Խրամատ

Հեղինակ:

Լուսանկար

Դավիթ Ջամալյան

ռազմական փորձագետ,

հոգեբանական գիտ. թեկնածու

 

 

2004-ին առաջին անգամ պատիվ ունեցա լինելու մարտական հենակետում: Առաջին տպավորությունս այն էր, որ մենք՝ Երևանում բնակվողներս, չգիտենք, թե ինչ ասել է խրամատ, չգիտենք, թե ինչ է կատարվում պետական սահմանին, չգիտենք, թե ինչ գնով է ձեռք բերվում խաղաղության ամեն հերթական օրը: Խրամատից վերադառնալուց հետո երևանյան սովորական իրականությունն ինձ թվաց մի թմբիր. թմբիր, որտեղ կար անտեղյակություն, անտարբերություն, թմբիր, որտեղ չկար զգոնություն:

Այսօր հայոց պետությունների սահմանն Ադրբեջանի հետ ուրվագծված է խրամատով: Այդ խրամատը բաժանում է 42 հազար կիլոմետրանոց հայապատկան Հայաստանն այն Հայաստանից, որ դեռ վաղն է լինելու հայապատկան: Այդ խրամատը մեր իրականությունն է, մեր առօրյան ու վաղվա օրը. այդ խրամատը բաժանում է մեր՝ հայոց արժանապատիվ գոյությունը չգոյությունից: Ուստի այսօր առավել քան երբևէ կարիք ունենք ճանաչելու այդ խրամատը, բացահայտելու խրամատի հերոսին: Ուզո՛ւմ ենք խաղաղ ապրել, ուրեմն պե՛տք է գիտակցենք խաղաղության գինը:

Մեզանում կարծիք կա, թե տասնութ տարեկանն ի՞նչ զինվոր: Մինչդեռ հենց այդ՝ տասնութ տարեկան երիտասարդն է խրամատի հերոսը: Փաստ է, որ վերջին տարիներին թշնամու տասնյակ դիվերսիաների մեծ մասը ձախողողները տասնութ-քսան տարեկան ժամկետային զինծառայողներն են եղել: Նրանք են ընդունել առաջին հարվածը, կասեցրել դիվերսիոն խմբերի առաջխաղացումը: Փաստ է, որ վերջին տարիներին թշնամու և ոչ մի դիվերսիոն խմբի չի հաջողվել գրավել հայկական հենակետ: Մի քանի տասնյակ դիվերսիոն գործողություններից մի քանիսի դեպքում է միայն թշնամուն հաջողվել ներխուժել մեր հենակետեր, բայց ամրանալ չի հաջողվել: Մերոնք կա՛մ դուրս են շպրտել թշնամու դիվերսանտներին, կա՛մ տեղում ոչնչացրել բոլորին: Այդպես է, քանզի խրամատը զինվոր է կայացնում: Բանն այն է, որ արդեն մեկ-երկու մարտական հերթափոխից հետո ժամկետային զինծառայողը հարմարվում է խրամատային իրականությանը, առաջին հերթին՝ թշնամուց բխող վտանգին: Թշնամու անկանոն կրակոցներն ընկալվում են իբրև սովորական մի բան: Այդ այստեղ՝ թիկունքում է «հրադադարի ռեժիմի խախտում» ասվածն ընկալվում իբրև ահարկու մի բան: Խրամատի զինվորի համար այդ անկանոն կրակոցները ոչինչ են: Իսկ որպեսզի թշնամու ոտնձգություններից մեր դիրքապահ զինվորը լինի առավելագույնս պաշտպանված՝ անցյալ տարի պետական սահմանի ողջ երկայնքով կատարվեցին լրացուցիչ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ: Արդյունքում ձևավորվեց հակադիվերսիոն պաշտպանության համակարգ, և այսօր թշնամու դիվերսիոն խումբն անկարող է աննկատ մոտենալ մեր հենակետերին: Իսկ դիվերսիոն խմբի ոչնչացման նախապայմանը ժամանակին նկատելն է: Այսպիսով այժմ հայ զինվորը սահմանը պաշտպանում է՝ ինքը հուսալիորեն պաշտպանված:

Թշնամու դիվերսիան ձախողելը խրամատային իրականության կողմերից մեկն է միայն: Թերևս շատ ավելի կարևոր են կանխարգելիչ և պատժիչ գործողությունները: Ահա այստեղ է, որ անհրաժեշտ է հիշել մեր հրամանատարներին և պայմանագրային զինծառայողներին: Այս մարդկանց գործողություններին բնորոշ է հանդգնությունը: Հենց հանդգնության շնորհիվ է, որ թշնամու տասնյակ ձախողված դիվերսիաների կողքին ունենք նաև նույնքան կանխված դիվերսիաներ և պատժիչ գործողություններ: Հատկանշականն այն է, որ այդ գործողությունները  շատ հաճախ անձամբ ղեկավարում են գնդի, գումարտակի հրամանատարները: Սա մեր բանակի բարոյահոգեբանական ակնառու առավելություններից է:

Առհասարակ, բարոյահոգեբանական առավելության մասին խոսելիս վտանգ կա տրվելու վերացական դատողությունների: Մինչդեռ սա նույնպես առավելագույն հստակություն ենթադրող ոլորտ է: Եվ իսկապես. թշնամու դիվերսիոն խմբերի դեմ անխտիր բոլոր մարտերն ընթացել են հետևյալ տրամաբանությամբ. առաջին հարվածն ընդունել են դիրքապահները՝ ժամկետային կամ պայմանագրային զինծառայողները, որից հետո հաշված րոպեներ անց նրանց է միացել սպայակազմը՝ որպես կանոն գնդի կամ գումարտակի հրամանատարի գլխավորությամբ: Ցավոք, այս ամենն այստեղ՝ թիկունքում, անհայտ է շատերին, ինչն էլ մեր սպայակազմի մոտ ծնում է հավուր պատշաճի գնահատված չլինելու ճնշող զգացումը: Ավելին, երբ պետական սահմանին իրավիճակը սրվում է, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն անհապաղ ժամանում է հենակետ և անձամբ տեղում վերահսկում իրավիճակը: Սա մի ավանդույթ է, որը ձևավորվել է դեռևս այն ժամանակ, երբ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն էր Սեյրան Օհանյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում խրամատն առօրյա դարձնելով՝ կայացրեց Արցախի պետական սահմանով ձգվող ներկա պաշտպանական համակարգը: Բանակի հրամանատարի հենց այդպիսի կերպարին են սովոր Արցախում՝ խրամատից ելած, խրամատով ապրող: Անգամ Ամանորի գիշերը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր ընտանիքի հետ ավանդաբար անցկացնում է խրամատում՝ զինվորի կողքին:

Դրության տեր լինելը. ահա այս տպավորությամբ ես համակվում, երբ առաջին անգամ լինում ես խրամատում: Այդպես է, քանզի խրամատում հաղորդակցվում ես ուժի հետ և քեզ ակամա զգում ես որպես այդ ուժի մասնիկ: Այդտեղ՝ խրամատում, զգում ես, որ պետք ես դիրքապահներին, պետք ես, որովհետև այդ մարդիկ «աշխարհից կտրված լինելու» զգացում չպետք է ունենան: Սեղմում ես դիրքապահի ձեռքն ու ասում՝ Շնորհակալ եմ, տղերք: Ասում ես ու զգում, որ այդ «շնորհակալ եմ, տղերքի» կարիքն այդտեղ՝ խրամատում, ունեին բոլորը՝ և՛ հրամանատարը, և՛ զինվորը:  Արդեն վերադառնալուց հետո դեռ երկար մտովի այնտեղ ես՝ խրամատում: Այդ է պատճառը, որ խրամատը բարոյապես հասունացնում և կերտում է մարդուն, ստիպում մտորել այլոց ճակատագրի մասին՝ նրանց, ում թողել ես խրամատում: Մեկ անգամ խրամատում լինելուց հետո այլևս ընդմիշտ կապվում ես այդ աշխարհի հետ:

Ինչպես այսօր, այնպես էլ վաղը մենք հարկադրված ենք լինելու խաղաղություն պարտադրել թշնամուն՝ հուսալիորեն ամրացված խրամատով անջրպետվելով թշնամու վայրենի բնազդներից: Միայն այդպիսի՝ պարտադրվող խաղաղությունն է հայոց պետականության կենսունակության գրավականը. խաղաղություն, որ ձեռք է բերվում խրամատում, ձեռք է բերվում ամեն օր: Եվ ահա այս՝ խրամատային խաղաղության հարատևության համար մենք ազգովի պետք է ապրենք խրամատով՝ հոգեպես կապված լինենք խրամատի հետ, ճանաչենք խրամատի հերոսին, պատրաստ լինենք պահել  խրամատը՝ քաղաքական պատնեշներ չստեղծելով մեր ներսում՝ իրար դեմ…

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք