Խրամատային ճշմարտություն

Լուսանկար

Դիրքեր ենք բարձրանում: Ահա առաջին հենակետը, հետո մյուսը, մեկ ուրիշը, ու այդպես աստիճանաբար դեպի վեր, վեր: Ոմանց համար հայրենիքը սկսվում է հենց հենակետերից  ու խրամատներից, մյուսների համար դրանք մեր երկիրը հարևան պետություններից զատող սահմանագծեր են միայն, իսկ այստեղ ամենօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների համար դրանք մեր երկիրը պահող վահան են:

Մեքենան հազիվ է հաղթահարում թավ անտառի՝ հողը պատռած կածանները: Ակամա հիշում եմ բակունցյան Մթնաձորը: Այստեղ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: «Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում: Արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը՝ դունչը լուսնյակին մեկնած: Վարազները ժանիքով փորում են սև հողը՝ աշունքվա փտած կաղիններ ժողվում: Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը՝ մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել, և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր…»,- գրում է Բակունցը:

Գուցե իսկապես այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ մարդիկ խաղաղ են ապրել այս հողերում: Հիմա հողն իր հիշողության մեջ պատերազմի դառը կսկիծն է պահում: Այս անտառներում դեռ խոնավ հողի ծալքերում վառոդի հոտ է զգացվում, որ անձրևից հետո գոլորշիանում է ու նոր թարմությամբ ցավեցնում հիշողությունն այն մարդու, ով արդեն մի անգամ անցել է արյան գաղջ հոտ սփռող պատերազմի գեհենով:

Առաջին հայացքից կոպիտ են նրանք, մի տեսակ վայրի, մի տեսակ լեռնային, ու թվում է՝ նրանք կոպերի տակ դեռ պահել են մխացող տների ուրվապատկերները և ականջներում դեռ զգում են անօգնական մանուկների, որդեկորույս մայրերի ու առաջնեկն արգանդում սևազգեստ այրիների սրտակեղեք  ողբի տարօրինակ սիմֆոնիան… Պատերազմի սիմֆոնիան, որ սկսվել ու նրանց համար դեռևս չի ավարտվել:

Պատերազմ… Ի՞նչ է պատերազմը: «Պատերազմը դաժան երևույթ է: Ընկերոջ մահ, հարազատների կորուստ, ավերածություն… Այդ ամենը մենք տեսել ենք Արցախյան պատերազմի տարիներին: Երբեք չէի ուզի նորից անցնել այդ սարսափի միջով: Միայն մի բան եմ Բարձրյալից խնդրում, որ այն, ինչ սկսել ենք մենք՝ մեր սերունդը, մենք էլ ավարտին հասցնենք: Թող մեր երեխաները հող ազատագրելու, մարտ վարելու, զենք բռնելու, մահ տեսնելու առիթ չունենան: Չգիտեմ՝ երբ կգան այդ ժամանակները, երբ մարդիկ նորից հաշտ կապրեն, բայց այսօր, փառք Աստծո, խաղաղություն է, մեր սահմաններն անառիկ են՝ շնորհիվ մեր սահմանապահ զինծառայողների՚:

…Երբ սկսվեց պատերազմը, ընդհատվեց տավուշյան անտառների անդորրը: Թշնամին մեծամասշտաբ գրոհ սկսեց ոչ միայն Արցախ աշխարհի ուղղությամբ: Անդադար հրետակոծվում էին նաև Հայաստանի հյուսիսարևելյան գյուղերն ու քաղաքները: Երկիրը, հողը, անտառը օգնության կարիք ուներ: Լեռնիկ Բաբայանը խորհրդային բանակում ժամկետային ծառայությունը նոր էր ավարտել: 1992-ի աշունն էր: Ամեն ինչ ոչնչանում էր բարբարոսների կրնկի տակ: Մի խումբ համագյուղացի տղաներով ջոկատ կազմեցին ու սարերը բարձրացան: Բայց դարանակալ թշնամին շարունակում էր ամրանալ անտառի խորքերում: Պարտիզանական ջոկատներն այլևս անկարող էին դիմակայելու մինչև ատամները զինված հակառակորդին: Լեռնիկն անդամագրվեց նոր-նոր կազմավորվող Ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ գնդին: Ու սկսվեց այսօր արդեն կազմավորված հայոց բանակի փոխգնդապետ, հայկական զինուժի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներից մեկի պայմանագրային գումարտակի հրամանատար Լեռնիկ Բաբայանի ծառայողական ուղին:

-Տարիներ են անցել, ի՞նչը ի վերջո Ձեզ զինվոր դարձրեց, փոխգնդապետ:

-Ես իմ ընտանիքն եմ պաշտպանել: Ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքը Հայաստանն է, ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որ ապրում եմ այս երկրում: Ցավոք, հարևանների հարցում բախտներս չի բերել: Նրանք իրենց վարքով դարեր ի վեր մեզ պարտադրել են մնալ սարերում, լեռների վրա, զենք վերցնել ընդդեմ բռնության ու անարդարության: Սահմանամերձ գյուղում ապրելով՝ ամեն օր ստիպված ես բախվել այն շոշափելի իրականությանը, որ պատերազմն է: Իսկ մեր պատերազմը չի ավարտվել, սա ժամանակավոր հրադադար է միայն, որը հակառակորդի կողմից գրեթե ամեն օր է խախտվում, ուստի ոչինչ չի մնում անել զինվոր լինելուց բացի:

Ավարտվեցին մարտական գործողությունները, հիմա պայմանական խաղաղություն է անտառում, որովհետև անտառը մշտարթուն պահապան ու տեր ունի այլևս: Զրույցն ընդհատվում է: Հասնում ենք սահմանագծի ամենաբարձրադիր հենակետին: Դիրքի ավագը զեկուցում է.«…Մեր հերթապահության ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել»: Դիտակետից փոխգնդապետը ցույց է տալիս Ադրբեջանի տարածքում մնացած մեր պատմական հողերը: Անելիքներ դեռ շատ կան: Փշալարերից այն կողմ բնակավայրեր են, որ կարոտով սպասում են իրենց տունդարձին: «Ճիշտ է, տարին տարվա վրա գետնատնակային պայմանները բարելավվում են, վառելիքի, սննդի, զինամթերքի խնդիր չունենք, բայց տղաների համար, իհարկե, բարդ է սահման պահելը՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, մշտապես սպառնալիքներ տեղացող ու ագրեսիվ  հարևաններ, բայց պահում ենք: Պայմանագրային գումարտակում տարբեր տարիքի, տարբեր նախասիրությունների մարդիկ են ընդգրկվում, բայց ժամանակի ընթացքում մի ընտանիքի պես ենք դառնում: Մարտական հենակետը մարդու հոգին ու սիրտը մաքրող յուրօրինակ մոգական ուժ ունի: Երբ մթնում է, վառվում են դիրքերից ցած ընկած գյուղերի տների լույսերը, վառարանի ծուխը քուլա-քուլա բարձրանում է տների կտուրներն ի վեր: Դիտակետից նայում եմ, ու սիրտս դառը կսկիծով է լցվում: Դրանք մեր պապերի տներն են եղել, դրանք մեր գյուղերն են եղել, մեր այգիները: Այ հենց այս գիտակցումն է, որ ուժ է տալիս մութ գիշերով սահման պահող մեր զինվորին: Երազում եմ՝ մի օր զորքիս հետ Մասիսի գագաթից նայել Հայոց ազատագրված հողերին…»,- անկեղծանում է փոխգնդապետ Բաբայանը: Մեր զրույցը ընդհատում է Սևոյի հաչոցը: Սևոն էլ է սահմանապահ: Շների առկայությունը մարտական հենակետերում սովորական բան է: Քանի՜ անգամ է Սևոն իր աչալրջությամբ օգնել հերթափոխ իրականացնող մեր զինծառայողներին: Հակառակորդի կողմից որևէ շարժ չի վրիպում նրա ուշադրությունից:

Գումարտակի տեղակայման վայրում մի խաչքար կա. անտառում խոնարհված վանքի՝ Խորանաշատի տարածքից են տեղափոխել այստեղ: Ամեն առավոտ փոխգնդապետը դիրքեր բարձրանալուց առաջ կանգ է առնում այդ խաչքարի առաջ, խաչակնքում ու Հայոց աշխարհի համար խաղաղություն, հայ զինվորի բազկին ուժ ու բարձր մարտունակություն խնդրում Աստծուց. իրեն, հայ զենքին, բայց նաև Աստծուն է ապավինում:

Բաբայանների ընտանիքում, սակայն, միայն ամուսինը չէ, որ զինվորական է: Գայանեն՝ փոխգնդապետ Բաբայանի կինը,գումարտակի ճաշարանի խոհարարն է: Անկեղծանում է, որ ավելի հաճելի բան չկա, քան սիրելի ամուսնու ու նրա զինակից ընկերների, հայ զինվորի համար կերակուր պատրաստելը: Իսկ անրաժեշտության դեպքում Գայանեն էլ ամուսնու հետ մարտական դիրքերում է լինում, զորավարժարաններում:

Քանի դեռ մայրիկն ու հայրիկը զորամասում են, երեխաների խնամքով տատիկն է զբաղվում: Թեև դժվար է գյուղական տան հոգսը համատեղել երեխաների դաստիարակության հետ, բայց տիկին Գրետան փորձում է հասցնել ամեն ինչ: Ծնողների բացակայությունն էլ երեխաներին հեքիաթի միջոցով է բացատրում: Պատմում է, թե իրենց պատշգամբից երևացող լեռներից այն կողմ չար մարդիկ են ապրում, իսկ հայրիկն ու մայրիկը ամեն օր գնում են լեռները, որ իրենց այդ չար մարդկանցից պաշտպանեն:

Բաբայանների ընտանիքում աղջիկները գերակշռում են: «Ինձ համար տարբերություն չկա՝ աղջիկ, թե տղա, զինվորը զինվոր է, հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրի գործն է: Երեխաներս դեռ փոքր են, ճիշտ է, բայց երբ մեծանան, անպայման պիտի սովորեն մեր ժողովրդի պատմությունը ու զենք բռնել իմանան»: Սա է խրամատային առօրյայով ապրող մարդու ճշմարիտ կենսակերպը, հայ լինելու ընկալումը:

Բարի ծառայություն ենք մաղթում փոխգնդապետ Բաբայանին ու իր զինվորներին և ճանապարհվում մայրաքաղաք: Խրամատներով եզերված տավուշյան անտառը մնում է հեռվում, ասես կտրված մեր մայրաքաղաքային իրականությունից: Հաճախ, երբ հեռու լեռներին ենք նայում, երբեմն չենք էլ ենթադրում, որ այդ լեռների վրա կյանք կա, բաբախող սրտեր՝ մեր զինվորների սրտերը, ովքեր հենց այս պահին դիտակետում կանգնած սահման են պահում:

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք