնակետին տարիների ընթացքում:

Ինչպես արդեն նշեցինք, բոլոր գործընթացները փոխկապակցված են, և շատ բան կախված է մարդու կրթությունից, մտածելակերպի ձևավորումից: Մտածելակերպը պետք է ձևավորվի ոչ միայն տանը, ընտանիքում, մերձավոր բարեկամների նեղ շրջանակում, այլ պետք է արվի նաև պետական մակարդակով: Ընտանեկան դաստիարակությունը մարդուն դարձնում է պատասխանատու ընտանիքի հանդեպ, իսկ պետականը, համապատասխանաբար, պատասխանատու պետք է դարձնի նաև երկրի նկատմամբ:

Հայրենիքին պարտքը մատուցելը մեր երկրում սովորաբար համարվում է բանակում ծառայելը: Երբ պահը մոտենում է, շատերը հարցնում են՝ հայրենիքին ծառայե՞լ… իսկ ի՞նչ է արել հայրենիքն ինձ համար: Այնինչ կարող էին հարցնել նաև՝ ե՞ս ինչ եմ արել հայրենիքիս համար: Մարդը, ով պատրաստվում է կյանքի երկու տարին ծառայեցնել ինչ-որ նպատակի, նույնիսկ վեհ նպատակի, միանգամայն իրավունք ունի իմանալու՝ ինչի համար: Երբ չի հնչում որոշակի համոզիչ պատասխան, երբ փոխարենը ոչինչ չես ստանում, երևույթն ընկալում ես որպես քեզ շահագործելու միտում: Այդ պատճառով շատերը խուսափում են բանակից: Խուսափում են տարբեր ձևերով՝ սկսած բուհ ընդունվելուց, ընդհուպ հայրենիքից հեռանալը: Բոլորին հայտնի, կարևոր, բայց և ծեծված հարց է, որի լուծումը կարծես չի գտնվում:

Մարդն իր գործը լավ է անում, երբ ունի շահագրգռվածություն: Վախեցած ու ընկճված մարդը երբեք չի կարող անել այն, ինչ կանի մեկը, ով ունի ցանկություն և հետաքրքրություն: Ներկայի գործազրկության պայմաններում զինծառայողը, նույնիսկ նվազագույն վարձատրություն ստանալու դեպքում, դժվար թե խուսափեր ծառայությունից: Ծառայությունն էլ չէր ընկալվի այնպես, ինչպես հիմա՝ հարկադրանք: Կառաջանա պատասխանատվության, գնահատված և պահանջված լինելու զգացում, աշխատանքը շարունակելու ցանկություն: Սա կարող է հետագայում դառնալ արհեստավարժ բանակ կազմավորելու նախաբան: Այսինքն՝ կլուծվի միանգամից մի քանի խնդիր:

Մեր հասարակության մտածելակերպն այնպիսին է, որ յուրաքանչյուրը ձգտում է ստանալ բարձրագույն կրթություն: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով՝ մեր քննարկման խնդիրը չէ: Խնդիրն այն է, որ մեզ մոտ կրթությունը չի ծառայում իր նպատակին՝ համապատասխան աշխատանք գտնելուն: Կրթություն ստանալու համար բավական ջանք ու եռանդ, տարիներ, միջոցներ են ծախսվում, որոնք պետք է վերադարձվեն աշխատանքի միջոցով: Այստեղ շատ կարևոր դեր կարող է խաղալ պետությունը: Օրինակ՝ գոնե պետպատվերով սովորող ուսանողներին ուսման ավարտից հետո ճիշտ կլինի, որ աշխատանքով ապահովի պետությունը՝ պետական մարմիններում:

Ինչ վերաբերում է մասնավոր հիմնարկներին կամ առհասարակ Հայաստանի աշխատաշուկային, մտածելակերպ փոխելու լուրջ խնդիր կա: Նախ՝ բուհը նոր ավարտած երիտասարդը, բնականաբար, չի կարող ունենալ աշխատանքային փորձ, հետևաբար անտրամաբանական է աշխատանքի ընդունելիս փորձ պահանջելը: Փոխարենը կարելի է կարճ, թեկուզ ցածր վճարվող փորձաշրջան սահմանել և պարզել՝ արդյոք անհրաժե±շտ է նման աշխատող: Այսպիսի քաղաքականությամբ կարելի է սեփական որակյալ կադրեր պատրաստել: Իսկ միանգամից հանճար պահանջելիս գործատուները պետք է նախ պատրաստ լինեն համապատասխանորեն վարձատրել, այլապես նման մասնագետները, արտասահմանում ստանալով անհամեմատ բարձր աշխատավարձ, հեռանում են երկրից: Պետության միջամտությունը, որոշակի չափանիշների սահմանումը կարող է լուծել այս գերխնդիրը Հայաստանում:

Ֆինանսավորելով իրոք տաղանդավոր երիտասարդների գիտական աշխատանքները՝ բնական պաշարներով ոչ այնքան հարուստ մեր փոքր երկիրը հնարավորություն կունենա  գիտության արտադրությամբ լրացնելու բնության բացթողումները և, իհարկե, սեփական ուղեղներին կպահի երկրում:

Բնակչության թիվն ավելացնելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին: Շատ կարևոր է օժանդակել երիտասարդությանը բնակարան ձեռք բերելու հարցում: Երեխա ունենալու համար պետք է ապահովություն: Նորածնի մայրը, պարզ է, որոշ ժամանակ աշխատել չի կարող. հետևաբար՝ երեխայի ծնվելու ժամանակ տրվող միանվագ չնչին գումարի փոխարեն անհրաժեշտ է ամենամսյա նպաստ նշանակել ընտանիքներին, որտեղ կա նորածին, այնքան ժամանակ, մինչև մայրը կարողանա աշխատել: Թե որքան պետք է լինի այդ ժամկետը, կսահմանի պետությունը: Նման նպաստը որոշ չափով կապահովի գոնե երեխայի ծախսերը, ինչն էլ, իր հերթին, զգալիորեն կօգնի նորաստեղծ ընտանիքին:

Գյուղացին, որը երկրից հեռանալու պատճառ է նշում չմշակվող, անպտուղ հողը, կարող է անել իր գործն իր երկրում, այլ ոչ թե մեկնել արտասահման ստրկական աշխատանքի: Օրինակ՝ պետության աջակցությամբ կարելի է բնակեցնել Արցախի գրեթե չբնակեցված վայրերն ու մշակել հայկական բերրի հողերը:

Պետության քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ նրա որևէ որոշում բնակչության որոշակի զանգվածների մեջ չառաջացնի պետությանը հակադրվելու հակում: Հատկապես վերջին շրջանում նկատելի է, որ ամեն ոք, ով չի ալարում, իրեն քաղաքագետի տեղ է դնում, ցանկանում որոշումներ կայացնել պետության, պետական գործիչների փոխարեն: Սա հետևանք է անհրաժեշտ տեղեկատվության, պետական քարոզչության, արժեքների սերմանման պակասի: Մարդը, ով չի զ•ում պետության աջակցությունը, ով կյանքում չի գտնում իր տեղը, լքված ու անտեսված լինելու զգացումից սկսում է ցանկացած՝ տեղի, թե անտեղի առիթի դեպքում հակադրվել պետությանը, փորձում է ինչ-որ կերպ ինքնահաստատվել, կայանալ: Յուրաքանչյուր պայքար, եթե կա դրա կարիքը, պետք է լինի կառուցողական և լուծումնային, այլապես վերածվում է քաոսի, որը շտկելը շատ ավելի դժվար է, քան կանխելը:

Բարձրաձայնված խնդիրները երիտասարդության շրջանում ամենահաճախ քննարկվող և մտահոգիչ հարցերից են:

Վերոնշյալ և ցանկացած այլ ոլորտներում պետության շունչը թիկունքին զգացող խելամիտ քաղաքացին դժվար թե ցանկանա հակադրվել պետությանը կամ լքել մի երկիր, ուր ծնվել ու մեծացել է, որտեղ գնահատված և պաշտպանված է:

Անդին  9, 2013

Կարծիքներ

կարծիք