Խորհուրդը բառ է, լույսը — Կիրակի

Հեղինակ:

Լուսանկար

Հրաչյա Բեյլերյանը հաճախ էր կրկնում, թե բանաստեղծությունը «մասին» չունի և Պոեզիան վեր է թեմատիկայից: Չնայած դրան, բացատրություններից և պոեզիայի մեկնություններից ազատագրվելու թերևս ամենակարճ ուղին եթե ոչ մեկնաբանելը, ապա գոնե մեկնելն է, խորամուխ լինելը այն իմաստային շերտերի մեջ, որոնք Պոետը ամփոփել է բառերով սահմանված ազատության մեջ:

Ներկայացվող խոհագրությունը հենց այդպիսի փորձ է՝ ազատագրվել հասկանալու ջանքից, հերթով վերացնելով Պոեզիայի ճանապարհին ծառացող բոլոր բացատրություն-արգելքները, հասնելու համար բուն Պոեզիային, որ ճշմարտության ներսում է՝ անբարբառ ու անմեկնելի: Հրաչյա Բեյլերյանը այն հազվագյուտ Պոետն է, ով վկայում է Ճշմարտության և Պոեզիայի ներսից՝ անբացատրելի, անապացույց, պարզ ու անհասանելի: Նա գրում էր մեկ շնչով, մեկ նստելով, գրում ու թողնում էր սեղանին, իսկ հաջորդ օրը միայն կոսմետիկ շտկումներ էր անում…

Հրաչյա Բեյլերյանին վարժվել են տեսնել այն բանաստեղծություններում, որոնք նա գրել է՝ չբոլորած իր երրորդ տասնամյակը: Այդ շարքում ամենահայտնին «Պանը» բանաստեղծությունն է, որտեղ կա պատում, պոետիկ ընկալում, բնության նախնական, հելլենիստական աշխարհընկալման թեմատիկա: Շատերը «Պանից» հետո չեն տեսնում նրա պոեզիայի թևածավալ թռիչքը, բնությունից դեպի բուն էությունը, արարչությունից դեպի Արարիչը: Մեկը չի ուզում տեսնել, մյուսը անընդունակ է: «Կավագործի երգը», որի մասին ուզում եմ զրուցել և խոհածել Ձեզ հետ, ըստ իս, Պոեզիայի բարձրագույն դրսևորումներից մեկն է և եթե մի աղետի հետևանքով համաշխարհային պոեզիան ոչնչանար և պահպանվեր միայն մի քանի բանաստեղծություն, նաև սա, աղետը վերապրածները անշուշտ պիտի կարողանային նաև այս բանաստեղծությամբ վերծանել, թե ինչ ասել է Պոեզիա, վերականգնել ու վերագտնել պոետիկ աշխարհընկալումը, պոետիկ վկայումը:

Ես այս բանաստեղծության շնորհիվ ինձ համար պարզեցի, թե ինչ է Պոեզիան, և չնայած այն վեր է ամեն սահմանումից, այդուհանդերձ պիտի հանդգնեմ սահմանել՝ վստահ պարտությանս: Պոեզիան արարչության վկայումն է: Պոետն այն վկան է, ով տեսնում է արարչության վեց օրերը և հանգստի յոթերորդ օրը: Պոետական ձյունը Ձյունն է որպես ֆենոմեն, առաջին ձյունն է, ձյուն՝ որպես Աստվածային հղացում, գաղափար, համարձակ վարկած, երբեք ոչ վերջնական ու ավարտուն, այլ արարման ընթացքի մեջ գտնվող ծավալում: Պոետական Ձմեռը Ձմեռ երևույթն է, ձմեռվա խորհուրդը, առաջին ու վերջին Ձմեռը՝ անկրկնելի ու անճանաչելի: Ասվածը պարզաբանելու համար անդրադարձ կատարենք Հրաչյա Բեյլերյանի անզուգական բանաստեղծություններից մեկին, որ գրվել է ձմռան մոտիվներով, մեջբերելով առաջին երկու քառյակները:

 

Ձմեռը փաթիլված իր արյունն է ոթում

Մոռացումի հունով:

Եվ քանի՞ աղավնու սիրտ է ճախրում օդում

Ճերմակ տրոփյունով:

Քանի՞ աստղի հոգոց խաղաղ կմեռանի

Համբարձվելու համար:

Մեզ ձյունն ի՞նչ է բերում, արդյոք սպեղանի՞,

Թե՞ սուրբ մի վարշամակ:

 

Այս բանաստեղծության մեջ ձյունը և ձմեռը պոեզիայի թեման չեն, զուտ մոտիվ են և պատրվակ: Խոսողն ասես Ադամը լինի՝ առաջին մարդը, որ վկայում է իր տեսած առաջին ձյան մասին: Յուրաքանչյուր Պոետ Ադամ է, Աստծո ստեղծածն անվանադրող: Պոետը չի արարում, նա վկայում է արարչությունը: Աստված ստեղծում էր, Ադամը անուն էր դնում ստեղծածին՝ լինելով կնիքն ու ավարտն արարչության: Ձմեռվա մոտիվներով գրված այս բանաստեղծությունը առանձին խոհագրության, առանձին գրքի թեմա է, բայց վերադառնանք Կավագործի երգին:

Պիտի Կավագործը անպայման գրել և կարդալ մեծատառով, քանի որ խոսքն, անկասկած, Արարչի մասին է, Ով կավից արարեց մարդուն: Դավիթն իր սաղմոսներում Արարչին անվանում է բրուտ: Վերնագիրն արդեն հուշում է, որ բացահայտ ոչինչ չի ասվելու, և բառերն ավելի շուտ ակնարկելու են, քան բացահայտելու ճշմարտությունը: Բառերն այս բանաստեղծության մեջ ասես ցածրադիր դարպասներ են, որոնց միջով կարող ենք անցնել միայն խոնարհվելով և մուտքի մոտ թողնելով ապացուցողական տրամաբանության բառակույտի ծանր բեռը:

«Խորհուրդը բառ է, լույսը… Կիրակի».

Այս առաջին տողը պարունակում է աշխարհի արարումն ու վախճանը, հղացում — արարչություն — Խոսքի մարմնավորում — հարություն — Ահեղ դատաստան շղթան: Այս նախադասության մասին կարելի է գիրք գրել, աստվածաբանական աշխատություն, և սակայն փորձենք լինել համառոտ: Խորհուրդը բառ է: Աստվածությունը կրում է Իր մեջ թե խորհուրդը, թե խորհրդի արտահայտում-արարչությունը, Հայրն իր մեջ կրում է Որդուն: Անմեկնելի է խորհուրդը, քանզի ոչ ոք չի կարող բացատրել, թե Կատարյալի ինչի՞ն էր պետք արարչությունը, ինչո՞ւ արարել, եթե Ինքնին Խորհուրդն ես և Ամենայնը, եթե չունես որևէ բանի կարիք, և եթե Քեզ ոչինչ չի կարող ավելանալ և ոչինչ չի կարող պակասել Քեզանից: Թեև անըմբռնելի է խորհուրդը, բայց լինելով բանական` կոչված ենք խորհելու՝ օգնական ունենալով այն, ինչ խոհածումից վեր է՝ մաքուր Պոեզիան և Պոետ-վկային: Բառը Որդին է: Ի տարբերություն մահմեդականների և հուդայականների, քրիստոնյաներս կարող ենք ենթադրել, թե ինչու Խորհուրդը արարեց, ինչու Հայրը բարբառեց: Քրիստոնյաներիս տրված է Աստծո Երրորդության խորհրդի ճշմարտությունը: Մեկ Բնություն և երեք Անձ, ըստ մեր Եկեղեցու դավանանքի: Խորհուրդը բարբառեց, Հայրը արարեց, ոչ թե որովհետև պիտի դա աներ: Քավ լիցի, Աստված որևէ պարտավորություն չունի, բացի այն պարտավորությունից, որ Ինքն է ստանձնել կամովի: Հայրը խոսեց, քանի որ միասնական է Որդու, Լոգոսի, իրագործող ու արարող սկզբի հետ: Չկար պարտադրանք կամ անհրաժեշտություն, միայն ինքնաիրականացում, ռեալիզացիա: Ուստի Պոետը չի բացատրում, չի մեկնում և անգամ չի ճգնում հասկանալ: Նա փաստում է անբացատրելի առկան՝ խորհուրդը բառ է: Աստվածային միտքը իրականանում է անմիջապես: Պոետը մտնում է արարչության ոլորտ, գտնելով իր կոչումը՝ լինել արարչության վկան, վկայողը: Աստվածային ճանաչողության Դիոնիսոս Արսիպագոսցու մատնանշած (խորհրդավոր խավարում) խարխափելով՝ Պոետը հասնում է այն պատին, որին փորագրված են ճշմարտության գրերը: Դողացող մատներով նա շոշափում-կարդում է գիրը, ժամանակ չվատնելով գրվածը հասկանալու կամ մեկնելու համար, հազիվ հասցնելով գրի առնել և փոխանցել մեզ ճանաչողության խավարի մեջ իր շոշափած-ճանաչածը:

Խորհուրդը բառ է: Հայրը խոսեց, Որդին գործի անցավ, արարչությունը սկսված է: Ասված է Ալֆան, և պիտի ասվի ամենայն բան մինչև Օմեգա: Առաջին բառն արտասանելով՝ Հայրն այլևս խոսելու է մինչև վերջին բառը, և Իր արտաբերած «Եղիցի լույսը» պարունակում է աշխարհի արարումը, մարդու մեղսանկումը, Որդու աշխարհ գալը, խաչելությունը, հարությունը և աշխարհի փրկագործումը, ինչն ուղենշված է անցումով նախադասության երկրորդ մասին՝ լույսը — Կիրակի:

Պոետը միտումնավոր է մեծատառով գրել Կիրակի բառը, որպեսզի հանկարծ չշփոթենք այն հանգստյան կիրակի օրվա հետ: Այս Կիրակին հանգիստ չէ, այլ նոր արարում: Առաջին նախադասությամբ Պոետն ուղենշում է Խորհուրդ-Հայր, Բառ-Որդի կապը, լույսը — Կիրակի-ով՝ աշխարհի արարումը, սրբագործումը Սուրբ Հոգով և փրկությունը մեկ անբաժան շղթայի մեջ: Եկեք խոհածենք, զրուցենք այս մասին:

Հրեական ավանդույթում վերջին օրը Շաբաթն է, որը Արարչի հանգստյան օրն է: Հրեաները պատվում են և սրբորեն պահում Շաբաթը՝ վերջին օրը: Նրանց արգելված է այդ օրը որևէ բան անել: Մինչդեռ կիրակին միաշաբթին է, արարչության առաջին օրը, երբ ասվեց առաջին խոսքը՝ Եղիցի լույսը, երբ Որդին խոսեց-արարեց: Կյուրակե հունարեն նշանակում է Տիրոջ օր, քանի որ հենց այդ օրը Տերը հարություն առավ մեռելներից՝ ջախջախելով այս աշխարհի իշխանի գանգը, դառնալով մեր միակ ճանապարհն ու փրկության հույսը: Ռուսերենում ավելի հստակ է՝ Воскресенье … հարություն: Այսպիսով Փրկչի հարության ութերորդ օրը համընկավ արարչագործության առաջին օրվան, երբ առաջինը ստեղծված լույսը վերադարձավ արդեն արարված աշխարհ, լուսավորելով, մաքրելով, նորոգելով, փրկելով ստեղծվածը: Հրեան իր համար շաբաթվա ամենակարևոր օրը հանգստանում է, մինչ քրիստոնյան գործում է, և այն, ինչ հրեայի համար վախճան է, մեզ համար նոր սկիզբ է միայն, քանի որ ըստ Պողոս առաքյալի հենց օրենքի մահով է մեզ տրվում շնորհը՝ Սուրբ Հոգին: Հրեան սրբացնում է շաբաթվա վերջը, մենք՝ շաբաթվա սկիզբը, քանզի Տիրոջ հարությամբ նոր արքայության սկիզբ դրվեց, որն այլևս չի ունենալու վախճան: Եվ ուրեմն Կիրակին՝ մեծատառով, որպես հարություն և նոր սկիզբ, որպես լույսի վերադարձ և խավարի լուսավորում, որպես Երկնային Արքայության ակնկալիք: Փրկչի Հարությունը աստվածաբանության մեջ համարվում է երկրորդ արարչագործություն, քանի որ ամենայն արարված բան այլևս պիտի հարություն առնի և նորոգվի կամ կործանման համար և կամ Արքայության: Անցումը հաջորդ տողին պատահական չէ:

«Մահվան թիրախը փշրում է մի նետ»

Փրկչի հարության սուրբ Կիրակիով մահը կործանված է և պարտված: Հարության կիրակին այն նետն է, որ փշրեց մահը՝ սրբելով մահվան պղծումից ամենայն արարածի, նախ և առաջ՝ մարդուն: Այլևս կիրակիի հարությունը փաստ է, մահվան լեղահյութ գավաթը փշրված է, և մենք այլևս դատապարտված չենք հավերժական մահվան, որ դժոխքն է, և այլևս բոլոր մեռյալներին Եկեղեցին անվանում է ննջեցյալներ, քանզի պիտի արթնանան: Սակայն նախքան հայրերի հետ ննջելը դեռ պիտի անցնենք երկրային կյանքով՝ փորձելով չկորցնել փրկության խոստումը:

«Թրծվում է կավը շնչով կրակի…

Ճակատագիր է թրծվում կավի հետ».

 

Արարիչը կավից ստեղծում է մարդուն, բայց Պոետի հանճարեղ տեսանմամբ՝ մարդը աշխարհ չի գալիս որպես պատրաստի կավե անոթ, այլ շարունակվում է թրծվել կյանքի կրակներում՝ անցնելով ճակատագրով իրեն նախասահմանված թրծման բոլոր փուլերը: Պոետի համար մարդու արարչությունը շարունակվում է նրա կյանքի ընթացքում, պոետական հայացքի ներքո արարչությունը երբեք չի դադարում, և վերջնական ոչինչ չկա, աշխարհում ամեն պահ ինչ-որ բան է արարվում, շտկվում, փոփոխվում, լուսավորվում: Եվ նորից Պոետը հանդիսանում է մեզ որպես ամենօրյա, չդադարող արարչագործության վկա:

Մի վարկած ևս: Աստվածաբանության և միստիկ գրականության մեջ մաքրագործող կրակը Սուրբ Հոգին է, որ փչեց Տերը իր առաքյալների վրա: Հոգին շունչ է, որ փչվում է կավից ծեփված մարդու ռունգերից՝ շնչառական կյանք տալով նրան, բայց խաչելության և հարության շնորհիվ Փրկիչը փչեց նոր շունչ արդեն շնչավոր առաքյալների վրա և ասաց՝ առեք Սուրբ Հոգին: Այսպիսով մարմնեղեն կավը մաքրագործվում է Սուրբ Հոգով՝ ստանալով նոր շունչ, նոր Հոգի:

 

«Իսկ մեր հուշերի երկնքում դեռ կան

Օդապարուկներ՝ ամպերին թառած»:

Ճակատագրի փուլերը, կավի թրծման փուլերն անցնում են աննկատ ու արագ: Աչքդ թարթում ես, և անոթն արդեն պատրաստ է, պիտի կոտրվի, որ նորից հավաքվի նոր կյանքում նոր գործածության համար: Այն, ինչ մեր երկրային կյանքն էր, լոկ օդապարուկներ են՝ թառած մեր հուշերի երկնքի ամպերին, և հուշերն իրենք անցողիկ, քամուց քշվող ամպեր են:

 

«Մանկության հետ են կապում մեր ներկան

Թելերը կոճի: Ու համատարած»

 

Հուշերի ամպերը տանում են մեզ մանկություն, ուր կավը դեռ տձև է, դեռ չի թրծվել ճակատագրի կրակներում, իսկ մանկություն տանող թելը կոճի թելի պես բարակ է, կարող է կտրվել ամեն վայրկյան: Գուցե հենց այդ կոճի թելն է պահում մեր մեջ պատկերն ու նմանությունը այն նախակավի, որով աշխարհ եկանք անոթ դառնալու առաքելությամբ: Միայն Արարիչը գիտե, թե ինչ անոթ պիտի պատրաստի մեր կավից, թրծելով մեզ ճակատագրի կրակներում, մենք միայն կարող ենք հիշել ինքներս մեզ և հավատարիմ մնալ այն կավին, որից թրծվում ենք, իսկ հավատարմության ճանապարհը մանկությունն է:

 

«….Ու համատարած

Մենություններ են գումարվում իրար,

Որ մանկության մեջ հավաքվեն ի մի»

 

Մենակ ենք որպես անոթներ, բաժանված ճակատագրերով, կավի թրծման եղանակներով, սեփական տեսակին հավատարմության չափով, բայց մանկության մեջ միանում ենք, մանկության մեջ դեռ կավ ենք՝ ճկուն, հղկվող, ընդունակ, մեր մանկության մեջ դեռ կարելի է մեզանից թրծել ամենայն անոթ: Ամենքս մեր ճակատագրի առջև միայնակ ենք, բայց անգամ մենության մեջ Պոետը միավորում է մեզ, մեր մենությունները գումարում է իրար, քանի որ բոլորս էլ թրծված ենք մանկության միևնույն կավից, և այն, ինչ ցրված է օրերի մեջ և անցած ճանապարհների խաչմերուկներում, ի մի է հավաքվում մանկության տաքուկ գրկում:

«Ծիածանների յոթնահոն կամար,

Աստղազանգակներ զնգացնող քամի…»

 

Ծիածանը այն ամբողջությունն է, որ գոյանում է տարբեր գույներից: Գույները յոթն են, կամարը՝ մեկը: Անգամ ծիածաններն են բազմաթիվ, բայց կամարը, միևնույն է, մեկն է: Ծիածանները բազում են, քանի որ իրարից տարբեր լինելուց բացի, մեկ հիմնական գույն լինելուց բացի մեր ներսում ևս բազմագույն ենք ու բազմերանգ: Մեր կյանքը բաղկացած է գույներից, շերտերից, ճակատագրի կրակներում կավի թրծման փուլերից, և սակայն Պոետը վկայում է ծիածանների այդ բազմազանության ամբողջացումը արարչության և փրկագործման միասնական կամարի ներքո: Եվ նորից Պոետին տեսնում ենք որպես վկայող, որ պատմում է մեզ այն, ինչ տեսանում է՝ չվերլուծելով ու չբացատրելով, գուցե հաճախ ինքն էլ չիմանալով, թե ինչ է տեսածը:

Աստղազանգակներ զնգացնող քամի: Նախախնամության քամին զնգացնում է արարչության տիեզերքով սփռված մարդկային հոգիների աստղազանգակները: Յուրաքանչյուր աստղ ունի իր զնգոցը, և հոգիների առատության գունային ծիածանի կամարին միանում է աստղերի ձայների սիմֆոնիան: Տիեզերքը Պոետի համար լի է գույներով ու ձայներով, նա տեսնում է հոգիներից ձևավորվող միասնական կամարը և աստղերի զրնգոցի աղմուկում լսում արարչության և ամենայն արարվածի փրկության համանվագը: Պոետը վերստին վկայում է չդադարող արարչության մասին: Բանաստեղծը բառով միանում է ստեղծագործությանը, բառով վկայում է ու բառերով ցուցանում: Պոետն անցնում է երկնային ուղով՝ թողնելով մեզ ճանապարհային բառ-նշաններ, թողնելով մեզ Պոեզիա:

 

«Մահվան թիրախը փշրում է մի նետ:

Թրծվում է կավը մեր մոլորակի.-»

 

Անոթները թրծվում են ու փշրվում, բայց մահվան թիրախը հաղթել է Կիրակիի հարության սրաթռիչ նետը: Մահն այլևս հաղթահարված է: «Փշրել» բառով Պոետը կարծես ակնարկում է, որ հենց կավանոթն է փշրվում, հենց մարմնի կավանոթն է մահվան թիրախը, և հարության հավատի նետով այն փշրելով միայն կարելի է հառնել նորովի, դառնալ այն անոթը, որ պիտի լինենք, ստանալ այն ձևն ու բովանդակությունը, որով հղացվել ենք նախքան աշխարհ գալը: Մարդկային ճակատագրերի անհաշիվ բազմությունը միավորվում է մոլորակի ճակատագրի մեջ: Մարմնի կավը փշրվելուց հետո թաղվում է և դրվում մոլորակի մարմնի մեջ, վերամիանալով այն կավին, որից ստեղծվել էր:

«Ճակատագիր է թրծվում կավի հետ.»

Մեր ճակատագիրն այլևս ընդմիշտ կապված է Երկիր մոլորակի ճակատագրին, թե այս կյանքում, թե հանդերձյալ: Անհատական երկնային փրկությունը հնարավոր է միայն Երկրի փրկությամբ, Փրկչի երկրորդ գալստյամբ, երբ բոլոր ննջածները կարթնանան, հավերժ երանության և կամ հավիտենական դատապարտման համար: Մեր ճակատագրերով թրծվում է նաև մեր մոլորակի ճակատագիրը, և ծնունդի օրվանից մենք այլևս անբաժան ենք նրանից՝ թրծվում ենք նրա կավից, ապրում ենք նրա տվածով, ննջում ենք նրա գրկում և հարություն ենք առնելու նրա հետ միասին:

«Խորհուրդը բառ է, լույսը — Կիրակի:»

Վերադարձի օղակ: Ժամանակը լրվում է, լույսը վերադառնում է իրեն, Կիրակիին, առաջին օրվան: Արարչությունը սրբված է, խորհուրդն՝ իրագործված, և փրկագործվածն այլևս ցնծում է լույսի մեջ: Հենց առաջին նախադասությամբ պիտի ավարտվեր  «Կավագործի երգ», քանի որ նախադասությունն այդ պարունակում է իր մեջ սկիզբն ու վախճանը, Ալֆան և Օմեգան: Քրիստոնեության, արարչագործության, մարդկային մեղսառատ ողբերգության, մահվան ու հարության ավելի պոետիկ, ավելի նրբանուրբ ակնարկային մոդել դժվար է պատկերացնել, և ո՞վ կզորեր երգել Կավագործ-Արարչի երգը, եթե ոչ Պոետը, որ թրծվում է ամենամաքուր կավից…

Ինչպես չարաճճի երեխան է քանդում խաղալիքը, մաս-մաս քանդեցինք Հրաչյա Բեյլերյանի «Կավագործի երգը»: Մեր առջև մասնիկներ են, ամբողջի կտորներ, փշրված անոթի բեկորներ, որոնք հավաքելով և իրար կպցնելով՝ երբեք չենք ստանալու  Պոեզիայի անոթը, որ թրծել է մեզ համար հեղինակը, քանի որ Պոետը բեկորներից չի հավաքում, այլ գտնվելով ամբողջի մեջ՝ կերտում է ամբողջապես և ամբողջականը: Հրաչյա Բեյլերյանը երբեք չէր գրում առանձին տողեր իրար կպցնելով: Նա գրում էր ամբողջ բանաստեղծությունը:

Բանականության մեր այս խաղի նպատակը ազատագրվելն էր բացատրելու, պոեզիան հասկանալու ծանր ու ստորացուցիչ պարտականությունից: Իսկական Պոետը երբեք մասեր կպցնելով չի հավաքում անոթ՝ այդ տքնաջան աշխատանքը նա թողնում է ոտանավորչագիրներին: Ոգեղեն ճանաչման լույսի մեջ Պոետը ամբողջական է և ամենայն բան տեսնում է ամբողջական, ներշարժուն: Նա գտնվում է ներսում: Նա վկայում է ճշմարտության ներսից, և նրա վկայությունը ճշմարիտ է, ամբողջական, մասերի չբաժանվող, մասերից չհավաքվող: Մաս-մաս (վերծանելով) այս անզուգական բանաստեղծությունը՝ փորձեցինք ազատվել մտաճանաչման ավելորդ տքնանքից, որպեսզի ավելի համարձակորեն դեն նետենք բացատրությունների անհրաժեշտությունը և ավելի լիարժեք տրվենք նրան, ինչ վկայում է Պոետը ճշմարտության ներսից…

Քիչ ներքև կընթերցենք այս անզուգական բանաստեղծությունը, ամբողջապես, առանց վերլուծության, հանդարտ, առանց շտապելու, և եթե մեր հոգին կարողանա առնչվել անբարբառելի ճշմարտությանը, ճանաչել ճշմարտությունն առանց բառերի, Պոեզիան կդառնա մեզ ուղեկցող շնչառություն՝ աննկատ ու անբաժան…

Դա անհրաժեշտ է մեզ և ոչ Պոետին: Հրաչյա Բեյլերյանին մեզանից այլևս ոչինչ պետք չէ: Գուցե միայն, որ իրեն հիշեն նրանք, ում սիրել է և ովքեր սիրել և դեռ սիրում են իրեն: Իսկ իր անզուգական Պոեզիային առնչվելը անհրաժեշտ է հենց մեզ և ոչ իրեն: Նա այլևս մեկընդմիշտ ներսում է այն լույսի, որի մեջ այնքան հաճախ է եղել իր մարմնական կյանքի օրերին, թողնելով մեզ այդ առնչման վկայություն-բանաստեղծումը: Երբ նա մեզ հետ էր, դեռ կարելի էր նրան հարցնել §Կավագործի երգի¦ մասին, լսել նրա մեկնությունը, իսկ այժմ… սեղանիս դեռ դրված են հորս հոգեհացի նշխարները… Որքան կորուստն անակնկալ ու անդառնալի էր, հոգիս սփոփված է նրա Պոեզիայով, նրա թողած բանաստեղծություն-ոտնահետքերով, որոնցով կարող ենք կռահել, թե կեցության ինչ խորքեր է թափանցել պայծառատես Պոետի հոգին:

Բայց մինչ «Կավագործի երգ» Ձեզ ներկայացնելը կրկին հպանցիկ հայենք ձմռան մոտիվներով գրված իր անվերնագիր բանաստեղծությունը, որտեղ անդրադարձ կա նաև իր սեփական Կիրակիին, բանաստեղծություն, որն ամենևին ձմռան մասին չէ, և որի մասին ևս կարելի է ծավալուն խոհագրություն գրել. ուզում եմ մեջբերել այդ բանաստեղծության վերջին երկու քառյակը, որոնք Պոետի կյանքի, վախճանի և նրա փրկության մարգարեացումն են.

 

Եվ թող քո ճամփին էլ Ագռավն այդ Կրակ

Փետուրներ կրակի:

Գնա, մինչև վերջին դարպասները թակես,

Գտնես քո Կիրակին:-

Մինչև որ տեսանես Ոգու մեջ անթեղված

Նշանն ու Հուրը ձյան,

Դառնաս սպիտակուց՝ համատարած ծեփված

Անբիբ մի կուրության:»

 

…Սովետաշենի գերեզմանոցի քառասուներորդ շիրմուղում Հրաչյա Բեյլերյանը գտավ իր երկրային կյանքի միակ սեփականությունը՝ երեքը չորսի վրա մի հողակտոր, և ընդամենը օրեր առաջ ձուլվեց ցուրտ ձմեռվա համատարած ծեփված անբիբ կուրությանը: Հրաբեր Ագռավի հրափետուր նշաններով նա անցավ իր ճամփան մինչև վերջ, մինչև վերջին դարպասը բախեց, մնալով մաքուր և իր հոգեհանգստի կիրակի օրը Աստծո տաճարում գտավ իր Կիրակին, Կիրակին մեծատառով, Կիրակին որպես լույս ու լուսավորում, որպես վերադարձ լույսին, որպես նոր տեսանման և կեցության սկիզբ՝ այլևս անվախճան…

…Լսենք «Կավագործի երգը», ընթերցենք հանդարտ, արթուն, բայց հեզորեն լուռ բանականությամբ, մի կողմ թողնելով վերլուծական ճանաչողության ճիգերը և թույլ տալով, որ Պոետի հոգին վկայի մեզ Ճշմարտությունը՝ առանց միջնորդի, ճշմարտությունն իր հոսուն ու ամփոփ ամբողջականությամբ:

 

Կավագործի երգը

 

Խորհուրդը բառ է, լույսը — Կիրակի.

Մահվան թիրախը փշրում է մի նետ:

Թրծվում է կավը շնչով կրակի —

Ճակատագիր է թրծվում կավի հետ:

 

Իսկ մեր հուշերի երկնքում դեռ կան

Օդապարուկներ՝ ամպերին թառած.

Մանկության հետ են կապում մեր ներկան

Թելերը կոճի: Ու համատարած

 

Մենություններ են գումարվում իրար,

Որ մանկության մեջ հավաքվեն ի մի,-

Ծիածանների յոթնահոն կամար,

Աստղազանգակներ զնգացնող քամի…

 

Մահվան թիրախը փշրում է մի նետ:

Թրծվում է կավը մեր մոլորակի.-

Ճակատագիր է թրծվում կավի հետ.

Խորհուրդը բառ է, լույսը — Կիրակի:

 

Անդին 3, 2014

Share

Կարծիքներ

կարծիք