Խոհարար Դինը

20141009171834347

Խոհարար Դինը ցլիկի մսեղիք էր մասնաբաժանում Վենխոյ արքայի խրախճանքի համար: Ձեռքը թափ է առնում, ուսով ուժ տալիս, ծնկով հուպ տալիս, ոտքը գետնին զարկում, և ահա. «Վըժժ, խըռտ». փայլփլուն դանակը ասես պարում է օդում. մերթ «Թթենու պուրակի» մեղեդուն համահունչ, մերթ Ցզին-շոուի երգերի ռիթմով:

-Հրաշալի է,- բացականչեց Վենխոյ արքան,- ի՜նչ մեծ վարպետության ես հասել քո արվեստում, խոհարար:

Դանակը մի կողմ դնելով` խոհարար Դինն ի պատասխան ասաց.

-Ձեր ծառան սիրում է Ուղին, իսկ այն սովորական վարպետությունից բարձր է: Երբ նոր էի սկսել մսեղիքի հետ գործ ունենալ, իմ առջև լոկ մսեղիք էի տեսնում: Բայց անցավ երեք տարի, և ահա, այլևս մսեղիք չեմ տեսնում իմ առջև: Հիմա այլևս չեմ նայում աչքերով և առաջնորդվում եմ ոգու ընկալմամբ: Ես դադարել եմ ընկալել զգայարաններով և թույլ եմ տալիս, որ իմ ներսում մարմնավորվի հոգևոր պահանջ: Ներդաշնակվելով երկնային կարգի հետ` դանակն առաջնորդում եմ գլխավոր միացությունների արանքներով, ակամա ներթափանցում ներքին դատարկությունների մեջ, հետևում միայն աներկբային և այդ իսկ պատճառով երբեք դեմ չեմ առնում մկանների կամ ջլերի, էլ չեմ խոսում ոսկորների մասին: Լավ խոհարարը իր դանակը փոխում է ընդամենը տարին մեկ, որովհետև նա մասնատում է մսեղիքը: Վատ խոհարարը դանակը փոխում է ամեն ամիս, որովհետև նա կտրում է մսեղիքը: Իսկ ես իմ դանակից օգտվում եմ արդեն տասնինը տարի, հազարավոր մսեղիք եմ մասնաբաժանել դրանով, իսկ դանակը դեռ այնպիսի տեսք ունի, ասես սրաքարից նոր-նոր եմ հեռացրել: Չէ՞ որ մսեղիքի միացումներում միշտ կա միջակայք, իսկ իմ դանակի շեղբը չունի հաստություն: Երբ հաստություն չունեցողը ներմղում ես դատարկության մեջ, միշտ էլ բավարար տարածություն է գտնվում խաղի համար: Ահա թե ինչու է իմ դանակի տեսքը այնպիսին, ասես նոր-նոր է:

Սակայն ամեն անգամ, երբ մոտենում եմ բարդ տեղերին, տեսնում եմ, թե որտեղ է դժվար հաղթահարելի, և կենտրոնանում եմ, դառնում համակ ուշադրություն: Ես սևեռուն զննում եմ այդ տեղը, դանդաղ, սահուն շարժվելով` մխրճում դանակը, և մսեղիքն հանկարծ մասնաբաժանվում է և սփռվում` ինչպես փշրվող կոշտի հատիկները հողի վրա: Այդժամ ես բարձրացնում եմ ձեռքերս և հպարտ զննում շուրջս: Ապա սրբում եմ դանակս ու դնում պատյանը:

-Հոյակապ է,- բացականչեց Վենխոյ արքան,- լսելով խոհարար Դինին` ես հասկացա, թե ինչպես պիտի ապրել կյանքը, ինչպես առաջնորդել ժողովրդին և ինչպես կառավարել պետությունը:

 

 

Անդին 3, 2014

Share

Կարծիքներ

կարծիք