Կրթությունը կատարելագործելու ճանապարհները

Լուսանկար

Նախ պարզենք, թե կրթության մոդել ասվածը ինչ բաղադրիչներ պետք է ունենա, և որքանով են դրանք կարևորվում Հայաստանում: Մենք ուղղություն ենք վերցրել դեպի եվրոպական կրթական համակարգ, սակայն պետք է խոստովանենք, որ այդ համակարգից այսօր բավական հեռու ենք: Գործի բերումով ես հաճախ եմ լինում եվրոպական բուհերում, և, իմ դիտարկմամբ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Ընդհանրապես կրթության մոդելի մասին խոսելիս պետք է հասկանանք՝ ունե՞նք այսօր այն գիտելիքահեն կրթությունը, որն անհրաժեշտ է:

Դասավանդելով Երևանի պետական համալսարանում և անմիջական մասնակցություն ունենալով կրթական գործընթացին՝ կասեմ, որ մենք ուղղակի անորոշության մեջ ենք: Նախ՝ մեր ուսանողները լեզու չգիտեն, իսկ առանց օտար լեզվի իմացության անհնար է խոսել որակյալ կրթության մասին: Կրթությունն առաջին հերթին, իմ պատկերացմամբ, արտահանվող ապրանք է: Այն մասնագետը, որը տեղյակ չէ աշխարհում իր մասնագիտության բնագավառում տեղի ունեցող փոփոխություններին, վերջին նորույթներին, կարելի է ասել, որ ոչինչ չի անում: Այսինքն՝ մեր կրթության բովանդակության և գործընթացի միջև կա խզում: Պետք է հասկանալ՝ մենք ի՞նչ ենք ուզում, ի±նչ նպատակ ենք դնում մեր առջև: Բոլոնյան գործընթացը, որով առաջնորդվում ենք, իր առջև նպատակ է դնում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետներ պատրաստել: Այսօր քայլ առ քայլ առաջ ենք գնում, սակայն ընթացքը բավարար լինելուց շատ հեռու է, թռիչք է պետք: Մենք դեռևս ուրախանում ենք, որ մեր բուհի դիպլոմը ընդունում են այսինչ երկրում, բայց չէ՞ որ կան շատ հեղինակավոր բուհեր, որոնք չեն ընդունում մեր դիպլոմները, նշանակում է՝ մենք խնդիր ունենք: Որո±նք են ճանապարհները: Իհարկե, կրթությունը գումար է պահանջում, իսկ այսօր հատկացվածը միայն գոյատևման համար է: Երկրորդ՝ ուսանողները պետք է մասնագիտական թարմ գրականությանը ծանոթանալու հնարավորություն ունենան: Մենք այսօր այդ հնարավորությունը չունենք՝ մի քիչ ինտերնետ, մի քիչ գրականություն… Սա բավարար չէ:

Որքան էլ գովաբանենք մեր կրթական համակարգը, այն կանգուն է մնացել և շարունակում է մնալ շնորհիվ կրթության հանդեպ հակում ունեցող մեր ազգային տեսակի: Տեսեք, պարադոքս է. այստեղ հայ ուսանողները և երիտասարդ գիտնականները իրենց չեն կարողանում դրսևորել, բայց երբ միջազգային ասպարեզ են դուրս գալիս, զարմացնում են իրենց կարողություններով: Ամբողջ հարցը հնարավորություններն են, այնտեղ հնարավորություններն անսահմանափակ են: Նրանք միայն լեզու սովորելուց հետո են մտնում կրթական համակարգ, այսինքն՝ լեզուն նպատակ չէ, այլ միջոց, գործիք մասնագիտությանը լիարժեք տիրապետելու ճանապարհին:

Մենք ունենք պատկառելի գիտական գրականություն, բայց չունենք արտահանում: Ես վերջերս մասնակցում էի եվրոպական պատմաբանների հավաքին, և այնտեղ ինձ դանիացի մի պրոֆեսոր հարցրեց՝ ո՞րն է ձեր մայրաքաղաքը և խնդրեց պատմել Ցեղասպանության մասին: Այսինքն՝ մենք ունեք ահռելի քանակությամբ գրականություն, բայց հայերեն: Մենք պետք է թարգմանենք այդ գրականությունը և արտահանենք, որպեսզի աշխարհը տեղյակ լինի, հաղորդակցվի մեր պատմագիտական գրականությանը:

Կրթության որակի բարձրացման հետ կապված մենք ոչ թե համակարգի փոփոխության, այլ համակարգը հարստացնելու խնդիր ունենք: Ես հնացած եմ համարում դասախոսությունների համակարգը. իմ ուսանողներին նախ ներկայացնում եմ դասագիրքը, այնուհետև իմ տեսակետը և ծանոթացնում եմ մասնագիտական նորույթներին: Գիրքը կարող է լինել որպես պարտադիր գրականություն:

Մենք շատ քիչ ենք միջազգային գիտաժողովներ կազմակերպում, պետք է հաճախ լինեն այդպիսի գիտաժողովները, մեզ պակասում է լայն մտահորիզոնը: Միայն Խորենացու պատմագիտական սկզբունքներով մենք պատմագիտությունը չենք զարգացնի: Տեսեք, արտասահմանում հայագիտության հանդեպ հետաքրքրություն կա: Ինչո՞ւ, որովհետև իրենք իրենցն արդեն ավարտել են, հիմա նրանց հետաքրքրում է նաև մյուսներինը: Մենք ավելի շատ շեշտը դնում ենք մեր պատմագիտության դպրոցների ուսումնասիրության վրա և այդպես էլ մնում մեր անկյունում, իսկ կրթությունը և գիտությունը սահմաններ չեն ճանաչում:

Ամփոփելով կրկնեմ՝ առաջին հերթին կարևորում եմ լեզուների իմացության հարցը. այսօրվա չափանիշներին համապատասխանելու  համար մեր ուսանողները, ինչպես նաև դասախոսները փորձի փոխանակման նպատակով պիտի ավելի հաճախ դուրս գան երկրից՝ վերապատրաստման: Երևանի պետական համալսարանը ունի տասներկու հազար ուսանող, բայց այդքանից երկու հարյուրն է դուրս գնում, սա շատ քիչ է: Մի դեպք պատմեմ. Գերմանիայում մի հայ ընտանիքի հանդիպեցի, նրանց դուստրը Երևանում ավարտելով միջնակարգ դպրոցը՝ բարձրագույն կրթությունը ստացել էր Գերմանիայում, և այդ օրիորդը ուշագրավ բան ասաց, թե պարտական է Գերմանիայի կառավարությանը, որովհետև նա բոլոր հնարավորություններն ընձեռել է իր լիարժեք կրթության համար, ինքը եղել է աշխարհի տարբեր երկրներում:

Այսօր մենք հաճախ մեղադրում ենք ուսանողին, բայց դասախոսն ինքը շատ գործ ունի անելու, որովհետև անցել են այն ժամանակները, երբ քսան տարի առաջ մի կուրս են մշակել ու քսան տարի նույն դասախոսություններով և նույն գրքերով այսօր էլ դասավանդում են: Այդկերպ նրանց դասախոսությունը ներածական դասախոսություններից այն կողմ չի կարող անցնել, որովհետև յուրաքանչյուր տարի փոփոխություններ են տեղի ունենում, դասախոսը պետք է ուսանողներին հաղորդակից դարձնի մասնագիտության վերջին նորույթներին:

 

Անդին 6, 2013

Share

Կարծիքներ

կարծիք