Համազգեստ կրելու իրավունքով

ԼուսանկարՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյան

Իմ ճանաչած բանակը

Կազմավորման առաջին օրվանից բանակի հետ եմ և բանակում: Երբ Վազգեն Մանուկյանը նախարար էր, հեռուստատեսությունում նամակ ստացանք, թե բանակ ժամանակավորապես մի մասնագետ ուղարկեք… Եղավ այնպես, որ գնացի բանակ, և քսան տարի տևեց այդ  «ժամանակավորապեսը»: Հիմա կրկին վերադարձել եմ հեռուստատեսություն:
Մեր բանակը սիրել է պետք: Այն ծնվեց ազատագրական պայքարի բովում. զուգահեռաբար և՛ կառուցվեց, և՛ պատերազ մղեց, և՛ շատ կարճ ժամանակահատվածում կայացավ: Ոչ մի երկրի բանակ այդքան կարճ ժամանակահատվածում կայացման այս մակարդակին չի հասել: Մի ապշելու բան. խորհրդային երկրի փլուզման ընթացքում քանդվեց ամեն ինչ` և՛ տնտեսությունը, և՛  համակարգը…  մի բան, որ վստահաբար կառուցվեց, բանակն է:
Այո, բանակում լինում են դեպքեր, բայց դրանց բոլորի հետևում կոնկրետ անհատներ են, և չի կարելի ընդհանրացնել. երկու տղայական խոսք, պատահական կրակոց… և զոհ:
Դուք պատկերացնո՞ւմ եք` 1300 կմ սահման ունենք, և այդ սահմանին զենքով կանգնած զինվորներ են. մեր ամբողջ բանակը խրամատային բանակ է` ի տարբերություն այլ երկրների: Այսպիսի բան ոչ մի երկրում չկա, որ ամբողջ բանակը հիմնականում  խրամատում լինի ու առաջին գծում, մենք  հետնապահ զորամաս գրեթե չունենք. բոլորը դիրք են պահում, և բոլորը զինված են, բոլորը քսանչորս ժամ հերթապահության են: Դե թող մեղադրողներն ու քննադատողները պատկերացնեն…
Դեպքեր բոլոր բանակներում էլ լինում են: Օրինակ, Ադրբեջանում ավելի շատ են նման դեպքերը, բայց… թաքցնում են:

Բանակը` ուշադրության կենտրոնում

Այսօր, երևի, մեր բանակից ավելի բաց կառույց չկա, ո՛չ նախագահականում, ո՛չ կառավարությունում ազատ  ելումուտով այս քանակի լրագրողներ չեն հավատարմագրվել: Մի քանի տարի առաջ բանակի նկատմամբ հետաքրքրությունը այնքան էր մեծացել, որ մոտ վեց հարյուր լրագրող ունեինք հավատարմագրված:
Բայց հեռուստաալիքները շատ պասիվ են.  բանակի մասին հաղորդումեր չկան, մամուլում մշտական էջեր չունենք: «Զինուժ» և «Մարտիկ» հաղորդաշարերն են միայն, որ տարիներ շարունակ եթերում են:
«Մարտիկ» հաղորդաշարը սկսեցինք 2004 թ-ի ապրիլի 7-ին` Կանանց տոնի առթիվ, և այդ օրը կազմակերպեցինք մայրերի հանդիպումը զինվորների հետ: Ի դեպ, «Անդին» ամսագիրը բանակին նվիրված մշտական խորագիր ունի, և ինձ շատ ուրախացնում է այս փաստը: Ցանկալի կլիներ, որ այս օրինակին մյուս պարբերականներն էլ հետևեն:

Ուժը զենքով չէ միայն…

Մի բան է զենք ունենալը, այլ բան՝ կիրառելը: Ադրբեջանը նոր զենքեր է ձեռք բերել: Ես համոզված չեմ, որ ադրբեջանցիները կարող են գործադրել այդ զենքը: Բայց մի բան պետք է ասեմ. այնպես չէ, որ դրա համարժեքը մենք չունենք: Իսկ ընդհանրապես, իհարկե, այս հանգամանքը մտահոգիչ է: Սակայն հիշենք, որ մենք էլ ունենք հակազդող զենք և ավելի շուտ ունեինք, քան նրանք: Նորագույն հարձակողական զենք է, և ես համոզված եմ, որ այդ զենքը չեն էլ փորձի կիրառել, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունն այնքան էլ հիմար չէ, որ պատերազմ սկսի… Կխոսեն, մատ թափ կտան… Ի վերջո, կա մի պարզ ճշմարտություն, որ հարձակվող կողմն առնվազն մի հինգ անգամ ավելի ուժեղ պիտի լինի: Բայց ուժեղ լինելը զենքով չէ միայն, ամբողջ տնտեսությունը պիտի պատրաստ լինի, ժողովուրդը՝ հոգեբանորեն:
Պատրա՞ստ է այսօր Ադրբեջանը պատերազմի… Եթե Ադրբեջանը մեկ վայրկյան անգամ վստահ լիներ, որ ինքը պատրաստ է, անմիջապես կսկսեր: Որքանո՞վ են համոզված, որ պատերազմի հաջորդ օրը «Բաքու-Ջեհյանը»  չի պայթելու, համոզվա՞ծ են, որ մենք արդեն ականապատած տարածքներ չունենք: Մենք մեր տունն ենք պահում. նրա՞նք ինչ են ուզում, ի՞նչ ունեն այստեղ: Ի՞նչն են գալիս գրավեն. մենք մեր հողն ենք ազատագրել ու պահում ենք, նրա՞նք ինչն են ազատագրում: Գուցե թե ազատագրելու բան ունենային` ոգին չզիջեր մեր բանակի ոգուն, բայց… չունեն:

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք